HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԶՊՄԿ-ի վերաբերյալ բնապահպանության նախարարության պատասխանները նոր հարցեր են առաջացնում

Սյունիքի մարզի Ողջի և Գեղի գետերից ջրօգտագործման 18 թույլտվություն է ներկայում ուժի մեջ: Բնապահպանության նախարությունը դրանք տվել է տարբեր տեսակի գործունեություն ծավալող կազմակերպությունների: Այսպես՝ 11 թույլտվություն ստացել են էլեկտրաէներգիա արտադրողները, որոնք փոքր հէկ են կառուցում կամ շահագործում, արդյունաբերական նպատակներով ձեռք է բերվել 4 թույլտվություն («Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, «Լեռ-Էքս» ՍՊԸ, «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ, «Կապանի նորոգշին» ԲԲԸ), 1-ական ստացել են ոռոգող («Ղափան» ՋՕԸ) եւ ձկնատնտեսական («Զանգեզուր-Թրեյնինգ» ՍՊԸ) կազմակերպությունները, 1 թույլտվություն էլ տրվել է խմելու-կենցաղային եւ արդյունաբերական («Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն» ՓԲԸ) նպատակով:  

Այս մասին ԲՆ-ն հայտնել է Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանի հարցմանն ի պատասխան: Վերջինս նախարարությունից մի շարք տեղեկություններ էր խնդրել «Զանգեզուրի պղնձամոլիբեդնային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) վերաբերյալ:

Բնապահպանը նախարարությանը խնդրել է տրամադրել ԶՊՄԿ-ի կողմից հանքաքարի արդյունահանման և վերամշակման ծավալների ընդլայնման, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացությունները, նաև դրանցում ամրագրված պարտավորությունների իրականացմանն ուղղված ստուգումների արձանագրությունները՝ սկսած 2005-ից: Նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Խաժակ Աղաբեկյանը պատասխանել է, որ ԶՊՄԿ-ի գործունեությանն առնչվող փորձաքննական եզրակացությունները տեղադրված են նախարարության պաշտոնական կայքում: «Հետքի» հետ զրույցում Արմեն Փարսադանյանը նկատում է, որ ԲՆ-ի կայքում առկա տեղեկությունը վերաբերում է 2007-2008 թթ., երբ ԶՊՄԿ-ն նախատեսում էր արդյունահանման և վերամշակման ծավալները հասցնել տարեկան 12,5 մլն տոննայի: Իսկ «Քրոնիմետ Մայնինգ» բաժնետիրական ընկերության պաշտոնական կայքում տեղեկություն կա, որ 2011-ին վերամշակման ծավալը հասցվել է տարեկան 16մլն տոննայի: «Ի՞նչ իրավական հիմքով է ընկերությունը արտադրողականության և վերամշակման ծավալները ընդլայնել, եթե չկա աշխատանքային նախագիծ և համապատասխան ծավալների փորձաքննության դրական եզրակացություն»,- ասում է Ա. Փարսադանյանը:

Ըստ նրա՝ աշխատանքային նախագծերին բնապահպանական փորձաքննական եզրակացությունը տալիս է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ հիմնականում առաջնորդվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով ու կառավարության 1325-Ն որոշմամբ: Բնապահպանը, սակայն, համոզված է, որ օրենքը չի ծառայում բովանդակությանն ու սկզբունքներին: Նա նշում է, որ օրենքի պահանջները իրագործելու մեխանիզմների, մեթոդաբանության բացակայության պատճառով ԲՆ-ն և դրան ենթարկվող ՊՈԱԿ-ը գործառույթները բարդում են մեկը մյուսի վրա:

Փարսադանյանը ԲՆ-ից խնդրել էր նաև 2005-2015 թթ. ԶՊՄԿ-ում իրականացված բոլոր ստուգումների արդյունքում կազմված արձանագրությունները: Սրան էլ նախարարությունից արձագանքել են գրեթե նույն կերպ. ԶՊՄԿ-ում մինչև 2008 թ. կատարված ստուգումների արդյունքները գտնվում են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում, իսկ 2009-ից հետո կատարված ստուգումների արդյունքները պարբերաբար տեղադրվել են բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում:   

Մեկ այլ կետով Արմեն Փարսադանյանը խնդրել էր տրամադրել կոմբինատի գործունեության հետևանքով ազդակիր համայնքների բնակչության առողջությանը պատճառված և պատճառվող վնասի գնահատման միջոցառումների ցանկը և դրանց արդյունքները 2005-2015 թթ. ընթացքում: ԲՆ-ի փոխանցմամբ՝ այդ տեղեկությունների տրամադրումն իր լիազորություններից դուրս է. դրանք կարելի է ստանալ առողջապահության ու էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններից: «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահն էլ այսպես է արձագանքում. «Մեզ անհրաժեշտ է իմանալ, թե ընկերության գործունեությունն ինչ սոցիալ-տնտեսական, բնապահպանական և առողջապահական խնդիրներ է առաջացնում ազդակիր համայնքներում, և ոչ թե աշխարհագրության դասագրքից կամ «Wikipedia»-ից վերցված տեղեկություն: Քանի դեռ չի իրականացվում գործունեության ազդեցության համաչափ գնահատում, անթույլատրելի է արտադրողականության ծավալների ընդլայնումը և նոր հանքերի շահագործումը»:

Կապանցի բնապահպանի խոսքով՝ պատկան կառույցների առաջ բազմիցս բարձրացրել է Սյունիքի մարզում բնակիչների առողջական խնդիրների (օնկոլոգիական, սիրտ-անոթային, անպտղություն, անոմալ ծնունդներ) վերաբերյալ մարդկանց մտահոգությունները, սակայն ֆինանսական հնարավորությունների բացակայության պատճառով չի իրականացվում այն, ինչը պետությունը պարտավոր է կատարել օրենքով:

«Այնպիսի պարադոքսալ վիճակ է ստեղծվել, որ հանքարդյունաբերական ընկերություններն են պահանջում ազդակիր համայնքների բնակիչներին ներկայացնել բացասական հետևանքների պատճառահետևանքային կապը: Այնինչ այդ ամենը պետք է ապահովի պետությունը»,- նկատում է Ա. Փարսադանյանը: 

Լուսանկարում՝ Ա. Փարսադանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter