ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Լորուտցի կին թեկնածուն աշխատելու է գյուղացիների առողջության պահպանման գործի բարելավման համար



Լոռու մարզի 1100 բնակիչ ունեցող Լորուտ գյուղը 55 կմ հեռու է մարզկենտրոն Վանաձորից, 20 կմ՝ Ալավերդուց: Լորուտը բազմաթիվ խնդիրներ ունի: Դրանց լուծմանը մասնակցելու համար խոշորացվող Թումանյան համայնքի փետրվարի 14-ի ՏԻՄ ընտրություններին 4 լորուտցիներ առաջադրվել և գրանցվել են որպես ավագանու թեկնածուներ:

Մինչ թեկնածուները պայքարում են ավագանու անդամ դառնալու համար, գյուղացիները պատմում են իրենց դժվար կյանքի մասին: «Ո՛չ գյուղի ճամփա ունենք, ո՛չ հիվանդանոց: Մեր  հարսներին էլ հիվանդանոց տանելիս հասցնում չենք: Մարցի տակին՝ ավտոյումն են ծննդաբերում: Եթե երեխի պորտը չորացած է լինում, հետ ենք բերում,  եթե չէ, տանում ենք Վանաձոր: Էստեղ էդ կա, լրագրեք: Ես ճիշտ եմ ասում: Հիմա էլ ինձ համար ուզում է քաղաքապետը Լյովա Ձավարյանը լինի, ով ուզում է՝ լինի:  Ինձ էն ա պետքը, որ իմ ճամփեն լինի, հիվանդանոց լինի, որ մեր երեխեքը Մարցի տակին չծնվեն: Եսի՞մ՝ դա կլինի՞ , թե չի լինի»,- ասում է լորուտցի Արկոն:

«Ա՜, դե մի հատ թեկնածու է, ընտրենք, չընտրենք՝ արդեն ընտրված ա»,- հավելեց մեկ այլ լորուտցի:

« Ձուկը, ձուկը գլխիցն է հոտում: Հմի, էս մեր ամեն ինչը գլխից ա: Սա, էս ընտրությունները ձևականություններ ա, ճիշտ ա ասում էն մեր  ջահելը»,-իր տեսակետը հայտնեց Սիրակ Ստեփանյանը: Սիրակի ասելով՝ համայնքապետի թեկնածու Լ. Ձավարյանը խոստացել է, որ Լորուտի  ճանապարհները կասֆալտապատի, Լորուտն էլ հիվանդանոց կունենա: Հիվանդանոցի մասին խոսելիս լորուտցիները գովեցին գյուղի բուժքույր, ավագանու թեկնածու Գոհար Խաչիկյանին։

«Շատ լավ մասնագետ ա, բայց չի կարողանում հասցնել, էս մեր հարևան Շամուտ, Աթան, Ահնիձոր գյուղերից էլ են  գալիս, իրենց հիվանդներին օգնելու համար Գոհարին տանում: Սարքավորումներ չունի: Էդ կառավարությունում ամեն նախարար 5 ավտո ունի, մի հատ շտապօգնության ավտոմեքենա չեն տալիս, որ բուժքույրը նստի, շուտ հասնի հիվանդին: Հմի էս մեր համայնքապետը խոստացել ա, որ իրեն ընտրենք՝ էս բաները կունենանք»,-բացատրեց Սիրակը:

Լորուտի բուժքույր, ավագանու թեկնածու  Գոհար Խաչիկյանը աշխատանքային 33 տարվա փորձ ունի: «Սկզբից  6 տարի Երևանում եմ  աշխատել, 4 տարի աշխատել եմ Գերմանիայի Վեյմր քաղաքի զինվորական հոսպիտալում,  Ռուսաստանի Դաշնությունում, ապա նորից՝ Երևանում: Ես ամեն բժշկից մի լավը վերցրել եմ: Ծնողներիս խնամելու համար վերադարձա Լորուտ»,- պատմեց Գոհարը: Թեկնածուի համար անհասկանալի է, թե Լորուտի շատ բանիմաց երիտասարդներ ինչու չեն Թումանյանի խոշորացված համայնքի ընտրություններին համայնքապետի թեկնածություն առաջադրել:

«Մենք հնարավորություն կունենայինք քննարկելու ինչպես ամբողջ համայնքի, այնպես էլ  Լորուտի զարգացման մի քանի նախընտրական  ծրագրեր»,- բացատրեց նա: Բուժքույրը  կարծում է, որ Լորուտի կարևոր խնդիրներից մեկը գյուղացիների առողջության պահպանումն է: Մոտկորի՝ հատկապես Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր գյուղերը շատ հեռու են մարզկենտրոնից: Երիտասարդները հեռացել են, գյուղերում մնացել են տարեցները: Գոհարի ասելով՝ գյուղերում ծանր հիվանդները շատ են: Նրանց հիվանդանոց տեղափոխելիս մեծ դժվարություններ են առաջանում: Դրա համար  բուժքույրը Լորուտի ամբուլատորիային շտապօգնության ավտոմեքենա տրամադրելու հարցն է առաջ քաշել: Լորուտում հաճախ են լինում դեպքեր, երբ ավտոմեքենայի պատճառով հիվանդին ժամանակին չեն կարողանում տեղափոխել հիվանդանոց: «Գյուղացիներից ոչ ոք չի ուզենա, որ իր մեքենայում մահ լինի կամ ծնունդ ազատվի, իսկ նման դեպքեր լինում են: Մի 10 օր առաջ Շամուտից մի հղի Քարինջի տակ, ճանապարհին ավտոմեքենայում ծննդաբերեց: Երեխան և մայրը առողջ են եղել: Շտապօգնություն են զանգել և այդտեղից տեղափոխել են Վանաձոր»,- պատմեց   Գոհարը: Նա, իր խոսքով, ամսական 350 հիվանդի է սպասարկում: Իսկ գյուղի ամբուլատորիան մշտահոս ջուր և զուգարան չունի։ «Արդեն  5 տարի է ես Լորուտում աշխատում եմ, այդ խնդիրների մասին մի քանի անգամ Լորուտի գյուղապետին հայտնել եմ: Հիվանդին ամբուլատորիայում միզամուղ եմ սրսկում, դուք պատկերացրեք նրան ինչ է սպասվում՝ զուգարան չլինելու դեպքում»,- բացատրում է բուժքույրը: Գոհարն այս մասին հայտնել է նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին:  Վերջինս խոստացել է լուծել այդ հարցերը:

«Ուզում եմ՝ գյուղը մի քիչ աշխուժանա,  հրապուրիչ դառնա գյուղում ապրելը: Լորուտցիները  շատ հուսահատված են, չեն հավատում, որ գյուղում  ինչ-որ բան կարող է փոխվել»,- ասում է Գոհարը: Ավագանու թեկնածու, բուժքույր Գոհար Խաչիկյանը վստահեցնում է, որ ավագանու անդամ ընտրվելու դեպքում աշխատելու է գյուղացիների առողջության պահպանման  գործի բարելավման համար:   

Ավագանու թեկնածու Արեն Ստեփանյանը սովորում է Վանաձորի ագրարային համալսարանի հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժնում: Զուգահեռաբար աշխատում է Լորուտի համայնքապետարանում որպես առաջատար մասնագետ՝ հաշվապահ: «Ինչպես Հայաստանի ցանկացած գյուղ, Լորուտը նույնպես ունի իր խնդիրները: Բայց ինձ թվում է՝ դա ժամանակի հարց է, ընթացքում ամեն ինչ լավ է լինելու»,- վստահեցնում  է Արենը: 

Նա ասում է, որ իր թեկնածությունը առաջադրել է Լորուտի հիմնախնդիրները լուծելու համար. «Ես ինձ թույլ չեմ տա իմ շահերից ելնող քվեարկություն անել: Ես ավագանու նիստերին քվեարկելու եմ Մոտկորի բոլոր գյուղերի շահերի համար»,- ասում է Արեն Ստեփանյանը: Նա կարծում է, որ եթե Մոտկորի համայնքների խոշորացման ծրագիրը  կատարվի կետ առ կետ, համայնքների համար լավ կլինի: Որպես գյուղի բնակիչ Արեն Ստեփանյանը, սակայն, գտնում է, որ խոշորացված համայնքի ղեկավարը չի կարող Լորուտի մասին մտածել այնպես, ինչպես կմտածեր Լորուտի գյուղապետը: Նա Մոտկորի գյուղերի առաջնահերթ խնդիրը համարեց միջհամայնքային ճանապարհի կապիտալ նորոգումը:

Ավագանու թեկնածու Գագիկ Մելիքսեթյանին երեկ Լորուտում չհաջողվեց հանդիպել. «Ես անտառապահ եմ, հիմա տեղում չեմ, ուրիշ տեղ եմ, ընտրությունների ոչ մի ծրագիր չունեմ, հիմա գործի եմ, Ձեր հարցերին չեմ կարող պատասխանել»,-  հեռախոսով ասաց նա:

Ավագանու թեկնածու Սեյրան Այդինյանին նույնպես մեզ չհաջողվեց հանդիպել Լորուտում: Սեյրան Այդինյանը Արդվի գյուղի հիմնական դպրոցի տնօրենն է: Լորուտում ասացին, որ նա իր աշխատավայրում է: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ