HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի՛ նվաստացրեք թոշակառուներին, նրանք վաստակել են այդ թոշակը

«Հայփոստի» Գառնիի բաժանմունքում կենսաթոշակառուները ժամեր շարունակ մի ոտքից մյուսին հենվելով, իսկ ավելի հաճախ, ձեռնափայտին հենված, մի կերպ ոտքի վրա կանգնելով սպասում են իրենց հերթին: Թոշակը վճարում են բաժնի երկու աշխատակիցները, որոնցից մեկն օրերս է նշանակվել եւ դժվարությամբ է գործն առաջ տանում: Հետեւաբար, փոքր սրահում գնալով մեծանում է սպասողների թիվը, տեղաշարժվելը դառնում է անհնարին, շատերն էլ չդիմանալով հեղձուկին գերադասում են դրսում սպասել կամ հեռանալ:

Հավաքվածների տրտունջ-առաջարկին՝ գործընթացն արագացնելու համար ներգրավել նաեւ բաժանի մյուս աշխատակցին, բաժանմունքի երիտասարդ տնօրեն Շուշանիկ Բաբայանը համառորեն մերժում է: Ներկաների դժգոհություններին նա պատասխանում է· «Գնացե՛ք, մեր փոստատարը կբերի տուն: Մենք իրավունք ունենք կենսաթոշակը վճարել քսան օրվա ընթացքում: Առայժմ փոստում ենք բաժանում»:

Երկու եւ կես ժամ սպասելուց հետո փոստատարը հայտարարում է, որ գումարը սպառվել է, վաղը կարող են գալ:

Հաջորդ օրը դարձյալ մեծ հերթ է: Մոտ մեկ եւ կես ժամ սպասեցնելուց հետո տնօրենն իր մոտ է կանչում փոստատար Գոհարին: Վերադառնալով վերջինս տեղեկացնում է, որ այլեւս գրասենյակում չի բաժանելու, բացակա թոշակառուների թոշակը պետք է հասցնի տները: Ներկա գտնվողները զարմանքից ու վիրավորանքից նախ շվարում են, ապա պահանջում, որ նախ իրենց կենսաթոշակը վճարի, հետո գնա, չէ որ արդեն ժամեր իրենց հերթին են սպասում: Բացի այդ, մարդիկ կան, որոնք մի քանի օր հերթ են կանգնել ու ձեռնունայն վերադարձել:

Փոստատարը դուրս է գալիս շենքից, մյուսները՝ նրա հետեւից: Փոստի ետնաբակում փոստատարը շարունակում է կենսաթոշակ վճարել, թոշակառուները հիմա էլ այստեղ են հերթ կանգնում: Մոտենում եմ եւ ունկնդիր դառնում ներկաների բողոքին, թե ինչպես է այդքան երիտասարդ կինը (նկատի ունեն տնօրեն Շուշանիկ Բաբայանին, որը 22-23 տարեկան կլինի) նման անհարգալից ու կամայական վերաբերմունք դրսեւորում հաշմանդամ, ձեռնափայտին հենված ժամեր շարունակ մի կերպ իրենց ոտքի վրա պահող ծեր տատիկ-պապիկների նկատմամբ, վազեցնելով գրասենյակի շուրջը: Սա դեռ հարցի բարոյական կողմն է:

Փոստատար Գոհարին հարցնում եմ, թե ինչո՞ւ լքեց իր աշխատասեղանը եւ փողոցում է շարունակում աշխատանքը, պատասխանում է, որ տնօրենի հանձնարարականն է կատարում: Ի՞նչ բացատրություն տալ տնօրենի՝ իր աշխատակցին տրված հրահանգին, դուրս գալ գրասենյակից եւ առանց որեւէ վերահսկողության կամ ուղեկցողի, գումարը ձեռքում բռնած փողոցում «սպասարկել» մարդկանց: Առհասարակ, եթե իրավունք ունի փոստի բաժանմունքից դուրս նման գործառույթ իրականացնել, էլ չեմ խոսում աշխատողի անձի անվտանգության, գումարի անձեռնմխելիությունն ապահովելու մասին:

Վճարվող յուրաքանչյուր կենսաթոշակի մանրադրամից առնվազն 200-300 դրամի չափով պետք է թողնվի որպես «թեյավճար»: Եվ դա այնքան նորմատիվային է, որ նույնիսկ պահանջելու դեպքում էլ չի վճարվում: Այս օրինազանցությունը եւս տնօրենի կամայական ամենաթողությամբ է կատարվում:

Նորաթուխ տնօրենուհին, հավանաբար, մոռանում է, որ ինքն է պատասխանատու թե՛ գումարի վերահսկման ու անվտանգության, թե՛ դրա բաշխման գործընթացի համար: Եվ դա զարմանալի չէ, քանի որ չունի ո՛չ համապատասխան կրթություն, ո՛չ այդ բնագավառում աշխատելու տեւական փորձ, եւ ոչ էլ մարդկանց հետ շփվելու ու բարեկիրթ սպասարկելու կուլտուրա:  

Մետաքսե Պետրոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter