HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Օմբուդսմենի «չինովնիկացումը»

Հանրապետական կուսակցությունը մարդու իրավունքների նոր պաշտպանի պաշտոնում առաջադրել է 35-ամյա Արման Թաթոյանի թեկնածությունը։ Վերջինս ՀՀ արդարադատության փոխնախարարն է և ընդհանուր առմամբ կարծես թե ոչ միայն պրոֆեսիոնալ իրավաբան է, այլև պատշաճ պաշտոնյա։

Ապագա ՄԻՊ-ի իրենց թեկնածուներին են առաջադրել նաև ոչ իշխանական ուժերը։ ԲՀԿ-ի թեկնածուն կուսակցության անդամ, երիտասարդ իրավաբան Մակար Եղիազարյանն է։ Անկախ պատգամավոր «Ալյանս» նորաստեղծ կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանն առաջադրել է իր կուսակից Նարեկ Մակարյանի թեկնածությունը։ Մեկ այլ անկախ պատգամավոր՝ Էդմոն Մարուքյանը, դեռևս ոչ պաշտոնապես, առաջադրել է «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, որը պաշտպանվել է նաև ՕԵԿ-ի կողմից։

Որևէ կասկած չկա, սակայն, որ օրեր անց Աժ-ում կազմակերպվելիք փակ գաղտնի քվեարկության արդյունքով Հայաստանի 4-րդ օմբուդսմեն է դառնալու Արման Թաթոյանը։ Թվում է, թե դրանում որևէ արտառոց բան չկա․ նա վայելում է քաղաքական մեծամասնության վստահությունը, և իր մասնագիտական որակներով մյուս թեկնածուներից եթե լավը չէ, ապա հաստատապես վատն էլ չէ։

 Իրականում, սակայն, այս ամբողջ գործընթացը Մարդու իրավունքների պաշտպանի հետ, իր դասական և միջազգայնորեն ընդունված ընկալման մեջ, որևէ աղերս չունի։ Ավելին․ այն ուղղված է այդ ինստիտուտի, ընդունված նոր Սահմանադրությամբ ներդրված կառավարման խորհրդարանական համակարգի էության աղավաղմանը։ 

Նոր Սահմանադրության՝ ուժի մեջ մտած 192-րդ հոդվածով սահմանվում է, որ ՄԻՊ-ին ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ձայների ընդհանուր թվի երեք հինգերորդով։ ՄԻՊ-ի թեկնածության ներկայացման և հաստատման կարգն ընդունելիս ԱԺ քաղաքական մեծամասնությունը որոշեց, որ այդ «իրավասուն» ոչ թե Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն է, այլ՝ Պետաիրավական հարցերի։ Սա այն դեպքում, երբ սկսած 2011թ-ից, այսինքն իր ստեղծումից ի վեր բոլոր տարիներին, բացառապես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն է եղել  Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների վիճակի մասին ամենամյա զեկույցների մասով գլխադասային հանձնաժողովը։ Փաստորեն այս հանձնաժողովը 5 տարի շարունակ ՄԻՊ-ի հարցով «իրավասու» էր, հանկարծ, առանց որևէ լուրջ բացատրության, դարձավ ոչ իրավասու։ Իսկ միակ տրամաբանությունը, որով ՀՀԿ-ն առաջնորդվել է այդ «թյուրիմացությունը» հարթելիս, եղել է այն, որ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում փոքրամասնության կարգավիճակում էր․ հանձնաժողովի 11 անդամներից միայն 3-ն են ՀՀԿ-ական։ Պարզ է՝ եթե ՄԻՊ-ի թեկնածությունների առաջադրման իրավունքը թողնվեր այս հանձնաժողովին, ապա ՄԻՊ կարող էր առաջադրվել ի հեճուկս ՀՀԿ-ի, ինչի բացառմանն էլ ուղղված էր հանձնաժողովների «իրավասության» նման կամայական վերանայումը։ Ավելին, իշխող կուսակցությունը պարտադրեց, որ Պետաիրավական հանձնաժողովը պետք է ՄԻՊ ընդամենը մեկ թեկնածու ներկայացի ԱԺ-ին՝ խորհրդարանին զրկելով ընտրություն կատարելու հնարավորությունից։ Այլ կերպ ասած՝ ընդամենը պրոցեսի նկատմամբ իր բացարձակ մենաշնորհն ու տնօրինությունը չկորցնելու համար ՀՀԿ-ն գնաց փոքրամասնության տեսակետը հարգելու և այլընտրանքայնություն ապահովելու՝ պառլամենտարիզմի կարևորագույն սկզբունքներն արհամարհելու ճանապարհով։

 Այս պայմաններում այլևս որևէ նշանակություն չունի, որ Աժ-ն հանձնաժողովի ներկայացրած միակ թեկնածուին ընտրելու է ձայների 3/5-ով։ Միայն ԲՀԿ-ի իշխանամետ հատվածի պատգամավորների թաքնված աջակցությունը ՀՀԿ-ին բավարար է՝ քվեարկությամբ ցանկալի արդյունքը ապահովելու համար։ Նույնիսկ եթե ՀՀԿ-ին չհաջողվի ստանալ այդ աջակցությունը կամ զուտ տեսականորեն, ներսից դավադրությամբ տապալվեն կանխորոշված ընտրությունները, այլ տարբերակ չի լիենելու, քան կրկնաքվեարկության կազմակերպումը։ Իսկ ինչպես փորձն է ցույց տալիս, նման դեպքերում արդեն բոլոր հնարավոր լծակների գործադրմամբ բացառվում, չեզոքացվում են անհնազանդության նույնիսկ տեսական հնարավորությունները։ Սա լակմուսի թղթի նման ցույց է տալիս, թե ինչպես է աշխատելու պառլամենտական համակարգը, եթե ընտրություններից հետո պահպանվի քաղաքական մենաշնորհը։ Բայց հարցը միայն ՄԻՊ-ի ընտրության կարգը չէ։

Առկա իրավիճակի բուն պատճառը ՄԻՊ ինստիտուտը, բոովանդակային իմաստով վերացնելու տենդենցն է։ Որևէ մեկը կասկածի տակ չի առնում ապագա ՄԻՊ-ի պրոֆեսիոնալ ու մարդկային որակները։ Խնդիրն այստեղ ոչ թե անձն է, այլ ՄԻՊ-ի ինստիտուտի նշանակության ընկալումը, դրա հետ կապված առկա կարծրատիպերը։ Փաստացի տեղի է ունենում այդ ինստիտուտը շարքային պետական չինովնիկի կարգավիճակին հավասարեցնելու գործընթաց։ Արման Թաթոյանը ոչ թե դառնում է օմբուդսմեն, այլ նրան պարզապես բովանդակային առումով, մի պետական պաշտոնից տեղափոխում են, այդ ընկալման համաձայն՝ մեկ այլ հավասարազոր պաշտոնի։

Այս ընկալումը ժամանակի ընթացքում փոխվելու, ճիշտ ուղղությամբ տրանսֆորմացվելու փոխարեն, ավելի ու ավելի է ամրապնդվում՝ դուրս չգալով դեռևս նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից բանաձևված «կադր» հասկացողության նեղ շրջանակից։ Այսինքն՝ մարդը ոչ թե օմբուդսմեն կարող է լինել, այլ՝ շարքային հաջող կամ անհաջող «կադր»։ Հենց այս նայելով նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը համարվեց հերթական անհաջող կադրը և պետք է հեռանար։ Այսպիսով օմբուդսմենի պաշտոնն աստիճանաբար մտցվում է իշխանության կադրային հիերարխիկ աստիճանակարգի մեջ, հարմարվեցվում կադրային քաղաքականության սխեմաներին՝ վերածվելով յուրօրինակ, բայց շատ ավելի սահմանափակ լծակներով ու փաստացի իրավունքներով օժտված հանրային պաշտպանի։

Արման Թաթոյանը հայտարարում է, որ պատրաստ է դժվարություններին և ունակ է ինքնուրույնություն դրսևորել։ Գուցեև այդպես է։ Բայց մոտավորապես նմանատիպ հավաստիացումներ տվել են նաև նախկին 3 օմբուդսմենները, որոնցից վերջին երկուսն այդ պաշտոնին հրաժեշտ են տվել հրաժարականով։ Եթե Թաթոյանն իսկապես որոշել է օմբուդսմեն լինել, այլ ոչ թե իշխանության պատկերացրած «վճարովի փաստաբանը», պետք է պատրաստ լինի հերթական «անհաջող կադրը» դառնալու հնարավոր հեռանկարին, գուցե նաև՝ պետական համակարգում իր հետագա կարիերայի վրա խաչ քաշելուն։ Որովհետև նրանից ոչ թե օմբուդսմեն լինել է պահանջվում, այլ ընդամենը սուր անկյուններից զերծ ու տանելի զեկույցներ գրող, որը կոնկրետ հիմնախնդիրներ մատնանշելու, առավելևս դրանք լուծելու պահանջներ ներկայացնելու «արտոնություն» չպետք է ունենա, քիթն «իրեն չվերաբերող» հարցերի ու ոլորտների մեջ չպետք է խոթի։

Բայց քանի որ այսպես թե այնպես, նա ստիպված է լինելու իր գործունեության համար հաշվետվու լինել հանրությանը, Թաթոյանը փորձելու է որևէ չափով արդյունքներ ներկայացնել։ Հակառակ դեպքում նա ռիսկի է ենթարկելու իր հեղինակությունը։ Ու քանի որ այս պաշտոնը սովորական պետական ծառայողական պաշտոնի վերածվելուց բացի նաև հանիրավի քաղաքականացվում է,  նա մյուս կողմից լինելու է ընդդիմության թիրախում։ Եվ՝ վերջինս չի վարանելու անհրաժեշտության դեպքում նրան բարոյապես ոչնչացնել։ Այս երկու իրարամերժ մոտեցումների ու ակնկալիքների սահմանագծին շատ դժվար է լինելու հավասարակշռություն պահել։

Իսկ դժվար է լինելու, որովհետև նաև այս անգամ լիարժեքորեն անտեսվեց օմբուդսմենի նշանակման համար օրենսդրորեն ամրագրված ամենակարևոր, ամենաբնորոշիչ չափանիշներից մեկը՝ այդ գործառույթը վստահել հանրային մեծ վստահություն և հեղինակություն վայելող գործչի։ Լավ մասնագետ լինելով հանդերձ՝ Թաթոյանն ամեն դեպքում հանրային նման մեծ հեղինակություն չի վայելում, ինչպես որ չէին վայելում նախորդ երեք օմբուդսմեններից վերջին երկուսը։ Առավելևս որ նա մինչև հիմա իրեն հանդես է բելեր առավելապես իբրև պետական պաշտոնյա։ Այդ խարիզմայի, ճանաչելության, հասարակական վստահության վրա խարսխված ազդեցության բացակայությունն է հիմա հայաստանյան օմբուդսմենների չկայացման, անկումների, ճնշմանը չդիմանալու երբեմն հեշտությամբ կոտրվելու պատճառը։

Հ․Գ․ Հուսահատեցնողն այն է, որ օմբուդսմենի ինստիտուտի վերաբերյալ աղավաղված են ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության պատկերացումները, որոնք այդ ինստիտուտը պակաս ջանասիրությամբ ու հետևողականությամբ չեն հանիրավի քաղաքականացնում, երբեմն նույնիսկ կուսակցականացնում։ Ուշադրություն դարձրեք նաև ոչ իշխանական դաշտի առաջադրումներին։ Բոլորն էլ բացառապես  կուսակցական, քաղաքական յուրային լինելու, այսինքն սեփական «կադրը» լինելու շրջանակներում են։ Որևէ մեկի պարագայում հանրային հեղինակության ու վստահելիության գործոնը հաշվի չի առնվել։ Այդ ուժերին թվում է, որ եթե իրենք վստահում ու հավատում են այս կամ այն թեկնածուին, նրանց լիովին հավատում ու վստահում է նաև հասարակությունը։    

Լուսանկարը՝ ԱՆ կայքից

Մեկնաբանություններ (11)

Ալբերտ
ապրեք դուք
Գագիկ
ուշժեղացրեք պաշտպանի լիազորութըունները
հայ
բայց իսկապես պաշտպանները,ոչ թե ձևական
արագած
մարդկանց մի քննադատեք,նայեք հայելու մեջ և տեսեք թե դուք ինչպիսին եք
հայ
լավ կլիներ,որ շատանային մարդու իրավունքների պաշտպանները
Մանե
պայքար-պայքար մինչև վերջ
Արմինե
կարդացեք «Որդիների պայքարը հայրերի դեմ» գիրքը
նախարար (արդարադատության)
Սա ժամանակավոր պաշտոն է, նոր տեսլականով քննարկվող հայեցակարգը ԱԺ-ի կողմից ընդունելուց հետո, այլևս մարդու իրավունքների խնդիր Հայաստանում չի լինի: Դրա պաշտպանն էլ այլ պաշտոնի կանցնի: Առայժմ սա կլինի ԺԵԿ-ի նման հիմնարկ՝ դիմում գրի - տեղեկանք տամ, որ հաջորդ դիմումիդ հետ ներկայացնեց: Ի դեպ, Հայաստանում քաղ. բանտարկայլներ չկան, խախտված իրավունքներ՝ առավել ևս: Ստուգել եմ:
Վեհարի
Գիտե՞ք ինչն է զարմանալի, մեզ համոզում են, որ մեր իրավունքների լուծումն ընդամենը մեկ ՄԻ Պաշտպանից է կախված, մեզ համոզում են, որ մենք չենք ծնված Ազատ և Անկախ: Մեր օրինական իրավունքների դեմ վանդակները նույն այն անտեսանելի թելերից են հյուսված ինչը հագնում է խելքից մերկ թագավորը:
թոշակառու
((Առկա իրավիճակի բուն պատճառը ՄԻՊ ինստիտուտը, բոովանդակային իմաստով վերացնելու տենդենցն է։)) - ոչ թե ,,տենդենցը,, այլ պիտի լիներ ,,ընդունված որոշումը:,, Վաղն էլ կորոշեն ինչ որ ապակու կտոր բռիլյանտ է - քանի որ պսպղում է, մեծամասնությունն էլ քվեարկում է - հետո?
դատապարտյալ (ցմահ)
Կարող է լավ իրավաբան է, համեստ պաշտոնյա... Բայց այդ պաշտոնում այդ հատկանիշները այդքան էլ կարևոր չէ, դուխով մարդ է պետք, գործնական, վճռական, անխորտակելի ու անպատժելի... ես Շմայսին եմ տեսնում որպես արժանավոր ու ռեալ թեկածու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter