HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Փորձենք զանգ կախելու մեթոդով աշխատենք, ոչ թե ճառ ասելու, ճառ ասող ինչքան ասես կա էս երկրում»

Գայանե Սարգսյան 

Վանաձորն այսուհետ կունենա զարգացման խորհուրդ, որում ներգրավված են քաղաքի տարբեր ոլորտները ներկայացնող ակտիվ քաղաքացիներ: Նախաձեռնության հեղինակը ավագանու անդամ Արմեն Մատինյանն է: Նրա առաջարկի շուրջ համախմբվել են տարբեր տարիքի ու սեռի ներկայացուցիչներ   բիզնեսի, հասարակական, առողջապահական, կրթական ու այլ ոլորտներից:

«Նպատակը  Վանաձորի համար ինչ-որ բան անելն է: Այսօր Վանաձորը դարձել է մեռնող քաղաք: Նման տեմպերով գնալու դեպքում 10 տարի հետո դառնալու է Սպիտակի չափ, ևս մի տաս տարի հետո՝ գյուղ: Ցավալի է, բայց փաստ», -ասում է Արմեն Մատինյանը:

Վերջին մի քանի տասնամյակների կտրվածքով համեմատական տանելով, նախաձեռնողները փաստում են. քաղաքը շարունակական հետընթաց է ապրել, ինչի հետևանքով բնակչության թիվը կտրուկ նվազել է:

«Օրինակ,  մեր շենքում 44 բնակարանից  11-ում են ապրում, 11-ից 5-ում էլ մեկական մարդ: Մեր ընկերներից քանի՞սն են հիմա Հայաստանում ու քանիսը Հայաստանից դուրս: Սա միայն Վանաձորի խնդիրը չի, բայց կարծում եմ Վանաձորւմ այն ավելի ցայտուն է»,- նշում է Ա. Մատինյանը:

Նա  մարդկանց հեռանալու հարցում կարևորում է հատկապես մշտական աշխատանքի ու վաղվա օրվա նկատմամբ հավատի բացակայության գործոնը:

 «Եթե վանաձորցիներին հարցնենք՝ ինչպիսի՞ն եք տեսնում քաղաքը 5 տարի հետո, կասեն որ կամ իրենց չեն տեսնում Վանաձորում կամ տեսնում են մռայլ պայմաններում: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր աշխատանք ունեն, թողնում, գնում են Ռուսաստան, ասում են՝ մեր երեխաների ապագան այստեղ չենք տեսնում»,- նշում է ավագանու անդամը:

Բիզնես ոլորտը ներկայացնող Հայկազ Սիմիկյանը, ով հանդիսանում է «ՍԻՄ տպագրատան» սեփականատերը, նշում է. «Քանի դեռ քաղաքացին եկամտով ապահովված չի,  չեմ կարծում, որ քաղաքն իր համար կարող է լինել բարեկեցիկ: Քաղաքը եթե նույնիսկ գեղեցիկ կառուցվի էլ, միևնույնն է, բնակչությունը չի կարող դրանով բավարարված լինի կամ իրեն լավ զգա, որովհետև վերջիվերջո եկամտի հարցը յուրաքանչյուրի համար շատ ավելի կարևոր է, քան մնացած ամեն ինչը: Մյուս կողմից ամեն ինչ փոխկապակցված է. եթե քաղաքը բարեկեցիկ չլինի, եթե ներդրումների համար գրավիչ չլինի, չի կարող խթանել ներդումների հոսք»:

Խորհրդի անդամների կարծիքով  պետք է ակտիվորեն համագործակցել տարբեր անձանց ու կառույցների հետ, որպեսզի արտաքին ու ներքին ներդրողները Վանաձորւմ ներդրումային ծրագրեր իրականացնեն:

Որպես համագործակցության լավագույն օրինակ Ա. Մատինյանը բերում է  Մարգահովիտ համայնքի օրինակը, որտեղ մարգահովիտցիները միավորվել ու նորոգել են համայնքի ճանապարհը:

Հ. Սիմիկյանի կարծիքով, սակայն, Վանաձորը խիստ տարբերվում է Մարգահովիտից թե տարածքային, թե պրոբլեմների մաշտաբներով:

Անդամներից ոմանք խորհրդի հետագա գործունեության ու ճակատագրի նկատմամբ մտավախություններ ունեին:

 «Վանաձորում ստեղծվել են բազմաթիվ նախաձեռնող խմբեր, ակտիվ քաղաքացիական խորհուրդներ, խմբավորումներ, ակումբեր, որոնք ևս իրենց առջև դրել են նմանատիպ խնդիրներ, բայց տարբեր պատճառներով որոշ ժամանակ անց դադարել են գործել: Ես պարզապես կուզենամ երաշխիք ունենամ, վստահ լինեմ, որ խորհուրդը  կունենա շարունակական գործունություն»,- նշեց  «Խաչվող ուղիներ» հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Ղազարյանը:

Արմեն Մատինյան Արամ Հախինյան Հայկազ Սիմիկյան

Սոցիալական ապահովության պետական ծառայության Վանաձորի տարածքային բաժնի պետ Արամ Հախինյանի կարծիքով խորհուրդը վանաձորցու կյանքի որակի բարձրացման հարցում չափից ավելի բարձր նշաձող է վերցրել:

 «Եթե մենք պետք է այսքանով հավաքվենք ու կարողանանք Վանաձորում կյանքի որակը փոխենք, արժե, որ էսօրվանից մեզ ազգի հերոս տան:Հաստատ էդպես չի լինելու: Եկեք այդ բարձր նշաձողը մի քիչ իջեցնենք: Մենք չենք կարող 10 հոգով Վանաձորում կյանքի որակը փոխենք,- նշեց նա, առաջարկելով,- եկեք մեկ-երկու ծրագիր փորձնական իրականացնենք և հաջողելու դեպքում ընդլայնենք թե՛ զարգացման խորհրդի կազմը, թե՛ ծրագրերը: Փորձենք զանգ կախելու մեթոդով աշխատենք, ոչ թե ճառ ասելու: Ճառ ասող ինչքան ասես կա էս երկրում»:

Որպես կին ակտիվիստ ու միևնույն ժամանակ ավագանու անդամ ներգրավված Գայանե Քալանթարյանի դիտարկմամբ՝ խորհրդի զարգացման ծրագիրը պետք է օգնի կյանքի կոչել  քաղաքի զարգացման քառամյա ծրագիրը, որը  տարուց տարի փոխանցվելով ու որոշակի փոփոխություններ կրելով, շարունակում է մնալ թղթի վրա:

«Մեր գործունեությունը պետք է աղերս ունենա Վանաձորի զարգացման քառամյա ծրագրի հետտ, մեր խնդիրը պետք  լինի ուսումնասիրել այն  և օգնել, որ այն իրականանա»,- ասում է նա:

«Քառամյա ծրագիրը բոլորս էլ գիտենք, ներկայացնում ենք, թվերը փոխում ենք, ու մոռանում դրա մասին: Առաջին տարում ինչ է  նախատեսվում, երկրորդ տարում՝ ինչ: Ոչ մեկը չի հետևում: Մեզ պետք է կոնկերտ պատկերացնել 5 տարի հետո Վանաձորն ինչպիսին է լինելու: Մեզ յոլա տանելու քաղաքականություն չի պետք, մեզ պետք է զարգացման քաղաքականություն»,- գործընկերոջ հետ համաձայնվեց ավագանու անդամ Ա. Մատինյանը:

Արդյունքի հասնելու համար զարգացման խորհրդի անգամները պատրաստ են համագործակցել բոլոր ուժերի, այդ թվում նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

«Հանուն գլխավոր նպատակի պատրաստ ես ցանկացած բանի, որովհետև ի վերջո քաղաքի խնդիրները ոչ թե ՏԻՄ-ի կամ մյուսի, այլ բոլորիս խնդիրն է: Որովհետև եթե քաղաքն սկսում է բացասական դինամիկայով շարժվել, դա բոլորի վրա ազդում է: Տվյալ դեպքում ոչ միայն ՏԻՄ-ի, այլև բոլորի հետ է պետք աշխատել. թե իշխանության, թե ընդդիմության, թե հասարակության: Սա գլոբալ խնդիր է ու շատ կարևոր է համերաշխության հարցը: Պետք է ցանկացած շահ մի կողմ դրվի հանուն հանրային շահի»,- ասում է Հ. Սիմիկյանը:

Մեկ տարի անց Վանաձորի քաղաքապետարանում կմշակվի քաղաքի զարգացման հերթական, ասում են այս անգամ 5-ամյա զարգացման ծրագիրը: Խորհրդի անդամները որոշեցել են ուսումնասիրել համայնքային բյուջեն ու հանդես գալ տարբեր ծրագրային առաջարկներով: Խորհդի առաջին գործնական քայլը լինելու է տարբեր ոլորտներին առնչվող թեմատիկ քննարկումների կազմակերպումը, ինչը թույլ կտա ուրվագծել Վանաձորի զարգացման տեսլականը:

Վանաձորցու  կյանքի որակի կտրուկ փոփոխություն զարգացման խորհրդի անդամները չեն խոստանում, ասում են՝ հրաշագործ չեն: Սակայն այն, որ ուժերը միավորելու ու ակտիվ համագործակցության դեպքում կարող են դրական տեղաշարժ գրանցել, վստահ են:                                                                                             

Մեկնաբանություններ (2)

lilit
ГЛАВНО ЧТО СОЗДАЛИ , А ВОТ ГОРОД БУДЕТ РАЗВИВАТСЯ ОТ ЭТОГО
Nara
This is such an important initiative, and deserves a lot of support. Anybody who cares about the future of Armenia should contribute. The 3rd largest city is turning into a ghost town. There is so much hopelessness and despair there. Unfortunately, Vanadzor has largely been missing from national development discussions, and it has been ignored by Diasporan organizations. This is a non-political council just comprised of the best and the brightest residents who deeply care about the city and actually want to do something about it, instead of whining and emigrating!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter