HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ տնտեսություն 2015. ԵՏՄ և այլ գործոնների ազդեցությունը և միտումները 2016-ի համար

Գագիկ Մակարյան

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ)
գործընկեր փորձագետ 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

ՀՀ-ը վերջին տարիների ընթացքում միջազգային քաղաքական և տնտեսական վարիվերումների համատեքստում ձգտում է պահպանել որոշակի հավասարակշռված կարգավիճակ, որը հնարավորություն է տալիս ապահովել ինտեգրման հնարավորությունները և համագործակցությունը տնտեսական տարբեր միավորումների հետ: Այդ առումով լրացուցիչ քաղաքական և տնտեսական ազդեցությունները բացառելու նպատակով ՀՀ-ը 2013թ. սեպտեմբերի 3-ին հայտարարեց «Մաքսային միությանը» միանալու պատրաստակամության մասին` միաժամանակ հայտնելով ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության և տարիներ առաջ սկսված գործընթացները շարունակելու շահագրգռություն:

Իհարկե, մինչ օրս այս որոշման վերաբերյալ կան հակասական տեսակետներ: Դեռևս ՀՀ-ի տնտեսական շահը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու տեսանկյունից հստակ գնահատված չէ, և շատ վերլուծաբաններ և ՀՀ-ի քաղաքացիներ ակնկալում են բացահայտ տեսանելի դրական արդյունքներ:

Այս հարցադրման համար նախապես կարևոր է գնահատել, թե Մաքսային միության անդամ հանդիսացող երկրների հետ 2013թ. սեպտեմբերի վիճակով ՀՀ-ն ինչպիսի տնտեսական համագործակցության մեջ էր գտնվում, և վերջինիս հետ արտաքին առևտրի ինչպիսի ցուցանիշներ էին գրանցված այդ ժամանակաշրջանի համար: Նշենք, որ ինչպես 2013թ.` նախորդ, այնպես էլ մինչ օրս Եվրոպական միությունը (ԵՄ) մնում է ՀՀ-ի համար արտաքին առևտրի առաջին գործընկերը (27%), իսկ Ռուսաստանի Դաշնությունը (ՌԴ)՝ երկրորդ (մոտ 24%):

Քանի որ ՀՀ-ի արտաքին առևտրում Բելառուսը և Ղազախստանն էական դերակատարություն չունեն (ՀՀ արտաքին առևտուրը Բելառուսի հետ կազմում է 0.8%, իսկ Ղազախստանի հետ՝ 0.2%), հետևաբար Եվրասիական տնտեսական միության  շրջանակում որոշիչ նշանակություն ունի և առաջիկա տարիներին դեռևս կունենա ՌԴ-ը: Այսինքն, ՀՀ տնտեսությունը և սոցիալական վիճակը որոշակիորեն պայմանավորված կլինեն ՌԴ-ի տնտեսական վիճակով, հատկապես` ՀՀ-ից դեպի Ռուսաստան արտահանման ծավալների համար, ինչպես նաև` աշխատանքային միգրանտների համար ժամանակավոր աշխատանքի կամ նրանցից իրենց ընտանիքներին փոխանցվող մասնավոր տրանսֆերտների (ֆինանսական միջոցների) տեսանկյունից:

ՀՀ տնտեսական ցուցանիշները 2015թ. դեռևս ամբողջությամբ ամփոփված չեն, սակայն առկա տվյալները թույլ են տալիս կատարել որոշակի դատողություններ և ամփոփիչ եզրակացություններ:

ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

2015թ. տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) հունվար-նոյեմբեր ամիսների հատվածում կազմել է 102.9%: ՏԱՑ-ի աճին նպաստել են ՀՀ-ի բոլոր հիմնական ոլորտները, բացառությամբ՝ շինարարության և առևտրի շրջանառության ցուցանիշների, որոնք նվազել են` համապատասխանաբար 3.1% և 7.1%-ով: Բանականաբար, ճիշտ է եզրակացնել, որ առևտրի ցուցանիշի նվազումը պայմանավորված է 4 հիմնական գործոններով՝

  1. Բնակչության թվաքանակի նվազումը միգրացիայի պատճառով
  2. Բնակչության գնողունակության անկումը՝ պայմանավորված արտաքին մասնավոր տրանսֆերտների ծավալի կրճատմամբ, որը 2015թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 37.2%-ով: Ընդ որում, ՌԴ-ից ստացված տրանսֆերտների ծավալը նույն ժամանակահատվածում նվազել է 43.4%-ով:
  3. Բնակչության աղքատության դեռևս բարձր մակարդակով, որը պաշտոնական տվյալներով կազմում է 30%, իսկ որոշ վերլուծաբանների տվյալներով` այն համայնքային քաղաքներում գտնվում է մոտ 60% մակարդակի վրա:
  4. ՓՄՁ և Միկրո ձեռնարկությունների համար անհավասար մրցակցության պայմաններով, որի արդյունքում դադարում են գործել տնտեսության հիմնական ոլորտները:

Հարկ է նշել, որ ՀՀ ՏԱՑ-ի աճին մասնակցել են հետևյալ հիմնական տնտեսական ուղղությունները.

1. Արդյունաբերություն

Արդյունաբերության աճը կազմել է 4.6%, որը տեղի է ունեցել հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման շնորհիվ (շուրջ 47%), որի տեսակարար կշիռն արդյունաբերության մեջ բավականին բարձր է` կազմելով մոտ 21%: Այնուհետև աճ է գրանցվել էլեկտրաէներգիայի, գազի մատակարարման և ջրամատակարարման, կոյուղի և թափոնների կառավարում և վերամշակում ճյուղերում` համապատասխանաբար շուրջ 4.5 և 10.4%-ով: Այս 3 ոլորտների աճը հանգեցրել է նշված 4.6% աճին` չնայած զգալի նվազում է գրանցվել մշակող արդյունաբերությունում (մոտ 5.3%), որն ավելի զգալի է հատկապես խմիչքի արտադրությունում՝ կազմելով մոտ 20%:

2. Արտահանում

Արտահանումը կրճատվել է 4.7%-ով, ընդ  որում, դեպի ԱՊՀ երկրներ նվազել է մոտ 27%-ով, ԵՄ՝ 5.8%-ով: ԱՊՀ երկրների ցանկում հատկապես նվազել է արտահանումը դեպի ՌԴ` 28.1%-ով և Եվրասիական տնտեսական միության մյուս երկրներ, օրինակ, Բելառուս՝ 41.9%-ով, Ղազախստան՝ 30.1%-ով, բացի այդ Ուկրաինա` մոտ 50%-ով: ՌԴ-ի դեպքում ցուցանիշը շատ որոշիչ է, քանի որ, ինչպես նշել ենք, վերևում ՌԴ-ը ՀՀ արտաքին առևտրում իր ծավալներով 2-րդ տեղում է գտնվում: ՌԴ-ի դեպքում հատկապես կրճատվել են ալկոհոլային խմիչքների, պահածոների և հյութերի արտահանման ծավալները:

Ընդհանուր արտահանման նվազումը տարբեր արդյունաբերական ոլորտներում խիստ նկատելի է պատրաստի արտադրանքի գծով, օրինակ, սննդի, ոչ թանկարժեք մետաղների, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի և թանկարժեք մետաղների նկատմամբ:

Դեպի ԵՄ արտահանումը նվազել է մի քանի երկրների նկատմամբ` արտահանման ծավալների էական կրճատմամբ, օրինակ, դեպի Գերմանիա՝ 7.1%, Բուլղարիա՝ 11.4%, Նիդերլանդներ՝  37.3%:

3. Ներմուծում

Ներմուծումը 2015թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում նվազել է 26.2%-ով, որից միայն ԱՊՀ երկրներից նվազել է մոտ 13% (ավելի քիչ, քան այլ երկրների դեպքում), ԵՄ-ից՝ 32.5% և այլ երկրներից՝ շուրջ 32%: Ծավալներն ըստ երկրների նվազել են մոտավորապես հետևյալ բաշխվածությամբ`

  • Ռուսաստան՝ 9.8%, Ուկրաինա՝ 35.7%
  • ԵՄ երկրների նկատմամբ, Գերմանիա՝ 29.5%:
  • Իտալիա՝ 21.2% , Ֆրանսիա՝ 14.8%, Բելգիա՝ 45%:

Այլ երկրների ցանկում ներմուծման նվազումն առավել նկատելի է Չինաստանից՝ 25.8%, Իրանից՝ 4.0%, Թուրքիայից` 42%, ԱՄՆ-ից՝ 23.7%: Ապրանքային տեսանկյունից կրճատումը տեղի է ունեցել բոլոր ապրանքային խմբերի համար` բացառությամբ «Սարքեր և ապարատներ» խմբի:

ՀՀ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2015Թ. ՀԱՄԱՐ

2015թ. ընթացքում ՀՀ տնտեսական աճը պայմանավորող հիմնական ոլորտները, որոնք էականորեն ազդել են նաև արտահանման ծավալների վրա, երկուսն են՝ արդյունաբերություն և գյուղատնտեսություն: Տնտեսության մեջ նկատելի են որոշ առողջացման միտումներ, սակայն արտաքին զարգացումների և ՌԴ տնտեսությունում առկա խնդիրների պատճառով (ռուբլու լուրջ արժեզրկում, նավթի գների անկում, մի շարք ծրագրերի դադարում փոխադարձ սանկցիաների պատճառով, իրացման ծավալների կրճատում) ՀՀ տնտեսական աճը եղել է ավելի փոքր:

Համեմատության համար ներկայացնենք, որ 2014թ. ՀՀ ՀՆԱ-ն իրական արտահայտությամբ կազմել է 11.644 մլրդ դոլար` աճելով 3.5 %-ով: Մեկ քաղաքացուն բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 3.864 դոլար: Եվ, եթե 2014թ. ՀՆԱ-ի աճում հիմնականը բաժին էր ընկնում ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտներին, իսկ արդյունաբերության և շինարարարության ճյուղերը բացասաբար են ազդել տնտեսական աճի վրա, ապա 2015թ. հունվար-նոյեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 2.9%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, հիմնականում, ինչպես նշեցինք, գյուղատնտեսության և արդյունաբերության շնորհիվ:

Ռուսական ռուբլու արժեզրկման հետևանքով վերջին ամիսներին էականորեն մեծացել են ՌԴ-ից ներմուծումները, այսինքն խթանվել է արտահանումը ՌԴ-ից դեպի ՀՀ, և ներմուծման կառուցվածքում 5.3 %-ի չափով մեծացել է ԱՊՀ երկրների մասնաբաժինը` հիմնականում պայմանավորված ՌԴ-ով:

ԵՏՄ մյուս երկրների հետ համագործակցություն զարգացնելու համար, ըստ մեր նախնական գնահատականների, դեռևս էական ժամանակ կպահանջվի` առնվազն 2-3 տարի: Ընդ որում, ներդրումներ այդ երկրներից դեպի ՀՀ, քիչ հավանական է: Բելառուսի հետ այն կարող է զարգանալ որոշ ապրանքախմբերի փոխանակմամբ: Բելառուսից դեպի ՀՀ ներմուծումը կարող է ավելանալ կաթնամթերքի, դեղորայքի, էլէկտրատեխնիկական սարքավորումների, կահույքի, գյուղատնտեսական տեխնիկայի, ավտոբուսների և կենցաղային տեխնիկայի ծավալների աճի շնորհիվ: Դեպի Բելառուս ՀՀ-ից արտահանումը կարող է ներառել հայկական դեղաբույսեր, խմիչք, ինժեներական արտադրանք:

Ղազախստանի հետ համագործակցությունը կարող է զարգանալ տարբեր արտադրական նախագծերի իրականացման շնորհիվ` վերջինիս տարածքում, ինչպես նաև հայկական որոշ գյուղատնտեսական մթերքների արտահանման հաշվին` դեպի Ղազախստան:

ՌԴ-ի հետ տնտեսական համագործակցությունը կարող է ընդլայնվել դեպի ՌԴ գյուղատնտեսական թարմ և մշակված արտադրանքների, ինչպես նաև ՏՏ և ինժեներական արտադրանքների, էլեկտրատեխնիկական արտադրանքի, հումքի, շինարարական նյութերի արտահանման շնորհիվ: ՌԴ-ից դեպի ՀՀ կմեծանան ձեթի, կարագի, ալյուրի, ցորենի, շոկոլադի և կոնֆետների, ինչպես նաև` ավտոտրանսպորտային միջոցների, էլենտրոնային սարքերի և դեղորայքի ծավալները: Փոխհամագործակցության զարգացման համար պոտենցիալ պարունակող որոշ ոլորտներ կարող են դառնալ կրթությունը, առողջապահությունը, գյուղատնտեսության համար թունաքիմիկատների և պարարտանյութերի արտադրությունը, էլեկտրատեխնիկական արտադրանքների համատեղ նախագծումը և արտադրությունը:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՄ-Ի ՀԵՏ

ԵՄ-ի հետ ՀՀ համագործակցությունը կզարգանա նոր ձևաչափով, որի շրջանակում կձևավորվեն տնտեսական համագործակցության մի քանի ուղղություններ, որոնցից են փոքր և միջին ձեռնարկություն (ՓՄՁ) և ՓՄՁ արտաքին առևտրի միջազգայնացումը, այսինքն` հայկական ՓՄՁ-ների և Եվրոպական երկրների ՓՄՁ-ների միջև առևտրի խթանումը (ներմուծում և արտահանում), «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի (GSP+) արտոնյալ առևտրային ռեժիմի» պահպանումը և զարգացումը:

Այդ նպատակով ԵՄ-ը հնարավորություն կընձեռի, որպեսզի շուրջ 6.500 հայկական ծագման ապրանքատեսակներ կարողանան ԵՄ շուկա արտահանվել զրոյացված կամ նվազեցված մաքսատուրքերի դրույքաչափերով: Դրա փոխարեն ՀՀ-ը կբարելավի Եվրոպական հանձնաժողովի առջև իր գործառույթները և հաշվետվողականության զեկույցները` Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) և բնապահպանական ոլորտի շուրջ 27 միջազգային կոնվենցիաների իրականացման ընթացքի վերաբերյալ:

ՓՄՁ ոլորտում ՀՀ կառավարությունը ԵՄ-ի հետ ստորագրել է «Աջակցություն Հայաստանում ՓՄՁ ոլորտի զարգացմանը» ֆինանսավորման համաձայնագիրը` 7.2 մլն եվրո արժեքով, «Ձեռնարկությունների և ՓՄՁ մրցունակության» (COSME) ծրագիրը մինչև 2020թ. համար, որը կօգնի ՀՀ ՓՄՁ-ներին օգտվել ԵՄ-ի կողմից ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված մեծաթիվ նախաձեռնություններից:

ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը 2015թ. հոկտեմբերի 12-ին Եվրոպական հանձնաժողովին և ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչին լիազորել է համապատասխան բանակցություններ սկսել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ: ՀՀ համաձայնագիրը փոխարինելու է ԵՄ-ի և ՀՀ-ի միջև ներկայումս գործող գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրին:

Այժմ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկն արդեն տրված է: Բացի այդ ընթացքի մեջ է գտնվում ևս մեկ կարևոր գործընթաց, որը վերաբերվում է Հայաստանի կողմից ԵՄ «Շուկայական տնտեսության կարգավիճակ» ստանալուն: Այդ առիթով ՀՀ-ը Եվրոպական հանձնաժողովին է արդեն ներկայացրել մի ընդգրկուն հարցաշար, որն ընդգրկում է ՀՀ տնտեսության տարբեր ոլորտները:

ԻՐԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Իրանի նկատմամբ աստիճանաբար մեղմացվող սանկցիաների կիրառությունը, անշուշտ, կբարձրացնի վերջինիս քաղաքական և տնտեսական կշիռը տարածաշրջանում, հատկապես այն ՀՀ-ի համար կարող է կարևոր դառնալ մի քանի հարցադրումների շրջանակում:

  1. Իրանը կարող է հավասարակշռություն ստեղծել տարածաշրջանում` հատկապես թուրք-ադրբեջանական առկա տանդեմի և Թուրքիա-ՌԴ կոնֆլիկտի տեսանկյունից:
  2. Իրանում օտարերկրյա որոշակի ներդրումների և արդյունաբերական զարգացման ծրագրերի համար ՀՀ տարածքը կարող է դառնալ համապատասխան պլատֆորմ` կառավարման գրասենյակների հիմնադրման նախնական և հետագա համագործակցության քննարկումների և համաձայնագրերի համար:
  3. ՀՀ-ը կարող է հանդիսանալ հավաքման արտադրությունների և վերջնական արտադրանքի թողարկման երկիրը` Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտու թողարկված կիսապատրաստուկների և բաղադրիչների հիման վրա, այդ ճանապարհով դառնալ Իրանի, Եվրասիական տնտեսական միության և ԵՄ երկրների միջև կապող երկիր:
  4. Իրանի բնական հումքը և էներգակիրները կարող են օգտագործել ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների զարգացման համար կամ ՀՀ տարածքով արտահանվել այլ երկրներ, մասնավորապես` Վրաստան և ՌԴ:
  5. ՀՀ-ը Իրանից ՀՀ-ով անցնող կամ եկող բեռների համար ձեռք կբերի տարանցիկ պետության կարգավիճակ, որի դեպքում ՀՀ-ը կստանա ծառայությունների լրացուցիչ վճարներ և, բացի այդ, կխթանվի ծառայությունների բիզնեսն անցնող ճանապարհների շուրջ:
  6. Իրանի հանդեպ սանկցիաների նվազումն այդ երկիրը կդարձնի առավել թափանցիկ, և կնվազեն Իրան ներմուծվող ապրանքների նկատմամբ բարձր տուրքերը, որոնք առավել հարմարավետ կդարձնեն այլ երկրներից, այդ թվում` ՀՀ-ից դեպի Իրան ապրանքների արտահանումը: Իրանը, որպես առևտրային գործընկեր, ՀՀ-ի համար գտնվում է առաջին հնգյակի երկրների ցանկում. 2014թ. Իրանից դեպի Հայաստան ներմուծումը կազմել է շուրջ 206 մլն ԱՄՆ դոլար, իսկ  ՀՀ-ից դեպի Իրան արտահանումը` մոտ 83 մլն դոլար:
  7. ՀՀ-ը կարող է խթանել Իրանի հետ համագործակցությունը կրթության ոլորտում, Իրանի զարգացող տնտեսության համար տրամադրել որակյալ և արտասահմանյան ԲՈՒՀ-երի համեմատ էժան, բարձրագույն կրթություն: Բացի այդ ՀՀ-ում իրանական բիզնեսի համար կարող են վերապատրաստվել նրանց մենեջերները:
  8. Իրանի զբոսաշրջային խմբերի ընդլայնումը և զբոսաշրջիկների թվաքանակի աճը դեպի ՀՀ զգալի դրական մուլտիպլիկատիվ նշանակություն կունենան ՀՀ տնտեսական մի շարք ոլորտների համար:
  9. Իրանական ընկերությունները կկարողանան ՀՀ բիզնեսներում կատարել ներդրումներ` ՀՀ-ին ԵՄ-ի կողմից տրամադրված «GSP+» համակարգի հնարավորություններից օգտվելու նպատակով, որի դեպքում հայկական ծագման ապրանքների կարգավիճակ ստանալով կկարողանան դեպի ԵՄ արտահանումները կատարել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերի դրույքաչափերով:

ՀՀ-ՌԴ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

ՌԴ-ի հետ ՀՀ արտաքին առևտրի կառուցվածքը հիմնականում մնում է դեռևս նույնը: ՌԴ-ից դեպի ՀՀ ներմուծման մեջ առաջին տասնյակը շարունակում են գլխավորել գազը, բենզինը, հացահատիկը, չմշակված ալյումինը, տարբեր տեսակի ձեթը, շոկոլադը, խմիչքը, կարագը, սննդային պատրաստուկները, մետաղը, ծխախոտը և սիգարը: ՌԴ-ից ներմուծումը 2013թ. կազմել է մոտ 1.104 մլրդ դոլար, 2014թ-ին՝ շուրջ 1.069 մլրդ դոլար, և ենթադրվում է, որ 2015թ. այն կկազմի շուրջ 950 մլն դոլար:

Արտահանումը ՀՀ-ից դեպի ՌԴ 2013թ. կազմել է մոտ 331 ԱՄՆ մլն դոլար, 2014թ.՝ շուրջ 304 մլն դոլար, և ենթադրվում է, որ այդ ցուցանիշը 2015թ. կկազմի շուրջ 220 մլն դոլար: Արտահանման կառուցվածքներն են հետևյալ ապրանքային խմբերը՝ խմիչք (կոնյակ, գինի և գարեջուր), ադամանդ, ձուկ, թարմ ձուկ, թարմ միրգ և բանջարեղեն, պահածոներ, խաղող, չորացված միրգ, պանիր, որոնք գտնվում են արտահանվող ապրանքների ցուցակի առաջին տասնյակում:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ ԵՏՄ-Ը

Ադրբեջանի դեպքում ներմուծման առաջին քսան երկրների ցանկը գլխավորում է ՌԴ-ը: 2014թ. ՌԴ-ից դեպի Ադրբեջան ներմուծումը կազմել է 1.314 մլրդ դոլար: Նույն ցանկում Բելառուսը գտնվում է 20-րդ տեղում, իսկ Ղազախստանը՝ 11-րդ: Արտահանման դեպքում ՌԴ-ն Ադրբեջանի համար 2014թ. դրությամբ գտնվել է 10-րդ տեղում, իսկ Ղազախստանը՝ 39-րդ, Բելառուսն ավելի հետին տեղում է:

Այսինքն, ՌԴ-ն արտահանման երկրների ցանկում Ադրբեջանի համար գտնվում է միջին կարևորության երկրների ցանկում: ՌԴ-ի հետ արտաքին ամբողջ առևտուրը կազմում է Ադրբեջանի արտաքին առևտրի ընդամենը շուրջ 7%-ը, մինչդեռ 2014թ. դրությամբ ՀՀ-ի արտաքին առևտուրը ՌԴ-ի հետ կազմում է ՀՀ-ի ամբողջ արտաքին առևտրի մոտ 24.2%-ը: Այսինքն, Ադրբեջանի միանալը ԵՏՄ-ին կրում է ցածր հավանականություն և տնտեսական առումով էական հետաքրքրություն չի ներկայացնում: Հետևաբար, Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին միանալու ցանկությունը կունենա միայն քաղաքական նպատակ:

ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՌԴ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՏԹԱՐԱՑՄԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

Հիմնական խնդիրները, որոնք նկատելի են արդեն 2014թ.  սկսած, և որոնք ավելի ընդգծվեցին ԵՏՄ-ի շրջանակում 2015թ.-ի ընթացքում, հետևյալն են՝

  1. ՀՀ արտաքին առևտրի ծավալների նվազումը ՌԴ-ի և ԵՏՄ անդամ երկրների հետ (Բելառուս և Ղազախստան)
  2. Արտաքին գործոնների և ՌԴ տնտեսական թուլացման արդյունքում Բելառուսում և Ղազախստանում նույնպես վատացել է տնտեսական վիճակը:
  3. Հայաստանի աշխատանքային միգրանտների քանակի նվազման միտումը դեպի ՌԴ:
  4. Աշխատանքային միգրանտների կողմից մասնավոր տրանսֆերտների նվազումը ՌԴ-ից դեպի ՀՀ. 2015թ. այն նվազել է շուրջ 43%-ով:
  5. Սոցիալական ազդեցություն. ՌԴ-ի տնտեսական վիճակի վատացման արդյունքում կա վտանգ, որ գործազրկությունը կաճի և աղքատների թվաքանակը կավելանա ՀՀ-ում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այսպիսով, չնայած այն հանգամանքին, որ 2015թ. բազմաբնույթ քաղաքական և տնտեսական փոփոխությունների տարի էր հատկապես տարածաշրջանային երկրների համար, այնուամենայնիվ, Հայաստանի տնտեսությունը կարողացավ ապահովել 2.9% տնտեսական ակտիվության ցուցանիշ: 2015թ. ՀՀ-ի համար հատկանշական է նաև նրանով, որ մշակվեցին մի քանի ռազմավարական փաստաթղթեր` ՀՀ-ում ինովացիոն տնտեսության զարգացման, ՓՄՁ զարգացման, ինչպես նաև գործարար միջավայրի բարեփոխումների տեսանկյունից (մասնավորապես` հարկային օրենսգրքի նախագիծը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունը և այլ օրենքներ):

Իրականացվեցին որոշակի բարեփոխումներ, որոնք թույլ կտան 2016թ. ընթացքում պահպանել ձեռքբերված արդյունքները և ապահովել որոշակի տնտեսական աճ: Միաժամանակ, Միջազգային արժութային հիմնադրամի գնահատականներով` Ռուսաստանի Դաշնության տնտեսությունը 2016թ. ընթացքում կունենա առողջացման միտումներ, և ՀՆԱ-ի  բացասական ցուցանիշը կնվազի և կմոտենա 0.6%-0.7%-ի, իսկ 2017թ.-ին այն կարող է դառնալ դրական` 1%: Այս ամենն էականորեն դրական առումով ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա. հատկապես կաճեն արտահանման ծավալները ՀՀ-ից դեպի Ռուսաստան, կմեծանա աշխատանքային միգրանտների մասնավոր տրանսֆերտների ընդհանուր գումարը, որոնք, մտնելով ՀՀ տնտեսության մեջ, կունենան էական դրական մուլտիպլիկատիվ նշանակություն:

Այսպիսով, ըստ մեր կանխատեսման` ՀՀ տնտեսության տնտեսական ակտիվության ցուցանիշը կարող է հասնել մինչև 4%-ի` ներկայումս 2016թ. համար պլանավորված 2.2%-ի փոխարեն:

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ) 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter