HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բահլուլ. «Կյանքը նման է երկթև սանդուղքի, որի մի կողմով բարձրանում է տարիքը, մյուս կողմով իջնում է կյանքը»

Նունե Հովհաննիսյան

Բահլուլի կամ Աբու Վահիբ իբն Օմր Սեյրեֆի Քուֆիի  կյանքի և գործունեության մասին տեղեկությունները սակավաթիվ են: Հայտնի է` նա ծնվել և մեծացել է Քուֆայում (Իրաք), 8-րդ դարում, և Հարուն ալ Ռաշիդ խալիֆի ժամանակակիցն է եղել: Բահլուլն իր ժամանակի ամենաիմաստուն մարդկանցից էր, աշակերտել էր Իմամ Սադեղիին  և մեծ հարգանք էր վայելում ժողովրդի կողմից: Ապրում էր ժուժկալ կյանքով, արդարամիտ էր, աստվածավախ:

Վարկածներից մեկի համաձայն, երբ Հարուն ալ Ռաշիդը նրան առաջարկում է դառնալ իր տերության դատավորը, Բահլուլը մերժում է՝ պատասխանելով. «Կարծում եմ` արժանի չեմ այդ պատվին: Նման պարագայում կամ ես միշտ պետք է ճիշտ խոսեմ, իսկ այդ դեպքում դատավոր լինել չեմ կարող, կամ պետք է ստեմ, իսկ ստախոսը դատավոր չի լինում»: Հարուն ալ Ռաշիդին չի գոհացնում նրա պատասխանը, նույնիսկ սպառնում է մահապատժի ենթարկել նրան: Բահլուլը մի օր է խնդրում մտածելու համար: Նա խորհրդակցում է իր ուսուցչի` Իմամ Մուսե Քազեմիի հետ: Վերջինս խորհուրդ է տալիս` անելանելի իրավիճակներում գժի դեր խաղա: Հաջորդ օրը խալիֆին հայտնում են` Բահլուլը ցախավել հեծած (որոշ աղբյուրներում թրի պես եղեգի ճյուղը ճոճելով) շրջում է շուկայում` ինքն իրեն խոսելով: Թերևս Հարունը կռահում է ինչն ինչոց է, բայց պատժել Բահլուլին չի կարողանում:

Բահլուլը շարունակում է նույն վարքագծով ապրել: Լինելով անչափ սրամիտ, խելացի, բայց խելառի տեղ դնելով իրեն, Բահլուլը կարողանում է ասել մտածածը, սուր պատասխաններով դաս տալ ժամանակի երևելիներին և խուսափել պատժից մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ անտեղի ասված մի բառը կարող էր կյանք արժենալ:

Արևելքի շատ ժողովուրդների բանահյուսության և գրականության մեջ է առկա Բահլուլի կերպարը: Ներկայացված են նրա երգիծական մանրապատումները, խրատական պատմությունները, հեքիաթները, բանաստեղծությունները: Ցավոք, Բահլուլի ստեղծագործությունների բնօրինակները (ենթադրաբար` արաբերեն) չեն պահպանվել: Հետազոտողներն օգտվում են այլ լեզուների` հատկապես պարսկերեն, հայերեն թարգմանություններից: Ի դեպ, Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվում են Բահլուլի կամ Փահլուլի ստեղծագործությունների տասնյակից ավելի ձեռագիր ընդօրինակություններ (15-19-րդ դդ.):

Ի միջի այլոց ադրբեջանական աղբյուրներում Բահլուլը ներկայացվում է իբրև ադրբեջանցի: Թերևս դա Բահլուլի կենսագրական ու ստեղծագործական կյանքին վերաբերող  միակ վարկածն է, որը կարելի է  վստահորեն մերժել` առանց որևէ ուսումնասիրություն կատարելու` մատնացույց անելով միայն Բահլուլի ապրած ժամանակաշրջանը:

Ներկայացված երգիծական մանրապատումները թարգմանված են պարսկերենից:

Մի օր, երբ Բահլուլը նստած էր Բաղդադի դատավորի աշխատասենյակում, գրիչն ընկնում  է դատավորի ձեռքից: Բահլուլն ասում է.

-Մեծն դատավոր, քլունգդ ընկավ, վերցրու այն գետնից:

Դատավորը քմծիծաղ տալով պատասխանում է.

-Որ ասում են խենթ ես, իզուր հո՞ չեն ասում: Ախր սա գրիչ է, ոչ թե քլունգ:

-Խենթը դու ես, որ մինչ այսօր գլխի չես ընկել՝ այս գրչով գրված դատավճիռները կործանում են մարդկանց տները: Հապա ինձ ասա` գրի՞չ է սա, թե՞ քլունգ,- պատասխանում է  Բահլուլը:

------------------------

Մի օր Հարուն ալ Ռաշիդ թագավորը հարցնում է Բահլուլին.

-Կցանկանայի՞ր խալիֆ լինել:

-Չէ,-պատասխանում է Բահլուլը:

-Ինչո՞ւ,-շարունակում է Հարունը:

-Որովհետև ես երեք խալիֆի մահվան ականատեսն եմ եղել, բայց ոչ մի խալիֆ մինչև այսօր գոնե երկու Բահլուլի մահ չի տեսել:

------------------------

Գյուղամիջում հավաքված ամբոխը մի չնչին բանից ծեծկռտուք է սարքում: Մարդիկ սկսում են աջից, ձախից հարվածել իրար: Բահլուլը քայլում է դեպի հրապարակի անկյունում կանգնած էշը, գլուխը քնքշորեն մոտեցնում է կենդանու ականջին և շշնջում.

-Ներիր սրանց, որ իրենց անունը քեզ վրա են դրել:

-----------------------

Մի օր գերեզմանոցի մոտով անցնելիս Հարուն ալ Ռաշիդը նկատում է Բահլուլին ու գիժ Ալիանին: Ցանկանում է նրանց հետ կատակ անել: Հրաման է տալիս, երկուսին էլ մոտն են բերում: Ասում է.

-Իմ տերության խելագարների վերջն այսօր տալու եմ: Կանչեք դահճին:

Երբ հայտնվում է դահիճը` մերկ սուրը ձեռքին, Բահլուլը գոռում է.

-Ի՞նչ ես անում, ով Հարուն:

-Ասացի` այսօր խելագարների վերջը տալու եմ:

-Ամենազոր Աստված, այս քաղաքում մինչև այսօր ես ու Ալիանն էինք գիժ, հիմա երրորդն էլ հայտնվեց: Լավ, ասենք՝ մեզ սպանեցիր, բա քո՞ վերջն ով է տալու:

----------------

Մի օր, երբ Բահլուլն անցնում էր փողոցով, կտուրից մեկը ձայն է տալիս. «Ով իմաստուն Բահլուլ, խնայած գումար ունեմ: Ասա, ի՞նչ գնեմ, որ հետո վաճառելով` շահույթ ստանամ»:

-Գնա, թութուն գնիր:

Մարդն այդպես էլ անում է: Երբ ձմեռ է գալիս, թութունի գինն աճում է: Մարդը թանկ գնով վաճառում է թութունի մեծ մասը, մնացածն էլ ինչքան հնանում, այնքան թանկանում է, և նա մեծ շահույթ է ստանում: Ու մի օր նորից տեսնելով Բահլուլին փողոցում՝ տղամարդը կանչում է. «Խելառ Բահլուլ, անցյալ տարվա խորհուրդդ շատ օգնեց, մեծ շահույթ ստացա: Ասա, այս տարի ի՞նչ գնեմ»:

-Գնա, սոխ գնիր:

Տղամարդը, որին արդեն Բահլուլի հորդորը հաջողություն էր բերել, առանց տատանվելու ունեցած ամբողջ գումարով մեծ քանակությամբ սոխ է գնում, տաշտն ու մաղը պատից կախ` ամբողջ ձմեռը սպասում է, թե երբ է սոխի սակավություն լինելու, որպեսզի ունեցածը թանկ գնով վաճառի: Բայց սոխն սկսում  է հոտել: Ու քանի որ մարդը չգիտեր սոխի պահպանման եղանակը, օրական մոտ հարյուր նեխած սոխ է դեն նետում, մինչև ամբողջը փչանում և վերջը մեծ կորուստ է կրում:

Գազազած տղամարդը փնտրում է Բահլուլին, որպեսզի գտնի և վրեժխնդիր լինի: Երբ հանդիպում է նրան, ասում է. «Ո°վ Բահլուլ, ինչո՞ւ հորդորեցիր սոխ գնել, երբ այդչափ վնաս էի կրելու»:

Բահլուլը պատասխանում է.

-Բարեկամս, այն ժամանակ, երբ ինձ «իմաստուն Բահլուլ» կոչեցիր, ես իմաստնացած պատասխանեցի. «Գնա, թութուն գնիր», հաջորդ անգամ, երբ «խելառ Բահլուլ» դարձա` խելառավարի խորհուրդ տվեցի. «Գնա, սոխ գնիր» և այս ամենը հատուցումն է քո մեղքի:

Տղամարդն ամոթահար հեռանում է` պարսավելով ինքն իրեն և հասկանալով, որ իսկապես, մեղքը միայն իրենն է:

-------------------

Մի արաբ անցնում էր շուկայով, երբ աչքն ընկավ մթերավաճառի սեղանին:  Կաթսայից բարձրացող ճաշի գոլորշին գրավեց նրան: Ունեցած հացի կտորը պահեց գոլորշու վրա, ապա կերավ: Երբ պատրաստվում էր հեռանալ, մթերավաճառն ասաց. «Դու օգտվել ես իմ կաթսայից բարձրացող գոլորշուց ու պիտի վճարես»: Մարդիկ հավաքվեցին: Չքավոր, շվարած արաբը հանկարծ նկատեց Բահլուլին, որն անցնում էր էդ կողմով ու խնդրեց օգնել իրեն: Իմաստունը հարցրեց մթերավաճառ-խոհարարին.

-Արդյո՞ք այս մարդը կերել է քո ճաշը:

Խոհարարը պատասխանեց.

-Ոչ, չի կերել, բայց օգտվել է իմ ճաշի գոլորշուց:

Բահլուլը գրպանից արծաթե մի քանի մանրադրամ հանեց, ցույց տվեց մթերավաճառին, ապա մետաղադրամնները գցեց գետնին, գոռալով.

-Էյ, խոհարար, ստացիր «փողի ձայնը»:

Ապշահար վաճառականն ասաց.

-Սա վճարելու ինչ ձև է:

-Նա, ով վաճառում է ճաշի գոլորշին, փոխարենը պիտի վերցնի փողի ձայնը,-պատասխանեց Բահլուլը:

------------------------

Ասում են` մի օր Բահլուլը գալիս է Հարուն ալ Ռաշիդի պալատ ու տեսնելով դահլիճը դատարկ` աներկյուղ գնում, նստում է խալիֆի գահին: Միապետի ծառաները հենց նկատում են` իջեցնում են նրան ու մահակով, մտրակով այնքան են ծեծում, որ արյունլվա է լինում:

Խալիֆը վերադառնում ու տեսնում է` Բահլուլն արտասվում է: Ծառաներից հարցուփորձ է անում և,  երբ իմանում է լացի պատճառը, նախատում է սպասավորներին և սփոփում Բահլուլին:

Բահլուլը նայում է Հարուն ալ Ռաշիդին ու ասում.

-Ես ոչ թե ինձ համար եմ լաց լինում, այլ քեզ համար: Ընդամենը մի քանի ակնթարթ նստեցի քո գահին ու տես` ինչպես ծեծեցին, պատկերացնո՞ւմ ես` ինչպես կզատեն ոսկորներդ իրարից, ինչպես կջարդեն քեզ, քանզի դու մի ամբողջ կյանք ես այդ գահին նստել: Հետևաբար, ինձ հոգ տանելուց առաջ, մտածիր քո մասին:

---------------------------

Մի օր Բահլուլը ներկա է գտնվում դասի, որտեղ իրեն իմաստուն կոչող ուսուցիչը քարոզում էր.

-Ես հերքում եմ երեք դրույթ, և դրանք անտրամաբանական եմ համարում:

1.Ասում են` սատանան կրակից է ծնունդ առել, ապա ինչպե՞ս է չարը դժոխքի կրակներում տանջվելու:

2. Եթե Աստծուն չես կարող տեսնել, ապա ինչպե՞ս հավատաս մեկի գոյությանը, որն անտեսանելի է:

3. Ասում են` ամեն ինչ Աստված է արարել, և ամեն ինչ նրա ձեռքում է, ուրեմն ինչո՞ւ դատապարտել չարին ու հանցավորին:

Այդ միջոցին Բահլուլը գետնից մի գուղձ է վերցնում ու շպրտում քարոզչի ուղղությամբ: Հողակոշտը պատռում է  վերջինիս ճակատը, արյուն է հոսում: Աշակերտները բռնում են Բահլուլին և նրան տանում Հարուն ալ Ռաշիդի մոտ: Խալիֆը հանդիմանում է նրան ու հարցնում.

-Ինչո՞ւես վնասել այդ իմաստուն մարդուն:

-Նախ ապացուցեք: Ոչինչ էլ չեմ արել:

Երբ ներս է մտնում ճակատը վիրակապած ուսուցիչը, Բահլուլը նայում է նրան ու ասում.

-Ի՞նչ վնաս եմ հասցրել քեզ:

-Սրանից ավելի` ի՞նչ լիներ: Գլուխս ջարդել ես ու ցավից հանգիստս կորցրել եմ:

-Ցույց տուր այդ ցավը, -ասում է Բահլուլը:

-Ցավը ցույց տալ չի լինում:

-Ուրեմն սուտ ես ասում: Դու էիր համոզում, որ հնարավոր չէ հավատալ մի բանի, որն անտեսանելի է: Հետո էլ` ինչպե՞ս կարող էր հողի կոշտը քեզ վնաս տալ, չէ՞ որ դու էլ,  գուղձն էլ հողի ծնունդ եք: Ասում էիր` կրակը կրակին չի այրի,-պատասխանում է Բահլուլը:

-Այսի՞նքն,-կարկամում է ուսուցիչը:

-Եթե նույնիսկ ընդունենք, որ քեզ հարվածել եմ, ասում էիր չէ՞, որ ամեն ինչ Աստված է արարել, ուրեմն նաև ինձ` նվաստիս, և ամեն ինչ նրա կամոք է տեղի ունենում, ապա ինչպե՞ս եք դատելու ինձ:

Խալիֆին դուր է գալիս Բահլուլի պատասխանը:

Իմաստուն կոչեցյալն ամոթահար հեռանում է:

---------------------

Խալիֆը հարցնում է Բահլուլին.

-Երբևէ տեսե՞լ ես` որևէ հիմար բան ասեմ:

-Չէ, աստված վկա, սա առաջին անգամն է:

--------------------

Հարուն ալ Ռաշիդը հարցնում է Բահլուլին.

-Ո՞վ է քո ամենամտերիմ ու ամենասիրելի մարդը:

-Նա, ով կերակրում է ինձ:

-Եթե քեզ հյուրասիրեմ, կդառնա՞մ քո մտերիմ ընկերը:

-Ընկերը «ապառնի» -ով չի լինում,-պատասխանում է Բահլուլը:

-------------------

Մի օր Բահլուլը բաղնիք է գնում, բայց բաղնիքի սպասավորներն անտեսում են նրան, նույնիսկ չեն քիսայում: Դուրս գալու ժամանակ Բահլուլը տասը դինար է տալիս բաղնիսպանին և լուռ հեռանում: Սպասավորները տեսնելով Բահլուլի առատաձեռնությունը` փոշմանում են, որ չեն սպասարկել նրան:

Հաջորդ շաբաթ Բահլուլը նորից բաղնիք է գալիս: Սպասավորներն ամենայն ուշադրությամբ ու հոգատարությամբ սպասարկում են նրան: Չնայած դրան, հեռանալիս Բահլուլն ընդամենը  մեկ դինար է թողնում: Բարկացած սպասավորները հարցնում են.

-Անցյալ շաբաթվա անհիմն շռայլության ու այսօրվա արարքիդ պատճառը ո՞րն է:

-Այսօրվա համար վճարել եմ անցած շաբաթ, երբ բաղնիք էի եկել, հիմա էլ վճարում են անցած շաբաթվա համար, որպեսզի դաս առնեք ու ձեր հաճախորդներին հարգել սովորեք- պատասխանում է Բահլուլը:

--------------------

Մի ալարկոտ մարդ Բահլուլին հարցնում է.

-Ուզում եմ սարի գագաթը բարձրանալ, կարո՞ղ ես ցույց տալ ամենակարճ ճանապարհը:

-Ամենակարճ և ամենահեշտ ճանապարհը` սարի գագաթը չբարձրանալն է ,- պատասխանում է Բահլուլը:

--------------------

Բահլուլին հարցնում են.

-Կարո՞ղ ես ասել, մարդու կյանքն ինչի՞ է նման:

-Երկթև սանդուղքի, որի մի կողմով  բարձրանում է տարիքը, մյուս կողմով իջնում է կյանքը,-պատասխանում է Բահլուլը:

-------------------

Մի մարդ ցորենի պարկերով բեռնում է ավանակը և ճամփա ընկնում: Երբ հասնում է Բահլուլի դռան մոտ, ավանակը սայթաքում է, ոտքը ջարդում: Ցորենի պարկերը թափվում են գետնին: Մարդը թակում է Բահլուլի տան դուռը, խնդրում, որ վերջինս իր ավանակին տա, որպեսզի ցորենը տեղ հասցնի: Բայց քանի որ Բահլուլն իր ավանակին շատ անգամ էր ուրիշներին տվել, ու ամեն անգամ կենդանուն վիրավոր կամ հալից ընկած էին վերադարձրել և ինքն իրեն խոստացել էր` էշը այլևս ոչ մեկին չտալ, պատասխանում է.

-Ավանակ չունեմ:

Այդ պահին գոմից լսվում է էշի զռռոցը:

Մարդն ասում է.

-Բա էս ի՞նչ զռռոց է, ինչո՞ւ ես խաբում:

-Հիսուն տարի է` ճանաչում ես ինձ: Դու իմ ասածին չես հավատում, էշի զռռոցի՞ն ես հավատում, հիմար,-պատասխանում է Բահլուլը:

-------

Մի օր Բահլուլը մզկիթ է մտնում և վախենալով, որ ոտնամանները կարող են գողանալ կամ փոխս գցել, դրանք փաթաթում է իր կապայի մեջ և գիրկն առած մի անկյունում նստում: Մի անծանոթ մոտենում է նրան և մատնացույց անելով փաթաթանը` ասում է.

-Կարծում եմ` թանկարժեք գիրք է Ձեր գրկում: Ի՞նչ գիրք է:

-Փիլիսոփայության,-պատասխանում է Բահլուլը:

-Իսկ ումի՞ց եք գնել,-հետաքրքրվում է օտարականը:

-Կոշկակարից,-պատասխանում է Բահլուլը:

-------

Հարուն ալ Ռաշիդը նստած էր պալատի այգում: Ներկա էին նաև Իսա բեն Ջաֆար Բարմաքին, նրա մայրը և շատ մեծամեծեր: Հարունը հրամայում է, և Բահլուլին այգի են բերում: Խալիֆն ասում է.

-Հաշվիր, այստեղ քանի՞ գիժ կա:

-Մեկը ես եմ, երկրորդը` այս տիկինը,-պատասխանում է Բահլուլը` մատնացույց անելով Ջաֆարի մորը:

Իսա բեն Ջաֆարը սաստիկ բարկացած գոռում է.

-Վայ քեզ, ինչպե՞ս ես խոսում:

-Երրորդն էլ սա է, «գոռգոռոցների» տիրակալը,-ասում է Բահլուլը:

Խալիֆը հունից դուրս է գալիս, ճչում է.

-Սրան տարեք այստեղից:

-Ահա և չորրորդ գիժը,-եզրափակում է Բահլուլը:

-----------------------

Հարուն ալ Ռաշիդի կազմակերպած ճոխ խնջույքին ներկա էր նաև մի հույն փիլիսոփա:  Բահլուլն իր երկու ընկերների հետ ներս է մտնում այն ժամանակ, երբ հույնը խոսում էր: Անմիջապես ընդհատելով նրան` Բահլուլը հարցնում է. «Իսկ ո՞վ եք Դուք: Ի՞նչ է Ձեր բան ու գործի անունը»: Իմանալով, որ Բահլուլը խելառ է և ցանկանալով այդ հանգամանքը ի դերև հանել, հույնը պատասխանում է. «Ես փիլիսոփա եմ և եթե մեկը խելքը թռցնում է, իմ գործը նրան խելքի բերելն է»:  «Ձեր խոսքերը լսելով միայն մարդ կարող է խելքը թռցնել ու դրանից հետո է պետք խելքի բերել նրան»,-պատասխանում է Բահլուլը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter