HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ստեղծված է պսևդոինֆորմացիոն դաշտ, որի մեջ մենք լողում ենք»

Հարցազրույց քաղաքագետ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի հետ

-Տիկին Սեդրակյան, ներքաղաքական կյանքում տևական ժամանակ քննարկվում է ՀՅԴ-ի՝ իշխանության հետ համագործակցության համաձայնագիր կնքելու հարցը: Դա, ըստ երևույթին, ՀՅԴ-ի երրորդ փորձը կլինի (ՀՅԴ-ն նման համաձայնագիր ստորագրել է 2003-ին և 2007-ին): Իշխանությունն ինչո՞ւ է շահագրգիռ այդ համագործակցության մեջ: Վերադասավորմա՞ն, թե՞ պատասխանատվությունը կիսելու խնդիր է:

-Համարձակ մի տարբերակ առաջարկեմ, ի դեպ, միայն ձեզ համար: Դա իմ անձնական վերլուծական աշխատանքն է, չվերագրեք մեր քաղաքական ուժին:

Քանի դեռ հզոր է ռուս-թուրքական պատերազմի հավանականությունը, Դաշնակցությունն, այնուամենայնիվ, այս պահին մնում է խաղաքարտ, որը կարող է վատ դեր խաղալ այդ պատերազմում: Այսինքն՝ խաղալ ռուսների կողմից՝ ապահովելով այդ պատերազմի շարժառիթների գաղափարական ձայնավորումը: Իսկապես, կարող է, քանի որ դարեր շարունակ իրենց կուսակցության գործն է եղել:

Երկրորդն այն է, որ մեր իշխանությունները շարունակում են հույսը դնել իմիտացիոն գործընթացների վրա: Իրենց թվում է, թե Արևմուտքն այդ Ընտրական օրենսգիրքը լավացնողներին, ընտրական հանրաքվեն հսկողներին կդիտարկի ոչ թե իբրև իշխանության բռնազավթում մի քաղաքական ուժի կողմից, այլ երկու քաղաքական ուժերի ալյանս: Իսկ ալյանսն ավելի դեմոկրատական կհնչի, ավելի բարի, քաղաքակիրթ: Բայց դա այդպես չէ, որովհետև բոլորը շատ լավ գիտեն, որ Հայաստանում բուծվել են մի շարք քաղաքական ուժեր, և դա մենք տեսնում ենք քվեարկություններից: Ընդդիմադիր ՀԱԿ-ը քվեարկել էր ԵՏՄ-ին կողմ (ՀԱԿ-ից կողմ են քվեարկել Ս. Դեմիրճյանը, Ա. Մանուկյանը, Լ. Զուրաբյանը, Լ. Սարգսյանը, Գ. Ջհանգիրյանը: Հ. Բագրատյանը չի քվեարկել, Ն. Փաշինյանը դեմ է եղել- հեղ.), մինչդեռ երկար տարիներ ուրիշ պլատֆորմներ էր հնչեցնում, հետո ՄԻՊ թեկնածուի քվեարկությունը, թե ինչպես քաղաքական ուժերը քվեարկեցին... Այդ բոլոր տրամաբանություններից ելնելով՝ իշխանությունը մեծ ճարպկությամբ բուծել է մոբիլ քաղաքական ուժեր, որոնք անընդհատ փոխում են ճամբարը՝ ընդդիմությունից իշխանություն, և հակառակը: Դա տեսնում ենք ԲՀԿ-ում, ՕԵԿ-ում:

Այդ ամենն այլևս չի զարմացնում ոչ ոքի: ՀՀ ամենահասարակ քաղաքացին այդ շարժումները խիստ ծաղրանքով է գնահատում և խիստ մեծահոգաբար, ցինիկ անտարբերությամբ: Բոլորը հասկանում են, որ դրանք իմիտացիոն գործընթացներ են, և Հայաստանում ընդդիմադիր ուժ կարող են լինել այն մարդիկ, ովքեր ունեն հստակ կողմնորոշում ՀՀ ներկա քաղաքական վեկտորի դեմ, ինչն այսօր մեզ կանգնեցրել է անվտանգության խնդրի առաջ և սեփականության բաշխման սկզբունքի շուրջ:

Մենք լսել ենք, որ բոլորը թալանում են, և դա շատ հեշտ է ասել: Կարծեմ, ձեր խմբագիրը վերջերս «Ֆեյսբուքում» մի հարցադրում արեց, որն ինձ անչափ դուր եկավ. նա ասաց՝ Հայաստանում մի բիզնեսմեն չկա՞, որ պատրաստ է իր վրա վերցնել ինվեստիցիոն գործառույթը, Իրանից փորձի վառելիք ներկրել, և մենք ողջ հասարակությամբ իրականացնենք դրա վերահսկողությունը, որովհետև միայն այն բիզնեսմենը, որ կկարողանա իր սեփական գումարները, սեփական անվտանգությունը ռիսկի դնել այդ գործին, նա էլ կլինի ընդդիմադիր ուժը: Իսկ ընդդիմադիր ուժը միտինգային թատերական հրապարակներում ելույթ ունենալը չէ, դա սեփական կապիտալը, սեփական ձեռներեցությունը, սեփական ջանքերն ալտերնատիվ ծրագրի տակ դնելն է: Օրինակ, ես սպասում եմ այն մարդուն, որը կանի դա: Այդտեղից կերևա, թե ով է իրական ընդդիմադիրը և ով է տալիս Հայաստանին բիզնեսի ալտերնատիվներ:

-Ընթացող գործընթացները վերադասավորում համարո՞ւմ եք:

-Բնավ չեմ համարում, և ինձ թվում է, ոչ մեկին չես կարող խաբել: Կարծում եմ՝ դա նաև միջանկյալ օղակ է, որովհետև Հանրապետականը ներկա պահին շատ է կարծրացել: Իշխանական ոլորտում կադրեր են, որոնք արդեն ուղիղ ազդում են Հայաստանի ու նաև իշխանական էլիտայի վրա, որովհետև, ասենք, պառլամենտում ընթացող կռիվները, սկանդալները, բառապաշարները չեն նպաստում տեղից էլ կոռումպացված իշխանության վարկանիշի բարձրացմանը:

-Ո՞րն եք համարում մեր ներաքաղաքական կյանքի թիվ մեկ խնդիրը:

-Այն, որ ամեն ինչ արել են (դա ասել եմ, հիմա կրկնում եմ և անվերջ կրկնելու եմ), որ միջին վիճակագրական քաղաքացին ոչ թե աղքատ լինի (դա ժամանակավոր գործառույթ է), այլ քաղաքական գործընթացից բացարձակ անտեղյակ: Այսինքն՝ որևէ ձևով չեն մտահոգվել, որ նա չլինի չարացած, թողել են, որ մինչև վերջ չարանա, մինչև վերջ հայհոյի, բեկանել են նրա տեղեկացված լինելու իրավունքը: Մեր ժողովուրդը կարծում է, որ հիմա Պուտինը Սիրիայում հաղթարշավ է անում, վստահ է, որ ռուսները գազն էժան տալիս են, իսկ Հայաստանի իշխանությունները գինը բարձրացնում են՝ չիմանալով, որ «Գազպրոմի» մոնոպոլիա է, մեր ժողովուրդը տեղյակ չէ մեր հարկային օրենսդրությունից, ճանապարհային ոստիկանության տուգանքների նյուանսներին տեղյակ չէ: Մենք գտնվում ենք ապատեղեկատվական ինֆորմացիայի կոծկման մեջ: Սա ոչ միայն ժողովրդավարության, ալյանսների իմիտացիա է, այլև մեծ ինֆորմացիոն իմիտացիա: Ստեղծված է պսևդոինֆորմացիոն դաշտ, որի մեջ մենք լողում ենք և ինչ ասես գրում ենք:

-Խորհրդային տարիներին էլ էր կիրառվում այդ քաղաքականությունը:

-Դա եմ ասում, իսկ ինչո՞ւ ենք անկախություն ունեցել, ինչի՞ համար է սարքվել պետությունը, ինչի՞ համար ենք զոհեր տվել Ղարաբաղի կոնֆլիկտի համար, որ կրկնենք Խորհրդային Միության մոդելն ավելի վատ տարբերակո՞վ: Խորհրդային Միությունն էլ էր ստեղծում պսևդոտարածք, բայց մարդկանց պահանջների մինիմումը բավարարված էր, էլ չեմ խոսում, որ մարդկանց իրավունքի մինիմումն էլ էր պաշտպանված: Այնտեղ գոնե այդ մինիմումը կար:

-Հիմա մեզ մոտ առաջնահերթը համարում եք պսևդոտարածքից դուրս գա՞լը:

-Այո, պսդևոինֆորմացիոն տարածքից պետք է դուրս գալ բոլոր ջանքերով: Տեսեք՝ մամուլին խրախուսում են՝ հենց այդ պսևդոտարածքը ստեղծելու համար: Ինձ թվում է՝ դա նախ իշխանություններին է ձեռնտու: Բայց պետք չէ թերագնահատել հասարակությանը, գուցե մարդիկ գտնվեն, այնպիսի լուծումներ առաջարկեն, որ զարմանաք:

Լուսանկարը՝ Ա. Սեդրակյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter