HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ծխախոտի արտադրությունը Հայաստանում աճում է

Հայաստանում մշակող արդյունաբերության ընդհանուր անկման ֆոնին սիգարետի արտադրության աճը 2015 թվականին չի դադարել։

Դրա մասնաբաժինը Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտում  եթե չասենք մեծ է, ապա՝ զգալի է։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ)՝ նախորդ տարի այն կազմել է  11,6%:  Այս ցուցանիշը գնալով աճում է։ 2014-ին 7,6% էր։ Համեմատության համար՝ նախորդ տարի մշակող արդյունաբերության  ամենամեծ մասնաբաժինը զբաղեցրել է սննդի արտադրությունը՝ 35%: Սննդից հետո, ծխախոտի արտադրությունն իր մասնաբաժնով զիջում է միայն խմիչքի և հիմնային մետաղների արտադրությանը։

2015-ին սիգարետի արտադրության ընդհանուր ծավալը 2014-ի համեմատ 43,1%-ով աճել է։ Չնայած աճի տեմը թուլացել է, հաշվի առնելով, որ 2014-ին աճը կազմել էր 65,3%, սակայն ցուցանիշը տնտեսության համար գոհացնող։

Նախորդ տարի արտադրվել է  18,277 մլրդ հատ սիգարետ (սիգար, սիգարիլլա)։ Այդպիսով, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը Հայաստանում կազմել է  94,935 մլրդ դրամ (2014-ի համեմատ աճը՝ 49,1%):

Վերջին 5 տարում ծխախոտի արտադրության ծավալներն Հայաստանում նշանակալի տեմպերով են աճել։

Այս ցուցանիշները Հայաստանի տնտեսության համար կարևոր են հատկապես այնքանով, որ արտադրված սիգարետի շուրջ 80%-ն (երբեմն՝ ավելին) արտահանվում է։

Հետևաբար արտադրության ծավալների ավելացմանը զուգահեռ աճել է նաև Հայաստանից սիգարետի արտահանումը։ 2014  թվականին, օրինակ, Հայաստանում արտադրվել է 12,774 մլրդ հատ սիգարետ, որից 10,676 մլրդ հատն արտահանվել է։ Իսկ 2015-ի տարեկան ցուցանիշները Մաքսային ծառայությունը դեռ չի հրապարակել։ Հայտնի է միայն առաջին  կիսամյակի պատկերը։ Ըստ ԱՎԾ-ի՝   2015-ի հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 7,67 մլրդ հատ սիգարետ։ Իսկ ՀՀ մաքսային ծառայության տվյալներով՝ նույն ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել է  մոտ 6,528 մլրդ հատ սիգարետ (սիգար, սիգարիլլա)։  Այդ վեց ամսում արտահանված սիգարետի մաքսային արժեքը կազմել է 71,458 մլն դոլար ( 2014-ի առաջին կիսամյակում արտահանվել է 4,644 մլրդ հատ՝ 50,192 մլն դոլարով)։  

Հայաստանում ծխախոտի հումքի մթերմամբ, վերամշակմամբ և սիգարետի արտադրությամբ զբաղվող երեք խոշոր ընկերություն կա` «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկություն, ՍՊԸ-ն, «Ինտերնեշնլ Մասիս Տաբակ» ՍՊԸ-ն և «Մասիս Տոբակո» ՍՊԸ-ն: Դրանք երեքն էլ պատկանում են   «Գրանդ Հոլդինգ» կոորպորացիային։ Ըստ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՀՀ ՏՄՊՊՀ)՝ ծխախոտի շուկայում այս երեք ընկերություններից ամենամեծ մասնաբաժինը պատկանում է «Գրանդ Տոբակո»-ին:

Երբ նախորդ տարվա նոյեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց «Մասիս Տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»  ընկերություններ (այցին ներկա էին նաև լրագրողներ), նրան տեղեկացրին, որ  2015 թվականին  «Գրանդ Հոլդինգ»-ի ընկերություններն ավելացրել են սիգարետի և արտադրանքի, և արտահանման ծավալները։ Թե կոնկրետ որքանով է ավելացել սիգարետի արտահանումը Հայաստանից, կիմանանք, երբ Մաքսային ծառայությունը հրապարակի տարեկան ցուցանիշները։

Նշենք, որ Հայաստանից ծխախոտ արտահանվում է 20-ից ավելի երկրներ։ Արտահանման հիմանական ուղղություններն են Միջին Արևելքի, եվրոպական և ԱՊՀ երկրները։ Վերջին տարիներին մեծ է դեպի Իրաք և Սիրիա առաքվող հայկական սիգարետի ծավալները։ Գնորդներ են նաև Վրաստանը, Ռուսաստանը, ԱՄԷ-ն, Թուրքմենստանը և այլն։

Հայաստանը սիգարետ նաև ներմուծում է։ Ներմուծման ծավալներին, դինամիկային ու ներմուծողների դիրքերին կանդրադառնանք առանձին հոդվածով։

Այժմ տեսնենք, թե պետությանն ինչ ծավալի հարկեր են վճարել  սիգարետ արտադրող երեք ընկերությունները։

«Գրանդ Տոբակո»-ն Հայաստանի  8-րդ ամենախոշոր հարկատուն է

Հայաստանում սիգարետ արտադրող երեք խոշոր ընկերությունները ներառված են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում։

Ինչպես նշեցինք, ամենախոշորը «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկություն է։ 2015  թվականին այս ընկերությունը ՀՀ պետբյուջե է վճարել մոտ 13,7 մլրդ դրամ։  2014-ի համեմատ հարկերի ծավալն ավելացրել է մոտ 3,235 մլրդ դրամով։ Թե նախորդ տարվա, թե  2015-ի արդյունքներով՝ «Գրանդ Տոբակո»-ն Հայաստանի  8-րդ ամենախոշոր հարկատուն է։

Մյուսը  «Ինտերնեշնլ Մասիս Տաբակ»-ն է։ Նախորդ տարվա տվյալներով՝ պետությանը վճարել է մոտ 7,24 մլրդ դրամի հարկ՝ մոտ  1,347 մլրդ դրամով ավելի, քան 2014-ին։ 2015-ին բարձրացել է 1 հորիզոնականով և զբաղեցրել 14-րդը։

Իսկ «Մասիս Տոբակո»-ի վճարած հարկերի չափն ավելի համեստ է և բավականին նվազել է մեկ տարում։  Նախորդ տարի այս ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում գրավել է 251-րդ տեղը՝ վճարելով մոտ 472 մլն դրամի հարկ։ 2014-ի համեմատ այս ընկերության  հարկերի ծավալը նվազել է 752,5 մլն դրամով։

Այսպիսով, Հայաստանում սիգարետ արտադրող երեք խոշոր ընկերությունները միասին 2015 թվականին պետությանը վճարել են 21,41 մլրդ դրամի հարկ՝ 2014-ի մոտ 17,6 մլրդ դրամի դիմաց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter