HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի կախվածությունը պղնձի շուկայից գնալով աճում է

Հանքահումքային արտադրանքի տեսակարար կշիռն Հայաստանի արտահանման ծավալում շարունակում է մեծ տեղ զբաղեցնել։ Ավելին՝ այդ կշիռը գնալով մեծանում է ու մեծացնում հայաստանյան տնտեսության կախվածությունը գունավոր մետաղների համաշխարհային գներից։

2015 թվականին Հայաստանից արտահանվել է մոտ 1 մլրդ 487 մլն դոլարի ապրանք, որից ավելի քան 462 մլն դոլարը հանքահումքային արտադրանք է։ Այսինքն՝ արտահանման 30%-ից ավելին բաժին է հասել հանքարդյունաբերության ոլորտին։ Եվ 2014 թվականի համեմատ՝ հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալն աճել է 19,9%-ով։ Այս ոլորտում նաև արտադրանքի ծավալն է աճել, որին անդրադարձել ենք նախորդ հոդվածում։

Արտահանվող հանքահումքային արտադրանքի մեջ առյուծի բաժինը զբաղեցնում է պղիձնը։ Մինչև դրա արտահանման ծավալներին և դինամիկային անդրադառնալը,  փորձենք հասկանալ, թե ինչ վիճակ է միջազգային շուկայում և ևս մեկ անգամ նշենք՝ ինչ հետևանքներ է ունենում պնձի գնանկումը Հայաստանի տնտեսության վրա։

Վերջին մեկ ամսում պղնձի գինը համեմատաբար կայուն է

Լոնդոնի մետաղների բորսայի (LME) տվյալներով՝ փետրվարի 5-ի դրությամբ պղնձի գինն առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել 4681 դոլար (1 տոննան)։ Հունվարից սկսած պղնձի միջազգային գինը տատանվում է 4,3-4,7 հազ. դոլարի սահմաններում։ Մինչդեռ 2015 թվականի ամբողջ հունվարին այն տատանվում էր  5-5,5 հազ. դոլարի սահմաններում։ Իսկ 2014-ի նույն ամսում՝  7-7,5 հազ. դոլարի սահմաններում։ Կոպիտ հաշվարկներով՝ երկու տարում պղնձի միջազգային գինը նվազել է շուրջ 3 հազ. դոլարով կամ 40%-ով: Միջազգային շուկայում պղնձի գնանկումը դանդաղ տեմպերով սկսվեց դեռևս 2013-ի տարեվերջից և 2014-ի մարտին արդեն այն գտնվում էր վերջին 4 տարիների ամենացածր մակարդակում: 1 տոննայի գինը կայուն ցածր էր 6, 5 հազ. դոլարից, մինչդեռ 2013 թվականին հիմնականում բարձր էր 7 հազ. դոլարից, իսկ 2012-ին՝ 8 հազ. դոլարից: Ըստ ոլորտի ուսումնասիրությունների՝ 2008-2009թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո պղնձի գների առավելագույն արժեքը գրանցվել է 2011 թվականի փետրվարին՝ 9, 9 հազ.  դոլար: Պղնձի գնանկման «մեղավորը» Չինաստանն է, որը աշխարհում դրա խոշորագույն սպառողն է։ Իսկ երկրում տնտեսական աճի տեմպերը թուլացել են, և նվազել է պղնձի պահանջարկը։

Եվ առաջիկա 2 տարվա համար միջազգային շուկայում պղնձի գնաճ, կարծես թե, չի կանխատեսվում։   

Սրանք Հայաստանի համար ոչ հուսադրող ցուցանիշներ են։ Մի երկրի, որի տնտեսության համար պղինձը որոշիչ ու կենսական նշանակություն ունի։ Համենայնդեպս այնքան ժամանակ, քանի դեռ երկրի ընդերքը հրաժեշտ չի տվել այս հումքին։ Այս մետաղի գնանկման հետևանքով  նվազում են արտահանումից ստացվող եկամուտները, հետևաբար արտարժութային ռեսուրսների հոսքը դեպի Հայաստան։ Դա էլ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկման հիմնական պատճառներից մեկն է։

Պակասում են հանքարդյունաբերական ընկերությունների եկամուտները, որոնք նվազեցնում են պետությանը վճարած հարկերի  չափը։ Այդ ընկերություններից մի քանիսը անգամ չեն կարողանում (կամ չեն ուզում) վճարել աշխատակիցների աշխատավարձերը և հսկայական պարտեքեր են կուտակում։

Գնանկումը, հասկանալի պատճառներով, կարող hանգեցնել  Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների նվազմանը։ Եվ այսպես շարունակ …

Այդ ամենի ֆոնին, թերևս, ամենամտահոգիչը Հայաստանի տնտեսության կախվածությունն է պղնձից և դրա գներից։ Եթե գներն այնքան նվազեն, որ Հայաստանում հանքարդյունաբերությամբ զբաղվելը դառնա ոչ շահավետ, ապա հանք  շահագործող ընկերություններն ու ներդրողները պարզապես կլքեն Հայաստանը։ Իսկ շարունակությունն արդեն պարզ է։ 

5 տարում պղնձի խտանյութի արտահանումը  2,6 անգամ աճել է 

Հայաստանից պղինձը դուրս է գալիս երեք տեսակով՝ պղնձի խտանյութ, չզտված պղինձ և պղնձի ջարդոն։ Այս երեքից ամենաշատն արտադրվում և արտահանվում է պղնձի խտանյութը (հանքաքար և խտահանք)։ Իսկ մնացած երկու տեսակի դեպքում ցուցանիշները որոշիչ չեն։ 2015 թվականին Հայաստանում արտադրվել է  մոտ 316 հազ. տոննա պղնձի խտանյութ՝ 64,1%-ով ավելին, քան  2014-ին։  

Վերջին 5 տարում պղնձի խտանյութի արտադրությունն Հայաստանում անշեղորեն աճել է։ Արդեն նշել ենք, որ այդ աճը 2015-ին մեծ թափ ստացավ, ինչին գլխավորապես նպաստեց Թեղուտի պղնձամոլիբդենային գործարանի աշխատանքը, որը մեկնարկել է 2014-ի դեկտեմբերից: 

Նախորդ տարի Հայաստանից արտահանվել է մոտ 309,2 հազ. տոննա պղնձի խտանյութ: Այսինքն՝ արտադրված գրեթե ողջ խտանյութն արտահանվել է։ Այս մասին «Հետք»-ը տեղեկացավ ՀՀ ֆինանսների նախարարությունից։ 2014-ի համեմատ՝ արտահանման ծավալն աճել է 124 հազ. տոննայով կամ 67%-ով։ 

Տարիների ընթացքում պղնձի խտանյութի արտադրության ծավալների աճին զուգահեռ աճել է նաև դրա արտահանումը։ 5 տարում (2015-ի ցուցանիշը՝ համեմատած 2011-ի հետ) այն աճել է  2,6 անգամ։ 

Շատ ավելի համեստ են   չզտված՝ կոնվերտորային պղնձի (մոտ  11,7 հազ. տոննա) և պղնձի ջարդոնի (2,2 հազ.) արտահանման ցուցանիշները։ Դա պայմանավորված է այդ տեսակների արտադրության և պահանջարկի փոքր ծավալներով։

Քանի որ պղնձի միջազգային գները նվազել են, հետևաբար՝ նվազել են այդ մետաղի արտահանման մաքսային արժեքները (1 տոննայի հաշվարկով)։  2015-ին 309,2  հազ. տոննա պղնձի խտանյութը Հայաստանից արտահանվել է 151,31 մլրդ դրամով։ Մեր հարցման պատասխանում ՀՀ ֆինանսների նախարարությունից նշված ցուցանիշը ներկայացրել են դրամով, մինչդեռ Մաքսային ծառայության հաշվետվությունները դոլարով են, համենայնդեպս՝ վերջին տվյալները, որոնցում ներկայացված են նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշները։ Եթե հիմք ընդունենք, որ 2015-ի 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքն, ըստ ԱՎԾ-ի, կազմել է 477,92 դրամ, ապա ստացվում է, որ նախորդ տարի Հայաստանից արտահանված պղնձի խտանյութի մաքսային արժեքը դրամից դոլարի վերածելիս կազմում է 316,6 մլն դոլար։ Նշենք, որ 2014  թվականին 185 հազ. տոննա պղնձի խտանյութն արտահանվել էր  236 մլն դոլարով։ Ստացվում է, որ 2014-ին 1 տոննան արտահավել է 1275 դոլարով, իսկ 2015-ին՝ 1020  դոլարով։ Գուցե, սա կոպիտ հաշվարկ է, բայց ամեն դեպքում ցույց է տալիս, որ արտահանվող պղնձի խտանյութի մեկ տոննայի արժեքը նվազել է։

Այսինքն՝ եթե պղնձի գինը չնվազեր, արատահանումից ստացվող եկամուտները շատ ավելի մեծ կլինեին։ Իսկ եթե Հայաստանն այս ծավալի պղնձի խտանյութ արտահաներ, ասենք, 2011-ին, երբ պղնձի գինն հատել էր 9 հազ.  դոլարի շեմն, ապա դա անկասկած մեծ օգուտ կտար Հայաստանի ամբողջ տնտեսությանը։ Իսկ, ըստ բնապահպանների, մեծ վնաս՝ բնությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter