HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բազմազավակ ընտանիքը ծայրահեղ աղքատ վիճակում է

Ցեխոտ ճանապարհով հասնում ենք Գոշավանքի ձոր, որտեղ ապրում է Արզումանյաների բազմազավակ ընտանիքը: Յոթ երեխաների մայր Գոհարը ցույց է տալիս իրենց մի սենյականոց կիսաքանդ տնակը: Տնակը գտնվում է վտանգավոր սողանքային գոտում:

Արզումանյանների ընտանիքը Գոշ է եկել 1988 թ․Սպիտակի երկրաշարժից հետո: Ըստ տիկին Գոհարի՝ իրենց ընտանիքը ապրում է 43 000 դրամ նպաստով: Ինչպես Գոշում գյուղացիների մեծ մասը, Գոհարի ամուսինը՝ Գառնիկ Արզումանյանը նույնպես «փայտի գործ» է անում։ Մեր այցելության պահին Գառնիկը երեք որդիների հետ գնացել էր անտառ՝ փայտ բերելու։ Որոշ ժամանակ հետո նրանք վերադարձան դատարկաձեռն. ճանապարհի ցեխի պատճառով չեն կարողացել փայտը տուն հասցնել։

Ընտանիքի փոքրը՝ Աղասին, ութ տարեկան է, նա նոր է հաճախում դպրոց, բայց ոչ իր տարեկիցների հետ, երեխան հագուստ չունենալու պատճառով մի տարի ուշ է գնացել: Աղասիից բացի ևս երեք դպրոցահասակ երեխա կա ընտանիքում։ Գառնիկն ասում է, որ աշխատանք չի կարողանում գտնել, իսկ ինչ-որ գործ սկսելու համար փող չունի։ Գոհարն ու Գառնիկը հույսը դրել են տղաների վրա, սակայն նրանք մտածում են գյուղից հեռանալու մասին:

Իրենց հողատարածքը հազիվ բավարարում է կարտոֆիլ աճեցնելու համար: Գոհարն ասում է՝ իրենց ընկույզի ծառի բերքով էլ ամուսնացրել է 17 տարեկան աղջկան:

«Աղջկաս շուտ ամուսնացրի, ասի գոնե ինքը փախնի ես տանջանքից: Իսկ տղերքս իրանք գիտեն, իրանց բախտը: Իրանք լավ ապրեն, ես ու բիձես էլ տանջվելով էստեղ կմեռնինք»,- ասում է Գոհարը։

Աղավնի Պետրոսյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter