HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև համայնքի ղեկավարի թեկնածուների խոստումները

Փետրվարի 14-ին Տաթեւ համայնքում միավորված 8 գյուղերը (Սվարանց, Հալիձոր, Տաթեւ, Խոտ, Հարժիս, Տանձատափ, Քաշունի) պետք է ընտրեն միասնական տեղական իշխանություն՝ համայնքի ղեկավար եւ ավագանի: Տաթեւ համայնքի կենտրոնը լինելու է Շինուհայր գյուղը։ 

Համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել են երեք թեկանածուներ՝ Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը եւ շինուհայրցիներ՝ նախկին զինվորական Իգոր Աբրահամյանը եւ  Տանձատափ համայնքում գտնվող հիդրոկայանի ղեկավար Վարշամ Բագրատյանը։

Շինուհայր համայնքի երկու թեկնածուներն էլ այսօր ավարտեցին քարոզարշավը: Երեկոյան իրենց ընտրական շտաբերում արդեն քննարկում էին ապագա ընտրությունները, այն վերահսկելու միջոցներն ու կազմակերպչական հարցերը: Եվ՛ Իգոր Աբրահամյանը, և՛ Վարշամ Բագրատյանը քարոզարշավի ընթացքում ընտրողներին գրավոր տարբերակով չեն ներկայացրել իրենց ապագա ծրագրերը: «Վաղը եկեք, Ձեզ կտամ», - ասաց Աբրահամյանը։ «Իմ ծրագրերը գլխումս են գրված»,- նշեց Բագրատյանը:

Համագյուղացիներին ուղղված նրանց բանավոր խոստումներն այսպիսին են.

Իգոր Աբրահամյան«Իմ՝ համայնքապետ դառնալուց հետո ապահովելու եմ փողոցների լուսավորությունը, ոռոգան, խմելու ջրի, կոյուղագծերի հարցը, ճանապարհային խնդիրը, մանկապարտեզի գազաֆիկացում: Սգո և հադիսությունների սրահ ունենք, որը ունի կոսմետիկ վերանորոգման կարիք, գերեզմանոցի ցանկապատման խնդիր կա: Շինուհայրում մշակույթի տուն չունենք, իմ ծրագրում էլ է նշված, որ մեծահասակների համար ժամանցի սրահ կառուցենք, շախմատով, շաշկիով զբաղվեն: Այս ծրագրում ես նշել եմ մեր հրատապ, առաջիկա խնդիրները, իսկ մնացածը ժամանակի ընթացքում կարվեն: Ես նախկինում զինվորական եմ եղել, մի շարք զորամասերում ղեկավար պաշտոններում եմ ծառայել, ժողովրդի մեծամասնությունը իմ նախկին զինվորներից են եղել, շփվել են հետս, ինձ ճանաչում են, մանավանդ՝ մեր գյուղացիները: Երևի վստահություն եմ ներշնչում, որ այսօր թեկնածությունս առաջադրել են»:

Վարշամ Բագրատյան․ «Ընտրվելու դեպքում առաջնային պետք է լուծենք ներքին ճանապարհի հարցը, ճաապարահի մեծ խնդիր կա: Որոշ գյուղերում գազի խնդիր կա, քանի որ մոտակա համայնքներում վառելափայտի վրա են «նստած», պետք է այս գյուղերում էլ հասցնենք գազը: Գոնե վառելափայտի դեպքում էլ էնպես խոսանք, կազմակերպենք, որ մարդիկ այդքան թանկ չվճարեն ու տուժեն: Կա ջրային հարց: Ասենք՝ մեր գյուղում ջուրը ժամով ա, մշտականի հնարավությունն էլ կա, ձգտելու եմ շուրջօրյա ունենանք: Ձգտելու եմ, որ ժողովուրդը բիզնեսի ինչ-որ ուղղություններով զբաղվի: Կառավորությունն էլ կոոպերատիվների ծրագրեր ունի, պետք ա փորձեմ էդ մարդկանց էլ օգնեմ՝ սալյարկայով, պարարտանյութով, սերմացուով, տեխնիկայով: Գյուղացիները կմիավորվեն, ես էլ տեխնիկայով, մնացած հարցերով կօգնեմ: Կոնկրետ Շինուհայրում զբաղվում են ընկույզի բիզնեսով: Այսօր սորտեր կան, որ ունեն հինգ մետր բարձրություն, այստեղի երեսուն մետրի փոխարեն, խաղողի ճտի պես բերք ա տալիս: Յոթ տարի հետո մի ծառից մինչև հարյուր կիլոգրամ բերք կստանան: Էդ ծառերից, ցրտադիմացկուն կառալյոկներ էլ կբերեմ: Ժողովուրդը էդ այգիները ունի, ոռոգման սիստեմ կլուծեմ, մեծ բերք կստանան: Ամեն մի գյուղացի, որ զբաղվի էս գործերով, սեփական բիզնես կունենա»:

Շինուհայրի այս երկու թեկնածուները դասընկերներ են եղել: Պ. Բագրատյանը նշում է՝ ընտիր հարաբերությունների մեջ ենք: Այս ընտրությունը նրանց հարաբերություններում ոչ մի ազդեցություն չի ունեցել և, ինչպես ինքն է ասում, չի էլ կարող ունենալ:

Տաթև համայնքի ներկայիս ղեկավար Մուրադ Սիմոնյանի հետ այսօր հնարավոր չեղավ հանդիպել՝ ճանապարհներն անանցանելի են։

Դիանա Ղազարյան

ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter