Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

«Նույնիսկ անհույս իրավիճակներում կարելի է գրել ուրախ ոճով»



«Հայը և աշխարհը»: Սա բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Արմեն Պետրոսյանի նոր գրքի վերնագիրն է: Այն գիտական փաստերի վրա հիմնված էսսեների ժողովածու է՝ գրված, ինչպես հեղինակն է ասում, կիսահումորիստական ոճով: Այսօրվա հայաստանցի հայի կերպարը ներկայացվում է հետևյալ գլուխներում՝ «հայի բախտ», «հայը և սերը», «հայը և հայը», «հայը և ոչ հայը», հայը և անցյալը», «հայը և ապագան»:

-Մտածեցի գրել մի բան, որ ինձ հոգեհարազատ է, բայց հումորով: Ընդհանուր առմամբ, ցանկանում էի ուրախացնել մարդկանց: Նույնիսկ անհույս իրավիճակներում կարելի է գրել ուրախ ոճով: Եվ այսպես գիրքը ստեղծվեց:

Էմիր Կուստուրիցան ասել է՝ կյանքն այնքան նողկալի մի բան է, որ եթե հումոր չմտցնես նրա արտացոլման՝ ստեղծագործության մեջ, այն չափազանց ողբերգական կլինի: Հումորը մարդուն միշտ օգնում է ապրել: Եվ մտածեցի որոշ տեղեկություններ հումորի ալիքով հասցնել մարդկանց: Հումորից խուսափել կամ համարյա խուսափել եմ «Հայը և անցյալը» գլխում, որտեղ քննադատվում են ավելորդ ազգապանծացման տեսությունները: Իսկ հումորից խուսափել եմ, որպեսզի չնեղացնեմ մարդկանց, որոնք, իրենց կարծիքով, օգտակար բան են անում, ստեղծելով ազգապանծացման, ավելի շուտ՝ «ազգահնացման», ըստ իս, անիմամաստ տեսություններ: Մեզանում այսպիսի մտայնություն կա, որ ժողովրդի պատմությունը կոնյակի պես մի բան է, որքան հին, այնքան լավ, կարծես ավելի թանկ պետք է գնահատվի ու վաճառվի:

-Գրքում անդրադարձել եք հայերի անցյալապաշտ լինելուն: Բավական քննադատաբար եք խոսել, որ այսօր հայն ավելի շատ ապրում է անցյալով, քան ներկայով: Ինչո՞ւ ենք սիրում ավելի շատ անցյալով ապրել:

Անցյալը պաշտամունքային բնույթ է ձեռք բերել մեզ մոտ: Հին պատմություն ունենք, իսկ մեր նոր պատմությունը, այսպես ասեմ՝ փառավոր չէ: Մեր մեծ փառքը եղել է շատ վաղուց՝ 2000 տարի առաջ, Տիգրան Մեծի ժամանակներում, թեև հետո նույնպես ունեցել ենք որոշակի փառավոր ժամանակներ: Ընդհանրապես մեր ժողովրդի հայացքն ուղղված է դեպի անցյալը: Մեր իրականությունը չափազանց առասպելականացած է: Մենք կարծես ապրում ենք ոչ թե ռեալ իրականության, այլ առասպելի մեջ: Առասպելաբանական հայացքն ամեն ինչ գնահատում է ոչ թե ըստ իրերի տրամաբանական ընթացքի, այլ ըստ նախադեպի: Իսկ նախադեպը, պարզ է, որ անցյալ է, որը պետք է ձեռք է բերում որոշակի պաշտամունքային բնույթ: Այն ավելի էական դեր է կատարում հին ժողովուրդների մոտ:

18-րդ և հատկապես 19-րդ դարերում մեր ազգի սերուցքը՝գիտուններ, գաղափարախոսներ, գրողներ, Րաֆֆին և նրա նմանները, փորձում էին նոր հատկանիշներ պատվաստել մեր ժողովրդին, դուրս հանել ճնշված վիճակից: Նրանք ելնում էին եղած պատմությունից՝ ժողովրդին լուսավորում պատմավեպերի միջոցով, ցույց տալիս իրենց անցած փառքը, թե ինչպիսին պետք է լինենք մենք և դեպի ուր պետք է ձգտենք: Անցյալի հիման վրա ստեղծում էին ճանապարհ դեպի նորը:

Րաֆֆուց հետո մեր գրականությունը շատ առումներով պատմավեպերի գրականություն կարելի է անվանել:

-Մի միտք եք գրել, որ մենք մինչև հիմա չենք կարողանում հասկանալ մեզ, առաջ նայել ու առաջադիմել: Այսինքն՝ կրկին անցյալապաշտությո՞ւնն է խանգարում մեզ:

-Մեզանում գիտությունը, կյանքը չափազանց քաղաքականացված են: Անցյալապաշտությունը որոշ չափով արհեստականորեն են մտցնում՝ դա անում են այն մարդիկ, ովքեր պանծացնում են հին պատմությունը: Հայ գրողների համագումարներից մեկում Պարույր Սևակն ասել է մոտավորապես հետևյալը. «Ազգի սպանության մի ձև կա՝ ինքնասպանությունը, իսկ ինքնասպանության ամենակարճ ճանապարհը ազգային սնապարծությունն է»: Բայց այն ժամանակ իրադրությունն այսպիսին չէր: Իսկ հիմա ազգային այդ սնապարծությունը մտել է մեր կյանք և շատ ավելի հզոր բնույթ է կրում, քան կարող էր երևակայել Պարույր Սևակը:

-Այդ սնապարծությունը կարող է բերել ձևապաշտության ձևավորման: Շատ հաճախ ասում են, որ մեզ մոտ ձևն ավելի շատ է, քան բովանդակությունը: Բովանդակային, գաղափարական ճգնաժամ կա՞ մեր երկրում:

-Հին պատմություն ունեցող ժողովուրդներին, կարելի է ասել, բնորոշ է դա, մանավանդ, նրանց, ովքեր գտնվում են ներկա ոչ լավագույն վիճակում: Հատկապես, բնորոշ է հետսովետական երկրներին, որոնք փնտրում են իրենց ազգային ինքնությունները:

-Գրքում այսպիսի միտք կա. «Իրականում Հայաստանը Արկտիկայի կամ Անտարկտիդայի բևեռային կայանների պես մի կայան լաբորատորիա է: Մարդը հակված է ուսումնասիրելու բնության էքստերմալ պայմաները և այնտեղ գոյատևելու հնարավորությունները: Գիտափորձի օբյեկտը Հայաստանի բնակչությունը, փորձում է ապրել և հարմարվել կյանքի էքստրեմալ պայմաններին: Նախագծի հեղինակը՝ Արարիչ Աստված, Կայան-լաբորատորիայի վարիչ՝ ՀՀ նախագահ»: Եվ շարունակվո՞ւմ է այդ գիտափորձը:

-Այդ էսսեն գրել էի, երբ պատահական աչքովս ընկավ Ֆրիտյոֆ Նանսենի խոսքը, որ հայ ժողովրդի պատմությունը շարունակական գիտափորձ է: Էքստրեմալ պայմաններում գոյատևելու գիտափորձ:

Մեր վիճակն, իսկապես, դժվար է: Մեր հայրենիքի մեծագույն մասը խլված է մեզանից, մեր հայրենիքը փոքր է, նավթ չունի, ծով չունի, աղքատ երկիր է: Բացի այդ, կան ներքին խոր հակասություններ, և ներքին քաղաքական իրադրությունը նույնպես լավագույնը չէ: Պատմական, քաղաքական, տնտեսական և այլ հանգամանքները մեզանում ստեղծել են առանձնահատուկ, դժվար իրադրություն, հետևանքում՝ որոշակի մարդկային կերպար:

Գրքում քննարկել եմ հայաստանցի հայի կերպարը, որը որոշակիորեն առանձնահատուկ է: Գիրքը հիմնականում գրել եմ, որ կարողանանք ճանաչել ինքներս մեզ: Ահա հին հունական կարևորագույն իմաստնություններից մեկը՝ «Ծանիր զքեզ», այսինքն՝ ճանաչիր քեզ: Մարդը պետք է ճանաչի ինքն իրեն, որպեսզի կարողանա առաջադիմել, սիրել, պայքարել...

երջաբանում նշել եք, որ Հայաստանում ամենակարևոր խնդիրը դեմոգրաֆիական է, երբ հարևան երկրներում բնակչության թիվն ավելանում է, իսկ մեզ մոտ՝ հակառակը:

-Մարդիկ սովորում են այն, ինչ լսում են. հեռուստացույցը միացնես, արդուկը միացնես, նույն բանից են խոսում՝ քաղաքականությունից: Բոլոր լուծումները պատկերանում են քաղաքական հարթության մեջ՝ եթե ընտրությունները լինեն դեմոկրատական, մեր թեկնածուն լինի իշխանության ղեկավար, ամեն ինչ լեգիտիմ լինի, դատական և այլ համակարգերը դեմոկրատական լինեն, այն ժամանակ միայն լավ կլինի, և նույնիսկ ոչ թե լավ, այլ շատ լավ: Ուղղակի զարմանալի է:

Այո՛, շատ հարցեր քաղաքական են, և շատ հարցեր կարող են լուծվել քաղաքական ճանապարհով: Սակայն քաղաքական եղանակներով երկրի սահմանները չեն փոխվի կամ նավթ չի հայտնաբերվի մեր երկրում:

Մեր իշխանությունները, ընդդիմությունը, ինչի՞ համար են աշխատում, պայքարում՝ որպեսզի մեր ժողովուրդն ավելի լավ ապրի, արժանավայել գոյատևի, մյուս պետությունների, ժողովուրդների հետ հարաբերություններում լինի լավագույն դիրքերում: Դա է նրանց ուզածը, բայց դրա համար ի՞նչն է առաջնայինը. պետք է գոյություն ունենան, չէ՞, իսկ գոյություն ունենալու համար մարդիկ են պետք՝ բնակչություն:

Մեզանում ամենակարևոր խնդիրը դեմոգրաֆիան է: Խորհրդային Միության վերջին մարդահամարի տվյալներով՝ Հայաստանի բնակչությունը 3,5 միլիոն էր, իսկ հիմա ինչքա՞ն է՝ ասում են 3 միլիոն, բայց բոլորս էլ գիտենք, որ այդպես չէ: Իսկ այդ 3 միլիոնի ո՞ր մասն է արտասահմանում, ո՞ր մասն է պահպանել քաղաքացիությունը, ո՞ր մասը փոխել... Այսինքն՝ մեր բնակչությունը մեծ թափով պակասում է, իսկ դա ամենակարևորն է մեզ համար: Արտագաղթը սպառնում է մեր գոյությանը:

Մենք շրջապատված ենք հիմնականում մուսուլման ժողովուրդներով: Թուրքիայի բնակչությունն անցյալ դարի 20-ական թթ.-ից մինչև հիմա 6,5 անգամ աճել է, հզորագույն տեմպերով աճում է նաև Իրանի բնակչությունը: Մենք քրիստոնյա ժողովուրդների մեջ, համենայն դեպս, մեզ տեսանելի մերձակա քրիստոնյա ժողովուրդների մեջ ամենահզոր դեմոգրաֆիան ենք ունեցել՝ 1920-ի մոտ 700 հազարից 1990-ին դարձել էինք 3,5 միլիոն: ԽՍՀՄ-ում ավելի արագ բազմացել են միայն Միջին Ասիայի ժողովուրդները և ադրբեջանցիները:

Ռուսաստանում տարեցտարի ավելանում է մուսուլմանների քանակը, մինչդեռ վերջին երկու մարդահամարների միջև ընկած ժամանակահատվածում ռուսների քանակը պակասել է 5 մլն-ով: Եվ դա շարունակական բնույթ է կրում: Երկրի մուսուլման բնակչությունն արագ աճում է, միևնույն ժամանակ հատկապես Միջին Ասիայից և Ադրբեջանից մեծ ներգաղթ կա դեպի Ռուսաստան: Բայց, չնայած մեծ արտագաղթին, Ադրբեջանի բնակչությունը հետսովետական ժամանակաշրջանում 35 տոկոսով ավելացել է, պատկերացնո՞ւմ եք: Իսկ մեր երկրում բնակչությունն ամենաքիչը մեկ երրորդով պակասել է, մի այդքան էլ Վրաստանում է պակասել: Տեսնո՞ւմ եք՝ քրիստոնեական մշակույթի ժողովուրդները դեմոգրաֆիայով չեն կարողանում մրցել իսլամական ժողովուրդների հետ:

Մեզանում ամենակարևոր, աչք ծակող հարցն ընտրովի աբորտներն են (աղջիկ երեխաներին ոչնչացնելը): Այս երևույթը բնորոշ է մի շարք հետամնաց երկրների, այդ թվում՝ Ադրբեջանին: Ամեն մեկն իր պատճառներն ունի, բայց այդ երկրները, ի հակադրություն Հայաստանի, դատարկվելու խնդիր չունեն:

Ընդհանրապես, երկրի մահացման կանխատեսումը որոշվում է այսպես կոչված «բնակչության վերարտադրման մաքուր գործակցի» միջոցով: Դա հաշվարկելիս հաշվի է առնվում երկրում միջին վիճակագրական կնոջ կողմից ծնած աղջիկների միջին թիվը և նրանց վերապրումը մինչև վերարտադրողական շրջանի ավարտը (ըստ երկրի ծնելիության և մահացության մակարդակների): Տղամարդկանց քանակն այս հարցում կարծես էական չէ:

Եվ եթե տարեկան 1400, կամ, մեկ այլ հաշվարկով՝ 2000 աղջիկ ես վերացնում հասարակությունից, ամենասարսափելի բանն է, որ կարելի է անել մեզ նման երկրի համար: Դրա համար անպայման պետք է լինի պետական միջամտություն, և եկեղեցին էլ ամենախիստ ձևով պետք է աշխատի այդ հարցում: Տեսեք, Իրանում որոշել են դառնալ 150 մլն, այսինքն՝ երկու անգամ շատանալ, և նրանք իրականցնում են դա: Նրանց մոտ աբորտն արգելված է՝ կմեղադրեն նախ օրենքի, հետո՝ կրոնական խախտումների վրա:

-Եվ ո՞վ է մեր ժամանակի հայը, պարոն Պետրոսյան:

-Ամբողջ գիրք եմ գրել դրա մասին՝ փորձելով ավելի հասկանալի դարձնել այդ հարցը և ծանոթացնել հային իր հետ, և մեկ բառով կամ մեկ նախադասությամբ ամփոփել՝ չեմ ուզում: Առաջին հերթին հայը մարդ է և ունի հատկանիշներ, որոնցով նման է մյուս մարդկանց, և հատկանիշներ, որոնցով տարբերվում է: Առաջարկում եմ մարդկանց կարդալ գիրքը: Գիրքը որոշ առումով ազգագրական ուսումնասիրություն է, և մարդիկ կարող են ծանոթանալ իրենք իրենց հետ: Հետևաբար, կկատարվի ինքներս մեզ ճանաչելու՝ իմ առջև դրած խնդիրը:

Լուս,՝ Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Լևոն Մելքումյան14:20 - 17 փետրվարի, 2016
Նախ ասեմ, որ շատ հավանում եմ Արմեն Պետրոսյանի էսսեներն ու մտքերը: Կարծում եմ, որ հենց այդ մոտեցումն է մեզ անհրաժեշտ այսօր,- միայն անաչառ հայելու մեջ նայելն է, որ կարող է մեզ օգնել տեսնելու մեր իրական տեղն ու արժեքը ժամանակակից աշխարհում: Սակայն կարծում եմ, Պ-ն Պետրոսյանը, ելնելով իրեն հատւկ նրբանկատությունից, շատ դեպքերում չափազանց մեղմ է ներկայացնում մեր այսօրվա իրական կերպարը: Միայն սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների քանակը ցույց է տալիս, թե խավարամտության ինչ խորխորատների ենք մենք հասել: Եվ դրա հետ միաժամանակ երբենք չենք զլանում ազգային սնապարծության գոհարներ ստեղծել՝ գրեթե առանց դադարի:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ