HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Մարզպետին` ինչպես Աստծուն

Այն մասին, որ ես դեռեւս չեմ վաստակել Գեղարքունիքի մարզպետին գրությամբ դիմելու իրավունքը, ինձ հայտնի դարձավ օրերս: Ավելի քան երկու շաբաթ գրությանս պատասխանին սպասելուց հետո հեռախոսով դիմեցի Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանին՝ լռության պատճառը պարզելու համար: Միաժամանակ ցանկանում էի ասել, որ եթե մարզպետարանում պատշաճ թարմացնեն պաշտոնական կայքը եւ տեղադրեն պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվությունը՝ գրություններ ուղարկելու, իմ եւ իրենց համար լրացուցիչ աշխատանք ստեղծելու անհրաժեշտություն չի լինի:

Սեւակ Խլղաթյանն առաջինն ինձ դիտողություն արեց· «Ձեզ մոտ տնօրեն չկա՞, որ Դուք եք նամակ գրում մարզպետին, Դուք ՏԻՄ ծրագրերի ղեկավարն եք, չէ՞: Եթե Դուք եք գրում, ուրեմն մարզպետի անունով մի գրեք»:

Չգիտեի, որ մեծ հանդգնություն է Գեղարքունիքի մարզպետին գրավոր հարցում ուղարկելը: Հարկադրված դիմեցի, որովհետեւ մարզպետարանի պաշտոնական կայքում չգտա անհրաժեշտ տեղեկատվությունը, հասարակայնության հետ կապերի բաժինը զանգերիս չպատասխանեց, մնում էր գրությամբ ակնկալել հարցերիս պատասխանը:

Այնպես որ, մեղավորը դարձյալ աշխատակազմի ղեկավարն է: Նրա անհետեւողական աշխատանքի պատճառով մարզխորհրդի նիստերի արձանագրությունները չեն հրապարակվում կայքի համապատասխան բաժնում (այս բաժնում կրկնում են նիստի օրակարգը): Չի թարմացվել նաեւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված տեղեկատվություն տրամադրելու փոփոխված կարգը, տեղեկատվություն ապահովելու համար պատասխանատու անձի կոնտակտային տվյալները, տեղեկատվություն հայցելու ձեւը եւ այլն: Հատկապես, Գեղարքունիքի մարզպետարանը պետք է շատ ուշադիր լիներ այս հարցում, որովհետեւ մարզպետարանի չինովնիկների պատկերացումով՝ մարզպետն անհասանելի պետք է լինի մահկանացուներիս համար:

Մարզխորհրդի 2015 թ· դեկտեմբերի 25-ի նիստի օրակարգային հարցերից մեկը եղել է գյուղատնտեսական ցուցանիշների ամփոփումը: Մարզի բնակչությունը ցորենի սերմացուի դիմաց պարտքեր ունի գյուղնախարարությանը՝ միայն 2014 թ.-ին մարզի պարտքը կազմում է 10,2 մլն դրամ: «Ի՞նչ է արվում գումարները հավաքագրելու ուղղությամբ»,- հարցս պատասխան չունեցավ, որովհետեւ մարզպետարանի պատասխանն ստացա փետրվարի 1-ին, դիմելուցս երեք շաբաթ հետո, երբ հոդվածն արդեն հրապարակել էի:

Նույն հարցումը, նույն օրն ուղարկել էի նաեւ Լոռու մարզպետին՝ նրա էլեկտրոնային փոստին: Հարցումս ուղարկել էի դեռեւս հունվարի 13-ին եւ ակնկալում էի, որ գոնե 5 օր հետո կստանամ պատասխանը: Սակայն, ինչպես Գեղարքունիքի մարզպետարանի դեպքում էր, 5 օրը լրանալուց հետո մարզպետարանից կապվել էին խմբագրության հետ եւ հայտնել, որ գրությունն ստորագրված չէ, իրենք չեն պատասխանում անստորագիր հարցումներին: Հարցումս կրկնեցի հունվարի 19-ին՝ այս անգամ ստորագրված տարբերակով: Ավելի քան 10-ն օր սպասելուց հետո, հունվարի 29-ին, հարկադրված եղա զանգահարել նաեւ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին:

Մարզպետարանի քարտուղարը հայտնեց, որ նախորդ գրությունները չեն ստացել, որովհետեւ մարզպետի էլեկտրոնային փոստի հասցեն փոխված է: Այդ դեպքում, ինչպե՞ս են մարզպետարանում կարդացել առաջին գրությունս եւ առաջարկել ստորագրված ուղարկել այն: Ինչո՞ւ մարզպետարանի կայքում չեն թարմացվել էլեկտրոնային հասցեները: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը վերջին մեկ տարում մի քանի փոփոխություներ է կրել, ինչո՞ւ մարզպետարաններն իրենց կայքէջում չեն թարմացրել  տեղեկատվություն տրամադրելու նոր պահանջները: Ինչո՞ւ չեն լրացնում կայքէջի պարտադիր հրապարակման բաժինները:

Լոռու մարզխորհրդի 2015 թ· նոյեմբերի 27-ի նիստի օրակարգում ներառվել է նաեւ 2015 թ.-ին ցորենի սերմացուի բաշխման մասին հարցը, որով ես հետաքրքրված եմ: Հարցի վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է միայն. «Առաջարկվեց. «Անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել պարարտանյութի եւ սերմացուի տրամադրման նպատակով հավաքագրվող գումարների գանձման եւ մուծման ուղղությամբ»:

Մարզպետարանը փետրվարի 3-ին տրամադրած տեղեկատվության մեջ նշում է, որ 2014 թ. աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի պարտքը մատակարար կազմակերպությանը կազմում է  5 մլն 792,000 դրամ, որը գանձելու գործերը գտնվում է դատական վարույթի փուլում:

Մարզխորհրդի նիստերի արձանագրությունները բոլոր մարզպետարանները չէ, որ հրապարակում են: Սակայն, այն թարմացվելու դեպքում, հնարավոր է, տեղեկատվություն ստանալու համար հարցումներ ուղարկելու անհրաժեշտություն չլինի կամ կրճատվի դրանց քանակը: Հնարավոր է, որ մարզպետարաններում չեն տարբերակում օրակարգն արձանագրությունից, այդ դեպքում կարող են ուսումնասիրել Ազգային ժողովի կայքէջի համապատասխան բաժինը:

Ստացվում է, որքան շատ ենք միջոցներ ձեռնարկում տեղեկատվությունը մատչելի եւ հասանելի դարձնելու համար, այնքան դժվարանում է տեղեկատվություն ստանալը:

Մեկնաբանություններ (12)

Խլղաթյան Ս.
Այս ի՞նչ աղմուկ եք բարձրացրել այդ դուք չնչին էակներ և դեռ հանդգնել եք ինձ նման ՄԵԾՈՒԹՅԱՆԸ քննադատեք: Հապա չքվեք աչքիցս
Կամո
հազիվ Հրաչը մի կարգին բան ասավ,հավաքվեք մի խուլիգանի կեր ու խում կազմակերպեք.շիշը զարկենք ծառին ու վերջ դնենք գաղտնագրերով խոսալուն, ֆիզռուկ լից
Արտակ Բաղդասարյան
մարզպետ ունենք աշխարհը չունի
Չարենց
բորենիները դժգոհում են մարդկանց հարգանքից ու հաջողություններից
արմո
մարդկանց լավ աչքովա նայում
Հրաչ
էկեք խմենք
Քյավառ
բոլորն են հարկատուների հաշվին աշխատավաձ ստանում
Շեքսպիր
լինել թե չլինել,այս է խնդիրը
Գյուղացի
ժողովուրդ հարգեք իրար
Արմեն
մի կռվեք
Ալեքսանդր Մակեդոնացի
Մեծն Նաբուկոդոնոզոր մազպետ Քյավառա, հանդգնում են Ձեզ հարցումով դիմել... Ինչպիսի անպատեհություն, Ձերդ Գերազանցությանը, որ հանդգնել են Ձեր գավառական անդորրը քննել... Կարգի հրավիրեք ձեր լակեյին, նա հարկատուների հաշվին աշխատավարձ է ստանում... դու էլ
Գեւորգ
Վախտին տատս նամակ էր գրել Բրեժնեւին, թե հալ-հեքյաթ գազիս բալոնը փոխեցին, բայց շլանգը չմիացրին: Պատասխանեցին: Գազի մարդն էլ լաց ու թացով եկավ ու ներեղություն խնդրեց: Բայց դե Բրեժնեւն ուր - քյավառա մարզապետն ուր!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter