HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ովքե՞ր են սկանդալի մեջ հայտնված շվեյցարական «HSBC»-ում գումար պահած հայերը

2008-ին բրիտանական հայտնի «HSBC» բանկի շվեյցարական դուստր ընկերության՝ «HSBC Private Bank»-ի աշխատակից Էրվե Ֆալչանին գաղտնազերծեց բանկի ավելի քան 100.000 հաճախորդների (ֆիզիկական եւ իրավաբանական անձանց) հաշիվներ, ինչը վերաճեց մեծ սկանդալի: Նա փաստաթղթերը փոխանցեց Ֆրանսիայի հարկային մարմիններին, որոնք հետաքննություն սկսեցին: Հարկայինից տվյալները հայտնվեցին «Le Monde» պարբերականի մոտ, որն էլ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հետ համաձայնության եկավ գլոբալ թիմ կազմել (45 երկրի լրագրողներից)՝ տվյալներն ուսումնասիրելու եւ հրապարակելու համար:

2015-ի փետրվարին հրապարակված «Swiss Leaks» («Շվեյցարական արտահոսք») լրագրողական հետաքննության ընդհանուր արդյունքն այն էր, որ շվեյցարական «HSBC»-ի միջոցով թաքցվել են միլիոնավոր դոլարներ պարունակող հաշիվներ, ինչի շնորհիվ դրանց տերերը խուսափել են հարկային պարտավորություններից, որոշ հաշվետերեր ներգրավված են եղել զենքի անօրինական վաճառքի, ոմանք՝ թրաֆիքինգի ցանցերի մեջ, իսկ փողերի լվացման խողովակ դարձած համակարգը օգնել է մեծ եկամուտներ բերել բանկին: Այդուհանդերձ, ինչպես նշում է ICIJ-ը, բացահայտումները չեն ենթադրում, որ բանկի բոլոր հաճախորդներն են գործել օրենքից դուրս: Լրագրողական հետաքննության ավարտին «HSBC»-ն ICIJ-ին խոստովանել է, որ շվեյցարական մասնաճյուղի գործելաոճը մի քանի տարի առաջ իսկապես ցածր մակարդակի վրա է եղել, ապա հավելել, որ ներկայում բանկի քաղաքականությունը, ստանդարտները խստացվել են, իսկ դրանց չհամապատասխանող եւ կասկածելի հաճախորդներից բանկը հրաժարվում է: Ըստ «HSBC»-ի՝ 2007-ից ի վեր շվեյցարական մասնաճյուղի հաճախորդների թիվը կրճատվել է մոտ 70 տոկոսով:

Բանկային փաստաթղթերի արտահոսքի արդյունքում բացահայտվել են 106.000 հաճախորդի՝ ավելի քան 100 մլրդ դոլար պարունակող հաշիվներ: Հաճախորդները ներկայացնում են 203 երկիր: Ի հայտ եկած բանկային տվյալները 3 տիպի են. առաջին՝ գլխավորապես 1988-2007 թթ. «HSBC»-ի շվեյցարական մասնաճյուղում բացված հաշիվներն ու դրանց տերերը, երկրորդ՝ 2006-2007 թթ. գործող հաշիվները եւ դրանցում առկա գումարներն իրենց առավելագույն չափերով, երրորդ՝ 2005-ին բանկի աշխատողների կողմից հաճախորդների մասին արված նշումներն ու նրանց հետ զրույցները:  

ICIJ-ն իր ցանկում չի ներառել այն երկրները, որոնց հետ առնչություն ունեցող հաճախորդները 1-3-ն են (նշենք, որ մեկ անձը կարող է կապ ունենալ մեկից ավելի երկրների հետ, քանի որ հաշվի են առնվում քաղաքացիությունը, ծննդավայրը, բնակավայրը եւ այլն): Հաճախորդների (client) թվով (2006-2007 թթ.) առաջատարներն են.

Շվեյցարիա – 11.235 հոգի
Ֆրանսիա – 9187
Միացյալ Թագավորություն – 8844
Բրազիլիա – 8667
Իտալիա – 7499:

Իսկ հաշիվներում առկա ընդհանուր գումարի չափով (2006-2007 թթ.) առաջին 5-յակում են.

Շվեյցարիա – 31,2 մլրդ դոլար
Միացյալ Թագավորություն – 21,7 մլրդ
Վենեսուելա – 14,8 մլրդ
ԱՄՆ – 13,4 մլրդ
Ֆրանսիա – 12,5 մլրդ:

Ի՞նչ է կատարվում մեր տարածաշրջանում: Թուրքիան 23-րդ տեղն է զբաղեցրել. այս երկրի հետ կապ ունեցող 3105 անձ 2006-2007 թթ. 3,5 մլրդ դոլար է պահել «HSBC»-ի շվեյցարական մասնաճյուղում: Ռուսաստանը 35-րդն է. 740 հոգու հաշիվներում բացահայտվել է 1,8 մլրդ դոլար: Իրանը 38-րդ տեղում է. 1,5 մլրդ՝ 573 անձանց հաշիվներում: 132-րդ հորիզոնականում Վրաստանն է, որին առնչվող 25 հաճախորդ 29,4 մլն դոլար է պահել շվեյցարական բանկում: Ադրբեջանն էլ 167-րդն է. 14 հաճախորդ եւ 3,8 մլն դոլար:

10 հայաստանցիներն ու այլ հայեր

1989-2006 թթ. մեր երկրի հետ առնչություն ունեցող հաճախորդի 21 հաշիվ (client account) է բացվել շվեյցարական բանկում, որոնք կապված են եղել 23 բանկային հաշիվների (bank account) հետ (ընթերցողի համար ասենք, որ ըստ բանկային ընթացակարգերի՝ հաշիվ բացել ցանկացող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (client) համար նախ բացվում է հաճախորդի հաշիվ (client account), ապա՝ բանկային հաշիվ. հաճախորդի մեկ հաշվին կարող է կցված լինել մեկից ավելի բանկային հաշիվ): Նշված 21-ից 17-ը բացել են ֆիզիկական անձինք, 2-ը՝ օֆշորային ընկերություններ, եւս 2-ը կոդավորված են եղել, այսինքն՝ այդպես փորձ է արվել թաքցնել հաշվի տիրոջ ինքնությունը: ICIJ-ի համաձայն՝ 2006-2007 թթ. ՀՀ-ին առնչվող 10 հոգի (client) 15,4 մլն դոլար է պահել բանկում: Այս ցուցանիշով Հայաստանը 203 երկրների մեջ հայտնվել է 146-րդ տեղում: Ըստ լրագրողական հետաքննության՝ վերոնշյալ 10 հոգուց 4-ը եղել է ՀՀ քաղաքացի: Սակայն «Հետքն» իր գործընկեր ICIJ-ից ձեռք է բերել այդ 10 անձանց տվյալները, ինչից պարզ է դառնում, որ բոլորն էլ ազգությամբ հայեր (այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ) կամ հայաստանյան ընկերություններ են: Ավելին՝ շվեյցարական «HSBC»-ում գումար պահած բազմաթիվ այլ հայեր կան, ովքեր, սակայն, սփյուռքից են եւ այլ երկրների քաղաքացի, ինչի հետեւանքով չեն հայտնվել մեր երկրի հետ կապ ունեցող անձանց մեջ: Այդուհանդերձ, նրանցից ոմանց նույնպես կանդրադառնանք ստորեւ: Իսկ հիմա տեսնենք, թե ովքեր են այդ 10 անձինք:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ

Անշուշտ, նրանցից ամենահետաքրքիր կերպարը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն է, որի հաշվին 2006-2007 թթ. եղել է առավելագույնը 1.074.926 դոլար: Կաթողիկոսի անունն առաջին անգամ «HSBC»-ում հայտնվել է 2000 թ.: Նրա հաճախորդի հաշիվը (client account) գրանցվել է «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ներսես (His Holiness Karekin II Nersis)» անվան տակ, դրան կցվել է մեկ բանկային հաշիվ (bank account): Բացահայտված փաստաթղթերում, ինչպես եւ մյուսների դեպքում, նշված են Գարեգին Բ-ի ծննդյան ամսաթիվը (07.08.1951), քաղաքացիությունը, բնակության երկիրը, սակայն, այդուհանդերձ, պարզ չի եղել կաթողիկոսի կոնկրետ առնչությունը բանկային հաշվին: Մայր Աթոռից ICIJ-ի հարցմանն ի պատասխան նշել են, որ այն բացվել է Գարեգին Բ-ի նախորդի, այսինքն՝ Գարեգին Ա-ի կողմից՝ ի շահ եկեղեցու եւ վերջինիս բարեգործությունների համար: Ըստ Էջմիածնից ստացված պարզաբանման՝ հաճախորդի հաշիվը Գարեգին Ա-ի մահից հետո վերանվանվել է գործող կաթողիկոսի անունով եւ ծառայում է նույն նպատակներին: «Հայաստանյայց եկեղեցու կաթողիկոսությունը՝ կաթողիկոսի պատասխանատվության ոլորտը, ազգային կրոնական հաստատություն է եւ որեւէ հարկի սուբյեկտ չէ, իսկ Նորին Սուրբ Օծությունը անձեռնմխելի է ցանկացած հարկից»,- հայտնել են Մայր Աթոռից:

Ռադիկ Մարտիրոսյան

2006-2007 թթ. Շվեյցարիայի «HSBC»-ում գումար ուներ նաեւ Ռադիկ Մարտիրոսյանը (Radik Martirosyan): Խորհրդային Ադրբեջանում, ավելի կոնկրետ՝ ԼՂԻՄ Մատաղիս գյուղում ծնված Ռ. Մարտիրոսյանը շվեյցարական բանկի հին հաճախորդներից է: Նա բանկում հաճախորդի հաշիվ է բացել 1997-ի դեկտեմբերի 4-ին, երբ դեռ ԵՊՀ ռեկտորն էր (1993-2006): 2006-ից Մարտիրոսյանը Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահն է: Այդուհանդերձ, 2006-2007 թթ. ԳԱԱ նորընտիր ղեկավարն «ընդամենը» 14.864 դոլար է ունեցել «HSBC»-ում: Հետաքրքիր է, որ Մարտիրոսյանի «client account»-ը եղել է կոդավորված «3310FT» անվան տակ (կոդավորման պրակտիկայի մասին վերը նշել ենք): Ինքնությունը թաքցնելու դրդապատճառը կիմանա միայն Ռադիկ Մարտիրոսյանը:

Բայց ամենահետաքրքիրն այն է, որ այդ «client account»-ն ու դրան կցված միակ բանկային հաշիվը ունեցել են երկրորդ տիրապետողը, այսինքն՝ դա եղել է համատեղ հաշիվ: Մարտիրոսյանի գործընկերը, եթե կարելի է այդպես ասել, եղել է Շահե արքեպիսկոպոս Աճեմյանը (1926-2005, Shahe Ajamian): ICIJ-ի փաստաթղթերում վերջինս ներկայացվել է իբրեւ Երուսաղեմի Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոս, ինչը, սակայն, հին տվյալ է: Եպիսկոպոս (1975-ին ստացել է արքության պատիվ) Աճեմյանը 1960-1994 թթ. եղել է Երուսաղեմի հայոց պատրիարքության դիվանապետ եւ կալվածոց տեսուչ, որից հետո տեղափոխվել է Հայաստան, հիմնադրել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետը: Բանկային տվյալներում նա ներկայացվել է իբրեւ Իսրայելի քաղաքացի (ծնվել է Հալեպում, փաստաթղթերում հասցեն նշվել է Երուսաղեմի Ձիթենյաց լեռան թաղամասը), այդ իսկ պատճառով ICIJ-ը չի ներառել ՀՀ-ի հետ կապ ունեցող անձանց ցուցակում:

Շահե Աճեմյանի անվան հետ կապվում է մեկ այլ կոդավորված «client account»՝ «3304SA» անունով, որը բացվել է 1997-ի մարտին, երբ Շահե սրբազանն արդեն Հայաստանում էր: «3304SA»-ին կցված է եղել 10 հատ բանկային հաշիվ: Ընդ որում՝ կոդավորված հաշվի հետ առնչություն են ունեցել եւս երկու հոգի՝ Սիլվիա Աճեմյանը (Silvia Adjamian, ըստ փաստաթղթերի՝ գրանցված է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Քլիֆսայդ Պարկ բնակավայրում) եւ Դիանա Տիգրանուհի Մխիթարյանը (Diana Dikranohi Mkhitarian, հասցեն՝ Տենաֆլայ, Նյու Ջերսի), որոնք իրենց հերթին ունեցել են նույնպես կոդավորված «client account»-ներ: «3304SA»-ին կցված 10 բանկային հաշիվներում 2006-2007 թթ. ընդհանուր առմամբ եղել է 3.960.278 դոլար:

*Հաշվեհամարները փակված են «Հետքի» կողմից:

Գագիկ Բազիկյան

Գագիկ Բազիկյանը ՀՀ առողջապահության նախարարության Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի (Երեւան) փոխտնօրենն է դիսպանսեր եւ ամբուլատոր ծառայության գծով, Երեւանի գլխավոր ուռուցքաբանը: Նա մեկն է շվեյցարական բանկի փաստաթղթերում բացահայտված այն 10 հոգուց, ովքեր կապ ունեն Հայաստանի հետ: Եվ չնայած ICIJ-ը «Հետքին» ուղարկած փաստաթղթերում Բազիկյանի անունով գումար չի նշել 2006-2007 թթ. կտրվածքով, այդուհանդերձ, ուռուցքաբանի անունը, ըստ այլ տվյալների, կապվել է իբրեւ «Roseland Services Corp.» գրանցված հաճախորդի հաշվի հետ: Բազիկյանը (Gagik Bazikyan), ինչպես նաեւ Յուսեֆ Հայկ Բաբիկյանն (Yousef Haik Setrak Babikian) ու Վալիդ Ադիբ Թայբեհը (Walid Adib Omar Taybeh), ըստ ICIJ-ի, եղել են «Roseland Services Corp.»-ի հաշվի շահառու (բենեֆիցիար) տերերը: Վերջին երկուսը Հորդանանի մայրաքաղաք Ամմանից են, 2011-ին նրանք ԱՄՆ-ում պատենտավորել են իբրեւ քաղցկեղի բուժման միջոց ներկայացված իրենց հայտնագործությունը: Յուսեֆ Բաբիկյանը Խաթուն Բաբիկյանի հետ մեկ այլ «client accoount» է ունեցել «Խաթուն (Khatoun)» անվան տակ: 

«HSBC Բանկ Հայաստան»

Շվեյցարական «HSBC»-ում 2006-2007 թվերին 3.552.555 դոլար է ունեցել «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն:

Հայաստանում «HSBC»-ի արմատները ձգվում են մինչեւ 1996 թվականը: Այդ տարի մեր երկրում հիմնադրվեց «Midland Armenia Bank» բաժնետիրական ընկերությունը: Դեռ 1992-ին «HSBC Holdings plc»-ն՝ «HSBC Group»-ի հիմնական ընկերությունը, ձեռք էր բերել բրիտանական «Midland Bank»-ը, որը մինչեւ 1999-ը հանդես էր գալիս իր անվամբ, սակայն այդ տարի տեղի ունեցավ ռեբրենդինգ եւ բոլոր «Midland»-ները դարձան «HSBC»: Այդպես եղավ նաեւ Հայաստանում. «Midland Armenia Bank»-ը վերակազմավորվեց «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի: Վերջինիս բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է «HSBC Group»-ին, իսկ մնացած 30 տոկոսը՝ արտերկրի հայ գործարարներին: Հայաստանյան «HSBC»-ի խորհրդի նախագահն ու խոշոր բաժնետերերից մեկը հայտնի գործարար, բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Վաչե Մանուկյանն է:  

«Հայներարտբանկ»

Հենց այսպես էր նախկինում կոչվում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն: «Հայներարտբանկը» հիմնադրվել է 1992-ին: 1995-ին բանկի բաժնետոմսերի մեծ մասը ձեռք բերեց օտարերկրյա ներդրող «Computron Industries Establishment»-ը (Լիխտենշտայն, օֆշորային գոտի է): 2007-ին բանկի բաժնետոմսերի 96 տոկոսը գնեց ռուսաստանյան «TDA Holdings Limited» ընկերությունը (ներկայում՝ «Ameria Group (CY) Limited», գրանցված է օֆշորային Կիպրոսում), եւ արդեն 2008-ին բանկը վերանվանվեց «Ամերիաբանկ» ՓԲԸ:

2006-2007 թթ., ըստ ICIJ-ի, «Հայներարտբանկ» ՓԲԸ-ն շվեյցարական «HSBC»-ում ունեցել է 2.770.051 դոլար:

Իրինա Կլյուչնիկ-Ակոպովա եւ Ջուլիեն Բալոյան

Առաջինի մասին (Irina Kliouchnik Akopova) ICIJ-ն առանձնապես տվյալներ չի հաղորդում: 2006-2007 թթ. Կլյուչնիկ-Ակոպովայի հաշվին գումարի չափ չի նշվում: Փաստաթղթերում երեւում է, որ նա ծնվել է Հայաստանում 1946-ին:

Ջուլիեն Բալոյանը (Julienne Baloian) նույնպես ծնվել է Հայաստանում՝ Լենինականում, 1950-ին: Նրա հասցե է նշված Բելգիան: Ըստ ICIJ-ի՝ 2006-2007 թթ. շվեյցարական բանկում նա 877.536 դոլար է ունեցել:

Արմեն Խաչատուր Լազարյան

Ա. Խ. Լազարյանը (Armen Khachador Lazarian) ծնվել է 1920-ին, մահացել 84 տարեկանում՝ 2005-ի հունվարին: Այդուհանդերձ, ըստ ICIJ-ի, 2006-2007 թթ. նրա հաշվին 92.326 դոլար է եղել: Արմեն Խաչատուրն, ըստ էության, ապրել է Լոնդոնի Քենսինգտոն եւ Չելսի բորոյում (Royal Borough of Kensington and Chelsea), որտեղ էլ գրանցվել է նրա մահը, չնայած բանկային փաստաթղթերում ներկայացվել է իբրեւ ՀՀ քաղաքացի ու ներառվել Հայաստանի հետ կապ ունեցող անձանց մեջ: 

Հովիկ Նալբանդյան

Ռուսաստանաբնակ Հովիկ Գագիկի Նալբանդյանը ծնվել է 1947-ին Հայաստանում, ներկայում ապրում է Ռուսաստանում, ՌԴ քաղաքացի է: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր է, ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը, 1976-1989 թթ. աշխատել եւ դասավանդել է ԵՊՀ-ում, 1989-1994 թթ. եղել Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության վարչության պետ, 1994-2007 թթ. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ֆիզիկայի եւ մթնոլորտի ինստիտուտի բաժնի վարիչ: Բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ է, զբաղվում է նաեւ խոսքային տեխնոլոգիաներով, Խոսքային տեխնոլոգիաների գիտահետազոտական կենտրոնի գլխավոր տնօրենն է: Մի քանի հոգու հետ 1996-ին հիմնադրել է Մոսկվայի սոցիալ-հումանիտար ինստիտուտը:

Ըստ ICIJ-ի փաստաթղթերի՝ 2006-2007 թթ. շվեյցարական «HSBC»-ում Հովիկ Նալբանդյանն (Ovik Nalbandyan) ունեցել է 1.162.620 դոլար:

Սարգիս Բեդոյան

Ֆրանսահայ Սարգիս Սերժ Բեդոյանը (Պետոյան, Sarkis Serge Bedoian) ծնվել է 1944-ին Ֆրանսիայի Բուրգ լա Ռեն կոմունայում (գտնվում է Փարիզին կից Օ դը Սեն դեպարտամենտի կազմում, մայրաքաղաքից 9 կմ հեռավորության վրա): Բեդոյանը Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Ըստ «Հետքի» աղբյուրի՝ սերտ կապերի մեջ է կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, ժամանակին բավականին մոտ է եղել նաեւ Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի հետ: ICIJ-ն իբրեւ Բեդոյանի հասցե նշել է Հայաստանը, սակայն նա ՀՀ ընտրողների ռեգիստրում չկա եւ Ֆրանսիայի հպատակ է:

Բեդոյանն ամեն տարի կազմակերպում է Ֆրանսիայի Դպրոցասեր եւ Սբ. Մեսրոպ վարժարանների սաների այցը Հայաստան՝ մասնակցելու ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներին: 2011-ին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նրան պարգեւատրել է «Պողոս Նուբար» գերատեսչական մեդալով: 2014-ին Սերժ Սարգսյանը «Հանրապետության տոնի կապակցությամբ, հայրենիք-սփյուռք կապերի զարգացմանը բերած նպաստի, ինչպես նաեւ հայապահպանության գործում ներդրած ավանդի համար» Սարգիս Սերժ Բեդոյանին պարգեւատրել է Մովսես Խորենացու մեդալով:

2015-ի մայիսի 31-ին Ս. Բեդոյանի հովանավորությամբ Սեւանում բացվեց Սբ. Հրեշտակապետաց եկեղեցին (ճարտարապետ՝ Արտակ Ղուլյան): Մտահղացումը եղել է Բեդոյանինը, ով ցեղասպանությունից փրկվածների ժառանգ է եւ ցանկացել է ծնողների հիշատակին եկեղեցի կառուցել, ինչն էլ ողջունել է Մայր Աթոռը: Վերջինս դարձել է կառուցման պատվիրատուն: 2007-ին ընտրվել է տարածքը, 2009-ին էլ Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ կատարվել է հիմնարկեքի արարողությունը:

Եկեղեցու բացման օրը Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը պատվավոր քաղաքացու կոչում հանձնեց Ս. Բեդոյանին, իսկ կաթողիկոսը հովանավորին «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան շնորհեց: Ս. Բեդոյանը սարկավագի հեգեւոր աստիճան ունի, Սեւանի եկեղեցում առաջին պատարագը նա է սպասավորել (տեսանյութում):

ICIJ-ի տվյալներով՝ Սարգիս Բեդոյանը 2006-2007 թթ. շվեյցարական «HSBC»-ում ունեցել է 6 «client account»: Լրագրողական կոնսորցիումը Հայաստանի վերաբերյալ տեղեկությունների մեջ նշել էր, որ մեր երկրին առնչվող հաճախորդների մեջ ամենաշատ գումար ունեցողը պահ է տվել 5,8 մլն դոլար: Այդ անձը Ս. Բեդոյանն է, ով նշված տարիներին սկանդալային բանկում ունեցել է 5.818.919 դոլար: Ըստ համացանցային աղբյուրների՝ Բեդոյանի անունը իբրեւ ղեկավար անձ կապվում է մի շարք ընկերությունների հետ: Նա, մասնավորապես, 1992-ին ստեղծված «Financiere Marceau» բաժնետիրական ընկերության նախագահն է: Ընկերությունը մասնագիտացած է անշարժ գույքի շուկայում: Այն գրանցված է Փարիզի Բերրի փողոցի շենքերից մեկում (14, Rue de Berri, տես ստորեւ):

Մեկնաբանություններ (10)

mike
I would like to know how a clergyman--Archbishop Shahe Ajemian--who had a meager salary can accumulate nearly $4 million dollars.
Harout Derghazarian
According to Global Financial Integrity Organization $9,833 billion dollars illegally and illicitly have been transferred from Armenia to European banks in the last few years. Diaspora Armenians all over the world should stop contributing and donating money for Armenia until Serj Sarkissian and his corrupt government have been removed.
sos
Harout, care to show some facts about your post?? Illegally, illicitly?? If this were true then the Central bank would have been complicit and there is no way the IMF or World Bank would have kept this secret. The amount you mentioned is the equivalent to 1 year's GDP. The DRAM would be at 800 if this were true.
Haig
Good question Mike. He sold off property owned by the Armenian quarter in Jerusalem to the Jews.
Varand Grigoryan
8. Astgik Eiramdjian, your composition is a serial of wishful thinking, which has nothing to do with reality and you might well be aware of it...
Astgik Eiramdjian
Armenian Apostolic Church has All the rightsto have money and use it anyway it decides, because it is only and only for the prosperity and building New and renovating of our Old Churches (which are Gods Houses) and it has the rights to put money on the name of the Head of the Church, because he is the most trusted, Thank God and he has build in last years more churches, than the turkish vandals had ruined in 100 years and they are all working and also helps people to keep hoop, true National identity, to be able to baptized, married, and be served services of last good-bye, and also a lot of important educational work, that has kept Armenian Folk as Armenian, which is Gods will only by Church. Despite We lost our country, It was as Our Lords dresses devided between the turkish, kurdish, german, english soldiers, but God gave it back to us and will give all the parts back. So dirty hands off from our Catholicos Garegin and Our Armenian Apostolic Church. It is the True One. Our Church helps us for healing our wounds of Genocide 1915, by the way we have a lot of billions in many banks of the world and should get it back. SNel SNel. And also with procents. count it now.on your trumps and junk and crackers and easy millionaires and new riches. DON'T TOUCH OUR ARMENIAN APOSTOLIC CHURCH. I WILL SEND YOU TO HELL. SIGNED BY HOLY MARY MOTHER OF GOD. give back WEST ARMENIA TO ARMENIANS. ALL OUR MONEY. ALL OUR POSSESSIONS. ALL OUR CHURCHES. MAKE ALIFE ALL OUR CUT RELATIVES. bastards.1895-1915-2015. ENOUGH IS ENOUGH. GOD IS ANGRY WHEN YOU TOUCH ARMENIAN APOSTOLIC CHURCH, with dirty schismatic ways.
Xunsap'ha
Armenian leaders, be they religious or political, have throughout history always been pathetic, self-centered, shortsighted, self-caring creeps. Our sad history is the result of their doing. Had they been true leaders, the turk would have been in his own native lands (Central Asia) today. Today's batch of so-called leaders are no different from their historic predecessors. The correct word for our religious leaders should be ԿԹՈՂիկոս, referring to their skill to milk the people. (ԿԹԵԼ meaning to milk, eg a cow).
Xunsap'ha
էսմեոալդա Պատրիոտովնա, հայոց եկեղեցին զուրկ է սրբութենէ: Մեր կրօնականները միայն անուամբ սրբազան են իսկ գործով սատանայապաշտ: Անոնց աստուածը փողն է, դրամ կամ դոլար: Անոնք ամեն ինչ իրենց գրպանները լեցնելու համար կ՛ընեն: Եթէ կը կարծես թէ անոնք ժողովուրդին կարիքները կը մտածեն, ժամ է որ քու անոյշ երազէդ արթըննաս:
MK
Sadly we have a bunch of religious and political crooks who have hijacked the country illegally and we are where we are now in a horrendous mess.
Նունե (ԵՊՀ)
Վերոհիշյալ ,,հերոսներին,, ճանաչում եմ, ցանկալի է հանդիպել և մոտից խոսել...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter