HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիլ Դայմընդ. «I Am… I Said»

Նաիրա Հայրապետյան

Եթե չլիներ այդ անիծված երգ գրելը…

1971թ. մարտին թողարկվեց Նիլ Դայմընդի «I Am… I Said» սինգլը: Այն երաժշտի ստեղծագործական կյանքում կարևոր դեր ունեցավ իր մի շարք երգերի նման, որոնք մշտապես բաց պահեցին  հաջողության դռները՝ դարձնելով նրան աշխարհի ամենաճանաչված երգիչ-երաժիշտը նաև այս բնագավառում: Ավելի քան 100 միլիոն ձայնագրությունների վաճառքով ամերիկացի երգիչ, երգահան, գրող Դայմընդը այսօր ժամանակակից ամենահաջողակ արտիստների շարքում երրորդն է՝ Էլթն Ջոնից և Բարբարա Սթրեյզընդից հետո:

Մինչդեռ հաջողությունն այս երգչին շատ դժվար է տրվել. իր գործունեության սկզբնական շրջանում նա շատ անգամ է ստիպված եղել երգեր վաճառել այլ երգիչների և խմբերի՝ ընդամենը օրվա հացի գումար վաստակելու համար: Այդ երգերի մեջ երբեմն հայտնվում էին նրանք, որոնք Դայմընդի համար թանկ էին շատ, քանի որ դրանք գրվել էին իր համար: Նյու-Յորքի համալսարանի նախկին ուսանողը՝ բժշկական կրթությամբ, ով բավականին նկատելի հաջողություններ ուներ ուսման մեջ, այնուամենայնիվ, նախընտրեց նվիրվել երաժշտությանը: Տարիներ առաջ նվեր ստացած կիթառը դասաժամերին բազմիցս նվագել էր հորինած մեղեդիներ, երգեր սիրած աղջիկների համար՝ բացելով երաժշտության անսահման երևակայությամբ լի դռներն իր առջև: Ուսմանը զուգահեռ՝ նա որոշեց փորձել իր ուժերը  երգահանության ասպարեզում, իսկ 1960թ. վերջնականապես լքեց համալսարանն ու բժիշկ դառնալու երազանքը: Այս որոշմանը հաջորդեցին երկար ու ձիգ տարիներ՝ լի բազում փորձություններով և դժվարություններով:

Նիլ Դայմընդին որպես երգահանի հաջողությունը ժպտաց այն ժամանակ, երբ նրա մի քանի երգերը հնչեցին լիվերպուլյան քառյակի ամերիկյան «քսերոքսի»՝ «The Monkees» խմբի կատարմամբ: Դրանցից ամենահիշարժանը «I’m Believer»-ն էր, որը 1966թ. ճանաչվեց տարվա ամենապոպուլյար երգը: Դայմընդի երգերը հայտնի էին ամենուր և՛ որպես գեղեցիկ ստեղծագործություններ, և՛ որպես արդեն ճանաչված խմբերի կատարումներ:  Հակառակ այս վերելքին՝ երգչի անհատական գործունեությանն ուղղված նրա քայլերը մինչև  60-ականների կեսերը անհաջող էին ընթանում: Դայմընդը շարունակում էր հանրության կողմից գնահատված լինել առայժմ որպես բազմաթիվ սիրված երգերի հեղինակ: Հետագայում, իր արդեն հաջողված համաշխարհային  գործունեության գագաթնակետից նայելով անցյալին, նա խոստովանում է՝ «Եթե այս անիծյալ երգ գրելը չլիներ, ես միգուցե լավ բժիշկ լինեի հիմա»:

«I Am… I Said»-ը վստահաբար այդ դժվարությունները հարթող և հաջողության այցեքարտ երգը չէր. մինչ այդ նման առաքելությամբ արդեն  ծնվել էին «Solitary Man»-ը (Դայմընդի առաջին հիթն ու հեղինակային երգչի անհատական կարիերայի բանալին), «Chery, Chery»-ն, «Sweet Caroline»-ը: Սրանք արդեն հիթեր էին, որոնք երգահան Դայմընդից ուշադրությունը բևեռեցին հեղինակ-կատարող Դայմընդի ուղղությամբ: Ի դեպ, «Sweet Caroline»-ը կատարեցին նաև ժամանակի լեգենդները՝ Էլվիս Փրեսլին, Ֆրենք Սինատրան, Էնդի Ուիլիամսը, ապա՝ Բոբի Ուոմաքը, Ռոյ Օրբիսոնը, Հուլիո Իգլեսիասը և այլք: 1960-ականների շրջանից հիշարժան է նաև նրա ամենագեղեցիկ երգերից մեկը՝ «Girl, You’ll Be a Woman Soon» երգը, որը երգչի երկրորդ «Top Ten» հիթը դարձավ ԱՄՆ-ում:  

Ի տարբերություն նախորդ գործերի` «I Am… I Said»-ը դժվար է ստեղծվել: Երգն ավարտելու համար Դայմընդից չորս ամիս պահանջվեց՝ չնայած գրել էր ընդամենը մի քանի ժամում: Շատերը այն ինքնակենսագրական երգ են համարում: 37 տարի անց տված հարցազրույցներից մեկում երգիչն ասել է, որ «I Am… I Said»-ը ծնվել է անհրաժեշտությունից, իբրև սեփական եսի փնտրտուքներում ինքն իրեն գտնելու փորձ:

«… « I am»,  I said
To no one there.
And no one heard at all-
Not even the chair.
« I am»… I cried, « I am», said I
And  I am lost and I can’t
Even say why-
Leavin’ me lonely still … »

Երկու տարբեր աշխարհների միջև իրեն կորցրած այս հերոսը փորձում է կյանքի՝ իրեն բաժին ընկած արահետներում վերանայել ու ճանաչել սեփական ոտնահետքերը: Նա փորձում է  հասկանալ, թե իր գիտակցված ու պարտադրված քայլերն իրականում ու՞ր են հասցրել իրեն, այդ ճանապարհին որքանով են կրել իր երազանքները, ձգտումները և, առհասարակ, ինչպիսին էին դրանք: Ունայնության, անորոշության ու միայնակ մնալու զգացումը հետապնդում է նրան ողջ ընթացքում:

«Ամեն անգամ այս երգը երգելուց հետո ինձ համար շատ դժվար էր  ինքս ինձ հավաքելը »,- խոստովանել է երգիչը մի առիթով: «I Am… I Said»-ը նույն թվականին փոփ սինգլների գլխավոր տասնյակում 4-րդ հորիզանականում էր և՛ ԱՄՆ-ում, և՛ Մեծ Բրիտանիայում միաժամանակ: Այն վաստակեց Դայմընդի առաջին «Գրեմի» մրցանակը՝ որպես «Տղամարդու լավագույն փոփ կատարում»: Երգի հանդեպ մեծ մասամբ բարիդրացիական էին քննադատների արձագանքները, սակայն քիչ չէին նաև քննարկումները, որոնք հիմնականում իմաստային առնչություն ունեին: Ոմանք երգի տեքստում կրոնական պատկերներ ևս տեսան՝ կապելով այն հեղինակի հրեական ծագման ու դավանանքի հետ: Առիթը հիմնականում «And no one heard at all, not even the chair» արտահայտությունն էր: Աստծո, Մովսեսի ու փարավոնի աստվածաշնչյան մի ողջ պատմություն վերծանելով երգի տողատակերից՝ նրանք, որոնց մեջ ի դեպ նաև Դայմընդի մեծ երկրպագուներն են, բացահայտում են մեկ այլ պատմություն, որի մասին հնարավոր է ինքը՝ երգի հեղինակն անգամ այդքան գունավոր չի պատկերացրել: Սակայն տողատակերում թաքնված որոշ մտքեր, այնուամենայնիվ, մինչ օրս մնում են ո՛չ հերքված և ո՛չ էլ հաստատված: Թեպետ երկրպագուներից մեկի վկայությամբ՝ Նիլ Դայմընդը մի անգամ հեռուստաեթերում մեկնաբանել է, որ երգը գրել է շատ ընկճված և դեպրեսիվ հոգեվիճակում, երբ նոր պայմանագրի առիթով տեղափոխվել էր Լոս-Անջելես: Լսումներից հետո վերադառնալով հյուրանոց՝ նա, մենության ու անորոշության զգացումը ներսում, ծանրութեթեև էր անում իր կյանքն ու անելիքները՝ միևնույն ժամանակ կասկածելով, թե ուր է տանելու այս նոր ուղին և արդյոք ճիշտ էր Նյու Յորքից տեղափոխվելը: Անդրադառնալով խնդրահարույց մեկնաբանություններին՝ Դայմընդը ասել է, որ շատ ու շատ մարդիկ, այդ թվում ձայնագրող ընկերության պատասխանատուները հարցնում էին, թե ինչ կապ ունի «the chair»- աթոռը երգի բովադակության հետ: Հակառակ նրանց՝ տեքստում բոլորովին անիմաստ օգտագործված լինելու  պնդումներին՝ երգիչը համառեց և պահպանեց այն: «Աթոռը,- ասել է նա,- միակ բանն էր այդ սենյակում, որն ուղեկիցս կարող էի համարել, բայց նա էլ անհաղորդ էր իմ տրամադրությանը»: 

«I Am… I Said»-ը 1971թ. սինգլի թողարկումից ավելի ուշ ընդգրկվեց երգչի «Stones» խորագրով ալբոմի կազմում, հետագայում նաև մի քանի հավաքածուներում, որոնք թողարկվեցին համերգային ձայնագրությունների հիման վրա՝ «Hot August Night» (1972թ.),  «The Greatest Hits: 1966-1992» (1992թ.) և այլն: «Stones»-ում այն ընգրկվեց բաժանվելով երկու մասի՝ առաջին հատվածով բացում էր երգացանկը, իսկ շարունակությամբ եզրափակում: «Զգայական ցնցման կրքոտ հայտարարություն,- այսպիսին է « I Am… I Said»-ը «All Music»-ի բնորոշմամբ,- երգն այս շատ համահունչ էր ժամանակի շարժումը համարվող հեղինակային երգի դավանանքին»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter