HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ո՞ւմ համար ելույթ ունեցավ Սերժ Սարգսյանը

Նախօրեին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին ընդունելով իր նստավայրում, հանդես է եկել Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ ծրագրային ելույթով։ Նա անդրադարձել է հանրային ու պետական կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում առկա խնդիրներին, Հայաստանի արտաքին ու ներքին մարտահրավերներին։ Նախագահի այս ելույթը տարբեր տեսանկյուններից դեռ շատ կքննարկվի, կհամեմատվի նրա նախկին նմանատիպ ելույթների ու դրանց արդյունքների հետ։ Սակայն կոնկրետ մեկ դրվագ թույլ է տալիս որոշակի հետևություններ անելու ոչ միայն ընդհանրական ելույթի բնույթի, այլև առհասարակ դրանում արվող նպատակադրումների իրականացման հարցում դրսևորվող հետևողականության մասին։ Ցուցիչ, որով հասարակությունը սովորաբար գնահատում է որևէ ելույթի, լրջությունը, ազդեցությունը, առավելևս, երբ խոսքը վերաբերում է նախագահին։

Անդրադառնալով Հայաստանի տնտեսության մեջ արտաքին ներդրումների ցածր մակարդակին ու դրա պատճառներին, Սերժ Սարգսյանը նշել է․ «Ես հանձնարարել եմ արտաքին գործերի նախարարությանը և բոլոր դիվանագիտական առաքելություններին նոր եռանդով լծվել Հայաստանի տնտեսական շահերն առաջ մղելու գործին: Առաջին հերթին, այստեղ հստակ խնդիր է դրվել ներգրավելու նոր արտաքին ուղիղ ներդրումներ: Դրանք կարող են լինել ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել են այստեղ, ինչպես նաև արտաքին ներդրողների շահերից բխող հնարավոր տարբերակներ՝ իրենց նախաձեռնությամբ: Կրկին պնդում եմ, որ լուրջ ծրագրերի առկայության պարագայում մենք պատրաստ ենք ստեղծել դրանց համար հնարավոր ամենաբարենպաստ պայմանները: Երկրորդ, անհրաժեշտ է նոր շուկաներ և ուղղություններ գտնել Հայաստանում արտադրվող ապրանքատեսակների և ծառայությունների համար: Այստեղ ևս պետք է հստակ գնահատենք, թե որոնք են ամենահեռանկարային ուղղությունները: Անշուշտ, արտաքին գործերի նախարարությունն այս հարցերի շրջանակի միակ և առաջին պատասխանատուն չէ: Ուստի և այստեղ խիստ կարևոր է դառնում դիվանագետների համադրված աշխատանքն էկոնոմիկայի նախարարության և համապատասխան մյուս գերատեսչությունների հետ»։

Թվում է, թե ԱԳՆ-ին ու դիվանագիտական կորպուսին,  Էկոնոմիկայի նախարարությանն ու համապատասխան մյուս գերատեսչություններին նախագահի տված այս հանձնարարականում արտառոց ոչինչ չկա, ավելին, մի բան էլ այն դեռ ուշացած է և մեղմ։ Խնդիրն այն է սակայն, որ այս հանձնարարականը, գրեթե նույն շեշտադրումներով, նախագահը տալիս է արդեն երկրորդ անգամ։

2014թ․հունիսի 2-ին նա վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի կոնֆերանսների դահլիճում հավաք անցկացրեց ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ Այդ հավաքի մասին ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ սևով սպիտակի վրա գրված էր․ «Հանրապետության Նախագահը ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի ուշադրությունը հրավիրեց նաև դիվանագիտության տնտեսական բաղադրիչի ակտիվացման անհրաժեշտության վրա: Նախագահն ընդգծեց, որ մեր հանրապետությունում օտարերկրյա ներդրումներ ապահովելու համար անհրաժեշտ է առավել ճանաչելի դարձնել հայաստանյան տնտեսությունը և ճիշտ ներկայացնել Հայաստանում ներդրումներ կատարելու առավելությունները»:

Այս հավաքից երկու օր անց կառավարութան նիստում Հովիկ Աբրահամյանը տնտեսական բլոկի նախարարների վրա բարկացավ այն բանի համար, որ նրանք պատշաճ ուշադրություն չեն դարձնում դեսպանների ներկայացրած առաջարկություններին ու նրանց չեն տրամադրում կոնկրետ ծրագրեր, որոնք պետք է ներկայացվեն արտերկրյա գործարարներին՝ Հայաստանում ներդրումներ կատարելու հարցում նրանց շահագրգռելու համար։ Այն ժամանակ վարչապետը հանձնարարեց մշակել նման ծրագրեր և ԱԳՆ-ի միջոցով տրամադրել դեսպանատներին։

Այս ամենի մասին, սակայն, նախագահի ելույթում ոչ մի բառ, անգամ հպանցիկ ակնարկ չկար։ Տպավորութունն այնպիսին է, կարծես ընդամենը մեկուկես տարի առաջ ոչ նման հավաք է եղել, ոչ նման հանձնարարականներ են տրվել, իսկ Հայաստանի ղեկավարությունը նոր է միայն ըմբռնել, որ արտաքին ներդրումների ապահովման հարցում պետությունն իր ողջ ռեսուրսները չի օգտագործում։ Մինչդեռ տրամաբանությունը հուշում է, որ եթե այդքան ակտուալ էր այդ խնդիրը, ապա նախագահն այն ոչ թե նույն հանդարտությամբ պետք է երկորդ անգամ բարձրաձայներ, այլև խոսեր նախորդ անգամ իր տված հանձնարարականի, քննարկումների արդյունքների մասին։ Եվ եթե դրանք չեն գոհացնում՝ նաև պատասխանատվության և պատասխանատուների նկատմամբ միջոցներ ձեռնարկելու մասին։ Երբ դա տեղի չի ունենում, տպավորություն է ստեղծվում, որ կամ նախագահն ինքն իր հանձնարարությունների նկատմամբ է անհետևողական, կամ նման հայտարարություններն ընկալվում են ինքնանպատակ՝ հենց անհետևանք մնալու պատճառով։ Հետևաբար որևէ երաշխիք չի կարող լինել, որ երրորդ, չորրորդ անգամ հնչելիք ելույթներում դրանց մասին կրկին չի խոսվելու ինչպես առաջին անգամը։

Իրականում, սակայն, հայաստանյան տնտեսության մեջ ներդրումների նվազման կամ նույնիսկ կարելի է ասել՝ դադարելու պատճառը բոլորովին էլ դեսպանների վատ աշխատանքը չէ կամ էլ նախագահի հանձնարարականին նրանց կողմից լուրջ կամ անլուրջ վերաբերվելը չէ։ Որևէ երկրի դեսպան, որքան էլ պրոֆեսիոնալ և ճարպիկ լինի, չի կարող որևէ գործարարի ստիպել ներդրումներ կատարել Հայաստանում։ Կապիտալը նախընտրում է հանգրվանել այնտեղ, որտեղ իրեն անհամեմատ ավելի ապահով ու պաշտպանված է զգում և որտեղ գործում են ազատ և մրցակցային շուկայական հարաբերությունները։ Իրեն հարգող, լուրջ գործարարը երբեք չի առաջնորդվում այն գովազդով կամ «փաթեթավորումներով», որոնք իրեն մատուցում է այս կամ այն երկրի դեսպանը։ Դեսպանատների գործառույթն այս իմաստով սահմանափակվում է ընդամենը պոտենցիալ ներդրողներին տեղեկատվական բազա տրամադրելով, նրանց կողմից հետաքրքրություն ցուցաբերվելու դեպքում՝ նաև իր երկրի գործարար միջավայրի կամ կառավարության հետ կապող խողովակի դեր կատարելով։ Ի վերջո դիվանագետները դիլերներ կամ բրոքերներ չեն։ Եվ նրանց վրա նման խնդիր դնելը, երկրում արտաքին ներդրումների ավելացման կամ նվազման միտումների համար նրանց պատասխանատու դարձնելն այլ բան չէ, քան ներդրումային ներքին տնտեսական միջավայրի բարելավման հարցում Կառավարության թերացումները կամ անգործությունն արդարացնելը, այդ անգործության կամ թերացումների համար քավության նոխազներ գտնելը և, ի վերջո, առաջնային պատճառների փոխարեն երրորդ-չորրորդական խնդիրների վրա կենտրոնանալը։ Իսկ որ ներդրումների նվազման պատճառը երկրի ներսում է, այլ ոչ թե դիվանագիտական ներկայացուցչություններում, ակամա խոստովանում է հանրապետության նախագահն ինքը։ Ահա թե ինչպես է նա դա անում։  «Ինչպես արդեն պնդեցի քիչ առաջ, երբեք չեմ խորշելու կրկնել հիմնարար սկզբունքները: Խոսքս, իհարկե, տնտեսական կյանքում հավասար մրցակցային պայմանների ապահովման և հովանավորչության վերացման մասին է, պետական, համայնքային բյուջեների և վարկային միջոցների անձեռնմխելիության մասին է, խաղի նոր կանոնները անխտիր բոլորի վրա հավասարապես տարածվելու մասին է»,-ասում է նա:

Խնդիրն այն չէ, որ Սերժ Սարգսյանը մատը դնում է հայաստնյան տնտեսության ամենացավոտ վերքերի՝ հավասար մրցակցայնության բացակայության, արմատացած ու ամրապնդվող հովանավորչության և դրանց հանրագումարը հանդիսացող տնտեսության ծայրահեղ մոնոպոլիզացման վրա։ Խնդիրն այն է, որ այս ախտորոշումը տալով հանդերձ՝ նախագահը շեշտում է «օպերատիվ կերպով ներմուծման հետ մրցող և արտահանող ընկերությունների կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրների առաջացման պատճառները ախտորոշելու անհրաժեշտությունը»՝ կարծես թե գործ ունենք բացարձակապես նոր ու անհասկանալի ինչ-որ երևույթների ու խոչընդոտների հետ, որոնք դեռ նոր պետք է ախտորոշել։ Խնդիրն այն է նաև, որ նախագահը նախընտրում է այդ կենսական նշանակության սկզբունքները, ինչպես ինքն է արտահայտվում՝ «կրկնել», այլ ոչ թե պարտադրել դրանք կիրառելի, չափելի դարձնել։ Իսկ առանց դրանց, զուտ կրկնելը դառնում է ինքնանպատակ։ Նրանք, ովքեր պարտավոր են այդ սկզբունքները կիրառել, վարժվում են, որ հերթական իր ելույթում նախագահն էլի կխոսի դրանց մասին ու այդքանով հարցը էլի կփակվի։

Մեկնաբանություններ (1)

Հովհաննես
Դատավորը վճռի մեջ 27 տարրական ուղղագրական սխալ էր կատարել,այդ մասին գրել էի ՀՀ Նախագահին,չէ՞ որ դատավորներին ինքն է նշանակում և հետևաբար հենց իր հեղինակությունն է ընկնում և կորչում է հավատը հենց իր նկատմամբ...Սակայն,,, դատավորը նույնիսկ չպատժվեց: Այժմ խոսվում է վստահության վերականգնման մասին... ինչի՞մասին է խոսքը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter