HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սարգսյանի հիմնական մտավախությունը ՀՀԿ-ի վրա ազդեցություն պահելն է, ինչի համար նրան պետք են մյուս կուսակցությունները»

«Հետքի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը

-ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության մասին ՀՅԴ-ի ներկայացուցիչները նշել են, որ սահմանադրական փոփոխությունների համար պատասխանատվություն են կրում: ՀՀԿ-ին ինչո՞ւ է անհրաժեշտ այդ համագործակցությունը:

-Պարզ է, որ «պատասխանատվություն կրել» արտահայտությունը ոչինչ չասող բառակապակցություն է: Հայաստանում ոչ ոք ոչնչի համար պատասխանատվություն չի կրում` ո՛չ իշխողները, և ո՛չ էլ իրենց ընդդիմադիր համարողները: Օրինակ, մարտի 1-ից հետո Դաշնակցությունը մնաց ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ և դուրս եկավ կոալիցիայից այլ առիթով: Մնալով կոալիցիայի մեջ՝ պետք է կրեր Մարտի 1-ի համար պատասխանատվություն, բայց չի կրում, չէ՞, անգամ հանրային դիսկուրսում նման հարցադրում չկա, հետո էլ ոչնչի համար պատասխանատվություն չի կրելու:

Հայաստանում կուսակցությունը գործում է մեկ պարզ բանաձով` իշխող ուժի դեմ պայքարի անվան տակ հավաքել ձայներ, որից հետո այդ ձայները դարձնել առևտրի առարկա՝ իշխանության լծակներից և պետական բյուջեից օգտվելու համար: Իրականում 1-1,5-տոկոսանոց կուսակցությունն այլ հավակնություններ չի էլ կարող ունենալ: Այլ հարց է, թե Սերժ Սարգսյանի ինչին է Դաշնակցությունը: Սերժ Սարգսյանի ցանկությունները հասկանալու համար պետք է կարդալ Շարմազանովի ելույթները, որտեղ դրանք հստակ, առանց թաքցնելու ներկայացվում են: Սերժ Սարգսյանը նոր կառավարման համակարգում իրեն պատկերացնում է «համահայկական առաջնորդ», իսկ եթե ավելի պարզ ասենք` համակուսակցական առաջնորդ, ինչի համար ապագա խորհրդարանում այդ կուսակցությունները պետք է միմյանց հակակշռեն, և գուցե յուրաքանչյուր կուսակցության ցուցակների մի զգալի մասում ներդրվեն Սերժ Սարգսյանին ներկայացնող անձինք՝ ըստ եղած պրակտիկայի: Այս առումով Դաշնակցությունն ընդհանուր խճանկարի ընդամենը մի մասնիկն է:

-Այսինքն՝ Սերժ Սարգսյանը 2017-ի խորհրդարանական ընտրությունների համար հո՞ղ է նախապատրաստում: Եվ այդպիսով ինչի՞ց է ապահովագրում իրեն:

-Բնականաբար, հիմա հիմնականում այդ մասին է մտածում, այլ ոչ թե տնտեսության զարգացման կամ անվտանգության խնդիրների: Պետք է այնպիսի համակարգ ձևավորի, որպեսզի այլ կարգավիճակով պահպանի ազդեցության լծակները, ինչպես նաև պետք է սկսվի «ժառանգորդ» գործողությունը: Իմ կարծիքով՝ նրա հիմնական մտավախությունը ՀՀԿ-ի վրա ազդեցություն պահելն է, ինչի համար նրան պետք են մյուս կուսակցությունները:

-Մի՞թե ՀՀԿ-ն այլևս քաղաքական հենարան չէ նրա համար:

-ՀՀԿ-ն կառույց է, որը Սերժ Սարգսյանը չի ստեղծել: ՀՀԿ-ն այն մարդկանց հավաքածուն է, որոնք կարող են ընտրությունների ժամանակ տարբեր միջոցներով ձայներ ապահովել, ոչ ավելին: Ըստ էության, դա ընտրակեղծարարների կառույց է, սակայն որոնք իրենց ծառայությունների համար համապատասխան վարձատրություններ են պահանջում: Դա գործարքների և փոխադարձ պատասխանատվությունների վրա հիմնված կառույց է: Այժմ իրավիճակ է փոխվել, Սերժ Սարգսյանը 2018-ից հետո նախագահ չի լինելու և որպես պաշտոնական լիազորություններով օժտված սուբյեկտ այլևս չի լինելու: 2017-ին նա պետք է նոր հարաբերություններ կառուցի, որտեղ ինքնուրույն սուբյեկտներից կազմված և փոխադարձ պատասխանատվության վրա հիմնված հարաբերություններ այլևս պետք չեն լինելու:

-Սերժ Սարգսյանը, Ձեր կարծիքով, վերաբաշխո՞ւմ, թե՞ վերադասավորում է կատարում: Ինչպե՞ս կբնութագրեք գործընթացը:

-Նա փորձում է հակակշիռների վրա հիմնված խորհրդարան կառուցել, որտեղ քաղաքական ուժերն անկարող լինեն միավորվել միմյանց հետ՝ առանց իր համաձայնության: Մյուս կողմից, ինչպես ասացի, յուրաքանչյուր կուսակցության ցուցակում հնարավորինս պետք է անձամբ իրեն հավատարիմ մարդկանց ներգրավի: Ես այսպես եմ հասկանում նրա գործողությունների տրամաբանությունը:

-Այդ ամենից ի՞նչ է ստանալու հասարակությունը:

-Հասարակությունն այս ամենի հետ առնչություն չունի: Մինչև չգործի ընտրական ինստիտուտը, հասարակության կարծիքը կարևոր չէ: Դրանից բացի՝ կա ևս մի կարևոր հանգամանք` հասարակությունը դառնում է քաղաքական սուբյեկտ կառույցների միջոցով, սակայն գործող կառույցների մեծ մասը նույնքան կոռումպացված է, որքան իշխանությունը, և չի ներկայացնում հանրային շահը: Նրանք ներկայացնում են փոքրաթիվ մարդկանց անձնական շահերը, այսինքն՝ բիզնես խմբավորումներ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter