HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տրանսֆերտների նվազման ուղին

2015 թվականին Հայաստանում ապրող շատ ընտանիքներ ավելի վատ են ապրել, քան 2014-ին։ Խոսքն այն ընտանիքների մասին է, որոնց ապրուստի հիմնական միջոցը արտագնա աշխատանքի մեկնած հարազատների ուղարկած փողերն են։

Դրսում աշխատանք փնտրող հայերի մեծ մասն այն գտնում է Ռուսաստանում։ Կամ էլ չեն փնտրում՝ միանգամից են մեկնում այդ երկիր։ Նախորդ տարի ռուսական ռուբլին ամերիկյան դոլարի նկատմամբ զգալի արժեզրկվեց։ Դա մեծ բացասական ազդեցություն ունեցավ Ռուսաստանում աշխատող հայերի վաստակած գումարի վրա։ Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների՝ 2015-ին արտերկրից Հայաստան կատարված ոչ առևտրային բնույթի մասնավոր տրանսֆերտները 2014-ի համեմատ կրճատվել են ավելի քան 520 մլն դոլարով՝ կազմելով 1 մլրդ 208,47 ԱՄՆ դոլարին համարժեք գումար։ Դրանք այն փոխանցումներն են, որոնց նպատակը ընթացիկ կարիքների բավարարումն է, ինչպես նաև՝ աշխատանքի դիմաց արտերկրից ստացված (վճարված) աշխատավարձը: Այդ գումարը Հայաստան է ուղակվում հիմնականում Ռուսաստանից։ Նախորդ տարի այս երկրից ուղարկված փողը պակասել է 518 մլն դոլարով՝ ավելի քան կես միլիարդ դոլարով։

Կենտրոնական բանկն արտերկրից բանկային փոխանցումների վերաբերյալ ներկայացնում է նաև մեկ այլ ցուցանիշ՝ ընդամենը փոխանցումները, որոնք ընդգրկում են ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված բոլոր փոխանցումներն` անկախ դրանց բնույթից: 2015-ին դրանց ծավալը կազմվել է մոտ 1 մլրդ 623,6 մլն դոլար։ 2014-ի համեմատ այս ցուցանիշը ևս նվազել է կես միլիարդ դոլարով։

Վերջին 10 տարիներին Ռուսաստանից Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտների ծավալներն անընդհատ աճել են: Բացառություն է եղել միայն 2009 թվականը, ինչը պայմանավորված էր համաշխարհային տնտեսական ճգնաժամով: Նվազում սկսեց արձանագրվել նաև 2014-ի կեսերից։ Դա այն ժամանակ էր, երբ ռուսական ռուբլին արժեզրկման ճանապարհն էր բռնել։

Ոչ առևտրային նպատակներով Հայաստան կատարված տրանսֆերտների վերջին 10 տարիների դինամիկան ունի հետևյալ պատկերը.

Այլ երկրների շարքում են դասվում հիմնականում Գերմանիան, Ֆրանսիան, Ղազախստանը, Ուկրաինան, Իսպանիան, ԱՄԷ-ը, Չինաստանը և Թուրքիան։

Ռուսական նավթը 2015-ին 47,5%-ով էժանացել է, իսկ ռուբլին՝ արժեզրկվել. տրանսֆերտների նվազման պատճառը

Ռուսաստանից Հայաստան կատարվող մասնավոր տրանսֆերտների և նավթի համաշխարհային գների միջև անուղղակի կապ կա։ Ռուսաստանի տնտեսությունը մեծ կախում ունի նավթի համաշխարհային գներից, քանի որ մեծ ծավալի եկամուտներ է ստանում դրա արտահանումից և ուղարկում բյուջե։ Ուստի՝ երբ համաշխարհային շուկայում նավթի գները նվազում են, թուլանում է այդ երկրի տնտեսությունը, պակասում դոլարի քանակն ու արժեզրկվում ռուբլին։ Իսկ այնտեղ ապրող հայաստանցիներն էլ, փաստորեն, հարազատներին ուղարկում են արժեզրկված ռուբլի։ Նավթի համաշխարհային գները նվազել են ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից՝ ատոմային ծրագրերի հետ կապված Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման ֆոնին։ Սպասվում է, որ այս երկիրը կտրուկ կավելացնի առաջարկը նավթի համաշխարհային շուկայում։

Որպեսզի ասվածն ավելի հասկանալի լինի, ներկայացնենք կոնկրետ ցուցանիշներ։ Ռուսական Urals տեսակի նավթի միջին գինը մեկ բարելի դիմաց 2015 թվականին հասել է 51,23 դոլարի։ 2014-ին միջին գինը կազմել է 97,6 դոլար։ Այդպիսով, ռուսական նավթը մեկ տարում 47,5%-ով էժանացել է։ Այս մասին ռուսաստանյան ԶԼՄ-ին վերջերս հայտնել է ՌԴ ֆինանսների նախարարությունը։ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն էլ հայտարարել է, որ 2015 թվականը ՌԴ տնտեսության համար ամենածանր տարին է եղել վերջին 10 տարում։

Ըստ BBC-ի ռուսական ծառայության հաշվարկների՝ 2014 թվականի սկզբից մինչև 2015-ի վերջը, այսինքն՝ 2 տարում, ռուսական ռուբլին ամերիկյան դոլարի նկատմամբ արժեզրկվել է մոտ 53%-ով։

Ստացվում է, որ երբ նավթի գինն ընկնում է, ռուբլին դոլարի նկատմամբ արժեզրկվում է, իսկ հայկական դրամի նկատմամբ՝ արժևորվում։ Երբ նավթի համաշխարհային գները բարձրանում են, ռուսական ռուբլին անմիջապես արձագանքում է դրան։ Այս տարվա հունվարի 20-ից հետո մի քանի օրով նավթի գինը համաշխարհային շուկայում 28 դոլարից բարձրացավ մինչև 31-33 դոլարի: Ռուսական ռուբլին անմիջապես արժևորվեց դոլարի նկատմամբ՝ 82-84 ռուբլուց նվազեց մինչև 77 ռուբլու: Այդ ընթացքում Հայաստանում բարձրացավ ռուբլու գինն ու հասավ մինչև 6,1 դրամի, որոշ փոխանակման կետերում՝ մինչև 6,2 դրամի։ Բայց սա ընդամենը մի քանի օր տևեց, քանի որ նավթը կրկին էժանացավ և իջավ 30 դոլարի մակարդակից։

Բացի այդ ռուսական ռուբլու դիրքերի թուլացման վրա ազդեցություն են ունեցել նաև Արևուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ ԵՄ-ն և ԱՄՆ-ն մեղադրեցին, թե Ռուսաստանն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել Ուկրաինայում տնտեսական և քաղաքական ճգնաժամի հաղթահարման համար: 2014-ի կեսերին ԵՄ-ն և ԱՄՆ-ն, առանձին ֆիզիկական անձանց և ընկերությունների նկատմամբ սանկցիաներից բացի, սկսեցին ՌԴ տնտեսության դեմ խոշոր սանկցիաներ կիրառել: Իսկ Ռուսաստանը սահմանափակեց սանկցիաներ կիրառող երկրներից արտադրանքի ներմուծումը:

Այս ամենը գրում ենք ցույց տալու համար նավթի գին-ռուբլու փոխարժեք-Հայաստան ուղարկվող տրանսֆերտներ կապը։ Դրան էլ գումարվել Ռուսաստանում աշխատող հայերի աշխատավարձերի ուշացումներն ու կրճատումները։ Արդյունքում, 2015-ին Ռուսաստանից Հայաստան ուղարկվող տրանսֆերտների և ծավալն է նվազել, և արժեզրկված ռուբլի է ուղարկվել։ Այլ խոսքով՝ տրանսֆերտների արժեզրկված հոսք է եղել դեպի Հայաստան:

Տրանսֆերտների նվազումը՝ ՀՀ ներքին առևտրաշրջանառության անկման պատճառ

Այդ կես միլիարդ դրամի բացը արտագնա աշխատանքի մեկնածների՝ Հայաստանում ապրող ընտանիքներն ամիջապես են զգում։ Հատկապես այն ընտանիքները, որոնք եկամտի այլ աղբյուրներ չունեն։ Դա ազդում է թե տնտեսական ատիվության և թե երկրում ընդհանուր գնողունակության վրա։ Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն ակնհայտ փաստում է, որ մարդկանց գնողունակությունը 2015-ին նվազել է։ Ըստ ՀՀ ԱՎԾ-ի՝ նախորդ տարի Հայաստանում ներքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը 8%-ով նվազել է 2014-ի համեմատ։ Իսկ երբ մարդիկ քիչ են առևտուր անում, դա կամ նշանակում է, որ նրանց գնողունակությունն է ընկել, կամ՝ կուտակում են գումարն ու ավելացնում իրենց խնայողությունները։ Հայաստանի ներկա տնտեսական վիճակի պայմաններում նշված երկրորդ տարբերակը քաղաքացիների գերակշիռ մասի համար ճոխություն է։ Այնպես, որ առևտրաշրջանառությունը նվազման հիմնական պատճառը գնողունակության անկումն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter