Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

«Աստված չանի, քնով անցնենք, կռիսը կհելնի էրեխեքին ուտի»


«Էս իմ պուճուր բալեն ա: Անունը Սուրո ա»,- սա ասելուն պես Ռոզան երեխային դեմքով շրջում է դեպի ինձ: 5 ամսական Սուրենը նայում է ինձ ու սկսում ժպտալ: Բռնում եմ նրա փափուկ ու սպիտակ ձեռքը, իսկ նա սկսում է ժպտալ, հետո ծիծաղել:

Նրա ժպիտը դառնում է երկաթյա «դոմիկի» այն լուսավոր կետը, որը փորձում է ցրել մյուսների մտահոգ հայացքները: Դրանք պրկված սևեռվածությամբ ուղղվում են մեզ: Տնակը մարդաշատ է, 3-կիլոգրամանոց գազօջախին ճաշի կաթսայի հոտն է տարածվել, սեղանին ջեմով կոնֆետներ են: Ռոզայի ամուսնու՝ Ալբերտի 33-ամյակն է:

Երեք տարի է՝ Ալբերտ Զաքարյանն իր մոր և կնոջ հետ բնակվում է երկաթյա տնակում: Մինչ այդ վարձով էին ապրում Չարբախում, հետո տեղափոխվել են «ՏԷՑ»-ի (Երևանի ջերմաէլեկտրակայան) վթարային հանրակացարան (Արցախի 4-րդ նրբանցք), որը հետագայում քանդել են: Զաքարյանների երկաթյա տնակը գտնվում է նախկին հանրակացարանից քիչ հեռու: 

«Դոմիկը» պարտքով են գնել. 1000 դոլար էր գինը, որից միայն 50.000 դրամն են տվել: Էլեկտրական հոսանքն էլ հարևան շենքի մի բնակչի տնից են անցկացրել. չնայած սեփական հաշվիչն ունեն, բացի իրենց ծախսած հոսանքի գումարից, ըստ Զաքարյանների, ամսական հավելյալ 3-4 հազար դրամ էլ հարևանին էին վճարում: Նախորդ ամսվա կեսերին հարևանը հրաժարվել է հոսանք հատկացնել, իրենք էլ դիմել են թաղապետարան: Ալբերտն ասում է, որ մի քանի օրից հոսանք կունենան:

Տնակում դեռևս չեն հավաքել Նոր տարվա զարդարանքը: Ռոզան ասում է՝ երեխաներն ուրախանում են, դրա համար էլ թողել են:

22-ամյա Ռոզա Ադամյանը ծնվել է Ղազախստանում: Մայրը ռուս է, հայրը՝ հայ: 5 տարի առաջ մոր հետ տեղափոխվել է Հայաստան: Իսկ երկվորյակ եղբայրը մնացել է հոր մոտ: «Ծնողներս կռվում էին, չէին հասկանում իրար: Եղբայրս որոշեց մնալ պապայիս մոտ, ես էլ մամայի հետ եկա Հայաստան»,- ասում է Ռոզան:

Սկզբից տուն են վարձակալել Արտաշատում: Ռոզան աշխատում էր տեղի ռեստորաններից մեկում: Իր ասելով՝ և՛ հավաքարարություն էր անում, և՛ մատուցող էր, և՛ մենեջեր: 1 տարի անց աշխատակիցներից մեկը ծանոթացրել է Ալբերտին: «Էն ժամանակ չգիտեի, որ Ալբերտը հիվանդ է, սուր գլխացավեր ունի, էնքան ենք շտապօգնություն կանչում…»,- ասում է Ռոզան:

Հիմա երկու երեխա ունեն՝ 1,5 տարեկան Ռոբերտը և 5 ամսական Սուրենը: Երեխաները նպաստ չեն ստանում, որովհետև Ռոզան նոր է ՀՀ քաղաքացիություն ստացել:

Ալբերտի 78-ամյա տատը՝ Ռիման, մեր զրույցի ընթացքում մերթընդմերթ կրկնում է, թե գոնե բարի մարդիկ լինեն, օգնեն, ինքը չի հասցնում՝ թոշակը մի կերպ հավաքում, տալիս է երիտասարդներին: Ասում է, որ իր սենյակն էլ փոքր է՝ Էրեբունու հանրակացարանում է բնակվում, մի մահճակալի չափ տեղ է, թե չէ որդու ընտանիքին կտաներ իր մոտ:

Մեր զրույցին լուռ հետևում է Ալբերտը: Երբեմն աչքերը խոնարհում է գետնին: Հարցնում եմ՝ ինչո՞վ են ջեռուցում տունը: Ասում է՝ վառարանով, մի մահճակալ ու սեղան են արդեն վառել:

Ալբերտի մոտ 3 տարի առաջ ներգանգային հիվանդություն են ախտորոշել: Մայրը նշում է, որ հաճախ շտապօգնություն են կանչում, օր է լինում՝ երկու անգամ: Մի անգամ լույս չունեին, Ալբերտին տարել են շտապօգնության մեքենայում ներկարկում արել: «Ես էնքան եմ ամաչում, որ էդքան կանչ ենք գրում շտապօգնություն, բայց համարյա ամեն օր գլխացավ ունեմ»,- ասում է Ալբերտը:

Վերջինս ներկարար է և գրեթե միշտ գոնե մի գործ արել է, որ ընտանիքը պահի: Հիմա չի կարողանում սուր գլխացավերի պատճառով: Դեղեր են նշանակել, դրանք էլ չեն կարողանում գնել: Ասում է, թե ինչ տղամարդ, չէ որ տունը չի կարողանում պահել: Երբ իրենց օգնություն են բերում, դրանից էլ է ամաչում, որովհետև ուզում է՝ առողջ լինի ու պահի իր ընտանիքը:

Մեզ սուրճ են առաջարկում, հրաժարվում ենք: Մանկասայլակին նստած Ռոբերտը աչքի տակով մեզ է նայում:

Անձրևների ժամանակ տնակը ջրի մեջ է լինում, տաշտեր են դնում ամենուր: Ալբերտի մայրը՝ տիկին Ռուզաննան, ասում է, որ գիշերները հերթափոխով են քնում:

«Աստված չանի, քնով անցնենք, կռիսը կհելնի էրեխեքին ուտի: Կռիսն էրեխեքի վրա է հասնում: Սաղ գիշեր պահակ ենք նստում»,- նշում է նա: Տիկին Ռուզաննայի ամուսինը մահացել է 5 տարի առաջ: Ինքն էլ սրտային ասթմայով հիվանդ է: Չնայած դրան՝ երբեմն գնում է, իր ասելով, սրա-նրա տանը մաքրություն անելու, որ գոնե հացի գումար ունենան:

«Դժվար է»,- սա այն բառն է, որ միաբերան ասում են Զաքարյանները: Ռիմա տատն, ակնոցն ուղղելով, ասում է, թե գոնե մեկը օգներ՝ թոռը բժշկական օգնություն ստանար, էդ «դոմիկից» հաներ:

Ալբերտը, կարծես, չի լսում մեր զրույցը: «Շատ բան եմ մտածում երեխեքի ապագայի մասին, բայց որ ուժ չունեմ, ֆինանսականս չի ներում, առողջություն չունեմ, չգիտեմ՝ ինչ անել»,- սենյակի հեռավոր կետերին հայացքը հառելով՝ ասում է տան հայրը:

Քիչ անց Ռոբերտին գրկելով՝ Ալբերտը կնոջ հետ մեզ ուղեկցում է երթուղայինի վերջնականգառ: Օդն արդեն սառն է: Ռոզան թևանցուկ է անում ինձ: Ասում է՝ կինո «Հայրենիքի» մոտ տարիներ առաջ վարսավիրություն է սովորել, անհրաժեշտ գործիքներն ունի, եթե երեխաները մեծ լինեին, կգնար աշխատելու:

«Էստեղ մենակ եմ: Մամաս մահացավ, անօթևանների հանրակացարանում էր ապրում, տենց էլ անտեր-անտեր թաղեցինք»,- սա ասելուն պես՝ Ռոզայի աչքերում կուտակվում են ջրի կաթիլներ:


Գլխավոր էջ

Այս թեմայով

... կարդացեք ավելին «Աղքատություն» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։