HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բզզոցը սահման է գալիս. փեթակներ` սահմանամերձ կարիքավոր գյուղերին

ONEArmenia` շահույթ չհետապնդող կազմակերպությունը, որը կենտրոնանում է Հայաստանում կայուն տնտեսություններ ստեղծելու վրա, փետրվարի 3-ին նոր արշավ հայտարարեց Բաղանիս սահմանամերձ գյուղում`մեղվաբուծական գործունեություն սկսելու համար: 

Բաղանիսում ապրում է մոտ 800 մարդ: Այդ գյուղը գտնվում է Հայաստան-Ադրբեջան սահմանից մի քանի կիլոմետր հեռու, և տնտեսական վիճակն այնտեղ ծանր է: Հողերի մեծ մասն անհասանելի է սահմանային խնդիրների, ականների ու  դիպուկահարների ժամանակ առ ժամանակ կրկնվող կրակոցների պատճառով: Շրջանում արդյունաբերություն չկա, և աշխատատեղերի պակասը բերում է արտագաղթի բարձր ցուցանիշների. տղամարդիկ հեռանում են՝ աշխատանք փնտրելով մայրաքաղաքում`Երևանում, կամ հարևան Ռուսաստանում: 

«Հարկավոր է Բաղանիսում կայուն եկամուտ ապահովող գործունեություն ստեղծել և ընտանիքները ստիպված չեն լինի իրարից հեռու լինել»,- ասում է ONEArmenia-ի հիմնադիր Պատրիկ Սարկիսյանը: «Մեր նպատակն է ռազմավարական նշանակություն ունեցող այս շրջանում ապրող մարդկանց օգնել ապրել ու բարգավաճել  սեփական հողում»: 

«Bring on the Buzz»-ը հենց դրա մասին է:  ONEArmenia-ի և Սահման ՀԿ-ի համատեղ դրամահավաք-արշավը Բաղանիսում բնակվող 18 ընտանիքի կապահովի չորսական փեթակով՝ նրանց հնարավորություն տալով ունենալ կայուն եկամուտ և ապահովել իրենց  ապրուստը մեղր արտադրելով: 

Հավաքված գումարը կուղղվի Հայաստանում արտադրված փեթակների, մեղվաընտանիքների, մեղվապահության գործիքների և սարքավորումների ձեռքբերմանը: 18 ընտանիքներից յուրաքանչյուրը կստանա մանրամասն ուսուցում մեղվապահության մեթոդների մասին և նաև աջակցություն կունենա արտադրված մեղրի գնորդներին գտնելու հարցում: 

«Մեր նպատակն է ապահովել կայուն, մնայուն առաջխաղացում»,- ասում է Սահման ՀԿ-ի համահիմնադիր Աննա Աղաջանյանը: Նախագծի կայունությունը ապահովելու համար Սահմանի մեղվապահության գիտակը մի տարվա ընթացքում մշտապես կայցելի նոր մեղվաբույծներին՝ տրամադրելով համապատասխան վերապատրաստում ու խորհրդատվություն: 

Մեղվապահություն. կայուն գործունեություն Հայաստանի գյուղերի համար 

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) մեղվապահությունը նկարագրել է որպես կայուն ապրուստ ապահովելու օգտակար միջոց: Մեղուները բարդ խնամքի կարիք չունեն, քանի որ մեծ մասամբ իրենք իրենց մասին հոգ տանում են: Այնպես որ, մեղվապահությունը լավ է համատեղվում այլ եկամտաբեր գործունեությունների հետ: 

Մեղվապահությունը ոչ ժամանակատար է, ոչ էլ չափազանց բարդ. սակայն այն շահութաբեր է: Մեկ փեթակը կարող է տարեկան արտադրել մինչև քսանհինգ կիլոգրամ մեղր, իսկ Հայաստանում մեղրի կիլոգրամը կարելի է վաճառել մինչև յոթ դոլար (մոտ 3500 դրամ): Բաղանիսի նման չունևոր սահմանամերձ գյուղերում, որտեղ մեկ ընտանիքի տարեկան միջին եկամուտը մոտ 500 դոլար է կազմում (մոտ 250,000 դրամ), մեղվապահության բիզնես սկսելը կարող է նվազեցնել արտագաղթի խնդիրը տեղի զարգացման շնորհիվ: 

Բաղանիսում 72 փեթակ տեղադրելը ոչ միայն կբարելավի տեղացիների կենցաղային պայմանները: Այն դրական ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա` տարածաշրջան բերելով փոշոտող մեղուների ու այդպիսով երաշխավորելով Բաղանիսի բնական ռեսուրսների պահպանումը: 

Նաև հայտնի է, որ մեղուները լավ են զարգանում ոչ արդյունաբերական տարածաշրջաններում, ինչպիսին է Տավուշի մարզը, որտեղ օդը մաքուր է, շրջակա միջավայրն էլ` չաղտոտված: «Առողջ մեղուները օգնում են ապահովել մեղրի որակը»,- բացատրում է Սահման ՀԿ-ի համահիմնադիր Զորջ Տաբակյանը: «Եվ չնայած Հայաստանի գյուղական բնակավայրերում կլիման հարմար է մեղվապահությամբ զբաղվելու համար, դրա ներուժը դեռ պատշաճ կերպով չի օգտագործված»: 

Կայունություն ու համայնք 

Վերջին չորս տարիների ընթացքում Սահման ՀԿ-ն աշխատել է Տավուշի մարզի այլ նմանատիպ գյուղերի հետ, և նրանց աշխատաոճի արդյունավետ լինելն արդեն ապացուցված է: ՀԿ-ի աշխատանքի պատմությունը տպավորիչ է. Բարեկամավան, Բերքաբեր, Չինարի, Այգեձոր ու Ներքին Կարմրաղբյուր գյուղերը արդեն ունեն 30 ջերմոց ու 112 փեթակ: 

Համագործակցող երկու ՀԿ-ների համար էլ կարևոր է, որ նախագիծի չսահմանափակվի այդ 18 ընտանիքներով: «Ապագա մեղվապահները արդեն խոսք են տվել օգնել գյուղին` երկու տարվա ընթացքում նվիրաբերելով մեկական կիլոգրամ մեղր յուրաքանչյուր փեթակից»,- ասում է Սահման ՀԿ-ի Աննա Աղաջանյանը: «Նվիրաբերած մեղրը կվաճառվի` տեղի մանկապարտեզին օգնելու նպատակով»:

Կիսվե՛ք կամ կատարե՛ք նվիրատվություն «Bring on the Buzz» արշավին` օգնելով ONEArmenia-ին և Սահման ՀԿ-ին քաղցրացնել Բաղանիս սահմանամերձ գյուղի բնակիչների կյանքը` https://onearmenia.org/campaign:  Այս մասին տեղեկացնում է ONEArmenia-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter