HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Մարտիրոսյան. «Խավարասերները շատ են և գնալով շատանում են»

Հարցազրույց «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ

Մենք խանգարում ենք, որովհետև խավարասերները երբեք էլ լույս չեն սիրում

-1992 թ.-ին է ստեղծվել «Անտարեսը»: Ո՞նց եք դիմակայում այսքան տարի:

-Մեր կարգախոսը գիտե՞ք:

-Այն, որ աստղերին հասնելու համար պետք է հաղթահարել խոչընդոտներն ու դժվարություննե՞րը… Համենայն դեպս, «Անտարեսի» կայքում այդպես է գրված:

-Դե, դա մի քիչ փոփոխված է: Per aspera ad astra: Aspera-ն տատասկն է, astra-ն՝ աստղը, այսինքն՝ տատասկների միջով դեպի աստղեր:

-Տատասկը ո՞րն է այսօր Ձեզ համար:

-Միգուցե իշխանությունը, որ ծակում է, կամ ինչ-որ այլ բան, բայց ի վերջո դժվարություն, խոչընդոտ է: Ինչ-որ ժամանակ ունեինք և հիմա էլ ունենք «Հաջողությունը երբեք պատահական չի լինում» կարգախոսը: Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ ցուցանակին գրված է «քաղաքացուն վայել մոտեցում»: Այսինքն՝ մշտական մեկ ուղերձ կա՝ «aspera»-ն: Միշտ չէ, որ ես ու թիմը լինում ենք նույն պլատֆորմի վրա, ցավոք, գոնե հայացքային, քաղաքականության, զարգացման, Հայաստանի օրվա հետ կապված: Օրինակ, երկիր բառը չեմ օգտագործում:

-Ինչո՞ւ:

-Որովհետև «երկիրը» լղոզված հասկացություն է, հակապետական: Եթե ասեմ՝ գծեք երկրի սահմանները (Կիլիկիան, Անին, Էրզրումը, Մասիսը դնեք կամ չդնեք մեջը), կտեսնեք, որ այն երբեք չի ունեցել նույն սահմանները: Այն միշտ փոփոխվել է, համենայն դեպս, այն, ինչ երկիր ենք ասում: Իսկ երբ ասեմ՝ գծեք Հայաստանի Հանրապետության սահմանները, սիրուն կգծեք: Որովհետև դա պետական սահման է, գիտեք, ինչի մասին է խոսքը: Եվ այդ լղոզված հասկացությունն իր հետ բերում է մնացած լղոզված հասկացությունները, որոնք կան այլ բնագավառներում: Ենթադրենք, քաղաքական ուժը հստակ չի ասում իր ասելիքը կամ այսօր ընդդիմադիր է, վաղը՝ դիմադիր (չասենք, թե ում մասին ենք խոսում), այդ լղոզված հասկացությունը գալիս է հենց այդ լղոզված հիմքից: Եվ քանի որ խոսելու ենք ճարտարապետությունից, ամեն ինչ սկսվում է այդ հիմքից: Եթե ճիշտ ես վերցրել հիմքը, ամուր կլինի, եթե կառուցում ես հրաբխի կամ ճահճի վրա, լինելու է ճահճային (չեմ ասում, թե ճահճի վրա հնարավոր չէ կառուցել):

Սովետական տարիներին ատրակցիոն կար, երբ մոտոցիկլիստը պտտվում էր մեծ գլանի ներսում: Եթե նա կանգներ կամ դանդաղեր, կընկներ: Այսօր, համենայն դեպս, «Անտարեսի» ուղղությանը շատ նման է: Մեզ պետք է ապահովել մեր ընթացքն անկախ ամեն ինչից: Եվ հասկանում ենք, որ եթե կանգնենք, կզոհվենք, կընկնենք, և հայաստանյան այս անկիրթ, մութ իրավիճակում, մեր վրայով կանցնեն:

-Այսինքն, ձեզ չեն սիրո՞ւմ:

-Դե, մենք խանգարում ենք, որովհետև խավարասերները երբեք էլ լույս չեն սիրում: Իսկ հրատարակել նշանակում է լույս ընծայել, ասում են՝ գիրքը լույս տեսավ: Խավարասերները շատ են և գնալով շատանում են: Այսօր լսում ենք, որ 90-ականներն անամոթաբար համարում են ցրտի, մթի տարիներ, մինչդեռ դրանք պատերազմի և հաղթանակի տարիներ էին:

Հոգևոր մութ ու ցուրտ Հայաստանն էսօր է

-Կարծում եք՝ հաղթե՞լ ենք:

-Էն ժամանակ՝ գոնե այո, իսկ հետո թե ինչու ենք տանուլ տվել... Ինչո՞ւ են անվանում ցրտի, մթի տարիներ, երբ այդ իշխանությունն այնքան հմուտ էր ու սիրում էր ժողովրդին, այնպես արեց, որ պատերազմ չլինի Երևանում: Եվ երևանցիները դրանով շնորհակալ եղան՝ այդ տարիներն անվանելով ոչ թե պատերազմի ու հերոսության, այլ մթի ու ցրտի տարիներ: Հայկական «շնորհակալություն» կա: Խավարամիտի համար են դրանք ցրտի ու մթի տարիներ, որովհետև դրանք ամենալուսավոր տարիներն էին մեր պետականության համար: Հիմա երբ սկսեցինք խոսել այս մասին, հասկանում եմ, որ այսօր է մթի տարին: Այսօր ամենամութ տարիներն են:

-Ու ի՞նչ կատարվեց, ինչո՞ւ ենք հայտնվել Ձեր ասած մթության մեջ:

-Աչքի տեսածը նախընտրեցինք հոգու տեսածից: Այդ հոգևոր լույսը, որ կար այն ժամանակ, մեզ չէր բավարարում, որոշեցինք փոխարինել էլեկտրական լույսով, որ աչքը տեսնի: Այդ շքեղ մեքենաները, պերճանքը, բիրտ ուժի կիրառումը, վատ, գռեհիկ զրույցները, հարուստ կուշտի լպիրշ վերաբերմունքն աղքատ սովածին՝ նրան անվանելով համբալ (գիտենք, էլի, հարուստ կուշտերն ինչ բառեր են ասում), անզուսպ շռայլություն ցույց տալն աղբամանից հաց հավաքողին, այդ թանկ դղյակները, թանկ կոստյումները... Այսօր կառավարության նիստը նորաձևության անամոթաբար ցուցադրում է դարձել: Աղքատ երկրում չի կարելի նման բան անել ամեն հինգշաբթի: Նույնը վերաբերում է պառլամենտական մեծամասնությանը: Չի կարելի ժողովրդին ցույց տալ, որ դու «Արմանի» ես հագնում, իսկ ինքն Արմենի կարածն է հանգնում: Այս տարբերությունը կա:

-Որտեղի՞ց է գալիս դա:

-Դա գալիս է լույսի պակասից: Այդ մարդկանց մեջ լույսը պակաս է, խավարը շատ: Ո՞նց կարելի է սոված մարդուն, որ փողոցում նստած հաց է մուրում, ու ենթադրենք, մուրացածն էլ կողքին դրած է, կամ էրեխեքը ուտում են, էդ հացն էլ խլես-տանես: Մի փոքր անգամ դաստիարակություն ունեցող մարդը սոված երեխայի ձեռքից հաց չի խլի: Այսօր իշխանության եկած հասարակության այդ խավար մասը դա է անում: Նրանք ունեն կյանքը տիրելու հնարավորություն: Նրանք այսօր կառավարում են Հայաստանը: Իսկ այն մարդը, որ մեր աղբամաններից ուտելիք է հավաքում, որ տանի, երեխան սոված չմնա, այդ աղբամաններից քիչ հեռու կանգնած 200 կամ 500 հազար դոլար արժողությամբ մեքենաներ են կանգնած: Սա լպիրշություն է, անթույլատրելի է:

Մոտ 15 տարի է՝ կշտամբում են ինձ, թե ինչու մեքենաս չեմ փոխում: Ասում եմ՝ իրավունք չունեմ՝ անկախ հնարավորություն ունենալուց կամ չունենալուց: Քանի դեռ Հայաստանը հետ է գնում, աղքատությունն ավելանում է, իսկ դու հասարակության համերաշխությունն ապահովողներից ես, իրավունք չունես անել դա, պիտի չապրես թանկ բնակարանում, չհագնես թանկ զգեստ, պերճանքի առարակներ չունենաս, չունենաս թանկ մեքենաներ, որովհետև դա խանգարում է մեր համերաշխությանը:

1995 թե 96 թիվն էր, հրապարակով անցնում էի, մի դվիժոկ էր աշխատում, թարթող լույս կար, դա վարչապետի սենյակից էր: Ես համերաշխ էի վարչապետի հետ, մթի մեջ էի, ցրտի մեջ էի, բայց այդ լույսն ինձ դուխ էր տալիս, որովհետև տեսնում էի, որ իմ վարչապետը նույն վիճակում էր, ինչ ես: Վստահ էի, պատրաստ էի տատասկների միջով անցնել, գնալ դեպի լույսը: Այն ժամանակ հոգևոր լույսը կար, իսկ դա հասարակության համերաշխությունն էր, հասարակության բոլոր մասերը կրում էին այդ լույսն իրենց մեջ, մեկ էլ այդ խավարասերները եկան՝ Հայաստանն անլույս սարքելով: Չգիտեմ, հիմա՞ տեսակետս հայտնեմ, բայց հասկանում եմ, որ հոգևոր մութ ու ցուրտ Հայաստանն էսօր է: Այս բառերն ընկալելու համար մարդ պետք է ունենա դաստիարակություն, կրթություն, որն այսօր, ցավոք, շատ-շատերը չունեն: Բայց մենք պիտի խոսեինք ճարտարապետությունից, չէ՞: Չնայած ես խոսում եմ պետության ճարտարապետության մասին (ժպտում է- հեղ.):

Գյուղի մտածելակերպը եկել զավթել է քաղաքը

-Հենց պետության ճարտարապետության հետևանքներն էլ կրում է քաղաքը: Վերջին տարիներին հին շենքեր են քանդում Երևանում: Հին շենքերից մեկի պատին գրված է, որ տունը շենք չէ, տունը մարդ է: Ինչո՞ւ ենք քանդում Երևանը:

-Էդ թեմայի շուրջ մի կարևոր գիրք ունենք էստեղ (մոտենում է գրապահարանին, վերցնում այնտեղից գիրքն ու դնում սեղանին- հեղ.): Ահմեդ Ումիթի «Ստամբուլի հուշը» գիրքն է: Դետեկտիվ ժանրի վեպ է: Ստամբուլում հայտնաբերում են սպանված մարդկանց, որոնց ձեռքի մեջ էսպիսի արծաթյա դրամ կա (գրքի շապիկին նկարված է ձեռք ՝ ափի մեջ մետաղադրամ- հեղ.): Ոստիկանը, քննիչը հյատնաբերում են, որ այդ բոլոր սպանված մարդիկ ճարտարապետներ են եղել: Եվ ի վերջո պարզվում է, որ էս ճարտարապետներին սպանել են Ստամբուլի պաշտպանները, ովքեր այսօրվա ճարտարապետների պես աղավաղում էին Ստամբուլը: Ովքեր փչացրեցին Ստամբուլի դեմքը, սպանվեցին, իսկ այդ արծաթյա դրամն էլ նրանց ծախված լինելու գինն էր: Այդքան էլ համամիտ չեմ նույնն անել մեզ մոտ: Ստամբուլը հազարամյակների պատմություն ունեցող մեծ ու հին քաղաք է: Մեզ մոտ հին շենքերը կարելի է վերականգնել կամ կոնսերվացված հնի վրա ժամանակակիցը կառուցել, ոչ այնպես, ինչպես արվում է: Եթե ուզում են բարձրահարկերի երկիր սարքենք, նախ նյույորքյան ճարտարապետությունը պիտի ուսումնասիրել: «Արարատ» հյուրանոցի օրինակը բերեմ. կոնսերվացված հնի վրա նորը կառուցեցին: Կարծում եմ՝ էդպես պիտի զարգանար մայրաքաղաքը՝ հինը պահպանելով, նորը կառուցեինք: Ճարտարապետության մեջ էլ նույն խնդիրները կան, ինչ մյուս ոլորտներում, որտեղ անգրագետ ու հակահայաստանյան քայլեր են իրականացվում, ի՞նչ տարբերություն, մասնագետների քանակը նույնն է, տխուր մտածելակերպը նույնն է, և խավարասերները բոլոր տեղերում են: Մեզ մոտ խնդիրն այլ է:

-Եվ ո՞րն է:

-Այսօր Երևանում պայքար է գնում ժամանակի տարածության և մետրի տարածության միջև: Գյուղի մտածելակերպը եկել զավթել է քաղաքը: Քաղաքը ժամանակի տարածությունն է: Եթե մեծ քաղաքներում ապրող ձեր ընկերների հետ խոսում եք, կզգաք, որ իրենք շատ արագ են խոսում: Ժամանակ գնահատող են, դա ավտոմատ է արվում: Իսկ քաղաքի կանոնը դա է՝ ժամանակի տիրույթը:

Գյուղը մետրի տարածությունն է: Երբ երևանցի աղջիկը գնում է գյուղ, համապատասխան հագնվում է, չէ՞: Երբ գյուղացին է գալիս քաղաք, նա էլ պիտի պահպանի այդ կանոնները: Իրենք գյուղական մշակույթը բերել են քաղաք և քաղաքում գյուղ են սարքում: Մեր այգիները, որոնք ժամանցի վայրեր են, ժամանակի տարածություն են, շենքեր են սարքում այդտեղ՝ մետրերի վերածելով: Այսինքն՝ ժամանակը վերածում են քառակուսի մետրերի: Այսպիսի համեմատություններ կան. եթե ավտոկայան գնաք, տաքսիստին հարցնեք, թե Երևանից Դիլիջան ինչքա՞ն է, կասի 1 ժամ 20 րոպե, իսկ եթե էնտեղից հարցնես (գուցե հենց նույն տաքսիստը լինի), կասի 90 կմ: Այսինքն՝ մեկը խոսում է ժամանակի չափման միավորով, մյուսը՝ մետրով:

Եվ երբ էդ գյուղացին գալիս է քաղաք, իր մեքենան կանգնեցնում է մայթին: Գյուղում լուսարձակ չկա, դրա համար չգիտի, իսկ եթե նույնիսկ կանգնում է լուսաֆորի տակ, ինչպես 2006 թ.-ին մեր պաշտպանության նախարարը, հետո պարծենում է, որ լուսաֆորի տակ կանգնում է: Դա ցանկացած դպրոցական պիտի իմանա, մեկ էլ, հարգելիներս, ասեք, որ դուք փողոցում չեք թքում և դրանով պարծեցեք կամ ուրիշ ավելի վատ բաներ չեք անում:

Տրակտորը հիշեցնող ամենամոտ մեքենան ո՞րն է. «Համերը», «Ջիպը», չէ՞: Այսինքն՝ իրենք եկել են քաղաք, իրենց տրակտորն էլ հետը բերել են: Մշակույթի, դաստիարակության խնդիր է, գյուղի մեթոդներով քաղաք են կառուցում: Սա է ամբողջ խնդիրը: Ու հենց էս մշակույթների բախման թատերաբեմն է դարձել Երևանը: Ի՞նչ անենք, որ դզվի. պետք է կրթել, գյուղացուն քաղաքացի դարձնել (գյուղացին ու քաղաքացի ասելով նկատի ունեմ մշակույթները, շատ սիրում եմ էն գյուղացուն, որը քաղաք է գալիս և ապրում է քաղաքի կանոններով և հակառակը): Միայն կրթությունը կարող է լուծել այդ հարցը, բայց մեր կրթական համակարգն այսօր դեգրադացիա է ապրում: Երբ ամբողջ աշխարհում գյուղից քաղաքներ էին ձևավորվում, այսօր քաղաքներում հակառակ պրոցեսն է: 70-80-90-ականներին վատ էին վերաբերվում քաղքենիությանը, իսկ էսօր երազելի է այդ քաղքենի վարքը, որովհետև դրա մեջ քաղաքը կա:

Գյուղը նաև ֆեոդալն է, իսկ Հայաստանում որտե՞ղ եք տեսնում դա. երբ վարչապետի տղան դառնում է քաղաքապետ: Գոնե երկու վառ օրինակ ունենք: Երբ պաշտոնը ստանձնում է պաշտոնյայի երեխան, երբ մրցույթները հաղթում են ոչ թե գիտելիքով, այլ թե ում աղջիկը կամ տղան ես:

Ինձ համար հեշտ է խոսելը, որովհետև ես մայրաքաղաքացի չեմ եղել: Ծնվել եմ Դիլիջանում, որը փոքր գավառական քաղաք է, և ինքս եկել եմ Երևան, որտեղ ընդունել եմ բոլոր կանոնները՝ անցումներն անցումով եմ անցնում, գետնացումներն օգտագործում եմ՝ անգամ եթե վատ վիճակում են դրանք:

Էսօր հոգևոր կանալիզացիայի մաքրման խնդիրն է 

-Իսկ էդ խավարասերների դեմ պայքարը ո՞նց պիտի տարվի:

-Լույսով... «Ջարդած ապակիների» տեսություն կա, Նյու Յորքի օրինակը բերեմ: 80-ականներին Նյու Յորքը բանդիտական քաղաքներից մեկն էր: Երբ եկավ Հարլեմի քաղաքապետը, իր հետ բերեց ոստիկանապետ: Նրանք հանցագործության դեմ պայքարն սկսեցին մետրոյից: Մետրոները գրաֆիտիի մեջ էին (դեմ չեմ գրաֆիտիին, սթրիթ-արտին): Պետք է այնպես անել, որ քաղաքը լինի հարմոնիայի մեջ: Հայաստանի ճարտարապետական խնդիրն էլ դա է՝ հարմոնիա ապահովել քաղաքիդ, իսկ քաղաքը մարդիկ են, շենքեր չեն:

Ի՞նչ արեցին Նյու Յորքում. առավոտից իրիկուն լվանում էին գրաֆիտիով գնացքները, որտեղ ապակիները վնասված էին, անմիջապես կարգի էին բերում: Աշխարհում շատ հոգեբաններ հակված են այն մտքին, որ երբ մաքուր է տարածքը, մարդ հակված է մաքուր պահել այն: 

Երբ Նյու Յորքի քաղաքագլուխ դարձավ Ջուլիանին (Ռուդոլֆ Ջուլիանին Նյու Յորքի 107-րդ քաղաքապետն էր- հեղ.), ավելի հզորացրեց այդ քաղաքականությունը: Մետրոյից օգտվողների 70 տոկոսն անվճար էր օգտվում՝ տարբեր հնարքների էին դիմում: Ամբողջ Նյու Յորքը բողոքում էր՝ ասելով, որ մեծ հանցագործներին թողած, պայքարում եք փոքր հանցագործների դեմ... Եվ ի՞նչ էին անում այդ օրինախախտներին՝ պերոնի վրա շղթայում էին մեկը մյուսի ձեռքից... Ու պարզվեց, որ այդ խախտողների մեծ մասը ռեալ մեծ հանցագործներ էին: Հետո հանցագործներն սկսեցին հասկանալ, որ չպետք է օգտվեն առանց տոմսի երթևեկությունից, քանի որ ծուղակն են ընկնում: Եվ երբ մեծ հանցագործը պահպանում է կանոնները, փոքրն էլ նրան է հետևում: Եվ այսօր Նյու Յորքն աշխարհի ամենախաղաղ, կրիմինալը քիչ քաղաքներից է: Եվ տեսեք՝ մշակույթով ոնց կարելի է կարգի բերել քաղաքը, և մարդիկ էլ սկսեցին կանոններով ապրել, անգամ հանցագործ տարրը հետևեց դրան:

Հիմա Երևանի օրինակը բերեմ: Երբ Տարոն Մարգարյանի ընտրություններ էին 2009-ին, ինչքան հիշում եմ, կարգախոսը «Մաքուր Երևան» էր: Հունվարյան առատ ձյան օրերին Երևանում չէի, սակայն համացանցով հետևում էի անցուդարձին: Այն ժամանակ Տարոն Մարգարյանին ոչ մեկը չհիշեցրեց, որ, ախր, ժողովուրդ, քաղաքը քաղաքականությունն է, աղբահանությունը չէր: Մաքրելով, աղբ հավաքելով կամ կանալիզացիան մաքրելով չենք կարող հարց լուծել: «Մաքուր Երևան»-ը շատ լավ կարգախոս է, երբ հասկանանք, որ խոսքը ոչ թե ռեալ աղբի, հոգու աղբի մասին է, իսկ հոգու աղբը մաքրելու ձևը քաղաքականությունն է: Երբ քաղաքացին կկատարի քաղաքացիական պարտականությունը, այսինքն՝ կընտրի իշխանություն: Եվ այդ քաղաքային իշխանությունը պետք է զբաղվի քաղաքականությամբ, այլ ոչ թե աղբահանությամբ (դրա ինչ-որ մասնաճյուղ կզղբաղվի աղբահանությամբ):

Էսօր հոգևոր կանալիզացիայի մաքրման խնդիրն է (խոսքը քաղաքականության մասին է): Ցավոք, Հայաստանում շատ մարդիկ ասում են, որ քաղաքականությունը պոռնկություն է: Եվ դա ասում են նրանք, ովքեր կամ տգետ են կամ քաղաքականության մեջ են և հոգով պոռնիկ են՝ այդպիսով վարկաբեկելով քաղաքականությունն՝ իրենց տեղն արդարացնելու համար: Մինչդեռ քաղաքականությունն այնքան զուլալ միջավայր է, որ Գերմանիայի հասարակությունը պահանջեց նախագահի հրաժարականն այն պատճառով, որ նրա տիկինը մեկ տոկոս ցածր վարկ էր վերցրել: Կամ Գերմանիայի պաշտպանության նախարարը դիսերտացիայում մեկ բառի հղում չտալով՝ պլագիատում մեղադրվեց, և նա կրկին հրաժարական տվեց: Լիտվայի նախարարներից մեկն իր կոլեգաներից մեկին, ով էթնիկ ռուս էր, հայհոյել էր առանց կոպիտ խոսքերի, պարզապես միտքը հայհոյական էր: Նա ևս հրաժարական տվեց: Երբ նրան հարցրեցին, թե ինչու է հրաժարական տալիս, ճիշտ չէ՞ր, ասաց՝ ճիշտ է, բայց հասկանում է, որ այս պահը, որ ինքը լիտվացի է, մյուսը՝ ռուս, կօգտագործեն Լիտվայի պետության դեմ: Այ էդքան զուլալ միջավայր է քաղաքականությունը:

Իսկ երբ Սերժ Սարգսյանն ասաց՝ գաղջ մթնոլորտ է, դա նրա տրիումֆն էր: Պատկերացրեք, որ այդ գաղջ մթնոլորտը գրաֆիտի է (հոգևոր գաղջի մասին է խոսքը), այդ գաղջ մթնոլորտում անում են գաղջ գործեր: Այսինքն՝ դա տրիումֆ էր, որ շուտով սկսելու է գաղջությունը: Պետք է քաղաքականություն լինի, որ մաքրությունն սկսենք մշակույթից ու կրթությունից:

Լուծումներ՝ կրթության ու մշակույթի նախարարներին ներգրավել Ազգային անվտանգության խորհրդի կազմում, Հայաստանի եւ մասնավորապես Երեւանի զարգացման մանրակերտը ներկայացնել հանրությանը (ցուցահանդեսով, «Facebook»-ով, կայքով): ՀՀ նախագահը, վարչապետը, Երեւանի եւ այլ քաղաքապետները պարտադիր տարին առնվազն մեկ անգամ հանդես են գալիս բաց թափանցիկ մամուլի (բոլոր լրատվամիջոցների, այլ ոչ հլու-հնազանդների) ասուլիսներով առնվազն երեք ժամ տեւողությամբ, եթե, իհարկե, այդքան հարց լինի։ Բոլոր այն կառուցվող շինությունները, որոնք ունեն «խղճի ազատության» հետ կապված խնդիրներ, դրանց լինել-չլինելու հարցը պիտի լուծվի հանրային քննարկման եւ տեղական հանրաքվեով։ Բոլոր վաճառվող օբյեկտների, տարածքների գործարքների մանրամասները եւ գները պիտի լինեն հանրամատչելի, որպեսզի սա մեր քաղաքացիներին ՈՒՏՈՊԻԱ չթվա, Հայաստանը, մեր քաղաքները, գյուղերը պիտի ունենան օրինակարգ իշխանություն։ Իսկ այս քայլի իրագործման համար Հայաստանի տերը՝ քաղաքացին, պիտի ցույց տա, որ ինքն է տերը։ Ընդամենը կանգնի եւ ցույց տա։

Մեկնաբանություններ (2)

Հայկ
Քաղքենուն գյուղացու հետ մի խառնեք: Գյուղացի ասելով ես հասկանում եմ աշխատասեր, արարող, բարոյական, բնության հետ ներդաշնակ ապրող մարդ: Դու՞ք ինչ նկատի ունեք:
Ռազմիկ Շահինյան
Արմէն, հապա ինչու՞ չանդամգրվէլ արդեն իսկ կազմավորված «Լուսավոր Հայաստան» - ին: Լիարժեք լույս ստանալու համար անհրաժեշտ են շատ երանգներ: Ուստի երեւույթները ուրոյն տեսանկյունից դիտարկող յուրաքանչյուր անհատ խիստ պահանջված է: Միաբանվելու համար պետք է մի կողմ ձգել ամեն երկրորդական հարց. օրինակ՝ որքան սոցիալական պէտք է Հայոց պետությունը լինիթ Ազգն աղասիների կարիք ունի: Միայն լուսավորյալ հայորդին է ի վիճակի զգալ, թէ ինչու սհաթը օրհնյալի փոխարեն անիծյալ եղավ: Իմ պատկերացմամբ Հիսուսը անձամբ սիրող եւ պաշտող հայորդիները իրենց ազգակից աթեիստների հէտ միացյալ կարող են ազգը դուրս բերել ծէսի, ադաթի ու կեղծիքի այս խավարից: Տերը այցելի ազգիս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter