HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ինչպես է թուրքական արտադրության լոլիկը հայտնվում հայաստանյան խանութներում

2015թ. Հայաստանը Թուրքիայից, Իրանից, Վրաստանից, Նիդեռլանդներից և Հունաստանից ներմուծել է 37,4 տոննա լոլիկ: Նույն ժամանակահատվածում ներմուծվել է նաև 135 տոննա վարունգ` Իրանից, Թուրքիայից, Վրաստանից և Հունաստանից: 

Ֆինանսների նախարարության տրամադրած տեղեկության համաձայն՝ լոլիկ ներմուծել են «Ակնաձոր», «Արսուգրիգ», «Լիմոն» ՍՊԸ-ները, ինչպես նաև՝ «Վերա Շահնազարյան», «Արսեն Լալայան Սուրենի»  և «Ռոստոմ Հարությունյան Վարդանի» ԱՁ-ները: Լոլիկ ներմուծողների ցանկում կան նաև մի քանի անհատներ: 

«Ակնաձոր», «Արսուգրիգ», «Հովնարեկ» ՍՊԸ-ները, «Գևորգ Ղալումյան Արմենի», «Վերա Շահնազարյան» ԱՁ-ները, ինչպես նաև մի քանի անհատներ զբաղվում են նաև վարունգի ներկրմամբ:  

Ներկրված լոլիկն ու վարունգը շուկայում և սուպերմարկետներում բավականին էժան են վաճառվում, ինչը լուրջ վնաս է հասցնում հայ արտադրողներին: Գյուղացիները վարկեր են վերցնում, լուրջ ծախսեր են կատարում, ձմռան ամիսներին ջեռուցում են ջերմատները, սակայն իշխանական տանիք ունեցող մի քանի ընկերություններ, դրսից ներկրելով անհայտ բաղադրության լոլիկ ու վարունգ, տեղի արտադրողին դուրս են մղում շուկայից: 

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետներում վաճառվում է ներկրված լոլիկ: Որոշ արկղերի վրա թրքատառ մակնշում էր արված: Փորձեցինք տեղեկանալ, թե որ ընկերությունն է սուպերմարկետի ցանցին մատակարարում լոլիկը. այս հարցը մնաց անպատասխան: 

Ովքե՞ր են ներկրողները 

Լոլիկի և վարունգի խոշոր ներկրողներից է «Ակնաձոր» ՍՊԸ-ն: Ընկերությունը հիմնադրվել է 2008թ-ին և ամբողջությամբ պատկանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդուն՝  Նարեկ Սարգսյանին: 

«Ակնաձոր» ՍՊԸ-ն հիմնադրման օրվանից մինչև 2011թ. մայիս ամիսը պատկանել է Բալահովիտ գյուղի բնակիչ Կարեն Սարգսյանին: 2011թ.-ից այն արդեն Նարեկ Սարգսյանինն է: «Ակնաձորը» հարկային մարմնում գրանցվել է որպես մասնագիտացված խանութներում մրգերի և բանջարեղենի մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն:  

Նշենք, որ լոլիկի ու վարունգի ներկրմամբ այժմ զբաղվում է նաև «Ակնաձոր» ՍՊԸ-ի նախկին բաժնետիրոջ եղբայրը՝ Կարեն Սարգսյանը, բայց որպես ֆիզիկական անձ: 

«Հովնարեկ» ՍՊԸ-ն համեմատաբար նոր ընկերություն է: Հիմնադրվել է 2015թ. հունվարի 1-ին: Ընկերության միակ սեփականատերը երևանաբնակ Սուրեն Կիրակոսյանն է: «Հովնարեկ» ընկերությունը ևս զբաղվում է մրգերի և բանջարեղենի մեծածախ առևտրով: 

Ընկերության անունը հուշում է, որ նախագահի եղբորորդին կապ ունի նաև այս ընկերության հետ, թեև բաժնետերերի ցանկում նրա անունը չկա: Պարզվում է, որ «Հովնարեկ» ընկերության հիմնադիր Սուրեն Կիրակոսյանը և Նարեկ Սարգսյանը գործընկերներ են: 

Նրանց գործընկերությունը տարիների պատմություն ունի և նույնիսկ «դատական փորձության» ճանապարհով է անցել: Այսպես, 2012թ. թուրքական «Ալթայ» միջազգային առաքման և արտաքին առևտրի բաժնետիրական ընկերությունը հայցադիմում է ներկայացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Ակնաձոր» ՍՊԸ-ի, Սուրեն Կիրակոսյանի ու վերջինիս եղբոր՝ Արտակ Հովհաննիսյանի դեմ: Թուրքական ընկերությունը 173 805 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (71 628599 ՀՀ դրամ) բռնագանձելու պահանջ է ներկայացրել: Հետագայում հայցապահանջի չափը նվազեցվել է, և կողմերը կանգնել են 60 000 դոլարի վրա: 

Կողմերը կնքել են հաշտության համաձայնագիր, ըստ որի՝ «Ակնաձոր» ՍՊԸ-ն «Ալթայ» միջազգային առաքման և արտաքին առևտրի՚ բաժնետիրական ընկերության նկատմամբ համապարտ պարտավորությունը և դրա կատարումը փոխանցել է Սուրեն և Արտակ Կիրակոսյաններին: Վերջիններս պարտավորվել են թուրքական ընկերությանը փոխանցել 60 000 դոլար: 

«Արսուգրիգ» ՍՊԸ-ն ևս հիմնադրվել է 2008թ. և հիմնականում զբաղվում է մրգերի ու բանջարեղենի մեծածախ առևտրով: Ընկերության միակ մասնակիցը Հովհաննես Պողոսյանն է, ով, մեր տեղեկություններով, բարձրաստիճան ոստիկաններից մեկի ազգականն է: 

«Լիմոն» ՍՊԸ-ի հիմնադիրը գյումրեցի Իվան Թոսունյանն է: Ընկերությունը հիմնադրվել է 2013թ. և հիմնական գործունեությունը ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առևտուրն է: «Լիմոն» ՍՊԸ-ի իրավաբանական և գործունեության հասցեն Երևան քաղաքն է: 

Վարկ վերցնելու փոխարեն խորհուրդ է տալիս 2000 դրամով գնել օճառ ու կախվելու պարան 

Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը «Հետքի» հետ զրույցում ասում է, որ այս տարի ջերմոցատերերը, մտավախություն ունենալով, որ ձմռանը Թուրքիայից էժան լոլիկ կներմուծեն, իրենք լոլիկ չեն ցանել և սպասում են եղանակի տաքանալուն: 

«Գազը թանկ է, մարդիկ մտածում են հիմա ավելորդ ծախսեր չանեն ու չկարողանան բերքն իրացնել, քանի որ Թուրքիայից էժան պոմիդոր է գալիս: Մի քանի ջերմոց կա, որ հիմա պոմիդոր վաճառում է, բայց այդ մարդիկ վնասներ են կրում: Այսօր շուկան լիքն է թուրքական պոմիդորով»,-ասում է Պ. Գևորգյանը: Ըստ նրա, եթե 150-200 դրամ էլ թուրքական պոմիդորը էժան վաճառվի՝ տեղի ջերմոցատերերն արդեն վնասներ են կրում, քանի որ քաղաքացիները գնում են էժան ապրանքը: 

Պողոս Գևորգյանն ասում է, որ Հայաստանում գազի գինը թանկ է, ինչն իր հերթին ազդում է այս սեզոնին աճեցրած լոլիկի ինքնարժեքի վրա: Մյուս կողմից էլ՝ ներկրվում է էժան գյուղմթերք, արդյունքում հայ արտադրողը հայտնվում է փակուղում: 

«Ես տեղական արտադրողին առաջարկել եմ վարկ վերցնելու փոխարեն, որով գազի գինն են վճարում, ավելի լավ է 2000 դրամ ծախսեն մի պարան ու մի օճառ գնեն, դրանով  կախվեն, ամեն ինչ ավարտվի: Դրանով բոլոր խնդիրներից կազատվեն: Այսօր, իրոք, այդ վիճակն է»,-ասում է ասոցիացիայի նախագահը: 

Պողոս Գևորգյանը պատմեց, որ օրեր առաջ իրեն է զանգահարել Կոտայքի մարզի մի ջերմոցատեր և ասել, որ գազի պարտքի պատճառով անջատում են գազը և չգիտի, թե ինչպես պետք է փրկի 13 ջերմոցում աճեցվող բերքը ցրտահարությունից: 

«Պետք է մի օրենք, որոշում ընդունվի, որ ջերմատները մտնեն ռազմավարական օբյեկտների կազմի մեջ և գազը չանջատեն: Տեսեք, հերիք չի տնտեսվարողը չի կարողանում վճարել պարտքը, դեռ մի բան էլ ամեն չվճարած օրվա համար 0.15% տույժ են վճարում, սա, իրոք, լուրջ խնդիր է»,-ասում է Պողոս Գևորգյանը: 

Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահն ասում է, որ ջերմատներում գազի անջատման դեպքերի մասին տեղեկացրել է ՀՀ գյուղնախարարության պատասխանատուներին, սակայն ստացել է պատասխան, որ գազը մատակարարվում է մասնավոր ընկերության կողմից և իրենք որևէ կերպ չեն կարող միջամտել: 

Ըստ գյուղնախարարության` ներմուծման թվերը մեծ չեն 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանն ասում է, որ ներմուծման ծավալները փոքր են, և դրանք հիմնականում շուկա են ներթափանցում դեկտեմբերի վերջերից` նախատոնական օրերին և ձմռան ամիսներին: 

«Երբ մեր բերքը լուրջ քանակությամբ շուկա է մտնում, այդ խնդիրը գործնականում լուծվում է: Եթե հիմա ընդհանրապես արգելվի դրսից բանջարեղենի ներմուծումը, հակառակ հարցը պիտի առաջ քաշենք` սպառողն ինչպե՞ս պետք է իր պահանջները բավարարի: Բազմիցս հայտարարել ենք, որ  ձմռան ամիսներին տեղական արտադրանքը չի բավարարում ներքին պահանջարկը»,-ասում է Գառնիկ Պետրոսյանը: 

Նրա խոսքով` Հայաստանում լայն թափով զարգանում են ջերմոցային տնտեսությունները: Այսօր արդեն 85հա-ի հասնող ժամանակակից ջերմատներ են գործում, որոնք աստիճանաբար զարգանում են և կարող են շուկայի վրա ազդեցություն ունենալ: Իսկ փոքր ու միջին ջերմոցները հիմնականում դեկտեմբեր-փետրվար ամիսներին չեն շահագործվում, քանի որ ծախսերը շատ են` հատկապես ջեռուցման ուղղությամբ: 

Նրա տեղեկացմամբ` 2016թ. հունվարի 1-ից մինչ այս պահը ներմուծվել է 16 տոննա վարունգ, 23 տոննա լոլիկ: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում ներմուծվել է 38 տոննա վարունգ և 1 տոննա լոլիկ: Արտահանման ծավալներին կանդրադառնանք առաջիկայում: 

Անդրադառնալով տեղի ջերմատների խնդիրներին՝ Գառնիկ Պետրոսյանն ասաց, որ այս ամիսներին միշտ դժվարություններ են առաջանում: Ջերմաստիճանի կտրուկ անկման դեպքում անհամեմատ մեծանում են գազի սպառման ծավալները: Այս ամիսներին շատ քիչ քանակության բերք է հասունացած լինում, և իրացումը լուրջ եկամուտներ չի ապահովում: 

Գառնիկ Պետրոսյանը նշեց, որ մի քանի ջերմոցատերեր հարց են բարձրաձայնել, որպեսզի ձմռան ամիսներին արտոնություններ ունենան և սպառած գազի դիմաց վճարեն ավելի ուշ: Փոխնախարարի խոսքերով` Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահն անցյալ տարի այս հարցով դիմել է նախարարությանը, որպեսզի վերջինս միջնորդի վճարումների հետաձգման հարցում: Նախարարությունը գրավոր դիմել է «ՀայՌուսգազարդ» ընկերությանը և ստացել է պատասխան, որ տնտեսվարող սուբյեկտները պետք է վարկեր վերցնեն և կատարեն վճարումները, քանի որ իրենք ևս նմանատիպ խնդիրների առջև են կանգնած: 

«Շատ քաղաքակիրթ ձևով մերժվեց այն առաջարկությունը, որ արվել էր գյուղատնտեսության նախարարության կողմից»,-ավելացրեց Գ. Պետրոսյանը: 

Գլխավոր լուսանկարը` Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից 

Մեկնաբանություններ (3)

Nazaret
I just read an article that president gave a speech to government officials against corruption, let him set an example by his family members, let him read this article and than let him talk about fighting corruption. I am shocked why the Armenian press do not confront the president when he double talks, nobody left in Armenia with some guts.
Վաչե
Սպառողին առաջին հերթին հետաքրքրում է էժան գնումը և ֆինանսական սահմանափակ միջոցների խնայողությունը։ Այս սկզբունքը համահունչ է նաև շուկայական տնտեսության գաղափարաբանությանը։ Հնդվածագիրը շուկայական տնտեսության էություն ամբողջությամբ ներկայացնում է գլխիվայր շուռտված վիճակում։ Որպեսզի պաշտպանենք հայրենական արտադրողին եկեք ավելի թանկ լոլիկ ու վարունգ ոտենք, որպոսզի պաշտպանենք Ռուսաստանի շահերը , ավելի բարձր գնով բենզին ենք ներկրում Ռուսաստանից։ Իսկ ինչպես ենք պաշտպանելու սպառողների շահերը։ այդ ինչպես է պատահում, որ Թուրքիայից ներմուծված լոլիկը տրանսպորտային,հարկային, մաքսային ծախսերով հանդերձ ավելի եժան գնով է վաճառվում, քան տեղականը։ Իրականում պետք է լիներ ճիշտ հակառակը և երբեք խնդիր չեր առաջանա կապված ներկրման հետ։ Այնպես է ստացվում, որ Թուրքիայում լոլիկն ու վարունգը ընկնում են երկնքից և արտադրողները ոչ մի ծախս չեն կատարում։ Եթե ուզում ենք տեղական արտադրողին իրական, գործնական պաշտպանություն ցուցաբերել, ապա դա պետք է արվի պետական մակարդակով, հարկային֊վարկային քաղաքականությամբ, էներգակիրների, պարարտանյութերի գների իջեցման միջոցով, ոչ թե սպառողներին ուղղված անհեթեթ քարոզոզչությամբ, որ նրանք ավելի թանկ գնով առնեն տեղական արտադրանքը։ Առ այսօր ոչ մի հավաստի համեմատական լաբորատոր հետազոտություն չկա տեղական և ներմուծվող բանջարեղենների վերաբերյալ, որը զգալիորեն կկողմնորոշեր սպառողներին։ Ուրեմն քանի վիճակն այսպիսին է եկեք ոչ թե փնովենք այլ շնորհակալ լինենք Սամվել Ալոքսաննյանին և այն մարդկանց որոնք կարողանում են ավելի էժան բանջարեղեն և սննդամթերք ներկրել և վաճառել մեր սպառողին։
robert ajemian
This is so outrageous and proves that the criminal mafia that controls Armenia is only concerned with their greedy gains. This corruption is akin to a new genocide, this time at the hands of the Sargysyan clan.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter