HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կարևորը ցանկությունն է, ջանքերն ու կանգ չառնելը»

Գրիգորը, ում ընկերները Գրիգ են ասում, շատ է ճամփորդել, եղել է տարբեր երկրներում, մասնակցել է մի շարք ծրագրերի ու  հասկացել, որ հաջողության կարող ես հասնել ցանկացած վայրում, լինի դա Աֆրիկան, Եվրոպան, թե Հայաստանը:

«Կարևորը  ցանկությունն է, ջանքերն ու կանգ չառնելը։ Ոչ միշտ է, երբ շուրջդ մարդիկ են, ովքեր քեզ խրախուսում են, քաջալերում, բայց այդ դեպքերում ես ավելի մոտիվացված եմ լինում իմ գաղափարները առաջ տանելու և իրագործելու հարցում: Ես, առհասարակ, ինքնամոտիվացվող եմ,  իսկ դրա համար շատ եմ կարդում: Անընդհատ ձգտում եմ ինքնակատարելագործվել ու  քիչ եմ համարում այն, ինչ գիտեմ»,-ասում է Գրիգը:

Գրիգը դեռ Ֆրանսիական համալսարանի երրորդ կուրսում է, կառավարման բաժնում է սովորում:  Դասերից զատ նաև մասնագիտական գրքեր է կարդում, իսկ դրանից զատ հասարակական գործունեությամբ  զբաղվում։ «Յոթ տարի կամավորություն եմ արել, միշտ հետաքրքրված եմ եղել երիտասարդական ծրագրերով: Հետո սկսեցի ֆորումների մասնակցել: Ծաղկաձորում դրանցից մեկի ժամանակ  հանդիպեցի Արթուրին: Մենք նույն սենյակում էինք: Մեզ ի՞նչ էր մնում՝ խոսել ու գաղափարներ փոխանակել: Երկուսս էլ պարզեցինք, որ բոլոր ֆորումները միատեսակ են, գրեթե նույն բովանդակությամբ ու կառուցվածքով: Ու հենց այդտեղ էլ որոշեցինք բացել մեր հասարակական կազմակերպությունն ու կոտրել միօրինակությունը: Ուզում ենք ներգարվվել նաև մարզերի երիտասարդներին: Ծրագրեր անել հենց այնտեղ:

Համախմբված երիտասարդական միությունը ( United Youth Union) մարտից սկսեց իր գործունեությունը: Սկզբում բյուրոկրատական հարցերով էինք զբաղվում: Իրականում այդքան էլ հեշտ չէր. մի պատուհանի օրենքը չի գործում, ու երբ գնում ես այդ մի պատուհանի մոտ, պարզվում է՝ պետք է ուրիշ տեղից էլ թուղթ բերես, հետո մի ուրիշ թուղթ …»,-պատմում է Գրիգը:

Գրիգն ասում է, որ կազմակերպությունը ամռանը պասիվ էր, որովհետև մոտ երկու ամիս բացակայեց երկրից. մասնակցում էր միջազգային ծրագրի. «Այստեղ շատ բան սովորեցի, շատ կապեր ձեռք բերեցի: Հասկացա, որ ինձ նման են նաև մյուսները, ովքեր իմ երկրից չեն, ուրիշ լեզվով են խոսում և այլ մաշկի գույն ունեն: Հիմա շատ արտասահմանցի  ընկերներ ունեմ, ովքեր դարձել են նաև գործընկերներ»:

Գրիգից անպակաս են  ճամփորդական արկածները. ավտոբուսից և ինքնաթիռից ուշանալը: Բայց դրանք նրա համար իրավիճակներ էին, որոնցից պետք էր դուրս գալ.  «Միշտ կան մարդիկ, ովքեր քեզ կօգնեն, պետք է ուղղակի վստահելի լինել: Երբ Իտալիայում իջա ինքնաթիռից և պետք է գնացք նստեի, պարզվեց տոմս չունեմ, իսկ քարտս արգելափակվել է նորը գնելու համար: Սարսափելի խուճապի մեջ էի, հետո ուշքի եկա, խնդրեցի մի իտալացու, որ ինձ համար տոմս գնի, հենց հասնենք գումարը կվերադարձնեմ: Հաջողվեց։  Շուտով Էլիտ Պլազա հյուրանոցում կլինի մեր «Առաջին մարկետինգային ֆորումը», բավական մեծ ծավալի բան ենք կազմակերպել, շատ դիմումներ ունենք: Սա հենց այն է, ինչին նախկինում ես չեմ մասնակցել.  հնարավորություն անհատապես խոսելու մասնագետների հետ, ստանալ օգտակար ու օգտագործվող մարկետինգային գիտելիքներ, ու  թե ինչպես դրանք օգտագործել Հայաստանի պայմաններում, դե ծանոթություններն ու ընկերներ ձեռք բերելը չեմ ասում»:

Մի բան էլ է ավելացնում.- «Որքան շատ ես լինում դրսում, էնքան շատ ես ուզում մնալ քո երկրում»:

Ազատուհի Խաչատրյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter