HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ պաշտոնյա. «Այդ բեռը չենք թողնելու զինվորի ընտանիքի վրա»

Հայկական բանակում ընդամենը 45 օր ծառայած ու ծանր հիվանդության՝ սարկոմայի պատճառով զորացրված 21-ամյա Մայիս Գեղամյանը որոշ ժամանակ չի գնա Իրավաբանական քոլեջ ու աշխատանքի: Նա կրկին քիմիոթերապիայի կուրսեր է անցնում: Ծանր հիվանդությունը փորձում է գլուխ բարձրացնել: Բայց Մայիսն ու իր ընտանիքը պայքարում են:

«Հետքը» զրուցեց Մայիս Գեղամյանին բուժող օնկոլոգ Լևոն Բադալյանի հետ: Նրա խոսքով, նախկին զինվորի թոքի մեջ ուռուցքային կետերը վերացել էին թվով 7 քիմիոթերապիայի արդյունքում: Սակայն մեկ տարվա ախտադադարից հետո աճ է գրանցվել: «Առաջին անգամ հիվանդությունը շատ լավ ենթարկվեց բուժմանը, տեսնենք, թե երկրորդ անգամ ինչպես կհաջողվի գրոհել»,- ասաց բժիշկը՝նշելով, որ Մայիսն արդեն մեկ կուրս քիմիոթերապիա անցել է: Եվս մեկը նախատեսվում է:  

Ինչ վերաբերում է տվյալ հիվանդության համար արդյունավետ ու ժամանակակից դեղորայքի գներին, ապա օնկոլոգ Լևոն Բադալյանն ասաց, որ դրանք բավականին թանկ են: ««Նաիրի» կենտրոնը որոշ բարեգործական դեղորայքով կօգնի, կաջակցի նաև պաշտպանության նախարարությունը»,-ասաց բժիշկ Բադալյանը:

Գեղամյանները սոցիալապես անապահով պայմաններում են ապրում: Հայրը ոստիկանության մայոր է, թոշակառու, 2-րդ կարգի հաշմանդամ է, պարբերաբար մեկնում է արտագնա աշխատանքի, որ կարողանա հոգալ ընտանիքի կարիքները: Մայիսի քույրը` ուսանող է, եղբայրը զինվորական ծառայության մեջ է, տատիկը թոշակառու, մայրը չի աշխատում, խնամում է իրեն: Այս երկու տարվա ընթացքում ընտանիքում գոյացել են պարտքեր, վարկային պարտավորություններ:

Մայիս Գեղամյանի հայրը՝ Պետրոս Գեղամյանը

«Հետքը»  զրուցեց նաև  ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանի հետ: ՊՆ պաշտոնյան նշեց, որ Մայիս Գեղամյանը զինվորական հաշմանդամություն ունի, և բուժումները, հետազոտությունները կազմակերպել ու կազմակերպում են օրենքով նախատեսված կարգով Պաշտպանության նախարարի 410 հրամանի համաձայն:

«Մենք հույս ունենինք, որ այն քիմիոթերաիան, որ կատարվել էր, կկանխարգելի հիվանդության հետագա զարգացումները: Նորից KT հետազոտություն արեցինք: Թոքերում փոքրիկ օջախներ կային, որոշակի մեծացել են: Այս անգամ նույնպես միանշանակ աջակցությունը լինելու է, դրանում ոչ մի խոսք: Եվս մեկ կուրս պիտի արվի: Այդ բեռը չենք թողնելու զինվորի ընտանիքի վրա: Ընտանիքը այդ հնարավորությունը չունի»,- ասաց ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը: Նա ընդգծեց, որ ուղեգրի մեջ չի ներառվում այդ հիվանդության համար նախատեսված ժամանակակից ու արդյունավետ դեղամիջոցի գումարը, սակայն իրենք այդ հարցը կհոգան այլ ծրագրով:

Մայիս Գեղամյանն անցած ամռանը պետք է զորացրվեր բանակից, սակայն ողբերգական դեպքի հետևանքով հասցրել էր ծառայել ընդամենը 45 օր: Ծառայության 4-րդ օրը ստացած ծնկի վնասվածքի տեղում առաջացել էր սարկոմա, ինչը դարձել էր ոտքի ամպուտացման պատճառ: «Հետքը» 2014 թ-ի հոկտեմբերին գրել էր ոտքը կորցրած զինվոր Մայիսի մասին` հանդիպելով նրան «Նաիրի» ԲԿ-ում, որտեղ նա անցնում էր քիմիաթերապիայի կուրս: Զինվորը մեր տեսախցիկի միջոցով դիմել էր մարդկանց: Մայիսի կանչին արձագանքել էին բազմաթիվ քաղաքացիներ, պետական պաշտոնյաներ, ՀՀ պաշտպանության նախարարը, ռազմաբժշկական վարչության պետը, որոնք եղել էր Գեղամյանների տանը: Ֆինանսական աջակցություն էր ցուցաբերվել թե պաշտոնյաների, թե քաղաքացիների կողմից:

Մայիս Գեղամյանը քոլեջ ընդունվելիս

Մայիսը սովորում է ԱՆ Իրավաբանական քոլեջում, դեկտեմբերին հանձնել է առաջին կուրսի ավարտական քննությունները: Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն արձագանքել էր «Հետքի» «Հաշմանդամ դարձած զինվորն ուզում է սովորել բուհում ու աշխատանքի անցնել ԱԻՆ-ում» հոդվածին` զանգահարելով Գեղամյաններին ու առաջարկելով անվճար ուսումնառություն ԱՆ Իրավաբանական քոլեջում: Մայիսի երազանքն իրականություն էր դարձել: «Մայիսը Արուճից պարտաճանաչ գալիս էր դասի ու աշխատանքի մինչև հիվանդության նոր զարգացումը»,- պատմում էր Մայիսի հայրը ու նշում, որ քոլեջից տղային այցի են եկել քիմիոթերապիայի օրերին:

«Բուժումներս վերջացնեմ նորից դասի ու գործի եմ գնալու»,- ասում է Մայիս Գեղամյանը:  

Հ.Գ. Մայիս Գեղամյանի հոր` Պետրոս Գեղամյանի անունով դեռևս երկու տարի առաջ «ՎՏԲ-Հայաստան» բանկում բացվել է հաշվեհամար

AMD-16004103765804
USD- 16004103765805
EUR- 16004103765806
RUR- 16004103765807 

Մայիս Գեղամյանի մոր՝ Գայանեի համարն է՝ 093 81 88 04, հոր՝ Պետրոսի համարն է՝ 098 65 01 10

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter