HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ իրավաբանների միության Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի հաղորդագրությունը

Հայ իրավաբանների միության Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտե

Հայաստանի Հանրապետության տարածք սփյուռքահայերի մուտքին առնչվող հարցերում օրենքի թափանցիկ և ոչ խտրական կիրառման ապահովումը էական նշանակություն ունի արդար կառավարման համար

Հայ իրավաբանների միության Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեն ուսումնասիրել է ծագումով հայ, Ֆրասիայի քաղաքացի Շանթ Ոսկերիչյանին առնչվող գործը՝ նրան 2015 թվականի մայիսին Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի արտոնություն չտրամադրելու մասին: Մուտքի մերժման հարցը վիճարկման է հանձնվել դատական ատյաններին և օրենքով սահմանված կարգով դատական նիստը նշանակված է 2016թ. մարտի 2-ին, Հայաստանի Հանրապետությունում՝ Երևանում: Հայ իրավաբանների միության Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեն հատկապես մտահոգված է սույն գործով, քանի որ մինչ օրս Հայաստանի կառավարությունը չի ներկայացրել որևէ բացատրություն, որը կարող է հիմք հանդիսանալ պարոն Ոսկերիչյանին մուտքի արտոնագրի տրամադրումը մերժելու համար: Հետևաբար, Հայ իրավաբանների միությունը պահանջում է, որ պետական մարմինները հրապարակայնորեն ներկայացնեն այն կոնկրետ պատճառները, որոնք հիմք են հանդիսացել պարոն Ոսկերիչյանին Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի արտոնագիր չտրամադրելու համար: Բացի դրանից՝ Հայ իրավաբանների միությունը նախազգուշացնում է, որ Հայաստանի բոլոր համապատասխան պետական և դատական մարմինները պետք է ապահովեն, որ նախատեսված դատական գործի լսումներն անցկացվեն միջազգային նորմերին լիարժեքորեն համապատասխան և պատշաճ ընթացակարգով՝ ներառյալ խոսքի հնարավորության ընձեռումը և իհարկե, ցանկացած ենթադրյալ մեղադրանքի դեմ հակափաստարկ բերելու հնարավորությունը: Թեև մենք ընդունում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն իրավասու է կարգավորելու իր տարածք մուտք գործելու արտոնագիր տրամադրելու հարցը, մենք պնդում ենք, որ արդար կառավարման սկզբունքի համաձայն՝ Կառավարությունը պարտավոր է ապահովել, որ ցանկացած կանոնակարգ, այդ թվում՝ մուտքի արտոնագրին վերաբերողը, ենթակա լինի օրենքի գերակայությանը և չիրականացվի կամայական կամ քմահաճ կերպով: Ավելի ճիշտ՝ օրենքի թափանցիկ և ոչ խտրական կիրառումը մուտքի արտոնագրի հետ կապված հարցերում հատկապես կարևոր է հայաստանյան համատեքստում, քանի որ հայտնի պատմական և ժողովրդագրական հանգամանքների բերումով հայ ժողովրդի մի պատկառելի հատված բնակվում է Հանրապետությունից դուրս և հետևաբար՝ նրա ազատ տեղաշարժի իրավունքը չպետք է ենթակա լինի քմահաճ սահմանափակումների ո՛չ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս և ո՛չ էլ երկրի ներսում: Հայ իրավաբանների միությունը անհրաժեշտ է համարում, որպեսզի պարոն Ոսկերիչյանին մուտքի արտոնագրի մերժման համար հիմք հանդիսացած պատճառները հրապարակավ ներկայացվեն, և առաջիկա դատաքննությունն իրականացվի անկախ և պատշաճ դատավարական ընթացակարգին համապատասխան: Վստահաբար, այն պետք է մտահոգի առհասարակ բոլոր հայերին, ովքեր ձգտում են պահպանել իրենց կապը Հայաստանի Հանրապետության հետ և որոշակի դերակատարում ունենալ հայ ազգին առնչվող հարցերում: Հայ իրավաբանների միության Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեն ուշադիր հետևում է իրավիճակի զարգացումներին:

Հայ իրավաբանների միության Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտե

Փետրվարի 7, 2016թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter