HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ՀՀ սպառողներն ավելի հոռետես են դարձել խոշոր գնումների և զբաղվածության սպասումների հարցում

Հայաստանում սպառողների վստահության ցուցանիշը (ՍՎՑ) 2015 թվականի չորրորդ եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ 0,9 տոկոսային կետով աճել է: Այս մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակման մեջ։

Սպառողների վստահության ցուցանիշի հիմնական նպատակն է գնահատել սպառողների վերաբերմունքը տնտեսության ընթացիկ և ապագա պայմանների վերաբերյալ: Հարցում է իրականացվում տնային տնտեսությունների շրջանում։ Մասնակիցները պատասխանում են 6 հարցի, որոնք վերաբերում են ընթացիկ և գալիք եռամսյակներին։ Այսինքն՝ ներկա պայմաններին և ապագա սպասումներին։

ԿԲ-ի հրապարակած ցուցանիշներից պարզ է դառնում, որ 2015-ի վերջին եռամսյակում հանրապետությունում սպառողների վստահության ցուցանիշը ընդհանուր առմամբ աճել է թե՛ նախորդ եռամսյակի և թե՛ 2014-ի վերջին եռամսյակի նկատմամբ։ Սակայն, սպասելիքների մասով վստահության անկում կա։

Ըստ հաշվարկի մեթոդաբանության՝ ՍՎՑ-ի ինդեքսը գտնվում է 0-ից 100 միջակայքում։ Նախորդ տարվա վերջին եռամսյակում ցուցանիշը գրանցել է 41,6 արժեք։ Վերջին երկու տարում նվազագույն արժեքը եղել է 40,7-ը։ Այսինքն՝ սպառողների վստահությունը Հայաստանում միջինից ցածր մակարդակում է։  

      

Ինչպես երևում է, ընդհանուր աճի ֆոնին` նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ նվազել են ՀՀ ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ գնահատականները և գալիք եռամսյակում խոշոր գնումներ կատարելու սպասելիքների ցուցանիշները։ Եթե ԿԲ հարցման արդյունքներն ամբողջությամբ ներկայացնում են սպասելիքների իրական պատկերը, ապա ստացվում է, որ սպառողները լավատես են գալիք եռամսյակում իրենց ֆինանսական վիճակի փոփոխության սպասելիքների և ընտանիքի զբաղվածության փոփոխության հարցում, սակայն ավելի զգուշավոր են խոշոր գնումների ակնկալիքներում։

Իսկ եթե իրավիճակը դիտարկում ենք տարեկան կտրվածքով, ստացվում է, որ այս դեպքում ևս սպառողների վստահության ընդհանուր ցուցանիշն աճել է։ Ընդ որում՝ ընթացիկ պայմանների գնահատականները երեք հարցերի մասով էլ բարձրացել են։

Իսկ, ահա, ապագայի վերաբերյալ սպասումների հարցում սպառողներն ավելի հոռետես են գտնվել, քան մեկ տարի առաջ։ Նվազել են խոշոր գնումներ կատարելու և ընտանիքի զբաղվածության վերաբերյալ ակնկալիքները։

Նշենք, որ 2015թ. չորրորդ եռամսյակի հարցմանը մասնակցել է 1801 տնային տնտեսություն` Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններից և ՀՀ բոլոր մարզերի քաղաքներից (համապատասխանաբար 968 և 833 տնային տնտեսություն):  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter