HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեռ Կամսար․ Անվերադարձ բյուրոկրատիզմ

Այսպիսի դեմոկրատ էր նաեւ Զավեն Գրիգորյանը, երբ կենտկոմի երկրորդ քարտուղար էր։ Անչափ խնդրեցի ինձ ընդունել` չընդունեց։ Ես էլ մահս աչքս առնելով, մի օր հարձակվեցի նրա ավտոյի վրա, տեսա ու փախա։ Երբ հիշում եմ այս դեպքը սարսափը տալիս է վրաս։ Չէ՞ որ կարող էին բռնել ու դատել որպես…տեռորիստ։ (Լեռ Կամսարի ՀԿԿԿ Ա  քարտուղար Զարոբյանին գրած նամակից, 1961թ.)

Ժամանակով, ասում են, Հայաստանում ապրելիս է եղել մի կուլտուրայի մինիստր, անունը՝ Զավեն Գրիգորյան։

Այս մինիստրը սոսկալի բյուրոկրատ է լինում։

Բոլոր իրեն տեսնել ցանկացողներին բաժանում էր երեք հավասար մասերի և ուղարկում  իր երեք տեղակալների մոտ, որ նրանց տեսնեն, իսկ ինքը մնում էր անտեսանելի։

Շատ հնում, այսպիսի մի բյուրոկրատ էլ իսրայելացիք են ունեցել։

Նրանց Աստված Եհովան սրանից պակասը չէր, բայց նա, այնուամենայնիվ, լսելով Մովսեսի թախանձանքը, իր ոտները նրան ցույց տվեց Սինա լեռան վրա։ Մի բան, որ կարող էր չանել՝ իբրև գոյություն չունեցող էակ։ Բայց տեսնո՞ւմ եք, նա իր չունեցած ոտները ցույց տվեց Մովսեսին, իսկ մեր մինիստրը, որ բազմաթիվ մարմնի մասեր ուներ՝ դրանցից ոչ մեկը ցույց չտվեց իր մեկ հաճախորդին․․․

Մինչդեռ որպես կուլտուրայի մինիստր, պետք է իր ողջ հասակով կանգներ կուլտուրայի ասպարեզում՝ աշխատողների, գրողների, նկարիչների ու երաժիշտների առջև, ընդուներ սիրալիր, նրանց եռանդի բերեր, ուղղություն ցույց տար, քաջալերեր, պատմեր արվեստի մեջ գոյություն ունեցող նորի մասին, որպեսզի գրողը անվերջ միևնույնը չկրկներ, նկարիչը միևնույնը չնկարեր ու երաժիշտը իր միալար տզտզոցով լսողի ականջը չծակեր։

Ի՞նչ անես՝ չէր ընդունում։ Եվ չընդունող կուլտուրայի մինիստրի ժամանակ էլ կուլտուրան այսպես պիտի լինի, իհարկե։

Ճիշտ այս ժամանակները, ասում են, Հայաստանում ապրելիս է լինում մի երգիծաբան, որի գրական անունը չի հիշվում, բայց իսկական անունը եղել է Արամ Թովմաղյան։ Այս Արամ Թովմաղյանը վճռել էր ինչ գնով էլ լինի, անպայման տեսնի իր կուլտուրայի մինիստրին և նրանից ցուցմունք ստանա։

Քառասունհինգ տարի անվերջ գրելուց, նրա գրիչը կողքի գնացող նավի նման ծռվել էր և ծակում էր այս ու այն կողմ կանգնած բոլորովին անմեղ մարդկանց։ Ո՞վ կարող էր ուղղել այս նավը, եթե ոչ կուլտուրայի մինստրը։

Եվ Թովմաղյանը աչքը երկինք բարձրացնելով ասաց․

- Աստվա՛ծ, իմ հոգին չառնես՝ մինչև Զավեն Գրիգորյանին տեսնելը։

- Լա՛վ, - ասաց Աստված, - քեզ 50 տարի ժամկետ։

- Վա՜յ, ի՞նչ ես ասում, Տե՛ր Ամենակալ, 50 տարում Զավեն տեսնե՞լ կլինի։

- Բա որքա՞ն։

- Գեթ մի 100 տարի։

- Ասա անմահացնեմ քեզ, էլի՞։ Ո՛չ, չեմ կարող։

- Լավ, թող 50 լինի։

Ու սկսեց նրան տեսնելու համար անվերջ գնալ-գալ։Այնքան, որ համոզվեց, վերջապես, որ նրան տեսնել հնար չէ։ Փորձեց տեղակալին նայել՝ մինիստրին տեսնել՝ չեղավ։ Փորձեց երևակայությամբ պատկերել՝ չեղավ։

Ու խեղճ երգիծաբանը իր ծուռ գրիչն առած տուն գնաց ու սկսեց մտածել։ Մտածեց, մտածեց, այնքան՝ մինչև վերջապես քունը տարավ։

․․․Այդ ժամանակ պատահեց աշխարհումս ամենասարսափելին (ձեզ պինդ պահեք՝ ասեմ)․Թովմաղյանը երազ տեսավ, իսկ երազում էլ՝ Զավեն Գրիգորյանին․․․

Մարդն արթնացել է առավոտյան ու սարսափից շունչ չի հանում։ Ի՞նչ կլինի իր վիճակը, եթե հանկարծ լսողները գնան Զավեն Գրիգորյանին հայտնեն, թե Արամ Թովմաղյանը առանց քո թույլտվության քեզ երազում տեսել է․․․

Բայց՝ քողն որքա՞ն մեծ լինի, որ կարողանա ծածկել այսպիսի մի խոշոր եղելություն։ Նույն օրն իսկ մինիստրն իմացավ և պալատականներին ժողովի կանչեց․

-Այսպե՞ս եք պաշտպանում ձեր մինիստրին, որոտաց նա։ Էլ ի՞նչ կմնա իմ մինիստրությունից, եթե այսպես թույլ տաք, որ ամեն կամեցող ինձ երազում տեսնի։ Ձեզ երեք օր ժամանակ․ գնացեք, մտածեցեք մի միջոց, որ այս դեպքը երկրորդ անգամ չկրկնվի, եթե ո՜չ․․․

Գնացին պալատականները։ Երբ հավաքվեցին երեք օրից, նրանց միջից մեկն առաջ գալով ասաց․

- Մինիստր ապրած կենա, ես գտել եմ դրա միջոցը։

- Հապա՛, ասա։

- Դուք պետք է Ձեր երեք արթուն տեղակալների կողքին ունենաք երեք քնած տեղակալներ, որպեսզի բոլոր նրանք, որոնք կամենան Ձեզ տեսնել երազում՝ նրանց ուղարկեք Ձեր քնած տեղակալներին տեսնելու, և Դուք կմնաք հավերժ անտեսանելի․․․

Առաջարկն ընդհանուրի հավանությանը արժանացավ և սկսվեց փնտրտուք երեք բարեխիղճ քնողների, այս պատասխանատու միսիան կատարելու համար․․․

 ----------

Հապա, սիրելի ընթերցող։ Դու կարծում ես մենք ներկա կուլտուրային ենք հասել առանց արգելքների՞։ Ո՛չ։ Ներկա կուլտուրան իր ճանապարհին այնքա՜ն խոչ ու խութեր, այնքան Զավեն Գրիգորյաններ է դեն գլորել․․․

1956թ․ հոկտեմբեր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter