HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի խոշոր հարկատուները. բանկեր

Խոստման համաձայն «Հետք»-ը պարբերաբար անդրադառնում  է Հայաստանի խոշոր հարկատուներին՝ ըստ ոլորտների։ Հիմնվում ենք 2015 թվականի ամփոփ ցուցանիշների վրա, որոնք տրամադրում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։ Այդ տվյալները ցույց են տալիս, թե որ ընկերության գործերն ինչպես են ընթացել նախորդ տարի։ Եթե, իհարկե, տվյալ ոլորտում ստվերային շրջանառություն չկա կամ այն մեծ ծավալի չէ։

Հերթը բանկերինն է։ Հայաստանում գործում է   21  առևտրային բանկ, որոնց կողմից պետությանը վճարած հարկերի չափերը 2014-ի համեմատ փոփոխությունների են ենթարկվել։

2015-ի հազար խոշոր հարկատուների ցանկում բանկերից առաջինը հանդիպում ենք «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի անունը։ Այս բանկը նախորդ տարի պետությանը վճարել է 5,44 մլրդ դրամի հարկ և գնվում է 15-րդ տեղում։ Մեկ տարում հարկերի չափն ավելացրել է 1,205 մլրդ դրամով և  7 հորիզոնականով բարելավել դիրքը։

Հաջորդը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն է։ Այս անգամ այս բանկը 4,453 մլրդ դրամով   24-րդ տեղում է։  Հարկերի չափն ավելացրել է 338 մլն դրամով և 2 հորիզոնականով վերև բարձրացել։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ին անմիջապես հաջորդում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ն՝ 25-րդ տեղում։ Այն վճարել է 4,369 մլրդ դրամ։  Նախորդ տարվա համեմատ հարկերի չափի ավելացումը այդ բանկի դեպքում ևս զգալի է՝ 1,103 մլրդ դրամով։ Արդյունքում բարձրացել է 13 հորիզոնականով։

Մյուսը հանդիպում ենք «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ին։ Այն 29-րդ տեղում է և վճարել է 3,635 մլրդ դրամ։ Այս բանկը մեկ տարում  հարկերի չափը նվազեցրել է 370 մլն դրամով՝ նահանջելով 1   հորիզոնականով։

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն այս անգամ 31-րդ տեղում է։ Վճարել է 3,562 մլրդ դրամ։ Այս բանկի դեպքում ևս հարկերի չափի զգալի ավելացում է գրանցվել։ 2014-ին այն խոշոր հարկատուների շարքում 64-րդ տեղում է եղել, բայց մեկ տարում 1,462 մլրդ դրամով ավելացրել է հարկերն ու բարձրացել 33  հորիզոնականով։

Հաջորդում է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ն՝ 38-րդ տեղ, 3,263 մլրդ դրամ։ Այս դեպքում հարկերի նվազումն է ակնհայտ։ Նախորդ տարի այս բանկը 1,07 մլրդ դրամ ավելի քիչ է վճարել պետությանը, քան   2014-ին։ Այդ տարի խոշորների շարքում 21-րդն է եղել։

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն 53-րդ տեղում է։ Վճարել է 2,253 մլրդ դրամ։ 2014-ի համեմատ հարկերի չափիը նվազեցրել է 200 մլն դոլարով։ Խոշորների ցանկում նահանջել է 1 հորիզոնականով։

Մյուսը «Յունիբանկ» ԲԲԸ-ն է։ 2015-ին այս բանկը պետությանը վճարել է 2,165  մլրդ դրամի հարկ ու հայտնվել 57-րդ հորիզոնականում։ 2014-ին նույնպես այս հորիզոնականում է եղել, հարկերի չափն էլ էականորեն չի փոխվել։

«Արարատբանկ» ԲԲԸ-ն էլ 67-րդ տեղում՝ 1,737 մլրդ դրամով։ Թեև այս բանկը էականորեն չի ավելացրել հարկերի չափը, սակայն խոշորների շարքում դիրքը բարելավել է 13  հորիզոնականով։

70-րդ հորիզոնականում «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն է։ Վճարել է  1,688  մլրդ դրամ՝ 186 մլն դրամով ավելին, քան  2014-ին, երբ 88-րդ տեղում է եղել։

Մինչ մնացածներին անցնելն, ամփոփենք առաջին տասնյակը։ Փաստորեն,  ՀՀ պեպտբյուջե ամենամեծ ծավալի հարկեր վճարած բանկերի տասնյակը խոշոր հարկատուների շարքում «տեղավորվել է» առաջին 70-ի մեջ։

 Հատկանշական է, որ «Ամերիաբանկ»-ին, «Հայբիզնեսբանկ»-ին և «Արդշինբանկ»-ին հաջողվել է ավելի քան   1 մլրդ դրամով ավելացնել հարկերի չափը։ Դա խոսում է այն մասին, որ այս երեք բանկերը նախորդ տարի իրենց գործունեությունում աճ են գրանցել։ «Ամերիաբանկ»-ը, փաստորեն, հարկերի վճարման մասով առաջատարն է բանկային ոլորտում։ Ի դեպ, այն նաև նորմատիվային կապիտալով է  առաջինը. նախորդ տարի գերազանցել է  60 մլրդ դրամը։ Իսկ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի դեպքում նվազումն է ակնհայտ։

Խոշոր հարկատուների ցանկում բանկերի շարքը «Կոնվերս Բանկ»-ից հետո շարունակում է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն՝ 1,598 մլրդ դրամ, 75-րդ տեղ։  2014-ի համեմատ հարկերի չափն ավելացրել է 135 մլն դրամով և բարձրացել 15 հորիզոնականով։

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի անունը հանդիպում ենք 89-րդ հորիզոնականում։ Վճարել է 1, 357 մլրդ դրամ՝ 483 մլն դրամով ավելին, քան 2014-ին։ Այդ տարի 145 տեղում է եղել։

Մյուսը «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն է։ Այս անգամ  93-րդ տեղում է՝ 1,299  մլրդ դրամով։ Հարկերի չափն ավելացրել է  150 մլն դրամով։ 2014-ին 116-րդ տեղում է եղել։

Հաջորդում է «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն։ 101-րդ տեղում է՝ 1,202  մլրդ դրամով։ Այս բանկը ևս բարելավել է դիրքը (41 հորիզոնականով)՝ 320 մլն դրամով վճարելով ավելի շատ, քան 2014-ին։

«Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ն 122-րդ տեղում է՝  958  մլն դրամով։ Հարկերն ավելացրել է 167 մլն դրամով ու բարձրացել 36 հորիզոնականով։ Ի դեպ, հորիզոնականների մասով աճը թռիչքային է թվում, քանի որ 1000 խոշոր հարկատուների ցանկում գերակշռում է 1 մլրդ դրամից քիչ հարկեր վճարած ընկերությունների թիվը, ուստի 100 մլն դոլարի աճի դեպքում կարող է, օրինակ, 50 հորիզոնականով վերև բարձրանալ։

«Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ն նախորդ տարի պետությանը վճարել է 643 մլն դրամ և հայտնվել 182-րդ տեղում։ Հարկերի չափը նվազեցրել է 212 մլն դրամով, իսկ դիրքը զիջել 33 հորիզոնականով։

Մյուսը «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ն։ Այն այս անգամ 217-րդ տեղում է՝ 548 մլն դրամով։ Հարկերի չափը նվազեցրել է  86 մլն դրամով։ Նահանջել է 35 հորիզոնականով։

233-րդ տեղում «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն է՝ 504 մլն դրամով։ 2014-ի համեմատ դիրքը բարելավել է 51 հորիզոնականով՝ վճարելով  72 մլն դրամով ավելի շատ հարկ։

Իսկ մնացած երեք բանկերը չեն կարողացել հաղթահարել կես միլիարդ դրամի շեմը։

«Արցախբանկ» ՓԲԸ-ն վճարել է 230 մլն դրամ ու հայտնվել 473-րդ տեղում։ Իսկ 2014-ին զբաղեցրել է 581-րդ տեղը՝ 189 մլն դրամով։

Մյուսը «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ -ն է։  Վճարել է 190 մլն դրամ ու զբաղեցրել 562-րդ տեղը՝ նախորդող տարվա 612-րդի փոխարեն (178 մլն դրամ):

Եվ վերջինը «Մելաթ բանկ» ՓԲԸ-ն է։ Այս անգամ այն 603-րդ տեղում է՝ 176 մլն դրամով։ 2014-ին՝ 154 մլն դրամով 696-րդ տեղում էր։

Ինչպես երևում է վճարած հարկերի չափերից, Հայաստանում գործող առևտրային բանկերի դիրքերը խիստ տարբեր են։ Կարծիք կա, որ 21 բանկն Հայաստանի համար շատ է։ Եվ, ինչպես սպասվում է, առաջիկայում այդ թիվը կկրճատվի՝ հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից վերանայվել է բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն շեմը։ Մինչ վերանայվելը նվազագույն շեմը 5 մլրդ դրամ էր։ Իսկ հիմա բանկերի առաջ պահանջ է դրված մինչև 2017 թվականը այն հասցնել 30 միլիարդի։ Այսինքն՝ նվազագույն կապիտալի շեմն ավելացվել է 6 անգամ։ Այս տարեվերջին արդեն պարզ կդառնա, թե որ բանկերը կհաղթահարեն այդ շեմն ու կշարունակեն գործել։

Առաջիկայում կանդրադառնանք Հայաստանի բջջային օպերատորներին։

Հիշեցնենք, որ անդրադարձել ենք նաև հանքարդյունաբերության ոլորտին, ծխախոտի արտադրությանը և Որոտանի ՀԷԿ-ի թռիչքային աճին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter