HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու շրջիկ գազանանոցը, որ արժանացել էր «Աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգի» տիտղոսին, այլևս գոյություն չունի

Երանուհի Սողոյան

Զիտայի ճակատն այլանդակող սպին լայն աղեղի նման կամարվում է հոնքերից վերեւ՝ նրան տալով մռայլ եւ տխուր տեսք: Չփակվող վերքը Զիտայի ագրեսիվ վարքի հետեւանքը չէ: «Ճաղերին գլուխը զարգելուց է եղել, - երկու տարեկան էգ առյուծի վարքագիծն է բացատրում Հովհաննես Մադոյանը,- միսն օր կմոտեցնենք՝ վռազնալուց կզարգվի ճաղերին, ըդուր համար էլ վերք է բացել գլխին: Մերն ու քուրն ավելի հանգիստ են էդ առումով, կերը տալուց շատ չեն խառնվի իրար»:

Իմ ներկայությունը չի խանգարում Մերիին(մայր առյուծն է-հեղ.) եւ Գիտային շարունակել առավոտյան ճաշը:  Զիտան անհանգիստ չափում է նեղլիկ վագոնի սահմանափակ տարածքը՝ հայացքը չկտրելով մեզանից: «Ջոկել է, որ անծանոթ ես, կմտածե ուտելու բան ես բերել,-Հովհաննես Մադոյանը բացում է մսի պահոց հանդիսացող տարայի բերանը,-էս իրանց կերն է, Արսենն է բերել, առավոտները 3-5 կգ միս կուտանք, իրիգունները՝ 8-10 կգ: Կուշտ օր էղան՝ չեն մրսի, ընդհանրապես ցանկացած կենդանի, օր կուշտ կերած եղավ՝ չի մրսի: Դե տակներն էլ խոտ կա, էլ ժեշտի վրա չեն քնի»:

Արջերը՝ Մաշան եւ Միշան, հունվարի 22-ին լքել են Գյումրին՝ Երեւանի կենդանաբանական այգում մեկամսյա բուժման կուրս անցնելու համար մինչեւ Ռումինիայում գտնվող վերականգնողական կենտրոն տեղափոխվելը: Տեղափոխությունն իրականացվելու է Բրիջիդ Բարդո հիմնադրամի աջակցությամբ: Առյուծներն էլ շուտով հրաժեշտ կտան այս տարածքին, նրանց ժամանակավորապես կտեղավորեն Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում կառուցվող վերականգնողական կենտրոնում: Այս մասին հունվարի 27-ին տեղեկատվություն էր տարածել Բնապահպանության նախարարությունը իր պաշտոնական կայքում:

«Չիդեմ երբ կտանին, կարող է շաբաթմ հետո, կարող է հենց եգուց էլ տանին, ընձի բան չեն ըսել, բայց քանի ըստեղ են՝ բդի տեր էղնինք», - զրուցակցիս չսափրված դեմքը ցրտից ավելի է փշոտվում: Ձայնում հոգնածություն կա: Դրսում շատ ցուրտ է, եւ զրույցը շարունակում ենք պահակի վագոն-տնակում, որտեղ պարկերով կուտակված մնացել էին արջուկների համար գնված խնձորն ու բանջարեղենի տեսականին:

«Էս էլ ըսպես մնաց, երեւի մի 400 կգ խնձոր կեղնի, գոնե հետները տանեին, մնաց-սառավ, խոզ պահող գտնիմ տամ-տանին,-նկատում է Հովհաննեսը,-արջերին տարած օրը Արսենը ձուկ էլ էր բերել: Խեղճ տղեն զարմացավ՝ տեսավ չկան: Հեչ մեկիս էլ չէին զգուշացրել, թե գուկանք, հանկարծակի եկան, առան գնացին»:

Հովհաննես Մադոյանը կենդանաբանական այգում սկսել է աշխատել վեց ամիս առաջ, որպես պահակ: Ասում է, որ եկա, ուրիշ աշխատողներ էլ կային՝ կենդանիներին կերակրողն այլ մարդ էր, մաքրությանը հետեւողն՝ այլ: Հիմա այդ բոլորն ինքն է անում: Վեց ամիս առաջ այգում կենդանիների բազմազանությունն էլ է այլ եղել՝ բացի արջուկներից եւ առյուծներից նաեւ երեք կապիկ, երկու վայրի կատու, մեկ ուղտ, թռչուններ, լամա, գայլ:

«Հետո էս կրիզիսն օր սկսվավ, այգու տերը՝ Ստեփանը Վարդանյանը, կենդանիներին տվեց ուրիշի: Ինչքան գիտեմ կապիկներին, գայլին ու կատուներին Արմավիրի կենդանաբանական այգին է տարել, ուղտը կարծեմ այնտեղ, մեր մոտ մնացին արջուկներն ու առյուծները: Դե երեւի խոշոր կենդանիներ էին, պահելու ծախսը շատ էր՝ տանող չեղավ: Երեւանի գազանանոցն էլ չտարավ՝ տնօրենն ըսել էր, թե իմոնցս հազիվ կպահեմ, ձերն ու՞ր տանիմ: Հըլը կարծեմ առաջարկել էր սրսկել, որ սատկեն»:

Զրուցակիցս պատմում է, որ սոված կենդանիների գոյությունը պահպանելու համար Գյումրիում գործող մանկապարտեզներից հավաքում էր կերակրի մնացորդներ, խանութներից միրգ էր բերում, ամենադժվարն իհարկե առյուծների կերակրման հարցն էր: Ամեն օր չէ, որ կուշտ փորով կարողանում էին միս ուտել: Կենդանիներին սովամահությունից փրկելու համար կենդանաբանական այգու տնօրենը սկզբում որոշել էր ինքնուրույն գործել՝ չէր ստացվել, եւ հուսահատված դիմել էր լրատվամիջոցներին՝ փորձելով մարդկանց ուշադրությունն ու բարեգթությունը սեւեռել խնդրի վրա:

Առաջին արձագանքողները բնապահպաններն էին՝ Սիլվա Ադամյանի եւ Գեւորգ Պետրոսյանի նախաձեռնությամբ ստեղծվում է «Փրկենք Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին» խումբը: Սովահար կենդանիներին կերակրելու հոգսն իրենց վրա են վերցնում գյումրեցի մի քանի երիտասարդներ՝ Արսեն Վարդանյանի գլխավորությամբ: Կենդանաբանական այգու խնդրին կրկին անդրադառնում է տեղական եւ հանրապետական մամուլը:

Հովհաննես Մադոյանը կատակում է, թե լրագրողների հոսքը Գյումրու կենդանաբանական այգի մի կողմից դրական դերակատարություն ունեցավ, մյուս կողմից քիչ մնաց ճակատագրական դառնար արջուկներից մեկի համար:

լուսանկարը` Սիլվա Ադամյանի ֆեյսբուքյան էջից

«Միշան հիվանդացավ, երեւի սառած լախանից (կաղամբ-հեղ.) էր, համ էլ էդ օրը առավոտից իրիգուն հա եկան լրագրողներն ու ամեն անգամ կխնդրեին՝ էս էլ տվեք թող ուտեն, օր նկարենք, վաա՜յ, չէղավ, կարո՞ղ է մե հատմ էլ խաղողից գցեք՝ լավ չստացվավ կադրը: Վերջն իրանց կադրի պատճառով խեղճ արջուկս հիվանդացավ, զանգեցինք տնօրենին, ըսեց, թե ինչ դեղ առնինք: Պեսոկ, կաթ, հավկիթ առանք, մի 3-4 օր տվեցինք՝ ոտքի կանգնավ: Դաժե տարանք առաջին հիվանդանոց՝ չպառկավ, ելավ փախավ»,-Հովհաննեսը ծիծաղում է:

Հովհաննես Մադոյան

Երբ արդեն անցյալում են մնացել Միշայի հիվանդության հետ կապված բոլոր վախերն ու անհանգստությունները՝ կարելի է նաեւ կատակել: Այդ դեպքից հետո որոշում են Միշայի սննդակարգից ժամանակավորապես հանել կաղամբը՝ հետագայում քիչ չափաբաժնով կրկին ներառելու պայմանով:

Մինչ զրուցում ենք, մեզ է միանում ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի Շիրակի մարզի ներկայացուցիչ Արսեն Վարդանյանը:

«Հազարաթերթիկ էլ էինք բերել, որ թեյ սարքեինք տայինք, էն էլ գործը դրան չհասավ՝ կաթով-հավկիթով բուժվեց»,- հավելում է Արսենը: Հարցնում եմ, թե համացանցը ցնցած նկարու՞մ էլ է Միշան պատկերված, պարզվում է տխուր հայացքի հեղինակը քույրն է՝ Մաշան:

«Ես որ առաջին անգամ տեսա արջուկներին՝ հետո ամբողջ օրը տեղս չէի գտնում: Սովետական մուլտիկներ կան չէ՞, որտեղ արջերը պատկերված են գլուխը մեծ՝ մարմինը փոքր, այ էդ վիճակում եմ իրանց տեսել: Ուղղակի բառերով անհնար է նկարագրել, թե սկզբնական շրջանում ինչ տեսք ունեին առյուծներն ու արջերը: Անգլիացի լրագրողները, որ եկել էին, կենդանիներին արդեն բավականին լավ վիճակում են տեսել: Դե հիմի պատկերացրեք, որ էդ վիճակից էին ցնցված, բա որ սկզբնական շրջանում տեսնեին»:

2015թ-ի նոյեմբերին Գյումրի են այցելում բրիտանական Daily Mail պարբերականի լրագրողները: Նրանց պատրաստած հոդվածը հրապարակվում է 2016թ-ի հունվարին՝ մեծ աղմուկ բարձրացնելով ոչ միայն կենդանասերների շրջանում: Մինչ այդ աղմուկը, կենդանիների փրկության խնդրով զբաղվող խմբին արդեն իսկ դրամական աջակցություն էին ցուցաբերում Armenian Enviromental Networki համակարգող Սերդա Օզբենյանը եւ Լեւոն Հարությունյանը՝ Իսպանիայից: Նրանց ուղարկած գումարներով էին ձեռք բերվում միրգը, բանջարեղենը, միսը, խոտը եւ այլ անհրաժեշտ պարագաներ: Կար նաեւ արձագանք Ռումինիայից՝ արջուկներին վերականգնողական կենտրոն տեղափոխելու վերաբերյալ:

Առաջարկը կար, սակայն տեղափոխությունը կազմակերպելուց առաջ արջուկները պետք է անցնեին որոշակի ընթացակարգ՝ Մաշան ու Միշան չունեին անձնագիր, պիտի անցնեին պարտադիր բուժզննում եւ այլն: Պարզապես շատ հարցեր շատ արագ լուծում ստացան Daily Mail-ի հրապարակումից հետո, նկատում է Արսենը

 «Մինչեւ էդ հարցերի լուծում ստանալը, մեր խումբն աշխատում էր, որ կենդանիները կուշտ լինեն, չմրսեն, մինչեւ տեսնեինք, թե ինչ էր լինելու,-ասում է Արսենը,-որ շուկա էինք մտնում, ասում էին «արջի տղեն եկավ»՝ մրգավաճառներն արդեն դեմքով գիտեին մեզ ու գիտեին, թե ինչի համար ենք գնումներ անում: Մսավաճառների հետ առանձին էինք պայմանավորվում, որ անպայման ստուգված մսեղեն գնենք, գյուղերում էինք շրջում խոտ ու բանջարեղեն առնելու համար: Փայտ ու աթար ենք գնել, որ պահակը կարողանա ջուր տաքացնել կենդանիների համար: Մի խոսքով մեր առավոտն ու երեկոն անցնում էր կենդանաբանական այգում»:

Արսենը պատմում է, որ Գյումրու շրջիկ գազանանոցի մասին տեղյակ էր վաղուց: Այն սկզբից տեղակայված է եղել կենտրոնական այգում, այնուհետեւ որոշ ժամանակ՝ Մանուշյան փողոցում եւ վերջում հաստատվել է Սախորովի հրապարակի մերձակա տարածքում: Արսենի պնդմամբ, այդ տարիների ընթացքում կենդանիների համար նախատեսված նեղլիկ վագոնները փոփոխության չեն ենթարկվել: Իսկ վերջին շրջանում էլ պայմանները ոչ միայն չէին լավացել, այլ վատթարացել էին:

«Կենդանիները հյուծված եւ ագրեսիվ վիճակում էին՝ խոսքը արջերի ու առյուծների մասին է, քանի որ մյուս կենդանիներին չեմ տեսել, արդեն տեղափոխել էին,-ասում է Արսենը,-հայացքներում էդ մշտական վախը անկերակուր մնալու, էդ մուրացող խղճալի վիճակը հատկապես արջերի մոտ՝ շատ վառ արտահայտվում էր, երբ մոտենում էիր վանդակներին: Իրանք արդեն սովորել էին, որ ամեն նոր եկած անծանոթ կամ ծանոթ մարդ պոտենցիալ կերակուրի աղբյուր է: Առյուծների հետ ուրիշ բան էր կատարվում: Սնունդը որ տալիս էինք՝ պահում էին, սպասում էին, թե նորից պիտի տա՞նք, թե չէ, հետո որ հույսները կտրում էին, նոր սկսում էին ուտել: Մենք որ սկսեցինք կերակրել, ավելի շատ տալիս էինք ձողի միջոցով՝ վանդակի վերեւի մասում պահելով, որ գոնե շարժվեն, թռիչքի իմիտացիա ստեղծվի, որ մկաններն աշխատեն»:

Կենդանիների կերակրման համար կոնկրետ Սերդա Օզբենյանը եւ Լեւոն Հարությունյանը փոխանցել են մոտ 600 հազար դրամ: Գումարի մեծ մասը փոխանցել է Սերդա Օզբենյանը: Արսեն Վարդանյանն ասում է, որ մինչեւ վերջին լուման ծախսվել է կենդանիներին կերակրելու եւ խնամքի վրա:

«Եղավ մի պահ, որ համացանցում սկսեցին շահարկել գումարների պահը, թե տարբեր հաշիվներ են բացվել, թե տարբեր ուղղություններով գումարներ են հավաքվում: Ես կարող եմ ասել, որ տեղյակ եմ միայն վերը նշված գումարից, որի համար մանրակրկիտ հաշվետվություն կա՝ ինչ է արվել, ինչ է գնվել եւ այլն: Արջուկներին տեղափոխելու համար տեղյակ եմ, որ «Բրիջիդ Բարդո» հիմնադրամն է գումարներ փոխանցել Երեւանի կենդանաբանական այգուն: Գումարի չափը չգիտեմ: Հիմա Մաշան ու Միշան իրանց մոտ են եւ շուտով կտեղափոխվեն Ռումինիա»:

Արսենի ասելով՝ սա գլոբալ խնդիր է, կենդանիներին տեղափոխելով կամ պայմանները բարելավելով հարցը չի լուծվում. «Մեզ հարցնում են էսինչը, էնինչը պատասխանատվության ենթարկվե՞լ են, թե չէ….ահա այսպիսի հարցեր կան, որոնք անհետեւանք չեն անցնելու: Գյումրին նախադեպային օրինակ է նաեւ մյուս բնակավայրերում գործող կենդանաբանական այգիների համար: National geographic-ից էլ են խառնված ու այս թեման հաստատ էլի է արծարծվելու»: Զրուցակցիս տեղեկություններով՝ առյուծնեը հավանաբար կտեղափոխվեն Աֆրիկա: Հրավիրող կողմը տեղափոխության համար նշել է 50 հազար դոլար, որը պատրաստ չէ վճարելու:

«Նաջարյանը» փոշմանել է, բայց արդեն ուշ է

Հայկական հայտնի «Ոսկե ցլիկ» կարճամետրաժ ֆիլմում ցուլիկը հարեւանին տալ-չտալու դրվագները հիշեցնող զրույց է տեղի ունենում Գյումրու չկայացած կենդանաբանական այգու տնօրեն Ստեփան Վարդանյանի հետ: Հարցազրույցը ստիպված էի վարել հեռախոսով, քանի որ պատճառաբանելով անկողնային հիվանդ լինելու հանգամանքը՝ գազանանոցի տերը հրաժարվում է դեմ առ դեմ հանդիպումից:

Ստեփան Վարդանյանն, ով անձամբ էր բարձրաձայնել խնդրի մասին, մտքով անգամ չէր անցկացրել, թե կենդանիներին պետք է երկրից դուրս տանեն: Ասում է, թե իր հիմնական նպատակը եղել է այն, որ իշխանություններն արձագանքեն, օգնեն իրեն կերակրել կենդանիներին, իսկ հետագայում աջակցեն լուրջ կենդանաբանական այգի կառուցելու հարցում:

«Մենք արդյո՞ք էդքան հարուստ ենք, որ ուրիշներին կենդանի նվիրենք,-հարցնում է Ստեփան Վարդանյանը,-վերցնենք եւ հենց էնպես առյուծ ու արջ նվիրենք: Իմ իմանալով՝ ահագին էլ գումար է հավաքվել էս շուխուռի հետեւանքով, թող էդ գումարները ներդնեն, թեկուզ Երեւանում ազատավանդակներ պատրաստեն մեր կենդանիների համար: Երեւանի գազանանոցի հիմիկվա տնօրենը լավ էլ բիզնեսմեն է, թող պահե էդ կենդանիներին, ձագեր կուդան, թող ձագերը նվիրեն: Մեկ էլ տեսար ես իմ համաձայնությունը չտվի, որ դուրս տանին կենդանիներին: Մենք շատ ունի՞նք օր տանք ուրիշներին»:

Ստեփան Վարդանյանը պատմում է, որ 30 տարի ինքը Ռուսաստանի Դաշնությունում շրջիկ գազանանոց է պահել: 2006-ին որոշում է նմանատիպ գործունեություն ծավալել հայրենի ծննդավայրում: ՌԴ-ի տարբեր վայրերից ձեռք բերված մոտ 20 տեսակի չորքոտանի կենդանիներն ու փետրավորները հենց այդ տարի էլ տեղափոխվում են Գյումրի: Կենդանիների մեջ կային նաեւ «Կարմիր գրքում» գրանցված կենդանատեսակներ: Ստեփան Վարդանյանն ասում է, որ ինքը Հայաստան է հասցրել անհետացող կենդանատեսակներից  ուսուրիական վագր եւ նվիրել Երեւանի կենդանաբանական այգուն՝ նախկին տնօրենի օրոք: Գորշ արջերին զրուցակիցս նվեր է ստացել արդեն Հայաստանում, երեք տարի առաջ, երբ դեռ շատ փոքր էին:

«Տամոժնին 10 հազար դոլար մաքս եմ մուծել, օր թողել են կենդանիներին մտցնեմ Հայաստան: Ընձի կըսեին՝ սեփական առյուծ կտանիս, բդի հարկ տաս: Ամենամեծ գումարը տվել եմ վագրի համար: Մենակ 4 հատ ուղտ եմ բերել հետս Ղազախստանից: Էդ ուղտերից մեկն էլի տվել եմ Երեւանի գազանանոցին: Երկու առյուծները ծնվել են Գյումրիում, իրանց հայրը գտնվում է Երեւանի գազանանոցում, մայրը՝ Մերին, իմ մոտ էր: Առյուծներից Գիտան 4 տարեկան է, Զիտան՝ 2, անունները դրել է փոքր տղաս,-ասում է զրուցակիցս,-սկզբի վախտերը որ եկել էինք, պայմանավորվածություն ձեռք բերինք նախկին քաղաքապետի հետ, ինքը կաջակցեր մեզի, կօգներ, տեղ էր տվել Գորկու այգու մեջ: Դե ես էլ ֆերմերությամբ կզբաղվեի, եկամուտ կստանայի՝ կպահեինք էլի կենդանիներին մինչեւ օր հիվանդացա, ընկա անկողին, փոքր տղես գնաց բանակ, մեծս էլ հրաժարվավ տեր էղնելուց: Մենք էլ սաղ աշխարհքով էղանք խայտառակ, օր չկրցանք մեր ունեցած կենդանիներին պահենք՝ կուդանք ուրիշի»:

Ըստ սեփականատիրոջ՝ կենդանաբանական այգիները մասնավոր չեն լինում, եւ որ դրանք պիտի գտնվեն պետության հոգածության ներքո: Ստեփան Վարդանյանը մինչեւ հիմա էլ համոզված է, որ համայնքը պետք է իր հովանու տակ առներ շրջիկ գազանանոցը: «Էդ էդքան էլ թանկ հաճույք չէ, օրինակ՝ մեկ արջին կերակրելու համար օրական 2 հազար դրամը հերիք է՝ դե միրգ է, լափ է կուդաս, թե չէ էդ ի՞նչ բդի ուտեին էդ կենդանիներն, օր չուզեցին պահել, թե՝ բյուջեն փող չկա»,-նեղսրտում է զրուցակիցս՝ առանց հաշվարկելու հարակից ծախսերը: Սեփական գործունեության ծավալումը հայրենիքում համարում է ժամանակավրեպ, ասում է՝ դեռ չեն հասկանում, թե ինչ է նշանակում ունենալ սեփական կենդանաբանական այգի: Դեռ չեն կարող գյումրեցիք իրենց նման ճոխություններ թույլ տալ:

 Գեւորգ Պետրոսյան. «Պետք է խստացնել բնապահպանական ոլորտը կարգավորող օրենսդրությունը» 

Գյումրիում գործող շրջիկ գազանանոցի հետ կապված տարատեսակ մեղադրանքներին ի պատասխան՝ Գյումրու քաղաքապետարանը մատնացույց է անում օրենքի տառը: Համաձայն «Կենդանական աշխարհի մասին օրենքի» 8-րդ հոդվածի ՝ կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը սահմանվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Այս օրենքի 45 հոդվածի առաջին մասի համաձայն՝  ՏԻՄ-ը վերահսկողություն է իրականացնում բնության պահպանության բնագավառում, կազմակերպում է ընդերքի, անտառային, ջրային եւ օդային տարածքների, ինչպես նաեւ բուսական ու կենդանական աշխարհի օգտագործման եւ պահպանման միջոցառումները:

Գյումրու քաղաքապետարանից ստացված պաշտոնական գրությունում նշված է, որ կենդանաբանական այգին մասնավոր է, վայրը, որտեղ տեղակայված է, ունի սեփականատեր: Դեռ ամիսներ առաջ, կենդանաբանական այգու վիճակի մասին առաջին հրապարակումից հետո, քաղաքապետարանն առաջինն է կապ հաստատել այգու սեփականատիրոջ հետ ու առաջարկել իր օգնությունը: Սեփականատերը խնդրել է  օգնել կենդանիներին տեղափոխել Արմավիր կամ Երեւան՝ նշելով, թե տեղափոխման գործընթացը բանակցային փուլում է: Գյումրու քաղաքապետարանը չէր կարող իր վրա վերցնել այդ կենդանիների պահման և խնամքի ծախսերը՝ համայնքային բյուջեում չունենալով նման միջոցներ:  

 Գյումրու «Օրհուս» կենտրոնի համակարգող, «Բիոսոֆիա» բնապահպանական հկ-ի ղեկավար Գեւորգ Պետրոսյանի կարծիքով՝ խնդիրը օրենսդրական դաշտում պետք է փնտրել: «Մենք ունենք կենդանական աշխարհի մասին օրենք, ունենք նաեւ կենդանիներին անազատ, կիսաազատ պահելու կարգ, սակայն շատ քիչ սահմանափակ դեպքեր են նախատեսված եւ բավականին մակերեսայնորեն ու լղոզված է ամեն ինչը ներկայացված՝ կենդանիների պահելու, տարածքներին վերաբերող,էդ ամենը շատ ընդհանուր է գրված, սահմանված պատժամիջոցներն էլ շատ լղոզված են օրենսդրության մեջ,-ասում է Գեւորգ Պետրոսյանը,-եթե նախկինում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի կրկնվելու դեպքում մարդը կարող էր ենթարկվել քրեական պատասխանատվության՝ ընդհուպ մինչեւ ազատազրկում, ներկայումս այդ հոդվածը հանված է քրեական օրենսգրքից»:

Ըստ զրուցակցիս՝ ողջ աշխարհի օրենսդրությունը գնում է խստացման, իսկ Հայաստանում, չգիտես ինչու, վերջին տասը տարվա ընթացքում ընդհակառակը՝  մեղմացել է: Կա ընդամենը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենք, որտեղ հստակ նախատեսված են պատժամիջոցներ տուգանքի տեսքով: Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքում անձը տուգանվում է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի կամ հիսունապատիկի չափով:   

«Էս ոլորտում վերահսկողություն իրականացնող մարմիններ գոյություն ունեն, կա բնապահպանական տեսչություն, իրանք պիտի հսկեն, հետեւեն, տեսնեն՝ արդյո՞ք իրականացվում է կենդանիների պահման օրենքով սահմանաված կարգը, արդյո՞ք օրենքը կիրառվում է: Ես վստահ չեմ, թե այդ տեսչությունից մարդիկ են եկել Գյումրի ու զգուշացրել գազանանոցի տիրոջը կամ որեւէ խախտում արձանագրել, -նկատում է բնապահպանը,- եթե դա լիներ, ապա մենք չէինք ունենա այս վիճակը: Չմոռանանք, որ խնդրի մասին բարձրաձայնել են ոչ թե պատկան մարմիններն, այլ հենց սեփականատերը»:

 

Ինչ վերաբերում հարցին, թե պե՞տք է արդյոք Գյումրին ունենար կենդանաբանական այգի, բանապահպանը միանշանակ կարծիք չի հայտնում: Եթե այդ տեսքով ու վիճակով՝ իհարկե ո՛չ, եթե անապահով ընտանիքների ու տեղական բյուջեի հաշվին՝ կրկին ո՛չ: «Ի՞նչ է նշանակում պահանջել տեղական բյուջեից գումարներ հատկացնել կենդանաբանական այգուն, երբ հազարավոր ընտանիքներ նույն թշվառ վիճակում են գտնվում: Երեւի ճակատագրի հեգնաքն էր, որ Գյումրիի գազանանոցի կենդանիներն էլ էին նույն դոմիկային պայմաններում, ինչ մարդիկ: Մեր կենտրոնը գազանանոցի հետ կապված խնդիրը պարբերաբար բարձրաձայնել է, բայց մեղադրել քաղաքային իշխանություններին, ոնց որ անում է Ստեփան Վարդանյանը, թե ձեր սուղ բյուջեից ինչի գումար չեք տալիս, դա էլ ճիշտ չէ,-ասում է Գեւորգ Պետրոսյանը,-այ, եթե ՀՀ-ում գործեր բնապահպանական ոլորտը կարգավորող այնպիսի օրենք, ինչպես եվրոպական մի շարք երկրներում է, մենք հիմա նման իրավիճակում չէինք հայտնվի»:

Զրուցակիցս նշում է, որ Հայաստանն, ի տարբերություն հարեւան Ադրբեջանի ու Վրաստանի, չի վավերացրել կենդանիների պաշտպանության եվրոպական կոնվենցիան: Գյումրու գազանանոցի հետ կապված սկանդալով միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հայտնվելը գուցե նպաստի, որ պետությունն այլեւս մատների արանքով չնայի խնդրին ու ոլորտը կարգավորող օրենսդրական բացերը լրացնելու գործընթաց սկսի:

«Հնարավոր է այս դեպքից հետո դրամաշնորհներ տրամադրվեն մեր կառավարությանը օրենսդրությունը բարելավելու համար, որպեսզի էդ ոլորտում մենք ունենանք քաղաքակիրթ եվրոպական երկրներին համապատասխան օրենսդրություն եւ համապատասխան մեխանիզմներ: Ապացուցված փաստ է, որ մեր օրենսդրությունը բարելավվում է ոչ թե ելնելով մեր կարիքներից, այլ դրսից եկած պահանջարկից,-նկատում է զրուցակիցս,-մյուս կողմից դա շատ լավ ազդակ եղավ քաղաքացիական հասարակության համար: Սկսեցին արձագանքել, համացանցում դրվեցին տարբեր բնակավայրերում գործող նմանատիպ գազանանոցների մասին պատմող նյութեր: Պետք հասնել նրան, որ մարդիկ իրենց խելքին փչածը չանեն: Նկատի ունեմ էն բոլոր գազալցակայանների ու ռեստորանների տերերին, որոնք կենդանիներ են պահում նեղ, անհարմար վանդակներում՝ հիմնականում արջեր ու առյուծներ»:

Հ.Գ.-Գյումրու գազանանոցի վերջին բնակիչները՝ Մերի առյուծն իր ձագերի՝ Զիտայի եւ Գիտայի հետ, փետրվարի 10-ին տեղափոխվել են Ուրցաձորի վերականգնողական կենտրոն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter