HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրությունները Թումանյանում. «Ուր են Հայաստանի ջահելները»,-հարցնում է 80-ամյա Ջհանը

Խոշորացված  Թումանյան համայնքի համայնքապետի  ընտրությանը  թեկնածու առաջադրված Էդգար Պետրոսյանը փետրվարի 2-ին ինքնաբացարկ տալուց հետո, փետրվարի 14-ին՝ ընտրության օրը 31/01  ընտրատեղամասային հանձնաժողովում  միակ թեկնածու Լևոն Զավարյանի վստահված անձ էր գրանցված: Թումանյան համայնքի  ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահը համայնքապետի տեղակալ Երվանդ Շաքարյանն էր: Թեև մեր բազմաթիվ խնդրանքներին՝ ընտրություններին նա չկանխեց  ընտրատեղամասում համայնքապետի թեկնածու Լևոն Ձավարյանի որդիների՝ Արտակ և Արա Զավարյանների անթույլատրելի պահվածքը:

Խորհրդակցական ձայնի իրավունքով տեղամասային հանձնաժողովում գտնվող վստահված անձ Արտակ Զավարյանը   կարգադրություններ էր անում հանձնաժողովի նախագահ Երվանդ Շաքարյանին:  Ընտրությունների ամբողջ ընթացքում եղբայրները տեղամաս բերեցին մարդկանց խմբեր, որոնք այլ անձի օգնությամբ մասնակցում էին ընտրությանը: Իր տղաների  հետևողականությամբ Լևոն Զավարյանին այլ անձանց օգնությամբ բացահայտ երեկ ընտրեցին 74 ընտրողներ: Գրանցամատյանում նրանց գրանցեցին: Այդ անձանցից 30-ը Թումանյան քաղաքի վարչական տարածքում բնակվող   եզդիներ էին, 44 –ը՝  Թումանյանի բնակիչներ: Այդ գործում Լևոն Զավարյանի որդիներին  օգնում էր բարձրահասակ ու թիկնեղ մի տղամարդ, որին լուսանկարել ենք: Արտակ և Արա  Զավարյանները տեղամասի 1-ին հարկում,  ընտրացուցակների մոտ հերթական համարները գտնելու պատրվակով, մինչ  ընտրասենյակ մտնելն  ուղղորդում էին ընտրողներին: Ժամը 16։00-17։00-ի սահմաններում Արա Զավարյանը կրկին տեղամասային հանձնաժողովի սենյակ մտավ առանց գրանցման:  Նրան խնդրեցինք ներկայացնել վստահված անձի իր վկայականը:  Ներկայացված վկայականով Արա Ձավարյանը ավագանու թեկնածու՝ Սեյրան Այդինյանի վստահված անձն էր: 

Էդգար Պետրոսյան Արտակ Զավարյան

«Տեղամասում գրանցված էին  8 վստահված անձինք, 3-ը դուրս են եկել գրանցումից, 5 –ը մնում են գրանցված: Գրանցամատյանում Լևոն Զավարյանի  վստահված անձ էին գրանցված ավագ որդին՝ Արտակ Ձավարյան և նրա թիմակից Էդգար Պետրոսյանը: Ավագանու թեկնածուների վստահված անձանցից գրանցված էին Արման Շավերդյանը, Էդգար Պետրոսյանը, Մարատ Պետրոսյանը»,- հայտնեց  հանձնաժողովի քարտուղար Նորիկ Սարգսյանը: Արա Զավարյանը որպես վստահված անձ ամբողջ օրվա ընթացքում չէր գրանցվել հանձնաժողովում:  Ժամը 17:30-ի սահմաններում  տեղամաս այցելեց թեկնածու Լևոն Զավարյանը: Նա ասաց, որ  առավոտյան է կատարել ընտրելու իր քաղաքացիական  պարտքը. «Եկել եմ տեսնեմ, ինչպես է ընթանում  ընտրությունը:  Ինչի՞,  իրավունք չունեմ»,- հարցրեց թեկնածուն: 

Երվանդ Շաքարյան Լևոն Զավարյան Մարցեցի Արտաշ

Ժամը 20:00-ին  ընտրությունն  ավարտվեց և փակվեց  տեղամասի դուռը: Հանձնաժողովը ընտրացուցակներում հաշվելուց հետո պարզեց, որ Թումանյան համայնքի 1524 ընտրողներից  ընտրությանը մասնակցել են 695 ընտրողներ: Ավագանու ընտրության քվեաթերթիկները հաշվելուց հետո հանձնաժողովը նկատեց , որ քվեաթերթիկների  թիվը  694 է և չի համապատասխանում ընտրացուցակում գրանցված  695 ընտրողների  թվին: «Մեկ ձայնը էական չի, արձանագրեք, առաջ գնացեք»,- կարգադրեց Արտակ Զավարյանը: Երվանդ Շաքարյանը նույնիսկ հանձնաժողովում չքվեարկեց ստեղծված անճշտությունը և անցավ առաջ: Ավագանու ընտրությունների արդյունքերով էլ պարզվեց, որ Լևոն Ձավարյանի հետ այլ անձի օգնությամբ ընտրող քաղաքացիների քվեներ էր ստացել նաև լորուտցի ավագանու թեկնածու Սեյրան Այդինյանը, ում վստահված անձի վկայականով Արա Զավարյանը  ելումուտ էր անում  տեղամասային հանձնաժողով: Արտակ Զավարյանը համայնքապետի ընտրության քվեատուփը բացելուց հետո, երբեմն հայտնվում էր հենց քվեատուփի բերանին,  անհարկի ռեպլիկներ էր շպրտում Լևոն Զավարյանին դեմ քվեարկած քվեաթերթիկները հրապարկվելիս: 

Ընտրությունների արդյունքներով Լևոն Զավարյանը ստացել էր ընտրողների 598 քվեները,  նրան դեմ էին քվեարկել 63 ընտրողներ, 22 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր: 

Երեկ ՏԻՄ ընտրությունը նույնաբովանդակ անցավ նաև Լորուտի ընտրատեղամասում:  Ժամը 14-ի սահմաններում Լորուտի տեղամասում ընտրողների մեծ կուտակումներ կային: Տեղամասի բակում կուտակված էին ընտրողներին տեղամաս տեղափոխող ավտոմեքենաներ:

Ընտրության անհարմարավետ սենյակում վստահված անձանց,  դիտորդների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ անհնարին էր դարձել ազատ տեղաշարժը: Ընտրությունն անց էր կացվում մեկ քվեախցիկով, որը դառնում էր մեծ կուտակումների  պատճառ: Հանձնաժողովի նախագահ, Լորուտի դպրոցի տնօրեն Դավիթ Սարգսյանը  նեղվածք տեղամասում հատուկ  տարածք էր հատկացրել այլ անձի օգնությամբ ընտրության սպասող մարդկանց նստելու համար: Այլ անձի օգնությամբ ընտրող Ալվարդ Մխիթարյանը, պատասխանելով մեր հարցին, ասաց, որ ակնոցներով տեսնում է . «Հա, չէ, օգնության  կարիք ունեմ»,- շփոթված պատասխանեց նա:  Այլ անձի օգնությամբ ընտրելուց հետո  Լորուտի բնակիչ Հայկազ Գևորգյանն ասաց, որ  ակնոցով ազատ կարդում է: Իսկ թե ինչու իր ակնոցով քվեախցիկում ինքնուրույն չկատարեց իր ընտրությունը, Հայկազ Գևորգյանը ծիծաղելով պատասխանեց, թե ակնոցը մոռացել է:

Մարցի ընտրական տեղամասում ժամը 13-ի սահմաններում ընտրողների մեծ հոսք կար: «ժամը 11-ի դրությամբ ընդամենը երկու ընտրող էր եկել ընտրության, հիմա մարցեցիները շատ ակտիվ են»,- ասաց տեղամասային հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապոյանը: Գյուղամիջում հավաքված մարցեցինհերը հետևում էին գյուղապետարանի շենքում գտնվող ընտրատեղամասի անցուդարձին. «Ասում են էս խոշորացումը փորձնական ա: Երևի ասում են Մոտկորի ժողովրդին մին սովիցը կտորենք, եդնա  կտենան՝ մնացածներին ինչ են անում»,- ենթադրեց մարցեցի Սաքոն:

«Մեր կյանքի փոխվելը ընտրության հետ կապ չունի»,- ավելացրեց Ջհան Ոսկանյանը։  Մարցեցի Մարտուն Աղաջանյանի ասելով՝ առաջին հերթին պետք է մի քիչ պետությունը  լավը լինի, նոր ղեկավարը. «Կարող է ղեկավարը լավ մարդ լինի, բայց նրա ձեռը բան չընկնի, որ մեր հմա մի բան անի»,-բացատրեց Մարտունը: «Մեր գեղումը մի տարումը  200  գլուխ անասուն է պակասել, որովհետև գեղումը ջահելություն չի մնացել: Քաղաքումն էլ չի  ջահելություն մնացել:  Հլա մեր երկրի կառավարությանը հարց եմ տալի՝ ուր են Հայաստանի  ջահելները»,-հարցրեց  80-ամյա Ջհանը:  

«Հիմի  5 հատ  թոռ ունեմ՝ 2-ը աղջկանս է, երեքը՝ տղայինս: Չեմ ճանաչում, տեսած չեմ:  Տղայիս մեծը՝ 3-րդ դասարան է: Ես չեմ կարողանում գնալ, իրենք էլ չեն կարողանում գալ: Դրա համար էլ ես ընտրությանը 2-ին էլ ջնջել եմ, իմ խիղճը գոնե հանգիստ կլի, ոչ չեմ ընտրել»,- ասաց մարցեցի Արտաշը:

«Մի երգչուհու վրա ինչքան փող են ծախսում, որ մի հատ երգ է երգում:  Նա մի երգով ոսկեղենում թաղվում ա, բայց մեր գեղին  մի  տրակտոր չեն տալի:  Տրակտորի խաթեր հողը  չենք մշակում,  սովի ենք մատնվում»,- դժգոհեց Վասիլի Աղաջանյանը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter