HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մետաղի գների անկում, բանվորների վերադասավորություն, միջավայրի աղտոտում. «Քրոնիմետի» «արձագանքը»

Հունվարի 25-ին «Հետքը» 10 գրավոր հարց էր ուղղել «Քրոնիմետ Մայնինգ» ընկերությանը, որը Հայաստանի արդյունաբերության խոշորագույն ներկայացուցիչ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60 տոկոսի սեփականատերն է: Պատասխանները ստացել ենք այսօր, հարցերի մի մասը մնացել է անարձագանք, ընկերությունից նշել են, որ այս պահին կարող են պատասխանել միայն այդ հարցերին:

-Ինչու՞ է ԶՊՄԿ-ն որոշել տարեկան 14 մլն տոննա արդյունահանման ծավալը հասցնել 22 մլն-ի: Արդյո՞ք դա պայմանավորված է համաշխարհային շուկայում մետաղի գների անկմամբ, թե՞ կան (նաեւ) այլ պատճառներ:

-Պատասխան չկա:

-Արդյո՞ք հաշվարկվել է արդյունահանման ծավալների արդյունքում շրջակա միջավայրի վրա ազդեցությունը: Կխնդրեի համառոտ ներկայացնել այդ ազդեցությունը:

-Պատասխան չկա:

-Այս ամիս (հունվարին) Արծվանիկի պոչամբարից Նորաշենիկ գետն է թափվել աղտոտված պարզվածք, ինչի մասին ահազանգել է Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ն: Ահազանգի մասին տեղեկացվել է նաեւ Սյունիքի բնապահպանական տեսչությունը: Արդյո՞ք վերջինիս կողմից արվել է նմուշարկում եւ լաբորատոր փորձաքննություն, հայտնի՞ է, թե շրջակա միջավայրին որքան գումարի վնաս է հասցվել: Փորձաքննության արդյունքներն ու տուժանքի չափը ներակայացվե՞լ են ԶՊՄԿ-ին:

-Պատասխան չկա:

-Արծվանիկի պոչամբարից թույլատրելի սահմանային կոնցետրացիան գերազանցող պարզվածքի դուրս գալը պարբերական բնույթ է կրում: 2015-ին ԶՊՄԿ-ն ընդհանուր հաշվով որքա՞ն տույժ է վճարել հենց այսկերպ շրջակա միջավայրին վնաս հասցնելու դիմաց:

-Պատասխան չկա:

-Որքա՞ն է Արծվանիկի պոչամբարի տարողությունը, եւ ներկա դրությամբ քանի՞ տոկոսով է լցված այն:

-Պատասխան չկա:

-Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ն լուսանկարել է նաեւ այն տարածքը, որտեղ վթարի դեպքում կուտակվում են ԶՊՄԿ-ի պոչատարի պոչանքները: Ինչու՞ դրանք չեն տեղափոխվել Արծվանիկի պոչամբար, այլ թողնվել են տեղում, ինչի հետեւանքով բավականաչափ պոչեր են կուտակվել:

-Պատասխան չկա:

-ԶՊՄԿ-ին պատկանող «Լեռ-Էքս» ՍՊԸ-ն, ըստ մեր տեղեկությունների, ունի 159 գրանցված աշխատող: Ճի՞շտ է, որ դրանցից նախատեսվում է թողնել միայն 25-ին: Ի՞նչ է լինելու մյուսների ճակատագիրը:

-Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: «Լեռ-Էքս» ՍՊԸ-ում գրանցված 159 աշխատողներից 20-ը մնալու են «Լեռ-Էքս»-ում՝ որպես հերթափոխ աշխատակից, իսկ 139-ը տեղափոխվելու են ԶՊՄԿ:

-Ճի՞շտ է, որ աշխատողների ցույցից եւ Սյունիքի մարզպետի հետ հանդիպումից հետո մտադրություն կա «Լեռ-Էքս»-ից դուրս մնացածներին տեղավորել ԶՊՄԿ-ում:

-Ի սկզբանե չի եղել որեւէ աշխատատեղ կրճատելու մտադրություն: Ընդ որում՝ աշխատակիցներին «Լեռ-Էքս»-ից ԶՊՄԿ տեղափոխելը ոչ թե մտադրություն է, այլ հստակ որոշում, որը բնավ որեւէ կապ չունի Ձեր նախանշած գործոնների հետ:

Լեռ-Էքս»-ի կամ ԶՊՄԿ-ի ներկայացուցիչները մասնակցե՞լ են մարզպետի հետ հանդիպմանը, կամ առանձին հանդիպում եղե՞լ է կրճատվող աշխատողների հետ: Բացատրվե՞լ է, թե որն է կրճատման պատճառը: Արդյո՞ք պատճառը մետաղի համաշխարհային գների անկումն է:

-Պատասխան չկա:

-ԶՊՄԿ-ն «Լեռ-Էքս» ՍՊԸ-ն գնել է 2012-ին: 2014-ին ԶՊՄԿ-ի նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանն ասել էր, որ չնայած ընկերությունն ունի հանքի շահագործման լիցենզիա, պաշարների չափը դեռեւս ճշտված չէ, եւ հետազոտական աշխատանքներ են տարվում: 2015-ի հունվարին ԶՊՄԿ-ի ադմինիստրատիվ տնօրեն Վահե Հակոբյանն ասել էր, որ «Լեռ-Էքս»-ի կոմբինատը արդեն 4 ամիս չի գործում, սակայն 430 աշխատակիցները չեն ազատվել, աշխատավարձ են ստանում, օրական մեկ անգամ սնվում, մասնակցում դասընթացների: Ըստ այդմ՝ նախատեսվում էր նրանց տեղավորել ԶՊՄԿ-ում: Այդ 430-ից քանի՞սն է մինչ օրս ընդունվել ԶՊՄԿ: Ինչու՞ «Լեռ-Էքս»-ը մինչ օրս արդյունահանում չի իրականացնում: Հաստատու՞մ եք այն համառ լուրերը, որ պաշարներն այդ հատվածում քիչ են, ու արդյունահանումը ձեռնտու չէ: Ի՞նչ է լինելու «Լեռ-Էքս»-ի ճակատագիրը, ի՞նչ ծրագրեր ունի ԶՊՄԿ-ն դրա վերաբերյալ:   

-Նշված 430 աշխատակիցներից 271-ը ԶՊՄԿ-ից «Լեռ-Էքս» գործուղված աշխատակիցներ էին, որոնք վերադարձել են ԶՊՄԿ, իսկ մնացած 159-ից 139-ը, ինչպես արդեն նշեցինք, տեղափոխվելու են ԶՊՄԿ, 20-ը մնալու են «Լեռ-Էքս»-ում: 

Լուսանկարում՝ «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի կոմբինատը (ձախից) եւ պոչամբարի պատվարը (կենտրոնում)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter