Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Սնանկության հայկական բանաձեւը- 2


սկիզբը

Եթե «Հայկական ավիաուղիները» սնանկացավ «վերեւներից» արտաքին կոշտ միջամտության եւ տնօրինության վատ կառավարման արդյունքում, ապա «Արմավիայի» պարագայում իրավիճակը փոքր-ինչ այլ էր: Ընկերությունը ներսից քանդող արատավոր երեւույթները, երբեմն չմտածված տնտեսական քաղաքականությունը, շարունակական լարված հարաբերությունները գործընկեր կազմակերպությունների հետ, կուտակած հսկայական պարտքերը, ինչպես նաեւ փոխադարձ դժգոհությունները իշխանութուններից եւ սեփականատեր Միխայիլ Բաղդասարովից, վերջինիս դրդեցին դիմել ընկերությունը մասնակի վաճառելու քայլին, ինչը հաջողություն չունեցավ, եւ Բաղդասարովը որոշեց ուղղակի դուրս գալ ավիացիայից ու, ինչպես հետո պարզվեց, ամբողջ բիզնեսը հանել Հայաստանից:

Հիշեցնենք, որ մինչեւ սնանկության գործընթաց սկսելը՝ դեռեւս 2013-ի ապրիլին, այսինքն՝ թռիչքները դադարեցնելուց (01.04.2013) օրեր անց, ավիաընկերությունը Հանրային խորհրդին էր ներկայացրել մի փաստաթուղթ, որտեղ ներկայացվում էին, մասնավորապես, կառավարության կողմից կատարվելիք որոշակի քայլեր, որոնց առկայության դեպքում «Արմավիան» սնանկանալու ճանապարհ չէր բռնելու: Բայց քանի որ Հայաստանում արդեն աշխատում էին ամերիկյան «McKinsey» ընկերության մասնագետները, ովքեր «բաց երկնքի» ռազմավարություն էին մշակում, կառավարությունը չընդառաջեց «Արմավիային»:   

2014-ի սեպտեմբերին «Արմավիայի» 35 տոկոսի սեփականատեր օֆշորային «Միկա Լիմիթեդ» ընկերությունը դիմեց Մալաթիա-Սեբաստիայի դատարան՝ խնդրելով սնանկ ճանաչել ավիաընկերությանը, որի 35 տոկոսի սեփականատերն էր, եւ որն իրեն պարտք էր 38.378.000 դոլար: «Արմավիան» չվիճարկեց դիմումը: Դատավոր Լիլիթ Կատվալյանը հոկտեմբերի 6-ին սնանկ ճանաչեց Հայաստանի նախկին ազգային փոխադրողին:

172 պահանջատերերի վերջնական ցուցակը հաստատվել է 2015-ի մարտին, որի առաջին տեղերում բանկեր են՝ «Յունիբանկ» ՓԲԸ (պարտքը՝ 6.666.310 ԱՄՆ դոլար), «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ (680.258.591 դրամ), «Ամերիաբանկ» ՓԲԸ (1.250.244 դոլար), «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ (10.427.224 դոլար եւ 17.835 եվրո), որոնց գումարները ապահովված են եղել երաշխավորությամբ կամ գրավով: Պարտատերերի թվում են նաեւ «Ղ-Տելեկոմը» (շուրջ 1,6 մլն դրամ), «Կարկոմավտոն» (մոտ 23 մլն դրամ), «Հայաէրոնավիգացիա»-ն (մոտ 343 մլն դրամ), ՀՀ ֆիննախը (պետբյուջեի պարտքն է ավելի քան 2 մլն դոլար), «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (շուրջ 792 հազ. դրամ), IATA-ն (2.045.744 դոլար), «Ուրալական Ավիաուղիները» (43.214 եվրո), «Աէռոֆլոտ-Ռուսական Ավիաուղիները» (740.000 դրամ, 90.147 դոլար), «Միկա Քորփորեյշնը» (28.053.487 դրամ, 792.014 դոլար), «Դոմոդեդովո օդանավակայանի առեւտրային գործակալությունը» (262.270 դոլար), «Միկա Լիմիթեդը» (38.378.000 դոլար) եւ այլն: 

Հետաքրքիր է, որ Բաղդասարովի պահանջատեր ընկերություններ «Միկա Քորփորեյշնն» ու «Միկա Լիմիթեդն» այդ ցուցակում համապատասխանաբար 129-րդ եւ 134-րդ տեղերում են, ինչը նշանակում է, որ պիտի սպասեն նախորդների պարտքերի մարմանը, մինչեւ հերթն իրենց հասնի: Դժվար է ասել՝ արդյոք կգա նրանց հերթը: Սակայն նշենք նաեւ, որ ըստ datalex.am տեղեկատվական համակարգի՝ վերոնշյալ վերջնական ցուցակը հաստատելուց հետո ի հայտ են եկել նոր պահանջատերեր՝ ավելի քան 30 հոգի, որոնց մեջ է նաեւ «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» ռուսական ՓԲԸ-ն, որի հետ «Արմավիայի» վեճին նախկինում անդրադարձել ենք:

«Սնանկության մասին» օրենքի համաձայն՝ «պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումից հետո դատարան ներկայացրած նոր պահանջները եւ պահանջների փոփոխությունները դատարանը հանձնում է կառավարչին: Կառավարիչը պահանջը կամ պահանջի փոփոխությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, դրա պատճենն ուղարկում է պարտապանին, պարտատերերին կամ այդ մասին ամփոփ տեղեկատվություն է հրապարակում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Եթե պահանջի փոփոխության պատճենն ստանալուց կամ իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում տեղեկատվություն հրապարակելուց հետո՝ 7 օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը, պարտատերերը պահանջի, պահանջի փոփոխության դեմ գրավոր առարկություն չեն ներկայացնում դատարան, ապա կառավարիչը պահանջը կամ պահանջի փոփոխությունը գրանցում է պահանջների գրանցամատյանում»:

«Արմավիայի» սնանկության գործով կառավարիչը Կարեն Ասատրյանն է: 2015-ի ապրիլի 30-ին դատարանը որոշում կայացրեց ավիաընկերության լուծարման վարույթ սկսելու մասին, ինչին հետեւել է գույքի վաճառքն աճուրդով:

«Արմավիայի» օդանավերի վարկն ու «Հրազդան-Ցեմենտի» սնանկության գործը   

«Արմավիայի» անկումն ու սնանկացումը շղթայական հետեւանք ունեցավ նաեւ Բաղդասարովի մյուս ընկերությունների համար, որոնք այս կամ այն կերպ առնչվում էին ավիաընկերության գործունեությանը: Պատմենք, օրինակ, թե ինչպես չեխական «PPF banka» բանկը փորձեց սնանկ ճանաչել «Հրազդան-Ցեմենտ» (մինչեւ 2014-ը՝ «Միկա-Ցեմենտ») ՓԲԸ-ին, որը երաշխավոր էր դարձել չեխական բանկի ու օֆշորային «Միկա Լիմիթեդի» միջեւ մի գործարքի ժամանակ:

2011-ի հուլիսին «PPF banka»-ն ավելի քան 23 մլն դոլար վարկ էր տրամադրել «Միկա Լիմիթեդին»՝ 3 օդանավ ձեռք բերելու համար (վարկի մարման ժամկետը մինչեւ 2016-ի օգոստոսն է): Բնականաբար, դրանց օպերատորը պիտի լիներ «Արմավիան»: Խոսքն, ըստ էության, ավիաընկերության պատմության մեջ վերջին 3 ինքնաթիռների մասին է, որոնց նախորդ շահագործողը «Չեխական ավիաուղիներն» էր: Դրանցից 1 հատ «Boeing 737-300» պիտի շահագործվեր Սլովակիայի նորաստեղծ «Slovakian Airlines»-ի կողմից, որի համահիմնադիրը Բաղդասարովն էր: Օդանավը, սակայն, այդպես էլ չթռավ ու վերադարձվեց «Արմավիային» (EK-73771), իսկ ներկայում կանգնած է լեհական Կատովիցեի օդանավակայանում: Մյուս երկու «Boeing 737-500»-ները (EK-73775 եւ EK-73772) «Արմավիայի»՝ շուկայից հեռանալուց հետո վաճառվել են Գառնիկ Պապիկյանի արաբական «Ala International»-ին, իսկ շահագործողը Պապիկյանի հայկական «Տարոն-Ավիան» է, որը վարձակալմամբ օդանավերը հանձնել է սուդանցիներին:       

Վերադառնալով դատական պատմությանը՝ նշենք, որ 2011-ի օգոստոսին վարկատու «PPF banka»-ի եւ այն ժամանակ դեռ Բաղդասարովին պատկանող «Միկա-Ցեմենտի» միջեւ կնքվել էր երաշխավորության պայմանագիր: Եվ ահա 2015-ի օգոստոսի 28-ին չեխերը մտել էին Կոտայքի մարզի դատարան՝ խնդրելով սնանկ ճանաչել երաշխավոր ընկերությանը, որն արդեն պատկանում էր «ՎՏԲ-Հայաստան» բանկին ու կոչվում էր «Հրազդան-Ցեմենտ» (ըստ էության, չեխական կողմը խուսափել էր դատական վեճի մեջ մտնել օֆշորային ընկերության հետ, ինչպես ժամանակին արել էր «ՎՏԲ-Հայաստանը», որը «Միկա Լիմիթեդից» իր պարտքը պահանջել էր երաշխավոր «Արմավիայից»):

Քանի դեռ սնակության գործը քննության փուլում էր, «ՎՏԲ-Հայաստանը» առանձին հայցով դիմել էր դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել 2011-ի երաշխավորության պայմանագիրը: Սնանկության գործը քննող դատավոր Էդգար Սեդրակյանն էլ, հղում կատարելով Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանների որոշումներին, նշել էր, որ սնանկ ճանաչելու հիմքը ոչ թե ընդհանրապես վճարային պարտավորությանն առկայությունն է, այլ դրա անվիճելի լինելը, այնինչ հենց այդ պարտավորությունը մեկ այլ ընթացիկ գործով վիճարկվում է «ՎՏԲ-Հայաստանի» կողմից: Այս հիմքով Սեդրակյանն անցյալ տարվա նոյեմբերի 19-ին մերժել էր չեխական բանկի դիմումը: Վերջինս արդեն վերաքննիչ բողոք է ներկայացրել:       

Ի՞նչ գույք է վաճառվում՝ «Արմավիայի» պարտքերը փակելու համար

Ավիաընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի կողմից անցյալ տարվա հուլիսի 29-ին նշանակված աճուրդը կայացել է մասնակի, ինչից հետո չվաճառված գույքը դրվել է կրկնաճուրդի: Հերթական կրկնաճուրդն Ասատրյանը հայտարարել է փետրվարի 19-ին: Տեսնենք, թե ինչ է վաճառվում:

«Սերգեյ Մերգելյան» օդանավ

191.318.760 դրամով (շուրջ 390.000 դոլար) վաճառվում է 1999 թվի արտադրության «Canadair CRJ 200LR» տիպի օդանավ, որից բացակայում են աջակողմյան շարժիչը եւ ղեկավարման սրահում որոշ կարեւոր համակարգեր: Կայանված է «Զվարթնոց» օդանավակայանում: Խոսքը EK-20014 գրանցման համարով օդանավի մասին է, որն «Արմավիան» ձեռք էր բերել 2009-ին: Հայկական փոխադրողից առաջ այն ի սկզբանե շահագործվել էր միայն գերմանական «Lufthansa»-ի դուստր «Lufthansa CityLine»-ի կողմից:

Սա Բաղդասարովի ընկերության առաջին սեփական «CRJ 200LR»-ն էր, եթե չհաշվենք մինչ այդ կարճ ժամանակով վրացական գործընկեր «Georgian Airways»-ից վարձակալած նմանատիպ օդանավը: 50-տեղանոց այս ինքնաթիռները նախատեսված են ռեգիոնալ թռիչքների համար ու կարող են անցնել մինչեւ 3700 կմ: EK-20014-ը Հայաստանում ստացավ «Սերգեյ Մերգելյան» անունը:

Մ. Բաղդասարովն ինքնաթիռի շնորհանդեսի ժամանակ ասել էր, որ ձեռքբերման նպատակը տոմսերի գների նվազեցումն ու սեփական ծախսերի կրճատումն է, քանի որ, օրինակ, ձմռանը մինչեւ 50 հոգի տեղափոխելն ավելի ձեռնտու է այս օդանավով, քան ավելի քան 100 հոգի տեղավորող «Airbus»-ով: Ըստ սեփականատիրոջ՝ «Սերգեյ Մերգելյանը» թռչելու էր դեպի Մինվոդի, Ստավրոպոլ, Վորոնեժ, ինչպես նաեւ նոր բացված ուղիներով՝ Ցյուրիխ, Հռոմ, նաեւ Աթենք:

«Այս ինքնաթիռը բացի նրանից, որ ունի ուղեւորների փոքր թիվ, շատ հարմար է նոր չվերթների բացման համար, երբ ուղեւորները դեռ չգիտեն, որ բացվել է նոր չվերթ, ու դրա համար քչերն են թռչում»,- բացատրել էր Բաղդասարովը: Հատկանշական է, որ օգոստոսին հայտարարված աճուրդում այս ինքնաթիռի գինը շատ ավելի մեծ էր՝ 364.500.000 դրամ (մոտ 760.000 դոլար): grav.am կայքում հիմա էլ կարելի է գտնել այս օդանավը: Ու չնայած աճուրդի հանված լոտի նկարագրության մեջ չի նշվում, որ ինքնաթիռը գրավադրված է, պետք է հենց այդպես մտածել:

Ընդ որում, grav.am-ում նշվում է, որ օդանավի գինը 700 մլն դրամ է, իսկ այն ձեռք բերելու նպատակով բանկը կտրամադրի ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ վարկ (սա, անշուշտ, հին տվյալ է, քանի որ օդանավը հիմա աճուրդի առարկա է ու վաճառվում է ավելի էժան):

«Դիլիջան Ֆրոլովա» գործարան

«Արմավիայի» գործով աճուրդի է դրված նաեւ Կիլիկիա թաղամասում՝ Այասի 10/2 հասցեում գտնվող անշարժ գույքը, որը բաղկացած է 2133,2 քմ շինություններից, այդ թվում՝ գրասենյակային մասնաշենքից, սառնարանային կոմպլեքից, պահեստային տարածքից եւ լողավազանից: Գույքի մեջ է մտնում նաեւ 0,2 հա հողամասը: Անշարժ գույքը պատկանում է Բաղդասարովի «Միկա Լիմիթեդ» ընկերությանը, սակայն «Արմավիայի» պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրվել է «Ամերիաբանկում»: Գույքի մեկնարկային գինը 1.293.000.000 դրամ է (մոտ 2,6 մլն դոլար): Սա «Դիլիջան Ֆրոլովա» հանքային ջրերի գործարանն է: Հետաքրքիր է, որ դեռեւս 2014-ի ամռանը, այսինքն՝ «Արմավիայի» սնանկ ճանաչվելուց առաջ, «Ամերիաբանկը» grav.am կայքում վաճառքի էր հանել իր մոտ գրավադրված գործարանը: «Հայկական ժամանակը» նշել էր, որ գործարանի գինը, ըստ կայքի, 1 մլրդ 140 մլն դրամ՝ ներկա աճուրդի գնից ավելի էժան:  

Նյութական միջոցներ

Երրորդ լոտը կազմում են ««Արմավիա»-Ավիաընկերություն» ՍՊԸ-ի նյութական նյութական միջոցները՝ ինքնաթիռի պահեստամասեր, օժանդակ նյութեր, գրասենյակային գույք եւ այլն: Լոտը կազմված է 1512 ենթալոտերից: Լոտի մեկնարկային գինը՝ 48.646.740 դրամ (մոտ 100.000 դոլար):

«Ծաղկատուն» հանգստյան տուն եւ հյուրանոց

Աճուրդի մաս է կազմում Ծաղկաձորում գտնվող «Ծաղկատուն» հանգստյան տունը, որը պատկանում է նույն քաղաքում գրանցված «Միկա Ծաղկատուն» ՍՊԸ-ին: Վերջինիս հիմնադրվել է «Միկա Լիմիթեդի» կողմից: Հանգստյան տունն ունի 482,22 քմ մակերես, 0,33 հա հողամաս, գրավադրված է «HSBC» բանկում: Լոտի մեկնարկային արժեքը՝ 223.740.000 դրամ (շուրջ 456.000 դոլար):  

Առանձին լոտով վաճառվում է նույնանուն հյուրանոցային համալիրը, որն արդեն «Միկա Լիմիթեդի» սեփականությունն է: Համալիրի մակերեսը 1006,65 քմ է, 0,296 հա հողամասով: Սա նույնպես գրավադրված է «HSBC» բանկում: Մեկնարկային գինը՝ 591.030.000 դրամ (մոտ 1,2 մլն դոլար):

«Էյր Արմենիան»՝ օդից կախված վիճակում

«Էյր Արմենիա» ընկերությունը, ինչպես հայտնի է, վերջին հայկական փոխադրողն էր, որ թռչելու թույլտվություն էր ստացել ու միջազգային չվերթներ էր կատարում 2013-2014 թթ.: Ընկերության անկման մասին գրել ենք: Հայտնի է նաեւ, որ անցյալ տարվա օգոստոսին ուկրաինական ծագումով օֆշորային «East Prospect Fund»-ը 68,6 մլն-ի ներդրում արեց ընկերությունում ու դարձավ դրա 49 տոկոսի բաժնետեր: Սակայն պաշտոնապես «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետերեր են շարունակում մնալ դրա ղեկավար Արսեն Ավետիսյանի մայրն ու Վահան Հարությունյանը, քանի որ դատական քաշքշուկների պատճառով արդեն տեւական ժամանակ է՝ նրանց արգելվել է օտարել բաժնետոմսերը: Բազմաթիվ պարտքերի, դրանց հետեւանքով Ռուբեն Հայրապետյան-Արսեն Ավետիսյան բախման, դատական գործընթացների վերջին ակորդը եղավ 2015-ի նոյեմբերի 2-ին:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն դեռ հուլիսին դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան՝ խնդրելով սնանկ ճանաչել ավիաընկերությանը: Պարզվել է, որ բանկը չորս անգամ վարկ է տրամադրել «Էյր Արմենիային». 2010-ին՝ 40.000 եվրո, 2013-ին՝ 500.000 եվրո, 2014-ին՝ 1,2 մլն եւ 300.000 եվրո: Դրա դիմաց վարկառուն գրավադրել է Գեւորգ Քոչարի 21 շենքի (ավիաընկերությունը գրանցված է այստեղ) 2, 3, 4, 7, 8 հասցեների, ինչպես նաեւ Ծարավ Աղբյուրի 111 հասցեի անշարժ գույքը: Բացի դրանից՝ ստացած վարկերի դիմաց Արսեն Ավետիսյանի ընկերությունը գրավադրել է նաեւ ՓԲԸ-ի բանկային հաշիվներն ու առկա եւ մուտքագրող դրամական միջոցները: «HSBC»-ն դատարան է ներկայացրել ժամկետանց պարտավորությունների ցանկը:

Պարտապանն էլ նշել է, որ չէր կարող վճարումներ կատարել, քանի որ 2014-ից ի վեր տարբեր դատական գործերի արդյունքում արգելանք է դրվել իր հաշիվների վրա, ինչի մասին բանկը գիտեր, սակայն, լինելով գրավառու եւ շահառու, այդ ուղղությամբ քայլեր չի ձեռնարկել: Մյուս կողմից, ըստ «Էյր Արմենիայի», բանկը կարող էր դատական կամ արտադատական կարգով բռնագանձել իր մոտ գրավ դրված գույքը: Ավիաընկերությունը նշել է նաեւ, որ «East Prospect Fund»-ը 68,6 մլն դոլարի (32.928.000.000 դրամի) 68.600 հատ արժեթուղթ է ներդրել, իսկ Արսեն Ավետիսյանը ներդրել է գույքային իրավունք բիզնես-պլանի տեսքով, որը գնահատվել է 71.400.000 դոլար (34.272.000.000 դրամ): Ներդրումների արդյունքում ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կազմել է 67.200.100.000 դրամ, ինչն ավելի մեծ է, քան «HSBC»-ին ունեցած պարտքերը, ասել է թե՝ պարտապանն ի վիճակի է կատարել իր պարտավորությունները:

Դատարանը, սակայն, նշել է, որ ակտիվների ու պասիվների հարաբերակցությունը գնահատման առարկա չէ, բացի դրանից՝ նույնիսկ պարտքի այն չափը, որն «Էյր Արմենիան» չի վիճարկում (մոտ 75 հազ. եվրո), գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն չափը, եւ այն չվճարելը բավարար է՝ ընկերությանը սնանկ ճանաչելու համար: 2015-ի նոյեմբերի 2-ին դատավոր Կարինե Պետրոսյանը սնանկ ճանաչեց «Էյր Արմենիա» ՓԲԸ-ին: Վերջինս հետագայում երկու անգամ վերաքննիչ բողոք է ներկայացրել, սակայն դատարանը դրանք վերադարձրել է: Ըստ datalex.am-ի՝ գործը վճռաբեկ ատյան չի հասել:

Ի տարբերություն «Արմավիայի»՝ «Էյր Արմենիայի» պլանների մեջ սնանկությունը չէր մտնում, սակայն դեռեւս վճռից առաջ ինչպես մեզ հայտնել էր ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Սիրական Համբարձումյանը, ճգնաժամից դուրս գալու տարբերակ է դիտարկվել նաեւ առողջացման ծրագիրը: Այդ դեպքում ընկերությունը չի լուծարվում, փոխարենը սնանկ ճանաչվելուց հետո օրենքով չարգելված եղանակներով մարում է պարտքերը եւ շարունակում գործունեությունը: Սակայն նախ հայտնի չէ, թե արդյոք կներկայացվի այդպիսի ծրագիր, եւ հետո՝ արդյոք այն կընդունվի: Նշենք, որ օրենքով առողջացման ծրագիր կարող են ներկայացնել պարտապանը, սնանկության գործով կառավարիչը, որոշ պարտատերեր եւ պարտապանի կանոնադրական կապիտալին տիրապետող որոշ անձինք, ընդ որում՝ դա պետք է անել մինչեւ պարտատերերի առաջին ժողովը: Սնանկության այս գործով կառավարիչը, ինչպես «Արմավիայի» դեպքում, Կարեն Ասատրյանն է: Նա հունվարի 12-ին չկայացած առաջին ժողովի օրը տեղափոխել է փետրվարի 16-ին: Ժողովը չի կայացել, քանի որ առայժմ չի հաստատվել պահանջների վերջնական ցուցակը: Դատելով ստեղծված իրավիճակից՝ պետք է ենթադրել, որ եթե ծրագիր լինի, այն կներկայացվի հենց «Էյր Արմենիայի» կողմից: Մյուս կողմից՝ այն պետք է դրվի պարտատերերի քվեարկության եւ ընդունվելու դեպքում հաստատվի դատարանի որոշմամբ: Կարեն Ասատրյանի հետ զրուցել այդպես էլ չկարողացանք, քանի որ նրա հեռախոսահամարն անհասնելի է:

Այդուհանդերձ, հայտնի չէ, թե ինչ կլինի «Էյր Արմենիայի» ապագան: Ընկերության հեռախոսահամարը, պարզվում է, այլեւս գոյություն չունի: «Սփյուռ» տեղակատուում ավիաընկերության վերաբերյալ էջը ջնջվել է: Հետաքրքիր է, որ Արսեն Ավետիսյանի ծեծից հետո՝ օգոստոսին, «East Prospect Fund»-ի կառավարիչ Անդրեյ Բոբիլյովը, մասնավորապես, հայտարարեց, որ «վերջին իրադարձությունները կարող են վտանգել «Էյր Արմենիա» ավիաընկերության ներդրումային ծրագրերը եւ իրականացվող բարեփոխումները»: Ճիշտ է՝ այդ կոնֆլիկտը հարթվեց, Ավետիսյանը Ռուբեն Հայրապետյանի դեմ բողոք չներկայացրեց, քրեական գործ չհարուցվեց: Բայց չի բացառվում, որ օֆշորային ներդրումները նմանապես վտանգվեն այս դեպքում, երբ ավիաընկերությունը, չնայած առարկություն, ապա եւ բողոքարկում ներկայացնելուն, սնանկ ճանաչվեց, ու հիմա ամեն ինչ կախված է պարտատերերից:   


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։