HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ինչ անել Մոսկվայի և Կարսի դավադրական պայմանագրերի հետ

Որևէ հիմք չկա հավատալու, որ Ռուսաստանը կգնա Թուրքիայի հետ 1921 թվականի ի մարտի 16-ի կնքված ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը լուծարելու քայլին։ Դրա առաջարկն օրերս Պետդումայի կոմունիստ պատգամավորները բաց նամակով արել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին, ինչը հայաստանյան որոշ ոգևորված շրջանակների թուլ է տվել եզրակացնելու, թե Ռուսաստանում այդ հարցի շուրջ լուրջ քննարկումներ են սկսվել։

Նախ՝ դա առանձին պատգամավորների նախաձեռնություն է, որն արտահայտում է բացաապես նրանց կարծիքը։ Երկրորդ՝ դեռ 2015թ․ դեկտեմբերին ՌԴ Պետդումայի «Արդար Ռուսաստան» խմբակցությունը շրջանառության մեջ էր դրել Հայոց Ցեղասպանության փաստի ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին մի օրինագիծ, որը, սակայն, մնացել է ռուսական խորհրդարանի գզրոցներում և անգամ խորհրդարանական քննարկման չի ներկայացվում։ Եթե Ռուսաստանն իսկապես Թուրքիային պատժելու և նրա հետ առճակատումը խորացնելու նպատակ ունենար, ապա առաջին հերթին հենց այդ օրինագծին պետք է ընթացք տար։ Եթե դա տեղի չի ունենում, նշանակում է Կրեմլում մտածում են լրիվ հակառակ՝ այսինքն ռուս-թուրքական ճգնաժամից առանց վարկանիշային ու քաղաքական կորուստների, դեմքը պահպանած դուրս գալու, քան կոնֆրոնտացիան խորացնելու ուղղությամբ։ Նախորդ երկու օրերին պաշտոնական Մոսկվան արդեն երկու անգամ հիշեցրել է, որ պատրաստ է վերականգնել հարաբերություններն Անկարայի հետ, եթե վերջինս ներողություն խնդրի նոյեմբերին ռուսական ռազմական ինքնաթիռը կործանելու համար, պատժի դրա մեղավորներին և փոխհատուցեի ռուսական կողմի կրած նյութական վնասը։ Որևէ կասկած չկա, որ Անկարայից այս ուղղությամբ ցանկացած, անգամ լղոզված քայլի դեպքում Մոսկվան չի հապաղելու ընդառաջ քայլ կատարելուց՝ մանավանդ հաշվի առնելով Սիրայում Թուրքիայի նկատմամբ դիրքային առավելության հասած լինելու հանգամանքը։

Երրորդ՝ Մոսկվայի պայմանագիրը չեղյալ համարելը ոչինչ Ռուսաստանին չի տալիս։ Այդ պայմանագիրն ուներ երկու հիմնական թիրախ՝ չեզոքացնել Թուրքիայի գերեզմանաքարի դեր կատարող Սևրի պայմանագիրը և գծել Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանները։ ԽՍՀՄ-ի փլուզումից և հարավկովկասյան խորհրդային երեք հանրապետությունների անկախացումից հետո այս սահմանագիծը Թուրքիան բաժանում են ոչ թե Ռուսաստանից, այլ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սուվերեն հանրապետություններից։ Իսկ վերջիններիս հետ Թուրքիայի սահմանային հարցերը կարգավորվում են առավելաբար 1921թ․ ստորագրված Կարսի պայմանագրով։ Գնալ Մոսկվայի պայմանագրի չեղարկմանը, Ռուսաստանի համար նշանակելու է մի կողմից Թուրքիայի հետ առճակատումը խորացնել ընդհուպ նախապատերազմական մակարդակի, իսկ մյուս կողմից՝ Հայաստանին կանգնեցնել Թուրքիային տարածքային պահանջներ ներկայացնել-չներկայացնելու դիլեմայի առաջ։ Այսինքն իր էությամբ այս նախաձեռնությունը պրովոկացիոն է և հետապնդում է Հայաստանի ձեռքով ռուս-թուրքական հրդեհից շագանակներ հանելու նպատակ։

Չի բացառվում, որ նման սցենար Կրեմլում կա։ Չի բացառվում նաև, որ կոմունիստ պատգամավորների նախաձեռնությունը պարզապես անհրաժեշտության դեպքում այն կիրառելու նախազգուշացում է Թուրքիային։ Բայց այս փուլում դրա գործադրման համար դեռևս առկա չեն անհրաժեշտ քաղաքական նախադրյալները․ միջազգային հանրության տեսանկյունից դրան գնալը դիտարկվելու է որպես ոչ միայն Թուրքիայի, այլև ՆԱՏՕ-ի հետ հակամարտությունը նոր մակարդակ տեղափոխելու արկածախնդրություն։ Որքան էլ հասկանալի է, որ ցանկացած դեպքում ռուս-թուրքական առճակատման՝ պատերազմի վերաճումն անխուսափելիորեն կլանելու է նաև Հայաստանը՝ Ռուսաստանի հետ ռազմական դաշնակցության, այստեղ տեղակայված ռուսական ռազմաբազայի կիրառման անխուսափելիության և Թուրքիային Հայաստանի սահմանակցելու պատճառներով, մեզ համար բացարձակապես ցանկալի չէ, որ Թուրքիայի հետ սահմանների վերանայման խնդիրը թելադրվի Ռուսաստանից։ Քանի որ այդ դեպքում Հայաստանի տարածքային պահանջներն ընկալվելու են իբրև ռուսական կամ պուտինյան իմպերիալիստական նկրտումների բավարարման հերթական հարթակ։

Սա չի նշանակում, որ Կարսի պայմանագրի չեղարկման հարցը պետք է ընդհանրապես դուրս դրվի Հայաստանի օրակարգից։ Պարզապես դրան հասնելու համար անհրաժեշտ է սկսել լրիվ հակառակ ուղղությունից․ օգտագործել նոր Մերձավորարևելյան քաղաքական քարտեզ գծելու գերտերությունների հավակնությունները, որը, գուցե, ներառում է նաև Թուրքիայի ապագա մասնատման հնարավորությունը։

Կարծես թե որոշակիանում է ներկայիս Իրաքի և Սիրիայի տարածքում քրդական պետական կազմավորման ստեղծման ԱՄՆ-ի ցանկությունը, հանուն որի Վաշինգտոնը պատրաստ է գնալ Անկարայի հետ իր ավանդական ռազմավարական հարաբերությունների վերանայման։ Վաշինգտոնին Թուրքիայի և սիրիական քրդերի միջև ընտրություն կատարելու երկընտրանքի առաջ կանգնեցնելուն ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությանն ի պատասխան՝ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին ասել է, թե Վաշինգտոնը քրդական «Ժողովրդի պաշտպանության միավորում» կուսակցությանը չի ճանաչում որպես ահաբեկչական կազմակերպություն և օգնելու է նրան Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պատերազմում։ Այլ կերպ ասած՝ Վաշինգտոնը ոչ միայն քրդական այդ կազմակերպությանը վերաբերում է որպես քաղաքական սուբյեկտի, որն իրավունք ունի դերակատարում ունենալու Սիրիայի հարցի հանգուցալուծման պրոցեսում, այլև փաստացի լեգիտիմացնում է անկախ պետություն ստեղծելու այդ կազմակերպության ցանկությունը։ Եվ պատահական չէ, որ հիմա ակտիվ փորձեր են արվում քրդերին ներառելու Սիրիայի հարցով Ժնևի կոնֆերանսում։ Սա ավելի շոշափելի է դարձնում քրդական պետության ստեղծման հեռանկարը՝ հիմնական հարցը դարձնելով այն, թե արդյոք ապագա Քուրդիստանի քարտեզը ներառելո՞ւ է նաև Թուրքիայի հարավարևելյան քրդաբնակ շրջանները։ Այդ շրջաններում սանձազերծելով իսկական ջարդեր՝ Անկարան ինքն է նման անջատողականության հիմքեր ստեղծում։

Եթե թուրքական «Քուրդիստանի» խնդիրը կոնկրետանա, ապա այն ուղղակիորեն առնչվելու է նաև հայկական պահանջատիրությանը՝ առավելագույնը Սևրի դաշնագրի և այդ համատեքստում Վիլսոնյան իրավարար վճռի արդիականացման, նվազագույնը՝ մինչև Կարսի դավադրական պայմանագրի ստորագրումը Հայաստանի առաջին հանրապետության սահմանների շրջանակներում։ Խնդիրն այն է՝ որքանո՞վ է Հայաստանը հաշվարկում իր քթի տակ տեղի ունեցող դարակազմիկ դրամատիկ իրադարձություններից օգտվելու հնարավորությունները և նախապատրաստվո՞ւմ է նման զարգացումներին ընդհանրապես, թե՞ ոչ։

2015թ․ հունվարին հրապարակվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, որի առանցքային 6-րդ կետով նախանշվում է իբրև Ցեղասպանության հետևանքների հաղթահարման և անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ՝ իրավական պահանջների թղթածրարի մշակումը։ Դրանից անցել է չափազանց հագեցած մի ամբողջ տարի։ Սակայն ընդհանրապես հայտնի չէ՝ ինչ է արվել այդ ուղղությամբ՝ չհաշված, իհարկե, Կիլիկիայի կաթողիկոսության կողմից թրքահայոց եկեղեցապատկան կալվածքներն ու վանքերը վերադարձնելու իրավական պահանջի ներկայացումը։ Առ այսօր անգամ մոտավոր պատկերացում չկա՝ ինչ է նշանակում «անհատական, համայնքային և ամենակարևորը՝ համազգային իրավունքների վերականգնում» եզրույթը, որքանով են դրանք առնչվում հողային պահանջներին։ Ավելին․ Երևանը համառորեն չի հրաժարվում 2009թ․ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական երկու արձանագրությունների վավերացման մտքից։ Մինչդեռ դրանցից մեկում՝ ՀՀ-ի և ԹՀ-ի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության մեջ սևով սպիտակի վրա, նկատի ունենալով Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, դրված է «սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանը փոխադարձ ճանաչելու» շատ կոնկրետ պայմանը։ Լավ է, իհարկե, որ Թուրքիան ինքն Կարսի պայմանագրի վերաթարմացմանն ուղղված այս արձանագրությունը չվավերացրեց ղարաբաղյան անիրագործելի նախապայմանների առաջադրման պատճառով։ Բայց ի՞նչ է անելու Հայաստանը, եթե, ի պատասխան Մոսկվայի պայմանագիրը չեղարկելու ՌԴ-ի հնարավոր քայլի, Անկարան հանկած որոշի վավերացնել այդ արձանագրությունները․․․

Մեկնաբանություններ (4)

Anna
Միանշանակ, այսօր ականատես ենք նաեւ Ռուսաստանի կողմից պատմական փաստերը վերջապես հնչեցնելու դեպքերի, նոր արխիվային փաստաթղթերի հրապարակման, գենոցիդի վերաբերյալ հաղորդումների... դա մեծ առաջընթաց է: Իսկ պատմական արդարության վերականգման, հայոց պատմական հողերի վերադարձի մեկնարկը տրված է...
Գեւորգ
Բախտի բերմամբ թե պատահմամբ շատ բարենպաստ վիճակ է ստեղծվել մեզ համար: Պետք է նկատի ունենալ նաեւ Պապի ու ուղղափառ եկեղեցու աննախադեպ նախաձեռնությունը ու ձգտել այդ բացահայտ անօրեն պայմանագիրն ու գենոցիդը միավորելով, առաջին պլան հանել, որպես քրիստոնյաների դեմ կատարված ամենացցուն հանցանքի օրինակ: Թե, ավելի լավ է նստենք թախտին ու սպասենք բախտին?
Գեւորգ
Հայերիս քաղաքական մտածելակերպն ու մոտեցումները տառապում են խիստ սուբյեկտիվ եսակենտրոնությամբ, որն էլ բերում է անհեթեթ ու անմիտ դիրքորոշումների: Հիմա ասվում է՝ ,,գիտենք որ դա մեր սիրուն աչքերի համար չի ասվում, այ դրա համար էլ չենք խառնվում!,, Այ հեր օրհնածներ, որ ախմախը դա չի հասկանում, սակայն այն որը թեկուզ ասվում է, մեզ համար կարող է ահռելի օգտակար լինել, որը գլուխներս չի մտնում: Չարագործներից մեկը բարձրաձայն խոստովանում է իր իսկ կատարած անօրինությունը մեր նկատմամբ, իսկ մենք քմծիծաղ ենք տալիս թե ,,հա՜ գլխի ենք ինչի համար էս խոսում,, փոխանակ անմիջապես օգտվելու: Առաջին հերթին մենք պետք է շատ մեծ հանդիսավորությամբ շնորհակալություն հայտնենք ռուսներին՝ իրենց մեղքն ընդունելու համար: Որից հետո նրանց հետ քաշվելն արդեն անհարմար կլինի եւ այլն: Բայց ով է մտածողը, պորտվել մորտվել ենք բաժանուն!
թոշակառու
// ի՞նչ է անելու Հայաստանը, եթե, ի պատասխան Մոսկվայի պայմանագիրը չեղարկելու ՌԴ-ի հնարավոր քայլի, Անկարան հանկած որոշի վավերացնել այդ արձանագրությունները․․․// - սա իսկապես ակտուալ հարց է: Կարծում եմ անպայման պիտի հետ կանչվեն անհապաղ: Դաշնակները ինչու ձայն չեն հանում հիմա - երեւի որ կոալիցիայի գործը չխանգարվի? Ուրիշ էլ ինչ մտածենք?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter