HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Արտադրված է Հայաստանում. Երևանում արդյունաբերության ընդամենը չորս ճյուղ է զարգացած

Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակի պատասխանատուները չեն դադարում ամեն առիթով մեջբերել 2015 թվականի պաշտոնական վիճակագրությունը, ըստ որի՝ երկրի արդյունաբերությունն ավելի քան 5%  աճ է գրանցել։ Չեն դադարում այն դեպքում, երբ մամուլում ու մասնագետների կողմից  արդեն բազմիցս ասվել է, գրվել ու փաստերով ներկայացվել, որ այդ աճն ապահովվել է գլխավորապես հանքարդյունաբերության ոլորտում գրանցված 50,4% աճի շնորհիվ, իսկ մնացած ճյուղերում անկում է արձանագրվել։

Այդ 5% աճն այնպես է ներկայացվում, կարծես երկրի տնտեսությունը վերելք է ապրել։ Մինչդեռ արդյունաբերությունը, մասնավորապես՝ մշակող արդյունաբերությունը, Հայաստանում անկում է ապրել։ Դա ավելի պարզ է երևում, երբ այս ոլորտի մասին խոսում ենք ոչ թե հանրապետության ընդհանուր ցուցանիշով, այլ՝ ըստ Երևանի և մարզերի։

«Հետք»-ը հոդվածների շարք է սկսում մայրաքաղաք Երևանում և 10 մարզերում արդյունաբերության վիճակի վերաբերյալ։ Կփորձենք հնարավորինս հանգամանալից ներկայացնել, թե վերջին 10 տարում ինչ փոփոխություններ են գրանցվել, որ մարզում արդյունաբերության որ ոլորտն է զարգացել, անկում ապրել կամ ընհանրապես հավասարվել զրոյի։  Եվ ինչ ազդեցություն է ունեցել արդյունաբերության դրության փոփոխությունը տվյալ մարզի աշխատաշուկայի վրա։ Ընտրել ենք 2005-2015թթ. ցուցանիշները։ Հաշվի ենք առել, որ այդ ժամանակաշրջանը ներառում է և՛ համաշխարհային ճգնաժամի, և՛ դրան նախորդող ու հաջորդող տարիները։ Իսկ տվյալները վերցրել ենք Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տարեգրքերից և այլ հրապարակումներից ու աղբյուրներից։ Այն, ինչ կներկայացնենք այս շարքում, 10 տարվա վիճակագրության ուսումնասիրության և ոլորտին տեղյակ մասնագետների հետ զրույցների արդյունք է։ Սկսում ենք մայրաքաղաքից։

Երևանը հանրապետության ամենախոշոր տնտեսական կենտրոնն է։ Թեև քաղաքի արդյունաբերությունը բազմաճյուղ է, սակայն այդ ճյուղերի զարգացման աստիճանն այսօր խիստ տարբեր է։  Եթե սովետական տարիներին ապրած հայաստանցիներն ականատես են եղել մի ժամանակաշրջանի, երբ Երևանը վերածվել է  բազմաճյուղ արդյունաբերության խոշորագույն կենտրոնի, որտեղ գրեթե բոլոր ոլոտներն են զարգացած եղել, ապա անկախության սերունդը դեռևս նման բան չի տեսել և դատելով ներկա վիճակից՝ առաջիկա տարիներին չի էլ տեսնելու, որքան էլ սա հոռետեսական է հնչում։

Իսկ հիմա Երևանի արդյունաբերական վիճակի մասին խոսենք թվերով։ Մինչ բուն ցուցանիշներին անցնելը նշենք, որ ԱՎԾ-ն Հայաստանում արտադրանքի գները ներկայացնում է երկու տարբերակով՝ ընթացիկ և համադրելի գներով։ Արտադրության իրական աճը կամ անկումը հասկանալու համար մեզ հարկավոր են համադրելի գները։ Եթե փորձենք հակիրճ բացատրել, ապա՝ երբ պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է համադրելի գներով տվյալները, հաշվի է առնում երկրում արձանագրված գնաճը կամ գնանկումը։ «Համադրելի գներով արտադրանքը հաշվետու տարվա թողարկումն է ըստ ամիսների՝ վերահաշվարկված ըստ նախորդ տարվա համապատասխան ամիսների գների»,- նշված է վիճծառայության տարեգրքերում։

Այսպիսով, նախորդ տարի Երևանի արդյունաբերության ոլորտում անկում է գրանցվել։ Ըստ ԱՎԾ-ի՝ համադրելի գներով անկումը կազմել է 0,9%: Տարիների դինամիկան այսպիսին է.

 Ինչպես երևում է, արդյունաբերությունը Երևանում մինչև համաշխարհային տնտեսական ճգնաժամի խորացումը՝ 2009 թվականը, թեև մեծ ծավալներ չի ունեցել, բայց աճել է։ Ճգնաժամի պայմաններում անկում է գրանցվել։ Իսկ հետագայում այն հաղթահարվել է և նորից աճ է գրանցվել։ Մինչև 2015-ը արդյունաբերության ամենամեծ ծավալն արձանագրվել է 2014-ին։ 

ՀՀ արդյունաբերության 40%-ն ապահովել է Երևանը

2015 թվականին Հայաստանի ամբողջ արդյունաբերության մոտ 40%-ն ապահովել է Երևանը։ Դա նշանակում է, որ երկրի արդյունաբերության ոլորտում Երևանի շուրջ կենտրոնացվածությունը մեծ է, քանի որ 10 մարզերը միասին ապահովել են ընդամենը 60%-ը։ Որոշ մասնագետների կարծիքով՝ այսօր այս երևույթը բնորոշ է անցումային և զարգացող շատ երկրների։ Սակայն այն նաև նշանակում է, որ չի օգտագործվում մարզերի ամբողջ ներուժը։

Երևանի շուրջ կենտրոնացվածությունն այս տարիների ընթացքում էապես չի փոխվել։ 2005 թվականին, օրինակ, Հայաստանի արդյունաբերության մոտ 40%-ն է ապահովել Երևանը, 2008-ին՝ մոտ 45%-ը, 2009-ին՝ 49%-ը, 2011-ին՝ մոտ 42%-ը և այլն։ Այս ամենի հիմնական բացասական հետևանքն այն է, որ մայրաքաղաքում աշխատատեղերն ու հետևաբար՝ բնակչության խտությունն ավելի մեծ է, քան մարզերում (աշխատանքի շուկային կանդրադառնանք առանձին)։ Դա էլ իր հերթին հանգեցրել է այն բանին, որ կենսամակարդակը Երևանում և մարզերում անհամաչափ է։ Տնտեսության մյուս ճյուղերն (շինարարություն, ծառայություններ, առևտուր և այլն), իհարկե, ևս իրենց «նպաստն» են ունեցել այս հարցում։

 Երևանը՝ մշակող արդյունաբերության քաղաք

 Նախորդ տարի մշակող արդյունաբերության մասնաբաժինը Երևանի արդյունաբերության ընդհանուր ծավալում զբաղեցրել է 80,6%-ը։  Հայաստանի մայրաքաղաքում մշակող արդյունաբերության ընդամենը 4 ճյուղ է զարգացած՝ սննդամթերքի, խմիչքների, ծխախոտատեսակների և հիմնային մետաղների արտադրությունը։ Դրանք միասին ապահովել են մշակող արդյունաբերության 77%-ը (սննդամթերք՝ 35,4%, խմիչքներ՝ 11,6%, ծխախոտատեսակներ՝ 13%, հիմնային մետաղներ՝ 17%): Սննդամթերքի մասնաբաժինն ամենամեծն է, քանի որ դրա ենթաճյուղերն ավելի շատ են։

Խնդիրն այն է, որ 10 տարի առաջ էլ է նույն պատկերը եղել. Երևանի արդյունաբերության մեջ համեմատաբար զարգացած են եղել վերը նշված ճյուղերը։ Միայն ծխախոտի արտադրության ծավալները մի քանի անգամ ավելի քիչ են եղել։ Այսինքն՝ 10 տարում տնտեսության պատասխանատուներին չի հաջողվել այնպիսի քաղաքականություն վարել, որը կնպաստեր Երևանում, օրինակ, տեքստիլ արդյունաբերության, հագուստի, կաշվե իրերի, կոշիկի, կահույքի և այլ արտադրությունների զարգացմանը։ Մեր բերած օրինակները, գուցե, ամենաբնորոշը չեն Երևանին և շուկայի լայն ուսումնասիրության դեպքում, հնարավոր է, արտադրության ավելի պոտենցիալ ճյուղեր նշվեն։

Վերջին տարիներին Երևանում արտադրության ծավալներով որոշակիորեն աչքի է ընկնում պոլիգրաֆիական գործունեության և գրառված կրիչների բազմացման ոլորտը, ինչպես նաև՝ ռետինե և պլաստմասսայե իրերի արտադրությունը։ Ասում ենք՝ որոշակիորեն, քանի որ դրանց ծավալները զգալի չեն եղել։ Օրինակ՝ նախորդ տարի առաջին խմբի արտադրությունը կազմել է 12,5 մլրդ դրամ,  ռետինե և պլաստմասսայե իրերինը՝ 20 մլրդ դրամ։

Քիմիական արդյունաբերության ծավալները ևս մեծ չեն եղել, բայց եղածն էլ տարիների ընթացքում կրճատվել է։ 2015-ին 2005-ի համեմատ այս ճյուղը ավելի քան կրկնակի կրճատվել է և կազմել 6,4 մլրդ դրամ։

Տարիների ընթացքում մշակող արդյունաբերության հիմնական չորս ճյուղերը Երևանում աճել են։ Բայց այստեղ պետք է մի մանրուք հաշվի առնել։ Սննդամթերքի խմբին պատկանող որոշ արտադրատեսակների համար վերջին տարիներին պարտադիր դրոշմապիտակավորման պահանջ է դրվել։ Արդյունքում՝ այդ ոլորտներում ստվերը կրճատվել է ու առևտրաշրջանառության իրական կամ ավելի ճիշտ՝ իրականին մոտ ծավալներ են ներկայացվել հարկային մարմիններ ու վիճծառայություն։ Այսինքն՝ այդ դեպքում արտադրությունը հիմնականում աճել է միայն ներկայացված թվերով։ Այս գործոնը որոշակի ազդեցություն է ունեցել սննդամթերքի արտադրության պաշտոնական ծավալների վրա, բայց՝ ոչ մեծ։

Ինֆոգրաֆիկայում ցուցանիշները ներկայացնում ենք՝ սկսած 2009   թվականից, քանի որ վիճակագրական հրապարակումներում մինչև այդ սննդի և խմիչքի արտադրությունը մեկ ցուցանիշով է ներկայացվել։

ԱՎԾ-ն հետագայում երբեմն ճշգրտում է իր հրապարակումների տվյալները, սակայն էական տարբերություններ չեն լինում, և ընդհանուր պատկերը դրանից չի փոխվում։

Ինչպես երևում է, վերջին 10 տարում Երևանում զգալիորեն աճել է ծխախոտի արտադրությունը։ Այն մեծ թափ է ստացել հատկապես 2014 թվականից։ Քանի որ ծխախոտի վերաբերյալ ունենք նաև 2009-ին նախորդող տարիների ցուցանիշները, նշենք, որ այս ոլորտի աճը շարունակական է դեռ 2005 թվականից։ Հիմնային մետաղների արտադրության ծավալներն ընթացքում որոշակիորեն տատանվել են, իսկ նախորդ տարվա անկումն ակնառու է։ Սննդի արտադրությունը ևս տարիների ընթացքում աճ է գրանցել, բայց նախորդ տարի այս ոլորտը ևս չի խուսափել անկումից։ Խմիչքի արտադրության ծավալներն էլ աճել են մինչև 2014 թվականը։ Վերջին երկու տարում այս ոլորտը Երևանում անկում է գրանցում։

Իսկ էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտը նախորդ տարի ապահովել է Երևանի արդյունաբերության 16,6%-ը, հանքարդյունաբերությունը՝ 0,4%-ը, ջրամատակարարումը՝ 2,4%-ը։ Այլ կերպ ասած՝ էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության և բաշխման ոլորտը զբաղեցրել է 19%-ը։ 

Արդյունաբերությունը և գործազրկությունը

 2015-ի դեկտեմբերի վերջի դրությամբ, ըստ պաշտոնական վիճակագրության, Երևանում գործազուրկների թիվը կազմել է 14,5 հազար։ Ընդգծենք, որ սա պաշտոնական ցուցանիշն է, որի աղբյուրը տնային տնտեսություններում (ՏՏ) իրականացվող աշխատուժի հետազոտությունն է: Չի բացառվում, որ իրականում այդ թիվն ավելի մեծ է։

Այն տարիներին, երբ Երևանում արդյունաբերության ծավալներն աճել են, գործազրկության ցուցանիշները հիմնականում նվազել են։ Իսկ երբ արդյունաբերությունն անկում է գրանցել, գործազուրկների թիվն ավելացել է։ Դա ցույց է տալիս, որ արդյունաբերության վիճակը ազդում է աշխատաշուկայի վրա, ինչը տրամաբանական է։  Օրինակ՝ երբ համաշխարհային ճգնաժամի հետևանքով 2009-2010թթ. Երևանի արդյունաբերության ցուցանիշներն անկում են գրանցել, այդ տարիներին ավելացել է գործազուրկների թիվը մայրաքաղաքում:  2010-ին այն հատել է 28 հազարի սահմանը։ Այստեղ ևս մեկ անգամ շեշտում ենք, որ միայն արդյունաբերությունը չի ձևավորում աշխատաշուկայի վիճակը։ Դրա վրա ազդում են տնտեսության բոլոր ճյուղերը։ Եթե արդյունաբերության անկման ֆոնին գործազուրկների թիվն ավելացել է, նշանակում է, որ այդ ընթացքում տնտեսության մյուս ճյուղերում չի գրանցվել այնպիսի աճ, որ կկարողանար չեզոքացնել արդյունաբերության հետևանքները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter