HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռիում հայտնաբերված ներկած նռներն ուղարկվել են փորձաքննության

Գայանե Սարգսյան

Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության Լոռու մարզային կենտրոնի աշխատակիցները մի քանի օր է` ակտիվ ստուգումներ են իրականացնում Լոռու մարզի մթերային շուկաներում ու միրգ վաճառող խոշոր խանութներում: Ստուգումներն սկսելու պատճառը Վանաձորում վաճառվող ներկած նռներն են, ինչի մասին կենտրոնի աշխատակիցները տեղեկացել են համացանցից: Վանաձորցիներից մեկը գնելով նուռ ու տանը պարզելով, որ այն ներկված է, տեսանկարահանել էր այն ու տեղադրել համացանցում: Տեղադրված տեսանյութում խոնավ կտորով մաքրվող նուռը արագ գունազրկվում է՝ կորցնելով մինչ այդ ունեցած գրավիչ կարմիր տեսքը:

«Բոլոր տեսակի ինֆորմացիաները, որոնցում կասկածներ կան սննդամթերքի անվտանգության վերաբերյալ, մենք անմիջապես ընդունում ենք որպես ահազանգ և զբաղվում դրանով: Նռան հետ կապված տեսանյութը տեսնելուց անմիջապես հետո  ուսումնասիրություններ ենք սկսել Լոռու մարզի մթերային շուկաներում, ինչի արդյունքում Վանաձորի շուկայի երկու վաճառակետերում ներկած նուռ ենք հայտնաբերել»,- ասում է սննդամթերքի անվտանգության պետական տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետ Կամո Սողոյանը:

Վերջինիս խոսքով նշված երկու վաճառակետերում կասեցվել է նռերի վաճառքը, ֆիքսվել քանակը և ի պահ հանձնվել: Նռան նմուշներն ուղարկել են Երևան՝ համապատասխան փորձաքննության՝ պարզելու համար, թե օգտագործված ներկը որքանո՞վ է վտանգավոր մարդու առողջության համար:

Թե ե՞րբ պարզ կլինեն փորձաքննության արդյունքները, կենտրոնի պետը դժվարանում է ասել:

«Մենք չգիտենք, թե ինչ ծագման ներկ է, դրա հետ կապված կարող է երկար տևել փորձաքննությունը: Երբ որևէ սննդատեսակ ուղարկում ենք փորձաքննության, օրինակ մսամթերքը, մենք ցուցանիշները գիտենք, փորձաքննության կարգը գիտենք, օրերը ֆիքսած գիտենք: Հիմա ուղղակի չգիտենք ներկի ծագումը ու չգիտենք որքան կտևի փորձաքննությունը»,- նշում է Կ. Սողոյանը:

Ներկած նռերի հետ կապված հետագա քայլերը կենտրոնը կհստակեցնի փորձաքննության արդյունքները ստանալուց հետո:

«Սննդային ներկ լինելու դեպքում ստացվում է, որ սպառողներին խաբել են, որոշակի խաբկանք են առաջացրել գույնի առումով: Խնդիր կառաջանա, եթե պարզվի, որ դա ինչ-որ թունավոր նյութ է: Այդ դեպքում վաճառողները համապատասխան տույժերի կենթարկվեն: Օրենքը նախատեսում է վարչական տույժ-տուգանքներ»,- ասում է կենտրոնի պետը, չկարողանալով հստակորեն նշել, թե տուգանքների ինչ չափերի մասին է  խոսքը:

«Վարչական վարույթ կսկսվի, նոր կորոշենք: Հոդվածները տարբեր են ու սահմանում են տարբեր չափի տուգանքներ: Հասկանանք ինչ խախտման հետ գործ ունենք, մնացածը ընթացքը ցույց կտա»,- ասում է նա:

Կ. Սողոյանը վստահեցնում է՝ ուսումնասիրությունները դեռ շարունակելու են: Այժմ ստուգայցեր են անցկացնում մարզի միրգ վաճառող խոշոր խանութներում:

Մինչ համացանցային ահազանգը սննդամթերքի անվտանգության պետական տեսչության Լոռու մարզային կենտրոնում ներկած նռերի վաճառքի հետ կապված ահազանգեր չեն ստացվել: Կենտրոնի պետի տեղեկացմամբ՝ վերջին վեց ամիսներին կենտրոնն ընդհանրապես ահազանգ չի ստացել և ոչ մի սննդատեսակի հետ կապված: Չնայած սրան` կենտրոնի պետի կարծիքով ավելի ճիշտ կլիներ, եթե ահազանգողները ներկած նռան տեսանյութը ոչ թե տեղադրեին համացանցում, այլ անձամբ դիմեին իրենց: Թե ինչու բնակիչները որևէ ահազանգով կենտրոն չեն դիմում, պարզ չէ:

Վանաձորի մթերային շուկայում շրջայցի ժամանակ մենք վաճառակետերում ներկած նռերի չհանդիպեցինք: Վաճառողները հավանաբար լսել էին ընթացող ստուգումների մասին ու վերացրել ներկած նռան հետքերը: Մեզ հետ զրույցի ժամանակ միրգ վաճառողերը վստահեցնում էին, որ իրենք ներկած նուռ չեն վաճառում,  ներկած նուռը մեծածախ առևտրով զբաղվողներից չեն գնում, հասկանում են՝ այն կարող է նաև վտանգավոր լինել:

«Ներկած նուռը ճանաչում ենք, ներկած նուռն ո՞ւր եմ առնում: Առավոտը շուտ գնում ենք տենանք ինչ կա, ինչ չկա, որ տեսնում եմ ներկած ա՝ չեմ առնում: Ներկած նուռը ինչ տի լի, թույն տի լի, էլի: Մի բան, որ բռնես, մատներդ հետը գույն տա, առնեմ բերեմ դնեմ, ի՞նչ անեմ: Քեզ խաբե՞մ: Երկու կլիենտ ունենք, ո՞ր կլիենտին խաբեմ»,- ասում է Հերիքնազ Միրզոյանը, ով 25 տարի է, զբաղվում է մրգի վաճառքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter