HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Բախշյան. «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ստախոս կառույց է»

Մի  քանի օր առաջ կառավարությունում բենզինի գների մասին ՏՄՊՊՀ-ի  նախագահ Արտակ Շաբոյանի ներկայացրած հաշվետվությունն ուղղակի զարմանալի էր,   և  ես որոշեցի ուսումնասիրել այդ հանձնաժողովի կայքն ու ամբողջությամբ կարդալ կառավարությունում ներկայացրած հաշվետվությունը, վերջապես տեսնել, թե որքան հրապարակային ու թափանցիկ է աշխատում այս հանձնաժողովը:  Զարմանքս, ինչպես ասում են, ափեափ էր:

Իհարկե competition.am կայքում փնտրածս հաշվետվությունը չգտա, բայց  2015 թվականի ապրիլին հանձնաժողովի ընդունած 2014 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ հաշվետվության մեջ գտա հետևյալ նախադասությունը. «Հանձնաժողովի պաշտոնական կայք-էջի  դեռևս  նախորդ  տարվանից  սկսված  ծրագրային  վերազինման աշխատանքները գրեթե ավարտվել են, և արդեն իսկ բոլոր նորությունները, մամուլի հաղորդագրությունները, ինչպես նաև տեղեկատվական նյութերը հասանելի են հասարակությանը: Կայքը դարձել է առավել թափանցիկ, ավելացվել են մի շարք ենթաբաժիններ, որոնք հանրությանը տրամադրում են առավել մանրամասն ու ամբողջական տեղեկատվություն Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ»:

Համոզվելու համար,  թե որքանով է կայքը թափանցիկ  դարձել, էքսկուրսիա կատարեցի այնտեղ: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ  էջում վերջին նորությունը դրվել է 2015թ. հոկտեմբերի 10-ին: Մամուլի վերջին հաղորդագրությունը տարածվել է 2015թ. նոյեմբերի 27-ին:

ԱՅԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ վերնագրի  տակ առկա է «Հաշվետվություններ ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից  անցկացված ստուգումների և  ուսումնասիրությունների մասին» ենթավերնագիրը, որտեղ խայտառակություն է այն փաստը, որ երկու տարվա վերաբերյալ տեղադրված 2015, 2014 թ.թ. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հաձնաժողովի կողմից անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների մասին հաշվետվությունները նույն փաստաթղթերն են, որոնցից պարզ է դառնում, որ նույն  կազմակերպություններում իրականացրել են 7 ստուգում և 23  ուսումնասիրություն, բայց «Իրավական նորմեր, որոնց պահանջները չեն կատարվել»  և  «Նշում՝  բողոքարկման վերաբերյալ» սյունակների տակ դատարկ են ու հասկանալի չէ, թե ի՞նչ արդյունք են տվել այդ ստուգումներն ու ուսումնասիրությունները: Այսինքն՝ Շաբոյանը կամ կայքի պատասխանատուն չեն բացել ու չեն հետևել կայքին,  իսկ այնպիսի հաշվետվություն, որի մասին Շաբոյանը զեկուցեց կառավարության նիստում, նույնիսկ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ  էջում չկա:

Շարունակելով կայքի էքսկուրսիան՝ պարզում ենք, որ «Հակակոռուպցիոն միջոցառումներ» վերնագրի տակ բացվում է. «Կայքը գտնվում է վերագործարկման փուլում»,  «Բյուջե» վերնագրի տակ նույնպես գրվում է. «Կայքը գտնվում է վերագործարկման փուլում»:

«Վիճակագրություն» վերնագրի տակ վերջին գրառումը եղել է  «Ներածություն»,  12.02.2010 թվականին:

«Հիմնական ցուցանիշներ» վերնագրի տակ նույնպես գրվում է. «Կայքը գտնվում է վերագործարկման փուլում», «Գնումների հայտարարագրում» վերջինը՝ 29.04.2014թ, նույնպես գրվում է. «Կայքը գտնվում է վերագործարկման փուլում», «Գնումների պայմանագրեր» վերնագիրը ընդհանրապես չի արձագանքում:

«Քննարկվող հարցեր» էջը   09.02.2010թ.ից հետո չի թարմացվել, «Տեղեկատվություն մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներից» էջում վերջին տեղեկությունը դրված է 19.12.2013 թվականին:

 ՄԱԿ-ի  գնահատման 6-րդ  համաժողովում Հայաստանի վերաբերյալ «Փորձագիտական գնահատման զեկույց» էջը ընդհանրապես չի բացվում:

«Կայքի կանոնակարգ» էջը չի թարմացվել 2006 թվականից, մի՞թե անցած 10 տարում կանոնակարգային ոչ մի փոփոխություն չի եղել:

Այսպիսով, փաստենք, որ ՏՄՊՊՀ-ի կայքը, չնայած այդ նպատակով Եվրամիության Թվինինգ ծրագրի կողմից 2011-2013թթ. ծախսած 1.100.000 եվրո գումարներին, թափանցիկ ու հրապարակային չէ, ուրեմն  2014թ. հաշվետվության մեջ էլ կայքի թափանցիկության ու հրապարակայնության վերաբերյալ սուտ տեղեկություն են գրել: Այսինքն՝ 1.100.000 եվրո գումարի մեջ մաս է կազմել նոր կայքի ստեղծման համար ներդրումը, սակայն, որը, մեղմ ասած,   փոշիացվել է: Ստացվում է, որ գործ ունենք մի ստախոս կառույցի հետ, որին «վստահում» ենք Հայաստանի բիզնես միջավայրի առողջացո՞ւմը:

 Տեսնես Հայաստանում այդ ո՞ր կառույցն է վերահսկելու ու բացահայտելու այս հանձնաժողովի փոշիացումները՝  նախագահականի՞, թե՞՝  կառավարության:

Կրկին անդրադառնալով կառավարության վերջին նիստին բենզինի գների մասին Շաբոյանի չհրապարակած հաշվետվությանը՝ փաստենք, որ ոչ նախագահականի, ոչ կառավարության վերահսկողության մարմնին չի հուզում այս հանձնաժողովի յուրացումները բացահայտելը, որովհետև Շաբոյանը հլու-հնազանդ զեկուցում է այն, ինչ իրեն հանձնարարվում   է այդ կառույցներից, իսկ ինչո՞ւ այն հրապարակային չի դարձրել, որովհետև ինքն էլ է հասկանում, որ իր ասածին ոչ մեկը չի հավատում, դրա համար գրավոր ոչ մի տեղեկություն չի թողել:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter