HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատավճիռներ դատարանից դուրս

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Այս օրերին էլ ավելի կլանված հետևում եմ լրատվական թողարկումներին, լսում արդարացման դատավճռի հասած Մայքլ Օ՛Բրայենի պատմությունը, լսում, թե ինչպես են Մեծ Բրիտանիայում դեռ 20 տարի առաջ որոշել վերանայել անցյալից որպես վատ, ամոթալի ժառանգություն մնացած քրեական գործերը: Դրանք այն գործերն են եղել, որոնք քննվել են հին համակարգի ժամանակ: Ամենահետաքրքիրն այն է, որ դատական սխալների մասին առաջին բարձրաձայնումները հանրությունը լսել է լրագրողներից:

Իմացա, որ հինգ վկա ցուցմունք է տվել ականատեսի պես, որ հենց Օ՛Բրայենն է դաժանաբար սպանություն կատարել, իբր, բահով սպանել է թերթի կրպակի աշխատակցին: Սակայն սպանության գործիք բահը ապօրինի թաքցրել են իրավապահները: Այսինքն, որևէ իրեղեն ապացույց չի եղել, որի հիման վրա գիտական փորձաքննություն կատարվի: Այդպիսով, 20 տարեկան Մայքլին դատապարտել են ցմահ ազատազրկման: 11 տարի 48 օր նա պնդել է, որ ԱՆՄԵՂ  է: Ի վերջո, լրագրողական հետաքննությամբ պարզվել է, որ 5 ցուցմունք տվողները գործել են ոստիկանության ճնշման տակ: Հինգ ցուցմունք տվողները եղել էին գողության մեջ կասկածվողներ, և  որպեսզի նրանց դեմ մեղադրանք չառաջադրվի, իրավապահների հետ կնքել են գործարք: Այդպիսով, նրանք ցուցմունք են տվել Օ՛Բրայենի դեմ ու հանգիստ գնացել տուն: Հետևանքը եղել է Օ՛Բրայենի ցմահ ազատազրկման դատապարտումը: Սակայն 11 տարի անց լրագրողական հետաքննության արդյունքում պարզված այս նոր երևան եկած հանգամանքը հետաքրքրել է Անգլիայի գործերի վերանայման նորաստեղծ անկախ հանձնաժողովին: Գործը կրկին ուսումնասիրվել է գործերի վերանայման նոր անկախ հանձնաժողովի կողմից: Արդյունքում Մեծ Բրիտանիայի վերաքննիչ դատարանը բեկանել է 11 տարվա դատավճիռը:  

20 տարի պայքարում եմ իմ քրեական գործի վերաբացման համար

Հիմա ռեֆերատ եմ գրում քրեական իրավունք և քրեական դատավարություն առարկաներից իմ քրեական գործի մասին: Գրում-գրում եմ, բայց չի ավարտվում դատական սխալների թվարկումը: Չգիտեմ՝ արդյոք Հայաստանում որևէ ուսումնասիրություն, դիպլոմային աշխատանք կամ թեկնածուական թեզ գրվել է դատական սխալների թեմայով, թե ոչ, բայց ինքս գրելու եմ այդ մասին գիտական հետազոտություն: Արդեն որոշել եմ, որ իրավագիտության ֆակուլտետի դիպլոմային աշխատանքիս թեման հենց դատական սխալներն են լինելու, դրանց պատճառների ու հետևանքների ուսումնասիրումը: Եվ, իհարկե, անդրադառնալու եմ այդ դատական սխալները ուղղելու միջոցներին ու ճանապարհներին:

20 տարի պայքարում եմ իմ քրեական գործի վերաբացման համար: Իմ գործին ծանոթ մասնագետներին էլ պարզ է`դատական սխալի (դիտավորյալ կամ ակամա) հետևանքով եմ գտնվում բանտում 20 տարի շարունակ: Ես դատապարտվել եմ ենթադրության հիման վրա՝ գործով մյուս մեղադրյալ Արամ Հարությունյանի 4 անգամ փոփոխած ցուցմունքներից վերջինով:  

Քրեական դատավարության օրենսգիրքն ասում է. հոդված 18 Անմեղության կանխավարկած

Կետ 3. Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ (ընդգծումն իմն է):

Կետ 4. Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի:

Բայց մեզ մոտ մի բան է օրենքը, մի այլ բան՝ դրա իրագործումը: Եթե այս կետերը իրագործվեին որոշ քաղաքացիներ չէին հայտնվի բանտերում:

Վճռաբեկ դատարանն անգամ չի անդրադարձել դատական սխալին

Սկզբում գործի վերաբացման մասին դիմումներիս Գլխավոր դատախազությունից պատասխանում էին, թե անհրաժեշտ են նոր երևան եկած հանգամանքներ: Իսկ երբ երկու անգամ բերեցինք նման հանգամանքներ, ստացանք մերժումներ: Ուստի, լավ գիտեմ, որ դատական սխալների թեման Հայաստանում ոչ թե իրավունքի դաշտում է, այլ՝ քաղաքական: Եթե նախագահականից հրահանգ լինի, մեկ օրում գլխավոր դատախազությունը կգրի, որ դատական սխալ է տեղի ունեցել, Վճռաբեկ դատարանն էլ կբեկանի մեկ ցուցմունքի վրա սարքած այս գործը: Եվ այդպիսի գործեր Հայաստանում, իհարկե, շատ կան:

ՀՀ վճռաբեկ դատարանը 2015-ին անթույլատրելիորեն պարզապես խուսափել է անդրադարձ կատարել դատական սխալին`անկախ նրանից, որ ես վճռաբեկ բողոք եմ ներկայացրել ոչ միայն նոր երևան եկած հանգամանքների հիմքով, այլ նաև դատական սխալի: Հիմնավորել եմ, որ այս քրեական գործով դատական սխալն ակնհայտ է: Կարծում եմ, որ դատարանի համար նույնպես ակնհայտ է դատական սխալը: Այդ իսկ պատճառով դատարանը լռել է, հակառակ պարագայում չէր խուսափի անդրադառնալ և գոնե ինչ-որ կերպ կհիմնավորեր այդ հիմքով վարույթի ընդունման մերժումը, որը 2 էջի վրա գրված ստանդարտ պատասխան է:

Այսինքն, կասկածից վեր է, որ Հայաստանում, քիչ թե շատ ուշադրություն գրավող գործերով դատավճիռներն իրականում կայացվում են նախագահականում`նկատի ունենալով քաղաքական նպատակահարմարությունը, այլ ոչ թե օրենքի պահանջը, նկատի ունենալով քավոր- ծանոթ- սանիկ-բարեկամ կապերը, այլ ոչ թե արդարությունը: Այդ մասին խոսեց նաև Սերժ Սարգսյանը: Հետևաբար, թե այս, թե էլի շատ գործերի արդարացի լուծումն իրավունքի դաշտից դուրս է:

Մի օր պետք է անդրադարձ լինի անցյալի ժառանգության գործերին

Այնուամենայնիվ, Հայաստանում էլ կան նախկին համակարգից որպես ամոթալի ժառանգություն մնացած գործեր, որոնց վրա աչք են փակում պաշտոնյաները: Օրինակ, կան մոտ 50 ցմահ բանտարկյալների գործեր, այդ թվում և իմ գործը, որոնք քննվել են հին համակարգի ժամանակ, 1961 -ի քրեական օրենսգրքով 1990-ականներից մինչև 2000-ականների սկիզբը: Այլ կերպ ասած, այդ դատավճիռները կայացվել են երրորդ հանրապետության առաջին տասնամյակում: Մենք չենք ունեցել եռաստիճան դատական համակարգում գործերը բողոքարկելու, նաև Եվրոպական դատարան դիմելու հնարավորություն այն պատճառով, որ եռաստիճան դատական համակարգը դեռ չկար, իսկ Հայաստանն էլ դեռ ԵԽ անդամ չէր: Իսկ քրեական օրենսգրքով սահմանված դատապարտյալի վիճակն այլ կերպ բարելավող դրույթը պետք է ավելի լայն մեկնաբանել: Մեզ պետք է հնարավորություն տրվեր օգտվել բողոքարկման նոր հնարավորություններից: Բայց դա տեղի չունեցավ: Հետևաբար միգուցե մեր երկրում էլ ստեղծվի գործերի վերաբացման հանձնաժողով, ինչպիսին Անգլիայում է ստեղծվել, ինչի արդյունքում էլ Մայքլ Օ՛Բրայենն ազատություն է ստացել:

Հ.Գ. Ոգևորված եմ Մայքլ Օ՛Բրայենի և արտասահմաններում արդարադատության հաղթանակի հասած բազմաթիվ այլ անմեղ դատապարտվածների պայքարով: Հայաստանում էլ, համոզված եմ, վերջապես կձևավորվի այն իրավագիտակցությունը, որ սխալ է թաքնվել հանցագործության պատճառով տուժող դարձած քաղաքացիների հետևում և վախենալ տեսնել ու խոսել դատական համակարգից տուժածների` անմեղ  դատապարտվածների մասին: 

Մեկնաբանություններ (1)

Մարտիկ
Հարգելի Մհեր, շարունակեք ձեր պայքարը՝ ի հեճուկս ամեն ինչի և առաջին հերթին այս մարդակեր ռեժիմի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter