HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գևորգ Սաֆարյանը կշարունակի մնալ բանտում. ձվեր նետվեցին դատարանի շենքի վրա

«Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը՝ կալանքը գրավով փոխարինելու մասին: Մինչ մերժման որոշումը դատարանը դռնփակ կարգով մոտ 3 ժամ քննարկում էր միջնորդությունը, լսում քննիչին ու Սաֆարյանի փաստաբանին, այնուհետև, մեկ ժամից ավելի մնալով խորհրդակցական սենյակում, կայացրեց մերժման որոշում:

Գևորգ Սաֆարյանին աջակցողները չորս ժամ սպասում էին որոշմանը և ակցիա անցկացնում դատարանի շենքի դիմաց: Գևորգ Սաֆարյանի համակիրները մերժման որոշման մասին իմանալուն պես ձվեր շպրտեցին դատարանի շենքի ուղղությամբ, ապա շարժվեցին դեպի ԵԽ պատվիրակության գրասենյակ:

Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ դատարանը երեք էջանոց հիմնավորում է բերել գրավի միջնորդությունը մերժելով, որին, սակայն, ինքը կծանոթանա վաղը և նոր միայն գնահատական կհայտնի: Նա նշեց, որ ներկայացրել էր մի քանի պատգամավորների անձնական երաշխավորագրեր, Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության դիտարկումները Սաֆարյանի կալանավորման վերաբերյալ: Բացի այդ, փաստաբանը դատարանին էր ներկայացրել ՄԻ պաշտպանի գրությունը: Մինչդեռ քննիչն առարկել էր գրավ կիրառելուն, պնդել էր, որ ազատության մեջ մնալով Գևորգ Սաֆարյանը կարող է խոչընդոտել քննությանը:

Ըստ պաշտպանի, ստացվում է, որ դատարանը ոչ թե արարքին է գնահատական տալիս, այլ Սաֆարյանի քաղաքական գործունեությանը: «Դրա համար էս պահին կարող եմ ասել, որ Գևորգ Սաֆարյանը անազատության մեջ է իր քաղաքական հայացքների համար, որովհետև դատարանը դուրս եկավ իրավաբանական հարցից ու քննեց քաղաքականություն»,- ասաց պաշտպան Հայարպետյանը:

Փաստաբանը տեղեկացրեց, որ քննիչի հետ պայմանավորվել է վաղվանից քննչական գործողություններ անելու համար: Պետք է Գևորգ Սաֆարյանի ու վկաների առերեսումներ կազմակերպվեն: Փաստաբանը նշեց, որ երկու ոստիկան ցուցմունք է տվել Գևորգ Սաֆարյանի դեմ:

Նշենք, որ Գևորգ Սաֆարյանի ներկայությունը չէր ապահովվել, դատարանը նպատակահարմար չէր գտել: Բացի այդ, մերժվել էր հրապարակային դատական նիստ անցկացնելու՝ փաստաբանի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ի գիշերը Երևանի Ազատության հրապարակում Նոր Հայաստան շարժման անդամները փորձել էին տոնածառ տեղադրել, ինչին միջամտել էին ոստիկանները ու տեղի էր ունեցել բախում: Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Սյուզի Գևորգյանը Մոսկվայում երկու բարձրագույն իրավաբանական բուհ է ավարտել, քրեական իրավունքի մասնագետ է: Սյուզին անցյալ տարեվերջին ծեծի էր ենթարկվել, իր խոսքով, ակտիվ ընդդիմադիր գործունեության համար: Նա տուժող է ճանաչվել: Սակայն ասում է, որ մինչ օրս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրնվել: Այսօր նա եկել էր սատարելու Գևորգին: «Չեմ կարող հանգիստ ապրել, քանի որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ: Արդարադատության նախարարն էլ շատ պարզ գիտակցում է, որ մենք ունենք քաղաքական բանտարկյալներ: Ու Գևորգի փոխարեն կարող է լինել մեզնից ցանկացած մեկն, ով ունի այլ քաղաքական հայացքներ»,-ասում է նա ու պնդում, որ չի վախենում, շարունակելու է պայքարել:

«Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, որը նույնպես մասնակցում էր ակցիային, անդրադառնալով արդարադատության նախարարի՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չունենալու արտահայտությանը, ասաց, որ ցանկացած ավտորիտար ռեժիմ չի ընդունում, որ իր երկրում կան քաղբանտարկյալներ:

«Վստահ կարող եմ ասել, որ Շանթը և ընկերները, Վոլոդյա Ավետիսյանը, Հայկ Կյուրեղյանը, Գևորգ Սաֆարյանը քաղաքական բանտարկյալներ են: Այս մասին բարձրաձայնել է նաև միջազգհային հանրույթը: Ստարսբուրգյան հայտնի 4 կետերը կան: Այս իմաստով մեր լեզուն երկար է, քանի որ մեր երկիրը լինելով ԵԽ անդամ, ստորագրել է այդ պարտավորությունները»,-ասաց Ժիրայր Սեֆիլյանը: Նրա կարծիքով, քաղբանտարկյալների առկայությունը մեր երկրում ածանցյալն է մի մեծ պրոբլեմի, ամբողջ ժողովուրդն է կեղեքված, գերեվարվածի վիճակում: Սեֆիլյանը գտնում է, որ լուծումը քաղաքական դաշտում չի լինելու, այլ պոռթկումի ու ընդվզման ձևով:

«Կարծում եմ, որ մենք մոտենում ենք այդ կետին: Ովքեր կարծում են, որ հայ ժողովրդին հնարավոր է ստրկացնել, չարաչար սխալվում են»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter