HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերմանուհիներն ընդդեմ նացիստական ռեժիմի․ 1943թ․, դիմադրություն ի խորոց սրտի

Աննա Շահնազարյան

Երկրորդ համաշխարհային պատերազմի և նացիստական բռնապետության մասին թեև պատմական շատ նյութեր են գրվել, սակայն  շատ անցքեր էլ բավարար չեն ուսումնասիրվել կամ ներկայացվել հանրությանը, հատկապես երբ դրանք վերաբերում են ոչ-բռնի պայքարին մի ժամանակաշրջանում, երբ մարդկային կյանքը չափվում էր փամփուշտի արժեքով։ Այդպիսի իրադարձություններից է 1943թ․ գերմանացի կանանց անզեն պայքարը ֆաշիստական ռեժիմի դեմ, որը պսակվեց հաջողությամբ։ Ստորև կներկայացվի պատմաբան, Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Նեյթան Շտոլցֆուսի՝ «Փրկելով հրեա ամուսիններին Բեռլինում 1943թ․» հոդվածը՝ տպագրված ոչ-բռնի պայքարի տեսաբան Ջին Շարփի «Ինչպես է մղվում ոչ-բռնի պայքարը» գրքում։ Շտոլցֆուսը, հիմնվելով առաջնային տվյալների և պայքարին մասնակցած կանանց հետ հարցազրույցների վրա՝ դեռևս 1996թ․ գրել է իր՝ «Դիմադրություն ի խորոց սրտի․ խառնամուսնությունն ու Ռոզենշտրասեի դիմադրությունը նացիստական Գերմանիայում» գիրքը (Resistance of the Heart: Intermarriage and the Rosenstrasse Protest in Nazi Germany)։ Հավանաբար գրքի տպավորություններով է, որ 2003թ․ գերմանացի անվանի ռեժիսոր Մարգարեթ ֆոն Տրոտտան նկարահանեց իր «Ռոզենշտրասե» գեղարվեստական ֆիլմը՝ պահպանելով պատմական ճշմարտության մեծ մասը։

Հրեաների վերջին կենտրոնացումը

Աղջամուղջային մթի միջով սահուն Բեռլին էին մտնում էսէսական զորամեքենաների երկար շարասյուները։ Էսէսական «Լիբշտանդարտ Հիտլեր» զորախումբն էր՝ սև համազգեստով ու պողպատյա սաղավարտներով՝ զարդարված մարտական մեդալներով և փայլատակող հրազենով։ Լիբշտանդարտը  էսէսականների ամենաէլիտար զորախումբն էր՝ հայտնի մարտական իր ոգով, սակայն այդ օրն այն խոցված էր վերադառնում․ ստալինգրադյան արյունալի ճակատամարտում նրանք պարտվել էին։

Այդ շաբաթ օրը՝ 1943թ․ փետրվարի 27-ին գերմանական զորքերի պարտության ցասումը էսէսականները թափեցին հրեաների գլխին մի նոր եռանդով․ Բեռլինը պետք է դառնար ամբողջովին «յուդենրայն»՝ «հրեազերծ»։ Նացիստական ոստիկանության՝ Գեստապոյի արձակած զանգվածային ձերբակալությունների հրամանը կոչվում էր «Բեռլինի հրեաների վերջին համակենտրոնացում»։ Գրոհելով ֆաբրիկաները՝ էսէսականները սկսեցին բոլոր հրեաներին հանել աշխատավայրերից և կուտակել ժամանակավոր կենտրոնացման շինություններում, որոնք բռնության ու վախի իսկական ճամբարներ էին։ Սա Բեռլինի հրեաների վերջի սկիզբն էր։

Երբ խառնամուսին զույգերից մեծամասամբ տղամարդ աշխատողները սովորականի պես երեկոյան չվերադարձան տուն, կանայք խենթացած սկսեցին զանգահարել ոստիկանություն և ֆաբրիկաներ։ Շատերը պարզեցին, որ իրենց սիրելիներին հավաքել են Բեռլինի կենտրոնական փողոցներից մեկում՝ Ռոզենշտրասեում գտնվող հրեական համայնքի նախկին շենքերից մեկում։ Կանայք անմիջապես գնացին այնտեղ՝ ամուսինների մասին տեղեկություններ իմանալու և նրանց առաջին անհրաժեշտության պարագաների ծանրոցներ փոխանցելու։ Կանայք հավաքվում էին փողոցում, իսկ շենքում բանտարկված իրեն սիրելիներից նրանց բաժանում էին էսէսական հինգ զինվորականներ։

Կանայք գալիս էին մեկ֊մեկ, կամ երկու֊երկու, նրանց թիվը գնալով մեծանում էր։ Ոմանք համարձակորեն մոտենում էին էսէսական պահակներին և գանգատվում, երբեմն՝ նույնիսկ սպառնում։ «Ովքե՞ր եք դուք, որ մեզ մեր ընտանիքի անդամներից բաժանում եք, ինչո՞վ են նրանք արժանացել այդ ձերբակալություններին։ Վերջապես, մենք «արիացի» քաղաքացիներ ենք՝ օժտված իրավունքներով, «արիացի» կանանց ամուսիններն ունեն նույն իրավունքները։ Եթե թույլ չտաք ներս մտնել, մենք խնդիրներ կստեղծենք, պարսպակործան գերան կբերենք, դուռը կկոտրենք», ասաց կանանցից մեկը։ Կանայք որոշեցին, որ ամեն օր վաղ առավոտից հավաքվելու են ու պահանջելու իրենց ամուսիններին ազատ արձակել։

Ականատեսներից մեկը պատմում է, որ հաջորդ վաղ առավոտյան՝ փետրվարի 28-ին կանանց խումբն արդեն հավաքվել ու գոչում  էր․ «Վերադարձրե՛ք մեր ամուսիններին։ Բա՛ց թողեք մեր ամուսիններին»։ Կանայք հավաքված էին փոքր խմբերով, շենքի առջև ետ ու առաջ էին անում ու հույս տածում, որ գոնե պատուհանից իրենց սիրելիներին կկարողանան տեսնել։ Արդեն խմբով էին վանկարկում՝ վերադարձրե՛ք մեր ամուսիններին։

Խմբի անդամները փոխվում էին, բայց կանանց թիվը չէր նվազում։ Այդ օրը Լոնդոնի ռադիոն հաղորդեց, որ Բեռլինում ընթանում է բողոքի արարողություն, արտասահմանյան լրատվամիջոցները հաղորդում էին 600 ցուցարարի մասին, իսկ ականատեսների վկայություններով յուրաքանչյուր օր հավաքվում էր մինչև 1000 հոգի։ Գեստապոյի «Հրեաների գրասենյակի» կենտրոնական շտաբը ճիշտ անկյունում էր՝ Բյուրգշտրասեի վրա, որտեղ աշխատող նացիստական պաշտոնյաները չէին կարող չլսել կանանց վանկարկումները։ Դեռևս 1934թ․ դեկտեմբերի 7-ին ընդունված օրենքի համաձայն՝ արգելվում էին հանրային բոլոր հավաքները, բացի «վաղնջական, ավանդական ծեսերի», ուստի ոստիկանության գաղտնի ծառայողները տվյալներ էին հավաքում բոլոր միջադեպերի մասին, որոնք կարող էին չնչին անգամ նմանություն ունենալ ոչ նացիստական համերաշխության ցույցի։ Այս բողոքի դեպքում նույնպես Գեստապոն հրամայել էր պարզել ցույցի կազմակերպիչներին, բայց ապարդյուն։

Մարտի 1-ն էր, երկուշաբթի, Ռոզենշտրասեում ցույցն արդեն երկրորդ օրն է շարունակվում է, կանայք նույնիսկ գիշերը չեն հեռանում։ Մեքենաների երթևեկության ուղիները փոխվել են, գնացքի մոտակա կայանը փակվել՝ իբրև թե Ռոզենշտրասեում ցուցարարների թիվը կրճատելու նպատակով։ Բայց կանայք պատրաստ էին դիմադրել ոստիկանների հրամաններին ու մահվան սպառնալիքներին, նրանք էսէսականներին մարդասպաններ էին անվանում, նրանք փաստացի անհնազանդություն էին ցուցաբերում նացիստական օրենքին, որն արգելում էր հանրային հավաքները, նրանք պատրաստ էին փակված կայարանի պատճառով հավելյալ մեկ մղոն քայլել ու հավաքվել Ռոզենշտրասեում։

Երկուշաբթի կեսօրից հետո Բեռլինի ամեն անկյունում կայանված ռազմական բեռնատարներից մի քանիսը սկսեցին մոտենալ ձերբակալվածների կենտրոններ, որոնցից մեկն էլ Ռոզենշտրասեի վրա էր, որտեղ կենտրոնացված էին գերմանացի կանանց հետ ամուսնացած հրեաները։

Հրեաների վերջին կենտրոնացման այս գործողության ժամանակ բեռնատարներ լցրին 1736 հրեայի, որոնց տարան Բեռլինի բեռնատար երկաթուղային կայարան, որտեղից էլ պիտի ուղարկեին Աուշվից։ Կենտրոնացման այս կայանում ոչ ոք չէր պահանջում հրեաների ազատ արձակում, աքսորյալներից ոչ ոք չփրկվեց։

Սկսվել էին բրիտանական օդուժի հարվածները, նույնը օրը երեկոյան տասին Բեռլինը ենթարկվեց ռմբակոծության, դա բեռլինցիների հիշողության մեջ պիտի հիշվեր որպես «առաջին խոշոր անգլիական ռմբակոծությունը»։ Տեղում էր անձրև, մահ ու ավերածություն։ Հաջորդ օրը գերմանական թերթերը պիտի հայհոյեին գիշերվա «ահաբեկչական» հարձակումը։ Ռմբակոծությունը, նախորդ շաբաթներին Ստալինգրադում կրած պարտության հետ զուգակցվելով, գետնին էր հավասարեցրել մարդկանց վստահության մակարդակը։ Պատերազմական այս տարիներին գերմանացիների բարոյահոգեբանական վիճակն ավելի ցածր չէր եղել։ Պրոպագանդայի նախարար Գեբելսի պատասխանը «տոտալ պատերազմն էր», պատերազմական գործողության բերել ամեն տեսակի մարդկանց ու տեխնիկա, զորակոչել 17-45 տարեկան ողջ կին բնակչությանը և ներգրավել նրանց հարկադիր աշխատանքների մեջ։ «Հաստատ հրեաներին պետք է դուրս մղենք Բեռլինից», այդ օրերին գրեց նա իր օրագրում։ Ըստ ամենայնի Գեբելսն այդ պահին դեռ տեղյակ չէր Ռոզենշտրասեում ընթացող ցույցից։

1943թ․ մարտի 3-ին՝ մինչ ցույցը շարունակվում էր, Աուշվից ուղարկվեցին ևս 1732 հրեաներ․ նրանք նույնպես խառն ամուսնություններից չէին։ Բեռլինի փողոցներում շարունակվում էին «դավիթյան աստղը» կրող բոլոր հրեաների՝ նույնիսկ կիսահրեաների և խառնամուսնացածների զանգվածային ձերբակալությունները։

Իսկ Ռոզենշտրասեում շարունակվում էր ցույցը։ Կանայք, որ սկզբում հավաքվել էին տեղեկություններ ստանալու, սկսեցին իրար նկատմամբ համերաշխություն դրսևորել, որն էլ արտահայտվեց հանրային բողոքով։ Նրանց ըմբոստ աղմուկը չէր դադարում, իսկ ոստիկանական ապարատի՝ սպանելու կամ բռնությամբ հեռացնելու սպառնալիքները ոչ մի արդյունքի չէին բերում։ Կանանցից շատերի մոտ սկսեց հույս ծագել, որ իրենց ցույցը հաջողությամբ կպսակվի, և իրենց ընտանիքի անդամին ազատ կարձակեն։ Ցուցարարներից մեկը իր հիշողություններում վկայում է, որ որևէ մեկը, ով կփորձեր հաշվարկել, թե արդյո՞ք փողոցային ցույցը նացիստական Գերմանիայում կարող էր հաջողությամբ պսակվել, հաստատ տնից դուրս չէր գա։ «Իմ կարծիքով, սեփական կյանքը մեկ այլ կյանքի համար վտանգելու որոշումը կարող էր միայն սրտից բխել՝ անկախ նրանից մարդը պատրա՞ստ է դրան, թե՞ ոչ», հիշում է ցուցարար կանանցից մեկը։

Մարտի 4-ին կանանցից մի քանիսին բռնի ուժով հեռացրին տարածքից, նաև աքսորեցին գերմանացիների հետ ամուսնացած 13 հրեայի։ Ռայխի անվտանգության կենտրոնակայանում, որտեղ աշխատում էր Ադոլֆ Այխմանը, սկսվեցին լուրջ տարաձայնություններ, թե ինչպես պետք է վարվեին ցույցի հետ․ բռնի ուժով ցրեի՞ն, թե ոչ։

Մարտի 6-ը Ռոզենշտրասեում ցույցի յոթերորդ օրն էր, խառնամուսին ևս 25 տղամարդու մի քանի հարյուր հրեաների հետ աքսորեցին Աուշվից։

Նույն օրը, սակայն, Գեբելսը վերջնականապես որոշեց վերջ տալ ցույցերին և ազատ արձակեց գերմանացիների հետ ամուսնացած հրեաներին և նրանց կիսահրեա երեխաներին։ Հիտլերն այս որոշմանը հավանություն էր տվել։ Պրոպագանդայի նախարարի համար խիստ կարևոր էր ցույց տալ, որ կա զանգվածային հարմարվողականություն՝ կոնֆորմիզմ, որ երկրում և հատկապես Բեռլինում այլախոհություն և ընդվզում գոյություն չունի, այդ իսկ պատճառով բաց ցույցերը ցրելու լավագույն եղանակը նրանց պահանջը կատարելն էր, որպեսզի ցույցը տեսանելի չլինի ոչ միայն բարոյալքվող գերմանացիներին, այլև օտարերկրյա դիվանագետներին, լրագրողներին, նույնիսկ՝ լրտեսներին։ Նրա որակմամբ՝ իրենց հրեա ընտանիքի անդամներին փրկող գերմանուհիների ցույցն իրապես «տհաճ տեսարան էր»։ Գեբելսի տեղակալ Լեոպոլդ Գյութերերը հետագայում մի հարցազրույցում կասի, որ Գեբելսը հրեաներին ազատեց, որպեսզի ցրի ցույցը։ Անշուշտ ոստիկանությունը կարող էր Ռոզենշտրասեի կանանց ձերբակալել և ուղարկել համակենտրոնացման ճամբար, սակայն դա ճիշտ չէր լինի, քանի որ արդեն կսկսեին ձայն բարձրացնել գերմանուհիների հարազատները, և մարդիկ կսկսեին բացեիբաց ընդդիմանալ տեղի ունեցող երևույթներին։ Գերմանացիների համար անընդունելի կլիներ տեսնել նացիստական պրոպագանդայի արդյունք հանդիսացող գերմանական ավանդույթը՝ ընտանիքը, պահպանող կանանց պատիժը։ Այդ իսկ պատճառով Գեբելսը նախըտրեց կատարել կանանց պահանջը։ Այդ օրերին նացիստական պրոպագանդան ամեն ինչ անում էր, որպեսզի հրեաների աքսորման անհնազանդության գործողությունը վերաորակվի բրիտանական ռմբակոծությունից անօթևան մնացած բեռլինցիների գանգատի։

Գեստապոն ազատ արձակեց Ռոզենշտրասեում ձերբակալված շուրջ 2000 հրեաներին, նրանց մեծամասնությունը պատերազմն ապրեց պարենի պաշտոնական կտրոններով՝ առանց ստիպված լինելու թաքնվել, իսկ Աուշվից աքսորված խառնամուսիններին «բարձրագույն Ռայխի հրամանով» ազատ արձակեցին։ Խառնամուսին ոչ մի հրեա հետագայում չի աքսորվել կամ ձերբակալվել։ Երկրորդ համաշխարհայինն առանց թաքնվելու վերապրած հրեաների 98 տոկոսը խառնամուսին հրեաներն էին, ում պաշտպանել էին իրենց գերմանացի կանայք՝ անհնազանդությամբ և մեծ կամքով։

Նեյթան Շտոլցֆուսն իր աշխատությամբ բարձրացնում է այն հարցը, որ բռնությանը, զանգվածային սպանություններին ու ցեղասպանությանը դիմադրելու նախադեպերը, հատկապես գերմանական հասարակությունում, հաճախ են անուշադրության մատնվում՝ հավանաբար հավաքական պատասխանատվության և հրամաններին անհնազանդություն չցուցաբերելու խղճի խայթի պատճառով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter