HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թունելի վերջում միշտ էլ լույս է լինում

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Ողջերի աշխարհում ապրողներիդ երևի թվում է, թե բանտում անսպառ ազատ ժամանակ կա: Իրոք, կա: Ժամանակ միշտ էլ կա թե բանտում, թե այս չորս պատերից դուրս: Բայց եթե այդ ժամանակը չլցնես օգտակարով, օրինակ՝ ինքնակրթությամբ, կխենթանաս: Վերջին տարիներին, երբ սովորում եմ բուհում, աշխատում, դատական բողոքներս ինքնուրույն կազմում, թարգմանություններ անում ու պատմվածքներ գրում, ժամանակն աննկատ վազում է: Անգամ ժամանակ չեմ ունենում նայել ինձ ամեն անգամ ուղարկվող ֆիլմերն ու լսել երաժշտությունները:

Բայց քանի որ վերջին շաբաթներին գրածս նամակները ծանրամարս էին ստացվում ու աշխատանքային ծանր շաբաթվանից հետո չեմ ուզում էլ ավելի ծանրաբեռնել իմ նամակները կարդացողին, որոշեցի այս անգամ մոռանալ քրեական գործերի, դատարանների, բանտի մասին ու գրել մի երաժշտական տեսահոլովակի ու մի ֆիլմի մասին, որը վերջապես հասցրեցի նայել` չնայած վաղուց էի ստացել:  

Ողջերի աշխարհից են ուղարկել այս վիդեոն, որը խնդրում եմ տեղադրել, որ նամակս կարդացողն էլ տեսնի:

Սկզբից չհասկացա, թե ինչ սպիտակ կետ է մթության մեջ: Այն գնալով մեծանում է: Ուշադիր հետևում եմ: Զգացողություն է, թե ինքս եմ սլանում դեպի այդ միակ լուսավոր կետը: Շարունակում եմ կլանված նայել: Հաճելի երաժշտություն և… խավարը չքացավ: Երկար թունելի միջից դուրս պրծա դեպի լույսը: Ամենուրեք սպիտակ է: Եվ այսպես 9 րոպե էկրանի մեջ մտած ուշադիր հետևում էի լույսին:

Չգիտեմ` դուք ինչ զգացիք, բայց ես մի պահ հայտնվեցի ազատության մեջ: Երևի բանտարկյալների մեծ մասը այս երաժշտությունը լսելով ու տեսահոլովակը նայելով՝ նույնը կզգա. Ազատություն: Այս տեսանյութը թեկուզև կարճ ժամանակով, բայց ազատեց ինձ բանտի մռայլ պատերից: Չգիտեմ՝ սա նկարողը երբևէ իմացել է, թե ինչ է բանտը կամ միգուցե ձանձրացել է մի կետում գտնվելուց: Հավանաբար երկար ժամանակ մթության մեջ է ապրել, լույս փնտրել:

Գնացքով սլանալով ձյունածածկ անծայրածիր թվացող տարածության մեջ` սկսում եմ փնտրել տուն, մարդ` կենդանության նշան: Ահա միայնակ մի տուն: Մի քանի ակնթարթ, և այն անհետանում է: Գնացքը շարունակում է սլանալ` հետևում թողնելով անցյալը: Հանկարծ նորից թունել, սպիտակից հետո նորից սև տարածություն, և միայն փոքր առկայծող լույսեր: Այդպես մի քանի րոպե: Իսկ տեսահոլովակի վերջում նորից լույս, որը առաջին վայրկյանին նույնիսկ աչքերդ է ծակում:

Կանգնեցնում եմ գնացքի ընթացքը, հետ եմ գալիս սկիզբ, մոտեցնում կադրը, ուշադիր նայում միայնակ տան հատվածը… եթե նույն ձևով հնարավոր լիներ կանգնեցնել կյանքի գնացքը՝ օրերը, տարիները, ժամերը ու կարողանալ կանխել վատը և հակառակը՝ բազմապատկել հրաշալին:  

Հիշեցի իմ զգացողությունները մահապատժի առաջին տարիներին, երբ խցի պատուհանները փակված էին երկաթե շերտավարագույրներով, ու չէի իմանում՝ երբ է դրսում լույսը բացվում, իսկ երբ է արևը մայր մտնում: Գիշեր-ցերեկ մի լամպ էր  վառվում խցում, որտեղից 7 տարի դուրս չեմ եկել. զբոսանք գոյություն չուներ: Այդ ժամանակ ինձ թվում էր, թե մի մեքենայի կամ տիեզերանավի մեջ եմ, որը ոչ մի տեղ չի շարժվում, նույն կետում է, ու այդ կետում միշտ խավար է: Այդ տարիներին ինչ նկարում էի, միջնադարյան ամրոց-բանտ էր ստացվում:

Խավարի ճամփորդության մասին գրել եմ «Թռիչք դեպի կյանք» պատմվածքում: Ահա, թե ինչ տողեր կան այնտեղ.

«Մի ամբողջ կյանք անցկացրեցի իմ նոր երկաթե բնակարանում: Մեքենան իմ տունը դարձավ: Այնտեղ ես գտա նոթատետր և գրիչ: Այդ ժամանակից սկսած գրառումներ էի անում նոթատետրում, որի թերթերը չէին վերջանում... Օրերը մտովի բաժանում էի` առավոտվա, կեսօրի, երեկոյի և գիշերվա: Մեկ է, ոչինչ չէր փոխվում: Ուղղակի այդպես օրակարգս էի պահում: Օրը ոչ թե 24 ժամ էր տևում, այլ` 80, այսինքն` 20-ական ժամ առավոտվա, կեսօրի, երեկոյի ու գիշերվա համար: Բայց մի օր ժամանակը վերացավ վերջնականապես: Տարածություն, որպես այդպիսին, այլևս չկար: Անհասկանալի էր` շարժվո՞ւմ եմ ընդանրապես, թե՞ կանգնած եմ նույն տեղում: Շուրջս բացարձակ ՈՉԻՆՉ: Նույնիսկ իմ գոյությունն էր թվում մի պատրանք: Տարբերություն չկար` բաց են աչքերս, թե փակ, միևնույնն է` ոչինչ չկար»:

Պատմվածքի վերջում, թունելից հետո բացվող լույսի ու անձրևից հետո դուրս եկող արևի պես, գլխավոր հերոսը կարողանում է գտնել ճանապարհը դեպի տուն ու վերադառնում Ողջերի աշխարհ, դեպի Լույսը՝ տուն:  

Ինձ ուղարկում են ուժեղ մարդկանց մասին ֆիլմեր: Գնացքի տեսահոլովակից ու կախարդող երաժշտությունից հետո նայեցի «Թիթեռնիկների կրկեսը» կարճամետրաժ ֆիլմը, որտեղ գլխավոր հերոսը Նիկ Վոյչիչն է. մարդ, որը ի ծնե զրկված է եղել ձեռքերից և ոտքերից: Ութ տարեկան երեխա է եղել, երբ  ցանկացել է ինքնասպան լինել, սակայն… պայքարել և հավատացել է Աստծուն, հավատացել և պայքարել է:

Դուք էլ նայեք այս ուժ տվող ֆիլմը:

Երբ Նիկն ընկնում է, իսկ նա հաճախ է ընկնում, սկզբից ճակատով հենվում է գետնին, հետո` ուսերով, և ամեն անգամ նորից բարձրանում է: Հենց այդ անկումների և, գլխավորը` բարձրանալու մեջ է նրա փիլիսոփայության գաղտնիքը:

Այսպես է ասում Նիկը. «Կյանքում պատահում է, որ դուք ընկնում եք, և թվում է, որ այլևս ուժ չունեք բարձրանալու: Այդժամ մտածում եք` կա՞ արդյոք հույս… Ես չունեմ ոչ ձեռքեր, ոչ ոտքեր…սակայն հերթական պարտությունից հետո չեմ կորցնում հույսս: Համառորեն շարունակելու եմ փորձել և նորից փորձել: Ուզում եմ, որ իմանաք` անհաջողությունն ամենևին էլ վերջը չէ»:

Մեկնաբանություններ (1)

Բժշկականցի
Մհեր Ենոքյանի մասին ինչ էլ վայրահաչեն՝ ավելի իրենք իրենց են վարկաբեկելու... Թող արդար դատաստան տեսնեն ու բոլորիս ցույց տան, որ հա իրոք մեղավոր է, դե թող անեն ինչի՞ չեն անում, ձեռ չի տալիս չէ՞

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter