HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոստիկանության պետի տեղակալ Աշոտ Տիտանյանը որդուս կանչել է իր մոտ, ասել է՝ մի քանի գողություն կա, վերցրու վրեդ, էս ռազբոյից քեզ կհանեմ»

31-ամյա Սերիկ Հովհաննիսյանը (մականունը` Սոկի) թմրանյութ է օգտագործում: Սերիկի մայրը՝ Անուշ Հովհաննիսյանը տեղյակ է որդու թմրանյութ օգտագործելուն: Անուշը մայրական գորովանքով է բնութագրում որդուն. «Սերիկը որպես մարդ լավ մարդ է, երկու երեխա ունի: Տղաս շատ հոգատար հայր է: Լավ ընկեր է: Ուղղակի մեկումեկ վատ շրջապատի մեջ է ընկել»,- ասում է նա: Մոր պատմելով` Սերիկը 2 տարի առաջ է սկսել թմրանյութ օգտագործել. «Սկզբից շատ պայքարեցինք, ընդմիջում տվեց, հետո նորից սկսեց: Այդ ընթացքում իր վիճակը շատ վատ էր: Երակները լրիվ խցանված էին: Սերիկը վերջին ամիսներին նորմալ կյանքով էր սկսել ապրել, աշխատանքի էր ընդունվել եղբորը և ընկերներին պատկանող գազի լցակայանում, արդեն առողջական խնդիրներ ուներ, ոնց որ կամաց զգում էր, որ թմրանյութը իրեն վնաս է և համոզվել էր գնալ բուժման»,- պատմում է  մայրը:

Լոռու մարզի դատախազության կողմից Սերիկ Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել՝ 2014թ.-ի նոյեմբերի 19-ին Ալավերդու Թումանյան 51/1 հասցեում գտնվող «Գայանե Գրիգորյան» ԱՁ-ին պատկանող ոսկյա զարդերի խանութի վրա կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ: Առաջադրված մեղադրանքում Ս. Հովհաննիսյանն իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունքեր տալուց:

«Սկսած նախաքննության փուլից՝ ես այն կարծիքին եմ, որ Սերիկ Հովհաննիսյանի մեղադրանքը հիմնավորված չէ: Անհիմն է: Առկա չէ որևէ ապացույց, որը ուղղակիորեն կհաստատի, որ Սերիկ Հովհաննիսյանը կապ ունի տվյալ ավազակային հարձակման հետ: Ներկա պահին գործը գտնվում է դատաքննության փուլում»,-հայտնեց Սերիկ Հովհաննիսյանի պաշտպան, փաստաբան Ժորա Վարոսյանը:

«Ձերբակալելուց հետո ոստիկանության Թումանյանի բաժնի պետի տեղակալ Աշոտ Տիտանյանը որդուս կանչել է իրեն մոտ, ասել է մի քանի հատ գողություն կա, վերցրու վրեդ, էս ռազբոյից քեզ կհանեմ: Սերիկը պատասխանել է, որ ինքը գողություն չի արել, որ ինչ իրեն վրա վերցնի»,- պատմեց Անուշ Հովհաննիսյանը:

Ըստ մեղադրանքի՝ Երևան քաղաքի բնակիչ, գործով մեղադրյալ Անդրանիկ Մարտիրոսյանը հորը՝ Արայիկ Մարտիրոսյանին պատկանող անձնական օգտագործման «ԳԱԶ-3110-121» մակնիշի 03 LL 845 հաշվառման համարանիշի ավտոմեքենան վանաձորցի իր ընկեր Հովհաննես Մարգարյանի միջոցով 2014թ.-ի սեպտեմբերին ապառիկ վաճառել է Սերիկ Հովհաննիսյանին: Կողմերը պայմանավորվել են, որ Սերիկը ավտոմեքենայի գումարը Անդրանիկ Մարտիրոսյանին կվճարի 2014թ.-ի նոյեմբերի 15-ին: Խոստացած ժամկետում Սերիկը գումարը չի վճարել: Նա ավտոմեքենան կրկին ապառիկ վաճառել է օձունցի Ամրաստան Ջանինյանին: Անդրանիկ Մարտիրոսյանը 2014թ.-ի նոյեմբերի 18-ին Երևանում բնակվող իր ընկերոջից՝ Արթուր Հակոբյանից վերցրել է վերջինիս աներորդու ընկերոջը պատկանող «Նիսան Սքայլայն» մակնիշի 69 RM 666 հաշվառման համարանիշի ավտոմեքենան և ընկերոջ Հովհաննես Մարգարյանի հետ մեկնել են Օձուն՝ Սերիկ Հովհաննիսյանից ավտոմեքենայի գումարը ստանալու: Նոյեմբերի 19-ի առավոտյան նրանք Սերիկին հանդիպել են Օձունում: «Հանդիպման ժամանակ Անդրանիկ Մարտիրոսյանը հասկացել է, որ Սերիկ Հովհաննիսյանը գումար չունի, ավելին՝ մեքենան էլ վաճառել է այլ անձի վրա: Անդրանիկը առանց գումարի կամ ավտոմեքենայի չի ցանկացել տուն վերադառնալ, երեքով որոշել են ավազակային հարձակման եղանակով ոսկյա զարդեր հափշտակել և դրանով մեքենայի պարտքի հարցը լուծել»,- նշված է մեղադրական եզրակացությունում:

Թումանյան 51/1 հասցեում գտնվող ոսկյա զարդերի խանութի վրա ավազակային հարձակումը իրականացնելու համար ընկերները «Նիսան Սքայլայն» մակնիշի 69 RM 666 հաշվառման համարանիշի ավտոմեքենան 2014թ.-ի նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, կայանել են Ալավերդու Զորավար Անդրանիկի փողոցում, ապա այդ փողոցից ոտքով գնացել են Թումանյան փողոց: Երեք անձով դիմակավորված մուտք են գործել «Գայանե Գրիգորյան» ԱՁ-ին պատկանող ոսկյա զարդերի խանութ: Նրանք խանութից հափշտակել են 2 մլն 873 000 դրամի՝ թվով 37 կտոր ոսկյա կանացի ու մանկական թևնոցներ: Խանութի աշխատակիցների կողմից անվտանգության համակարգի ազդանշանը միացնելու պատճառով դուրս են եկել վաճառասրահից և նույն ավտոմեքենայով դիմել են փախուստի: Ցանկացել են մտնել մայրուղի, սակայն Ալավերդու Զորավար Անդրանիկի փողոցի և Մադան թաղամաս գնացող ճանապարհի խաչմերուկում իրենց ավտոմեքենայի ետնամասի ձախ հատվածով բախվել են ալավերդցի Հուսիկ Սարգսյանի «ԳԱԶ-2410» մակնիշի 63 SS 508 համարանիշով ավտոմեքենային: Ստիպված իրենց ավտոմեքենայի ուղղությունը փոխել են դեպի Մադան թաղամաս՝ Ջիլիզայի անտառների ուղղությամբ: Հուսիկ Սարգսյանը դեպքի մաին ահազանգել է Թումանյանի ոստիկանությանը: Ավազակային հարձակում կատարողներն էլ Ջիլիզայի անտառի «Գորտի թալա» տարածքում այրել են հարձակման ժամանակ հագած իրենց հագուստները, հագել են իրենց իսկական հագուստները: Անդրանիկ Մարտիրոսյանը և Հովհաննես Մարգարյանը ոսկին բաժանել են իրար միջև: Ապա «Նիսան Սքայլայն» ավտոմեքենան թողել են անտառում և ոտքով շարժվել են Ալավերդու ուղղությամբ: Մադան թաղամասում նկատվել են իրենց փնտրող ոստիկանների կողմից և բռնվել են: Ըստ մեղադրական եզրակացության՝ 3-րդ անձը՝ Սերիկ Հովհաննիսյանը կարողացել է դիմել փախուստի. «Նա առանձնացել է ընկերներից, իրեն նետել է Լալվար գետի ձորը, գետափնյա ճանապարհով հասել է Մարքսի 10 շենքի մոտ, սակայն ոստիկանական հենակետերի պատճառով չի կարողացել առաջ գնալ և թաքնվել է նույն շենքի տանիքում»,- նշված է մեղադրական եզրակացության մեջ:

«Ես էլ եմ քրեական գործին ծանոթացել, այնտեղ էլ է հիմնավորվում, որ Սերիկը ավազակային հարձակմանը մասնակցել է: Դե ինքը եղել է գազի զոնայի շենքերից մեկի տանիքում: Տանիք մտնելու միտքը որն էր: Հետո ավազակային հարձակում կատարող մյուս 2 տղաները գնացել են Օձուն Սերիկի մոտ: Բա էլ ինչումն է խնդիրը»,- ասում է ոսկյա զարդերի խանութի համասեփականատեր Գարեգին Հախինյանը։

Պաշտպան Ժորա Վարոսյանի ասելով՝ նախաքննության փուլում Ս. Հովհաննիսյանի մեղադրանքի հիմքում դրված ապացույցն այն է, որ Սերիկը ճանաչել է այդ երկու հանցագործներին: Հանցագործության մեջ բռնված մարդիկ ասում են, որ Սերիկը տվյալ հանցագործությանը մասնակից չի եղել: «Մեկ էլ մեղադրանքը կապում են հանցանքի հաջորդ օրը՝ նոյեմբերի 20-ին Մարքսի 10 շենքի տանիքում վկաներից մեկի կողմից Սերիկին տեսնելու հետ: Սերիկը չի էլ ժխտում դա: Նա դիմումներ ունի գրած նախաքննական մարմնին, որտեղ հայտնում է, որ թմրանյութ է օգտագործում, գնացել է այդ տանիքում օգտագործել: Սերիկը նաև նշել է, որ Մարքսի 10 շենքի տանիքում եղել է ոչ թե 2014թ. նոյեմբերի 20-ին, այլ նոյեմբերի 21-ին: Վկան նրան տեսել է ժամը 20:00-ին: Երբ նա Սերիկին սպառնացել է, թե կզանգահարի ոստիկանություն, Սերիկը տանիքից չի հեռացել: Նա իր գործը վերջացրել է և ժամը 22:00-ի սահմաններում հեռացել տանիքից: Այսինքն՝ Սերիկը մտավախություն չի ունեցել, թե ոստիկանությունը կգա, իրեն կբռի»,- բացատրեց պաշտպանը:

Պաշտպանի ասելելով՝ հանցագործության օրը տարածքում հերթապահություն սահմանող ոստիկանը դատաքննության ընթացքում տված իր ցուցմունքում նշել է, որ դեպքի օրվա երեկոյան հերթապահության ժամանակ, եթե որևէ մեկը Լալվար գետակի կողմից գար և փորձեր բարձրանալ Մարքսի 10 շենքի տանիք, ապա ոստիկաններն անպայման կնկատեին: Պաշտպանը, մասնավորապես, նշեց, որ տեսախցիկների միջոցով ոսկյա զարդերի խանութի տարածքում կատարված նկարահանմամբ ավազակային հարձակում կատարողների ոչ մեկի դեմքը չի ֆիքսվել: Բացի այդ, ձերբակալելուց հետո Սերիկի մարմինը բժշկական զննության է ենթարկվել և որևէ քերծվածք չի հայտնաբերե։

«Եթե Ս. Հովհաննիսյանը նոյեմբեր ամսին, գիշերով ժամը 22-24-ի սահմաններում Լալվար գետակի ափով, անծանոթ ճանապարհով, քարերի ու մացառուտների միջով այդքան տարածքն անցել է ու քերծվածք չի ստացել, սա նույնպես ինչ որ բան ապացուցում է»,- ասում է պաշտպանը: Ժորա Վարոսյանը գտնում է, որ Սերիկ Հովաննիսյանին առաջադրված մեղադրանքը ՀԿԳ ավագ քննիչ Դավիթ Ղազախեցյանի ենթադրությունների և երևակայության արդյունք է: «Այս ձևով ցանկացած մարդու, ով շատ, թե քիչ ծանոթ է Անդրանիկ Մարտիրոսյանին և Հովհաննես Մարգարյանին կարող են 3-րդ հանցագործ որակել»,- եզրահանգում է Ժորա Վարոսյանը: Պաշտպանն ակնկալում է , որ դատարանը պետք է արդարացման դատավճիռ կայացնի իր պաշտպանյալի՝ Սերիկ Հովհաննիսյանի նկատմամբ: 

Լուսանկարում՝ Անուշ Հովհաննիսյանը և փաստաբան Ժորա Վարոսյանը

Մեկնաբանություններ (2)

ՀՀԿ
ՍԹԱՓՎԻ ՎՈՎԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ՍԹԱՓՎԻ ԵՐԿԱՐ ԲԱՐԱԿ ՃԱՌԵՐՏ ԼՍԵՆՔ ԹԵ ԱՉՔՆԵՐԻՍ ՏԵՍԱԾԸ ՀԱՎԱՏԱՆՔ, ՈՐ ԱՄԵՆ ՔԱՅԼԱՓՈԽԻ ՏԵՍՆՈՒՄ ԵՆՔ և ԷԼ ԱՎԵԼԻ Է ԽՈՐԱՑԵԼ , ՈՐ ԱՐՄԱՏԱԽԻԼ ԱՆԵԼԸ ԱՐԴԵՆ ՇԱՏ ԴԺՎԱՐԱ; ՀԱՄԱԿԱՐԳԴ ԴԱՐՁԵԼ Է ԲԱՐԴԱԿ և ԻՆՔՆԻՇԽԱՆՆԵՐ ԵՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ;
քեզ ինչ
տիտանյանը շատերինա վատություն արել ու անումա, իրա աշխատաոճնա դա ինչ զարմանալու բան կա: պարզաապես իրա ղեկավարները թույլ են տվել արելա , իսկ նախարար վովան չգիտի թե դա ոնցա աշխատում: իրա ոճնա աշխատանքի շատերիա անմեղ տեղը գործեր սարքել , էն հանցագործներին էլ քողարկել ու պռտակել: հանցագործների հետ նստումա քեֆ ուրախությունների դաժե դրանց տներում: իսկ անմեղների գլխին սարքում ու կոտրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter