HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

“Prisencolinensinainciusol”. ամենահասկացված անհասկանալին

Նաիրա Հայրապետյան

«Ես հավատում եմ, որ երաժշտությունը հոգուց հնչող որոշակի ձայն է, որի խնդիրն է հավաքել աշխարհի երազանքները և որը, անցնելով մարդկային գիտակցության միջով, թեկուզև կարճ ժամանակով՝ ի զորու է հարթել նրանց վեճերը կամ ցնցել, զարմացնել հոգիները՝ կոտրելով սոցիալական բոլոր անհարմարությունները»,- ասում է Ադրիանո Չելենտանոն:

1970թ. իտալական հայտնի «Սան Ռեմո» երգի փառատոնում ապագա ամենահայտնի իտալացիներից մեկին վերջապես հաջողվեց նվաճել երկար ժամանակ անհասանելի բարձունքը. «Chi non lavora non fa l’amore» (Ով չի աշխատում, նա չի սիրում) երգն էր այդ տարվա հաղթողը՝ Կլաուդիա Մորիի և Ադրիանո Չելենտանոյի կատարմամբ: Եվ չնայած նա արդեն մի քանի տարի շարունակ իր փառատոնային մասնակցություններով, կատարումներով  ու զարմանալի  կերպարով  հասցրել էր հետաքրքրել իտալացի հանդիսատեսին (բավական է հիշել միայն «Azzurro»-ն)՝ Չելենտանոյի ստեղծագործական կյանքի վերելքը, մեծ իմաստով, սկսվում է հենց այս կետից: Իրար հաջորդող երգերը ոչ այնքան մասնագիտական, որքան երաժշտասերների շրջանում մեծ ճանաչում ու պահանջարկ սկեցին վայելել:

Չելենտանոն «Սան Ռեմո» փառատոնին առաջին անգամ մասնակցել էր 1961թ-ին՝ այս հաղթանակից գրեթե 10 տարի առաջ: Զինվորական ծառայության մեջ գտնվող երգչին զորամասից փառատոնի բեմ հասնել հաջողվել էր միայն պաշտպանության նախարարի հատուկ թույլտվությունից հետո: Եվ չնայած հաջողված կատարմանը՝ Չելենտանոն գրավեց երկրորդ տեղը. պատճառը, հավանաբար, ելույթի ընթացքում մի պահ հանդիսատեսին մեջքով կանգնելն էր, որն իբրև անհարգալից քայլ դիտարկվեց: Հակառակ ժյուրիի գնահատականի՝ նրա «Քսանչորս հազար համբույր» երգը նույն հանդիսատեսի որոշմամբ հայտնվեց իտալական հիթ-շքերթների առաջին հորիզոնականներում:

Երգիչը պայմանագիր է կնքում ձայնագրող ընկերություններից մեկի հետ, մի քանի երգեր թողարկում` կոմերցիոն մեծ հաջողություններ ունենալով, և շատ շուտով հիմնում ձայնագրման սեփական՝ «Clan Celentano» անվամբ ստուդիան, որը հետագայում ղեկավարում էր երգչի կինը՝ Կլաուդիա Մորին: Նոր սինգլներ, փառատոններ, որոնց հաջորդում են համերգային շրջագայություններ ու հեռուստատեսային տարբեր նախագծեր: 1966թ. Չելենտանոն նորից է մասնակցում «Սան Ռեմո» փառատոնին և չնայած այս անգամ նա ոչ մի մրցանակի չի արժանանում, այնուամենայնիվ,  «Տղան Գլյուկ փողոցից» երգը  մեծ արձագանքներ գտավ ողջ Իտալիայում, ապա՝ նրա սահմաններից դուրս:

Հաջորդ բացահայտ հաղթանակն արդեն դժվարամատչելի «Սան Ռեմո»-ի մրցանակն էր: Եվ ահա երկու տարի անց հայտնվեց տարօրինակ «Prisencolinensinainciusol»-ը: Անհասկանալի, թերևս միայն իր՝ Չելենտանոյի համար հասկանալի լեզվով այս բառախումբը բաբելոնյան աշտարակի պատմությունն է հիշեցնում: Երգի հեղինակն էլ կարծես հենց նման գաղափարի հիման վրա էր իր աշտարակը կառուցել՝ գրեթե նույն խնդիրը տեսնելով հազարամյակներ անց շարունակվող ժամանակակից աշխարհում: Ոչինչ չնշանակող (բացառությամբ «All right»-ի), հորինված բառերի այդ խմբից կազմված տեքստը, որը երբեմն հնչողությամբ անգլերենի ու իտալերենի խառնուրդ է դառնում, երբեմն՝ ամերիկյան սլենգային որոշ արտահայտություններ հիշեցնող, իրականում մարդկային հաղորդակցության պատնեշն էր խորհրդանշում, մարդկանց միջև  խորացող հեռավորությունը:

Հարաբերությունների անկում, միմյանց հետ խոսելու, բայց չհասկանալու, իրար հետ, բայց իրարից շատ հեռու լինելու մասին էր «Prisencolinensinainciusol»-ը:

Իր հինգ տասնամյակից ավել ձգվող ստեղծագործական կյանքի ընթացքում իտալական երաժշտության պատմության մեջ ամենաազդեցիկ ու ինքնատիպ այս արտիստը մինչ օրս 41 ալբոմ է թողարկել, 42 սինգլ, բազմաթիվ հիթեր, աստղային զուգերգեր այնպիսի երգիչների հետ, որոնց անուններն էլ բավական էին  երաժշտական նոր հորիզոններ հատելու համար. Սեզարիա Էվորա, Մինա Մացինի, Թոմ Ջոնս, Փոլ Անկա և այլք: Նրա երգերում հաճախ են բարձրաձայնվել ժամանակակից աշխարհին սպառնացող խնդիրները, դրանք սուր շեշտադրումներով, սև հումորով արտահայտված երգեր էին՝ շրջակա միջավայրի աղտոտման, ճգնաժամային տնտեսությունների, աշխարհի խորացող  դրամավարկային հոգեբանության, մարդկանց՝ բնության ու երկրի հանդեպ ունեցած վերաբերմունքի և դրա հետևանքով մեր մոլորակում ավելացող անդառնալի  կորուստների մասին: Եվ իր բազմաթիվ հայտնի ու սիրված երգերի մեջ, այնուամենայնիվ, անհասկանալի «Prisencolinensinainciusol»-ը մնում է մինչ օրս նրա ամենաճանաչված երգերից մեկը, ուստի՝ ամենահասկացվածը,  հատկապես Իտալիայում:

Առաջին անգամ այն հնչեց Չելենտանոյի և դարձյալ կնոջ՝ հանրահայտ դերասանուհի և երգչուհի Կլաուդիա Մորիի կատարմամբ, ով միաժամանակ նրա ոչ պաշտոնական մենեջերն էր, երբեմն՝ դիզայները, երբեմն նույնիսկ՝ խենթ ու խելառ գաղափարների նախաձեռնողը: Այս չափազանց տպավորիչ կատարումը, որն   ուղեկցվում էր Չելենտանոյի և  հայտնի պարուհի Ռաֆայելա Կառայի պարով, հեռարձակվեց իտալական հանրային հեռուստատեսությամբ: Հանրահայտ տեսանյութը մինչ օրս հաճախ է ցուցադրվում նույն հեռուստաընկերության երթերում:

Որպես սինգլ «Prisencolinensinainciusol»-ը թողարկվեց 1972թ. նոյեմբերին, իսկ մեկ տարի անց, ներգրավվեց նաև «Nostalrock» խորագրով ստուդիական ալբոմի կազմում: Երգը մեծ հաջողություններ ունեցավ եվրոպական տարբեր երկրներում՝ երկար ժամանակ զբաղեցնելով երաժշտական գլխավոր հորիզոնականներ: «Prisencolinensinainciusol»-ը կարճ ժամանակ անց հայտնվեց նաև ամերիկյան հիթ-շքերթներում: Շատերի կարծիքով՝ այն վստահաբար կարելի է համարել երաժշտական աշխարհում ռեփի առաջին փորձերից մեկը՝ հաշվի առնելով կատարման ոճային, ռիթմիկ  և տեխնիկական եղանակը:

Հետագայում նկարահանվեց ևս մեկ տեսահոլովակ, որտեղ հասկացված լինելու խնդրի մասին դպրոցական աղջիկներին բացատրում է անհասկանալի լեզվի ուսուցիչ Չելենտանո-կերպարը:

Իր ժամանակին մեծ հաջողություններ ու ճանաչում ապահոված այս երգն իր երկրորդ կյանքն ապրեց 2009թ-ին, երբ կանադացի լրագրող և հայտնի բլոգեր Քորի  Դոքթորոուն հրապարակեց այն իր միլոնավոր հետևորդներ ունեցող էջում: Նա Չելենտանոյին ներկայացրել էր որպես «Երաժշտության լեգենդ և նորարարության  պիոներ»: Արդյունքում գրեթե 40-ամյա «Prisencolinensinainciusol»-ը համացանցային անսահման տարածքում հասանելի դարձավ նաև նոր սերնդի միլիոնավոր ներկայացուցիչների: Եվ չի բացառվում, որ նրանցից ոմանք հնարավոր է այս երգի հետքերով գտել և սերտել են հանրահայտ իտալացու ևս մեկ բանաձև՝ «Կյանք. ահա աշխարհի ամենագեղեցիկ երգը»:

Լուս.՝ ilgiornale.it-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter