HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երեք ամսվա համար 800 միլիոն դրամ՝ «Սեքյուրիթի Դրիմ»-ին

Ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության համակարգերի շահագործման և սպասարկման 2016թ. առաջին եռամսյակի գումարը կազմում է 800 միլիոն դրամ: 2016թ. հունվարի 12-ին այսպիսի համաձայնագիր է կնքվել ՀՀ ոստիկանության և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի միջև:

Նշենք, որ դեռևս 2011թ. հունիսի 13-ին ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը, հանդես գալով պետության անունից, երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության համակարգերի ձեռքբերման պետական գնման պայմանագիր է կնքել «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի հետ: Պայմանագիրը կնքվել է մինչև 2036թ. դեկտեմբերի 30-ը:

Ընկերությունը ձեռք է բերում երթևեկության արագության, կարմիր լույսի, երթևեկության մշտադիտարկման, մասնավորապես՝ հանդիպակած երթևեկելի գոտի դուրս չգալու կանոնի, կանգառի և կայանման կանոնների, ճանապարհային նշանների, գծանշումների պահանջները չկատարելու  նկատմամբ վերահսկողության համակարգերը և որպես սեփականություն հանձնում է ՀՀ ոստիկանությանը:

«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն 2011թ-ից սկսած, փուլային տարբերակով, պետք է ոստիկանությանը հանձնի նվազագույնը թվով 195 միավոր երթևեկության արագության, 240՝ մշտադիտարկման և 90 միավոր կարմիր լույսի առկայությամբ երթևեկության նկատմամբ վերահսկողության համակարգեր:

Նշենք, որ երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության համակարգերի շահագործման և սպասարկման գումարը կազմում է 1 մլն 231 հազար 235 եվրո, արագության չափման, նկարահանման և արձանագրման տեսախցիկների 1 հատն արժե 22 հազար 390 եվրո, դիտարկման տեսախցիկներինը՝  5 հազար 177 եվրո, իսկ կարմիր լույսի ազդանշանի նկատմամբ վերահսկողության համակարգի մեկ կոմպլեկտն արժե 24 հազար 755 եվրո:

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը 2016թ. Երևան քաղաքում և միջպետական ճանապարհներին տեղադրելու է թվով 20 հատ կարմիր լույսի առկայությամբ երթևեկության նկատմամբ վերահսկողության համակարգեր, իսկ 2017-ին՝ ևս 20-ը:

Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից ընկերությունը պարտավորվել է 5 տարվա ընթացքում ապահովել նշված համակարգերի միջոցով հայտնաբերված խախտումներով վարչական իրավախախտման արձանագրության և որոշումների ավտոմատ տպումը:

Պայմանագրի գործողության ընթացքում համակարգերի գինը կազմում է 9 մլն 849 հազար 562 եվրոյին համարժեք դրամ: Ոստիկանությունը «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը վճարում է ամսական կտրվածքով՝ վերը նշված համակարգերով արձանագրված իրավախախտումների արդյունքում փաստացի գանձված գումարներից՝ տոկոսային համամասնությամբ: Վճարվելիք գումարը չի կարող գերազանցել փաստացի գանձած գումարների 70%-ը: Գումարները հատկացվում են ճանապարհային ոստիկանության արտաբյուջեից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter