HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փայտի բիզնես. անտառտնտեսությունների աշխատակիցները համակարգում են օրինական և ապօրինի անտառահատումերը

Մաս I. Ջիլիզա 

«Ճրագաթաթ ծմակը փայտ է եղել, հասկանո՞ւմ եք: Իսկ ես կարծում էի վայրի գեղեցկության խորհրդանիշն է եղել այդ բարդված անտառը»:

Հրանտ Մաթևոսյանն է գրել այս տողերը: Հիմա լոռեցիներն ասում են՝ «ծմակը վեր են տվել»: Մեզ ուղեկցող լոռեցի վարորդը, հերթական փայտակույտը և հատված կոճղերը տեսնելով, լոռեցուն հատուկ զայրույթով բացականչում է. «Անտառը գենոցիդ են արել»։

Լոռու մարզի Ալավերդի քաղաքից ուղևորվում ենք սահմանային Ջիլիզա։ Փոքր-ինչ առաջանում ենք ու առաջին փայտակույտն ենք հայտնաբերում։ Սկսում ենք նկարահանել։

Չգիտես որտեղից հայտնվում է տարածքի անտառապահը՝ փորձում է ճշտել՝ ինչ ենք անում իր տարածքում։ Բացատրելուց հետո շարունակում ենք մեր ճանապարհը, բայց արդեն հատատեղերում մարդ չենք գտնում։ Իրերը, մեքենաները, նույնիսկ խորովածի կրակը թողած՝ անհետացել են։ Երևում է՝ անտառպահը հասցրեց զգուշացնել բոլորին և հրահանգել ՝ լքել հատատեղերը և հեռանալ տարածքից։

Ճանապարհի ձախ կողմում հատված կոճղեր են ցցված, որքան վերև ենք բարձրանում, կոճղերն ավելանում են։ Կնքված չեն։ Նշանակում է՝ օրինական չեն հատված։

Աջ կողմում՝ ձորնիվար տանող ճանապարհը դեպի մեծ հատատեղ է տանում։ 50-ից ավելի թարմ հատված ծառեր և կոճղերը թաքցնելու անհաջող փորձեր։

Մի փոքր առաջանում ենք, մեկ ուրիշ հատատեղում ենք հայտնվում։ Ամանեղենն ու կաթսան չեն հասցրել թաքցնել, բայց իրենք չկան։ Աջ ու ձախ զննելուց հետո 50 մետր հեռու, ծառերի հետևում հայտնաբերում ենք փայտը բարձած մեքենան։ Չեն հասցրել բեռնել և դուրս բերել փայտը, թաքցրել են հաստաբուն ծառերի հետևում:

Շարունակում ենք մեր ճանապարհը և նմանատիպ լքված, կիսաբարձած կամ թաքցրած այլ  մեքենաներ ենք հայտնաբերում։ Հերթական փայտակույտը՝ անտեր թողած: Կրակը դեռ չի հասցրել բոցկլտալ, թթուն ու մթերքը կողքը, երկար կաղնին էլ խոնարհված ու մաս-մաս արված հատակին։ Եթե օրինական հատատեղ ու հատումներ են, ինչու են շտապել հեռանալ հատողները կամ փայտատերերը:  

Ճանապարհին փայտ տեղափոխող «Կամազ» է անցնում, փորձում ենք կանգնեցնել և հարցնել, թե որտեղից է տեղափոխում, արդյոք փաստաթուղթ ունի, թե ոչ։ «Կամազն» ավելացնում է արագությունը և անցնում մեր կողքով։

Ի վերջո, մոտենում ենք Ջիլիզային։ Տարածքի անտառապետ Գառնիկը հսկում է ճանապարհին լցված փայտակույտը։ Ասում է՝ պլանային հատումներն են: «Ես անտառապահ եմ, գնում եմ կողքն եմ կանգնում, որ որը որ կտրած է, դա կտրեն, չեմ թողում, որ ուրիշը կտրեն։ Իմ պարտականությունը դա է»,-ասում է նա:

Թե ինչու են այսքան առողջ ծառեր հատվել, 20 տարի անտառապահ աշխատած Գառնիկը չի կարողանում պատասխանել։ Ասում է՝ ինքը տեղյակ չէ, վերևներից են պլանն իջեցնում ու գալիս կնքում։ Սա, թերևս, Լոռու մարզի մեր երեք օր կատարած ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերած միակ կնքված հատատեղն էր։

Բայց այսքանով դեռ ամենը չի ավարտվում։ Հենց Ջիլիզայի մուտքի մոտ ավելի մեծ փայտակույտ է լցված։ Ցուցանակը ուշադրություն է հրավիրում, որ մուտք ենք գործում սահմանային շերտ։ Սահմանային շերտից անտառահատումներն արգելվել են։ Հարցնում ենք, թե սահմանային շերտի որ մասից է կտրված այս փայտակույտը, Գառնիկը խուսափում է պատասխանել և նորից արդարանում. «Գյուղ ես մտնում, նոր է սահմանային, կանչեցեք թող սահմանապահները գան, իրենք ասեն՝ սահմանային է սա, թե չէ»։

Ջիլիզայի վարչական տարածքում 13 հազար հեկտար անտառ կա։ Ջիլիզայի գյուղապետ Մհեր Վարդանյանն անկեղծանում է, որ որպես քաղաքացի, գյուղապետ և անհատ կողմ չէ անտառահատումներին։ Նա ևս նկատել է, որ հինգ տարի առաջ եղած անտառներն այսօր չկան։ Սակայն կարծում է, որ ծառահատումներն օրինական են իրականացվում։  «Իմ ունեցած տեղեկություններով անտառահատումները կատարվում են օրինական ճանապարհով, որին որ թե որպես մարդ, թե որպես համայնքի ղեկավար, երևի թե իրավունք չունեմ արգելելու, եթե օրինական ճանապարհով է»,- ասում է գյուղապետը:

Ջիլիզան գազիֆիկացված չի եղել ոչ խորհրդային տարիներին, ոչ էլ հիմա։ Գյուղապետի կարծիքով, եթե բնակչությունն ապահովվի վառելիքով, օրինակ, գյուղերը գազիֆիկացվեն, ապա հատումները ևս կնվազեն։ «Եթե հատվում է, ուրեմն նոսրանում է, ուղղակի ես չեմ ուզում ոչ մեկին մեղադրել, ոչ մեկին պաշտպանել, բայց եթե կա իսկապես հնարավորություն, որ առանց հատելու հնարավոր է Հայաստանի բնակիչը օգտվի էդ ամենի ինչից, ջեռուցում կազմակերպվի, ես կողմ եմ, որ չհատվի, ինձ թվում է, բոլորն էլ կողմն կլինեն,-ասում է գյուղապետը և շարունակում,- եթե ծառահատումները շարունակվեն, կապ չունի՝ օրինական է, թե անօրինական, բնականաբար վատ վիճակ կլինի»։

Լոռու մարզի 101 հազար 212 հա անտառների  52,6 հազար հա-ն գտնվում է մարզի Թումանյանի տարածաշրջանում: «Հայանտառ» ՊՈԱԿ-ը այդ անտառների կառավարումը,  վերահսկողությունն ու պահպանությունն իրականացնում է երեք՝ «Դսեղի», «Լալվարի» և «Ջիլիզայի» անտառտնտեսությունների միջոցով:

(Քարտեզում ցուցադրված են հայտնաբերված ծառահատումները: Սեղմեք յուրաքանյուր կարմիր կետի վրա՝ հատված ծառերի կամ տարածքի լուսանկարը տեսնելու համար:)

«Դսեղի» անտառտնտեսությունը վերահսկում է  14 հազար 505 հա, «Ջիլիզայի» անտառտնտեսությունը՝ 13 հազար  851  հա , իսկ «Լալվարի» անտառտնտեսությունը՝ 24 հազար 340 հա անտառներ: 

«Ջիլիզայի անտառտնտեսության» տնօրեն  Արամ Բարոյանի ասելով՝  Ջիլիզայում ապօրինի անտառահատումներ չեն կատարվում, իրենք էլ  ապօրինի հատված որևէ ծառ չեն հայտնաբերել:

Տնօերնի տեղակալ Արմեն Այդինյանը հաստատում է, որ յուրաքանչյուր ծառ, որը հատվել է առանց կնիքի առկայության, ապօրինի է: Առանց կնիքի հատված ծառերի մեր ցուցադրած լուսանկարները տեսնելով՝ տարբեր պատճառներ է փորձում գտնել. «Բայց կարող է դու կնիքը չտեսնես: Ծառը միշտ չափվել է մետր 20 սմ-ի վրա, դոշիցդե հետ, ու կնիք էին դնում բարձրության վրա, դրուժբիստը տակից է կտրում, էդ կնիքը կարա չերևա: Մենք հիմա ասել ենք նաև արմատից դրեք, հիմա համ վերևն ենք դնում, համ արմատին, որ սենց թյուրիմացություններ չլինեն, էդ հիմա նոր ենք սկսել»:

Սակայն Արմեն Այդինյանը նաև ասում է, որ հնարավոր է նոր պլան իջեցման դեպքում արագ կնքվեն և այդ կնիքները անձրևների ժամանակ չերևան: Հարցնում ենք՝ այդ դեպքում՝ ինչպես որոշել, թե որ ծառն է կնքված և հատման ենթակա:

«Ծառը մինչև կտրելը մենք, մեր աշխատողներին միշտ ասում եմ, ծառը վերևից կլպեք, տաշեք, որ իմանան դա կնքված է և դրուժբիստը չգնա անտառում կնիք ման գա»,- ասում է նա:

Արմեն Այդինյանը վստահեցնում է, որ այս տարի ապօրինի անտառահատման դեպք չեն ունեցել:

«Մենք ապօրինի անտառահատման դեպք չենք ունեցել: Երևի մի քանի հատ տարվա սկզբին է եղել, մի երկու-երեք հատ: Էդ տենց չի, ոնց որ դուք գիտեք, որ իրոք՝ կտրում, թալանում, տանում, տենց չի: Ձեր համար ծառը կտրած է, ուրեմն ապօրինի է»:

«Հայանտառի»՝ «Հետքին» տրամադրած տվյալները համադրելիս, սակայն, հակառակ պատկեր է ստացվում: Անտառահատումները մարզում զգալիորեն աճել են: Նախորդ տարվա համեմատ՝ ապօրինի անտառահատման դեպքերը կրկնակի ավելացել են:

Բացի դրանից, համաձայն բնապահպանության նախարությունից մեզ տրամադրած տեղեկանքի, Բնապահպանական պետական տեսչության կողմից Լոռու անտառտնտեսություններում կատարած ստուգումների  արդյունքում և այլ գործողություններով հայտնաբերվել է ապօրինի հատված 450 ծառ: Հարուցվել է 3 քրեական գործ:

Գրաֆիկ: 2015թ. Բնապահպանական պետական տեսչության կողմից Լոռու անտառտնտեսություններում կատարած ստուգումների և այլ գործողություններով հայտնաբերված անտառխախտումների  մասին

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ այսօր անտառահատման տեսակետից ոչ ցանկալի վիճակ է տիրում: «Մեր ստուգումները ցույց են տալիս, որ ապօրինի ծառահատումների քանակն ավելացել է, և նաև ավելացել է մեր կողմից կիրառվող տույժ-տուգանքները: Այնուամենայնիվ, բոլորս պետք է խելամիտ լինենք և հասկանանք, որ մեր ժամանակհատվածը, որը կլիմայի փոփոխման ժամանակահատված է, և աշխարհում կլիմայական փոփոխությունները բերելու են անդառնալի հետևանքների, և գիտնականների աշխատանքի արդյունքում ապացուցվում է, որ մոտ 2 աստիճանի տարբերություն կլինի այն դեպքում, երբ մենք արտանետումները որոշակիորեն նվազեցնում ենք: Այս դեպքում մենք պարտավոր ենք բոլորս միասին անտառի վերականգնման աշխատանքներ իրականացնել, նոր տարածքներ ներգրավել անտառի համար, որ կարողանանք ինչ-որ ձևով շրջակա միջավայրում ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնել կամ ստեղծենք էնպիսի միջավայր, որ անտառը կարողանա մեր արտանետումները կլանել»:

Բնապահպանության նախարարն ասում է, որ եթե մեկ ծառ հատվում է, դրա փոխարեն պետք է 10-ը տնկել: 2015թ.-ին 64 հա-ի անտառատնկման աշխատանքներ են իրականացրել, բայց դա էլ, ըստ նախարարի, շատ քիչ է:

«Ես ձեզ մի բան ասեմ՝ անտառ կա, որ ծառը չկտրես ավելի մեծ վնաս ես տալիս, քան կտրելով: Անտառը պիտի կտրես, մասնագիտորեն կտրես»,- շարունակում է Արմեն Այդինյանը:

Արմեն Այդինյանը իրապես մասնագիտացած է այս գործում, ընդ որում՝ ամենայն խորությամբ: «Ջիլիզայի անտառտնտեսության» անտառանյութի բաց թողնման փաստաթղթերում, որը մեզ տրամադրեցին հաշվապահությունից, նրա անունը բազմիցս հանդիպում է: Արմեն Այդինյանը «Կամազ» և «Զիլ» բեռնատարներով 2015թ-ին մի քանի ամիս անտառանյութ է գնել իր իսկ ղեկավարած տնտեսությունից: Օրինակ՝ մայիսին 18 խմ շինափայտ է գնել ինքնարժեքով, 20 խմ՝ հունիսին, հուլիսին՝ 73 խմ և 35 խմ՝ օգոստոսին:

Բացի դրանից, բաց թողնման փաստաթղթերում կա նաև նրա եղբոր անունը: Ամեն ամիս նույն անձինք են փայտանյութի մեծ քանակի թույլտվություններ ստացել, ինչը նշանակում է, որ այս գործը եկամուտ է բերում որոշակի շրջանակների:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը 2015թ. դեկտեմբերի 7-ի  գրությամբ «Հետքին» հայտնել է, որ «Ջիլիզայի» անտառտնտեսության վառելափայտի մթերման 2609 խմ  տարեկան առաջադրանքից նոյեմբերի 1-ի դրությամբ մթերել  2431 խմ փայտ:

Առաջադրանքի մնացած  178 խմ փայտի մթերումը Ջիլիզայի անտառտնտեսության համար օրերի խնդիր է եղել:  Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին «Հետքը» Ջիլիզայի անտառներում և անտառներին հարող ճանապարհներին նկատել և լուսանկարել է մեծ քանակության վառելափայտ:  Տնօրեն Արամ Բարոյանն այդ ժամանակ հեռախոսով մեզ համոզում էր, որ Ջիլիզայի անտառտնտեսությունը դեռ մոտավորապես  700-800 խմ վառելափայտ մթերելու առաջադրանք ունի:  Մ. Մաթևոսյանի տեղեկանքը փաստում է, որ Ա. Բարոյանի տեղեկատվությունը եղել է խաբեություն:

Մարտուն Մաթևոսյանի ասելով՝ 2015թ.-ին Ջիլիզայի անտառտնտեսությունում արձանագրվել է ապօրինի հատված 17 ծառ,  «Դսեղի» անտառտնտեսությունում՝ 278 ծառ, Լալվարի անտառտնտեսությունում՝ 2 ծառ:  Թումանյանի տարածաշրջանի անտառներում գեթ մեկ օր շրջած մարդը կարող էր կասկածքով վերաբերվել «Հայանտառի» տնօրենի ողջամտությանը:

Հ.Գ. «Հետքի» լրագրողական խումբը «Ջիլիզայի», «Լալվարի» և «Դսեղի» անտառտնտեսությունների անտառային տարածքներում նկարահանումները կատարել է նոյեմբերին 23-25-ն և ականատես է եղել անտառների զանգվածային ոչնչացման փաստերի:

Շարունակությունը

Լուսանկարները՝ Դավիթ Բանուչյանի

Մեկնաբանություններ (2)

Գրիշա
մի օր էլ էլեկտրիկներից գրեք էլի, որ շատերին լևի են տալիս մի քանիսի ջանիցը հանում: բա կարողա տոկ վառենք, սաղս էլ փետ ենք վառում հե բան դնում են մեր գլխին էտ անտեր շները որ կարենա ժողովուրդը հանգիստ տոկ ծախսի: սաղ տարածաշրջանը արդեն նադայելա ելել դրանց գրած ցուցմունքներից այ դրա մասին էլ գրեք
Հրաչյա
Շնագայլերի նման անտառում թաքնված էս ոհմակը կերավ, լափեց Լոռու անտառները: Էս երկրում չկա մի իշխանավոր, մի նամուսով մարդ, որ ի վերջո փորձի հասկանալ թե էս ինչ են անում էս անհայրենաք, օջախ ու ամեն սրբություն փետի փողին տված աննամուս շները, լափեք, լափեք ու խոդվեք ձեր լափածի սրտխառնուքից, շներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter