HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փայտի բիզնես. անտառտնտեսությունների աշխատակիցները համակարգում են օրինական և ապօրինի անտառահատումերը

Մաս 2

Սկիզբը

Երկրորդ օրվա մեր ուղղությունը «Դսեղի անտառտնտեսության» անտառներն են: Գլխավոր ճանապարհից ձախ թեքվող ուղին տանում է դեպի «Մարցի անտառապետության» խորքերը: Բուռն եռուզեռ է: Մեզ տեսնելուն պես ծառահատները էլեկտրական սղոցը «Վիլիսի» մեջ են փորձում թաքցնել: Երկու մեքենա է կանգնած: «Կամազն» արդեն բեռնված է փայտով, իսկ «Ֆորդը»՝ ընթացքի մեջ է: Թույլտվություն, սակայն, միայն «Ֆորդ»-ի համար կա: «Կամազի» տերը աշխատողներն ասում են՝ թաղում է գնացել:

Մեքենաների հետքերով շարժվում ենք առաջ և հայտնվում «ծառերի կոտորածի» կիզակետում, որտեղից էլ փայտերը բերվել և բարձվել են «Կամազի» և «Ֆորդի» մեջ: Մի քանի հեկտարին հասնող տարածքն ամբողջությամբ արդեն հատված է, քարշ տված ծառերի հետքերը գրեթե հարթեցրել են ձորը և հեշտացրել ծառահատների գործը: Ոչ մի կնքված ծառ չկա, որը կվկայեր կոճղերի օրինական հատված լինելու մասին:

Շարունակում ենք ճանապարհը և մի քանի կմ անց հայտնաբերում հաջորդ փայտակույտը, որի սեփականատերը փորձ է արել թաքցնել իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայով՝ կանգնեցնելով այն փայտակույտի թիկունքում: Երբ իջնում ենք, մեքենայի տերը, բլրից հետևելով մեզ, անհետանում է:

 Հատված կոճղերի հերթական կույտը հավաքված է փլատակերի մեջ:

Երեկոյան վերադառնում ենք: Ճանապարհին մեզ սպասում է փայտով բարձված «Կամազը», որը մենք արդեն հատատեղում էինք տեսել: Սեփականատերը, ըստ ամենայնի, զգուշացվել է, և վերջինս անպայման ցանկացել է ցույց տալ, որ իր մեքենայում օրինական փայտ է բարձվել: Նա մեզ 20 խմ փայտի թույլտվություն է ցույց տալիս, սակայն այդ մեքենան ավելի քան 30 խմ է պարունակում:

Փաստաթուղթը «Դսեղի անտառտնտեսությունը» նույն օրն է տրամադրել Վաչագան Արզումանյանին՝ մեքենայի տիրոջը: Ակնհայտ էր, որ Վաչագանն ամեն ինչ արել էր այդ փաստաթուղթը այդ օրը ձեռք բերելու և մեզ ցույց տալու համար: Միայն մեկ բացթողումով. «Դսեղի անտառտնտեսության» պետ Վահե Քառյանը չէր լրացրել բաց թողնման ամսաթիվը, որը վանաձորցի Վաչագան Արզումնյանին հնարավորություն է տալիս բազմակի օգտագործել և ամեն օր փայտ կտրել և տեղափոխել նույն փաստաթղթով: Փայտանյութի վաճառքի պայմանագրով նախատեսված չէ, թե քանի օր է վավեր այն: Պայմանագրում ընդամենը նշվում է, որ այն ուժի մեջ է մտնում ստորագրելու պահից և դադարում է պատշաճ կատարմամբ:

Պայմանագրում նաև նշվում է, որ գնորդը պարտավորվում է իր միջոցներով և իր հաշվին անտառտնտեսության աշխատակցի անմիջական հսկողության ներքո կատարել գնված փայտանյութի պատրաստումը, դուրս բերումը և տեղափոխումը: Սակայն երբ մենք հատատեղում էինք, որևէ ներկայացուցիչ անտառտնտեսությունից չկար:

Երրորդ օրը մեր ուղղությունը «Լալվարի անտառտնտեսությունն» է: Շամլուղ բարձրացող ճանապարհի աջ կողմում լցված հերթական փայտակույտը միանգամից ուշադրություն է գրավում: Տիրություն անող չկա: Զանգահարում ենք «Լալվարի անտառտնտեսության» տնօրեն Հարություն Ամիրջանյանին, որպեսզի ճշտենք՝ ինչ փայտ է թափված: Վերջինս կտրականապես հերքում է, որ այն իրենց տնտեսության փայտն է: Մոտենում ենք «Ջիլիզայի անտառտնտեսության» գրասենյակին: Ջիլիզայի անտառապահ Տիգրան Ղարիբյանն ասում է, որ իրենցը չէ այդ փայտը, սակայն գիտի ումն է, բայց չի ասի:

Եթե իրենցը չէ, ուրեմն պիտի «Լալվարի անտառտնտեսությանը» լինի: Նորից ենք զանգահարում «Լալվարի անտառտնտեսության» պետին: Այս անգամ արդեն վերջինս խոստանում է ճշտել ու տեղեկացնել: Որոշ ժամանակ հետո զանգարահում և հաստատում է, որ այդ փայտն իրենցն է: Քիչ անց գալիս է Շամլուղի անտառապետ Արտյոմ Բեկթաշյանը: Ցույց է տալիս վառելափայտի երկու փաստաթուղթ և պատմում, որ մեր հայտնաբերած փայտակույտը 60 խմ է: Փաստաթղթերից մեկը, սակայն, նույն օրն է կազմած, երկուսն էլ 27 խմ վառելափայտի համար: Այս փաստաթղթում նույնպես չէր լրացված բաց թողնման ամսաթիվը: Մյուս փասաթուղթն արդեն դուրս գրման ամսաթվով էր, ինչը նշանակում է, որ փայտը պետք է տարված լիներ:

Շամլուղի անտառպետության 2015թ. պլանը 223 խմ է: Արտյոմ Բեկթաշյանից հետաքրքրվեցին, թե երբվանից են սկսել պլանային հատումները: Վերջինս նշեց, որ հունիսից: Այսինքն՝ 6 ամսվա ընթացքում նրանք պլանը վաղուց պետք է կատարած լինեին:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը 2015թ. դեկտեմբերի 7-ի  գրությամբ «Հետքին» հայտնել է, որ «Դսեղի» անտառտնտեսության վառելափայտի մթերման  2015թ.-ի տարեկան առաջադրանքը կազմել է  2860 խմ փայտ: Դրանից նոյեմբերի 1-ի դրությամբ մթերվել է  2832 խմ-ն:  Անտառտնտեսության վառելափայտի մթերման առաջադրանքից մնացել  է 28 խմ, մեկ մեքենա փայտ:  Սա կարելի էր մթերել ընդամենը մեկ օրում, որից հետո, մթերման առաջադրանքը ավարտված համարելով, դադարեցնել անտառահատումները:  Սակայն «Դսեղի անտառտնտեսությունը» նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին Մոտկորի անտառներում շարունակել է իրականացնել անտառահատումներ, ինչը նշանակում է, որ դրանք բացառապես ապօրինի են եղել: Հիշեցնենք, որ մեր նկարահանումներն ու լուսանկարներն արված են նոյեմբերի 24-ին: 

Համաձայն բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի 2015թ.-ի հունիսի 10-ի հանձնարարգրի՝ բնապահպանական պետական տեսչության անտառների կենսաբազմազանության բաժնի պետի տեղակալ Վասիլ Աբրահամյանը, ավագ պետական տեսուչներ Արմեն Ավագյանը, Միքայել Սանթրոսյանը, պետական տեսուչներ Պարսամ Սարգսյանը, Կարեն Էրոյանցը 2015թ.-ի հունիսի 22-ից հուլիսի 10-ը ստուգումներ են անցկացրել Դսեղի անտառտնտեսությունում:  Նախարարի հանձնաժողովը այստեղ պետք է ուսումնասիրեր ՀՀ կառավարության 2013թ.-ի մարտի 7-ի  N 519-Ն որոշման հավելված 1-ի (ստուգաթերթ N1)  պահանջների կատարման ընթացքը՝   2011թ.-ի օգոստոսի 2-ից մինչև 2015թ.  հունիսի 22-ը ընկած ժամանակաշրջանում:  Ուսումնասիրության  18 օրերին նախարարի հանձնաժողովը գլուխ չի դրել պարզելու, թե «Դսեղի անտառտնտեսության» անտառներում անտառշահագործողները հատատեղերի շահագործման ընթացքում կատարե՞լ են թերհատումներ կամ գերհատումներ, կամ մթերված բնափայտի ծավալները համապատասխանո՞ւմ են անտառաշինական նախագծով նախատեսված տվյալ տարվա մթերվող բնափայտին, համապատասխան հաշվարկին, հատատեղերի չափաքանակներին: Հանձնաժողովը ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանից արձանագրել է միայն 2013 և 2014թ. և 2015թ.-ի անցած մի քանի ամիսների՝ «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի կողմից փաստացի մթերված փայտանյութի ծավալը և դրան համապատասխան անտառտնտեսության վճարած բնապահպանական վճարների քանակը:  Դրանով էլ ավարտվել է բնապահպանության նախարարի հանձնարարագրով կատարվող ուսումնասիրությունը:    

«Անտառահատումները տենց կոպիտ է ասվում, բայց ապօրինություններ, դե, ըլնում է, ֆիքսում ենք, կյանք է, ապրում ենք, էլի: Մարդ կա, կացնով մի հատ ծառ է կտրում, տանում է իր երեխուն տաքացնի, բայց ապօրինի անտառահատումներ, տենց, բարձր է ասված՝ ինձ թվում է»,- ասում է Արտյոմ Բեկթաշյանը:

«Լալվարի անտառտնտեսությունը» 26 հազար հա տարածք է զբաղեցնում:  Անտառտնտեսության ավագ անտառապետ Արտեմ Անթանեսյանն ասում է, որ այդչափ մեծ տարածքը դժվար է պահպանելը: 5 Անտառապետ և 27 անտառապահ ունեն: Բացի մեկ ծառայողական «Նիվա» մակնիշի մեքենայից որևէ տեխնիկա կամ տրանսպորտային միջոց անտառտնտեսությունը չունի:

«27 անտառապահ կա մեզ մոտ, որոնք դժվարությամբ են...ոչ միայն դժվարությամբ, այլ նաև եթե մեր օգնությունը չլինի անտառապատերի ինժեներական կազմին, մեծ դժվարությամբ կպահպանվի: Բայց բոլոր ջանքերով մենք պաշտպանում և պահպանում ենք անտառը»,-ասում է նա:

Աթանեսյանի գնահատմամբ, գազի վառարանները փոխարինվել են փայտի վառարաններով, և իրենց բնակչության 30 տկոսն անցել է փայտանյութ վառելուն: Չնայած դրան՝ Անթանեսյանի կարծիքով, ապօրինի հատումները նվազել են:

«Մեր անտառտնտեսությունից կարող եմ խոսել. անցած տարվա և մյուս տարիների նկատմամբ մեզ մոտ ապօրինի հատումները խիստ նվազել են, ու մեծ ջանքեր են գործադրվում, որ անօրինականությունները կանխվեն: Լինում են ապօրինի հատումներ, բայց չարչարվում ենք, ոչ չլինի»,-ասում է նա:

«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանի ասելով՝ վերջին մի քանի տարիներին «Հայանտառին» տրամադրվում է միայն այնքան գումար, որը բավարարում է անտառի աշխատողների աշխատավարձի 80 տոկոսը վճարելուն: «Այսինքն՝ «Հայանտառը» անտառում պահակ է պահում, որ անտառը պահի, էդ պահակի աշխատավարձի 20 տոկոսը  տալու համար  պետք է ծառ կտրի, որ պահակին աշխատավարձը տա»,- բացատրում է  էկոլոգ –իրավաբանը: 

Լոռու մարզի անտառտնտեսություններում վառելափայտի 1 խմ-ի ինքնարժեքը 10800 դրամ է սահմանված՝ ներառյալ ԱԱՀ-ն: Շուկայում վառելափայտը կրկնակի արժե՝ 20-22 հազար դրամ:  Թե ինչպես է վառելափայտի ինքնարժեքը սահմանվել 10800 դրամ, անտառապետ Սերգեյ Շախկյանը այսպես է բացատրում. «Պետական բյուջեի հնարավորություններն այդքան էլ շատ չէ, որ կարողանա ապարատը պահի: Լուրջ աշխատավարձի խնդիրներ ունենք: Նաև անտառների վերականգնման համար գումարներ է պետք, որը չի կարող պետությունն ապահովել, դե հիմի էս է մեր պետությունը, դրա համար ստիպված գները բարձրացնում են, որ «Հայանտառն» էլ տեղավորվի էդ գների մեջ: Անտառապահը ստանում է մաքուր 75 հազար դրամ, իրա մենակ կոշիկին չի հերիքում, ձի չունի, հագուստ չունի, ...., ոչինչ չունի»:

Դսեղի անտառտնտեսության պետ Վահե Քառյանն ասում է, որ անտառից փայտի մթերումը կատարվում է ինքնապատրաստմամբ՝ գնորդն իր միջոցներով անտառամերձ գյուղերի գյուղացիների և տրակտորիստների միջոցով կտրում և տեղափոխում է փայտը: Անտառի աշխատողներից մեկն էլ պնդում է, որ ապօրինի անտառահատումների ճանապարհը հենց ինքնապատրաստումն է: Ինքնապատրաստման պատրվակով սղոցը ձեռքին ով ասես անտառ է մտնում: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սամվել Սահակյանից փորձեցինք պարզել, թե կտրած ծառից մինչև գնորդի մեքենան հասցնելը «Հայանտառի» վրա որքան է նստում 1 խմ փայտի ծախսն ու շահույթը: Հարցրինք նաև,  թե հնարավոր չէ անտառահատող բանվորների հաստիքներ տալ անտառտնտեսություններին: «Ծառը կտրելուց և   մեքենայի մոտհասցնելուց մենք շահույթ չենք ստանում: Շատ դեպքերում կտրած ծառի մնացորդներն անտառից հանելու համար մենք նույնիսկ վնաս ենք անում»,- բացատրում է Ս. Սահակյանը:

Վերադառնալով անտառտնտեսությունների անտառահատող բանվորների հաստիքներին ՝ Ս. Սահակյանը հայտնեց. «Այն ծառը, որ մենք ենք հատում, դրանց հատող բանվորները հրամանագրված են անտառտնտեսություններում, նրանք եկամտահարկ են վճարում և իրենց աշխատանքն էլ համարվում է աշխատանքային ստաժ:  Իսկ այն ծառը, որ գնորդն է  հատելու,  վառելափայտի գինը իր վրա էժան նստելու համար իր հարևանին է բերում մի կտոր պանիր ու հացով ծառը հատելու, այդ դեպքում նրանց աշխատանքը ստաժ չի համարվում և չի հարկվում»,- պարզաբանեց Ս.Սահակյանը: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի  «Դսեղի անտառտնտեսության» պետ Քառյանից մեկ անգամ ևս ճշտեցինք, որ «Դսեղի անտառտնտեսությունը» ընդհանրապես հրամանագրված անտառհատող բանվորներ չունի և չի ունեցել: Փայտի Իրենց կողմից փայտը պատրաստվում է ինքնապատրաստմամբ՝ գնորդի կողմից:

Արտեմ Անթանեսյան Արտյոմ Բեկթաշյան Սերգեյ Շախկյան

Կա՞ անտառի փրկություն

Շնողի անտառապետության անտառապետ Սերգեյ Շախկյանը համոզված է, որ անտառի փրկության համար պետք է վառելափայտը փոխարինվի այլ նյութով՝ գազ, էլեկտրաէներգիա, քարածուխ կամ այլ վառելանյութ: «Մարդը, որ իր փեչկումը 7-8 խմ փայտ է վառում, ոնց կարող ես ասել՝ 2 խմ վառի, դա հնարավոր բան չէ: Դա ոչ անտառտնտեսության խնդիրն է, ոչ սովորական մարդը կարա լուծի, դա լուրջ պետական խնդիր է: Նենց անեն, որ ես կարենամ գազ վառեմ, էլ ինձ փայտը պետք չի: Անտառում ծառը սիրուն կմնա կանգնած»,-ասում է Սերգեյը:

Գազի թանկացմանը զուգահեռ Սերգեյ Շախկյանի դիտարկմամբ, խախտումների աճն ավելացել է՝ չնայած մեր զրուցակից մյուս անտառտնտեսության աշխատակիցները ժխտում էին ապօրինի անտառահատման փաստերը: «Մենք մինիմումի էինք հասցրել խախտումները, իրոք ժողոուրդը զգաստացել էր: Առաջը դժվար ես առնում, լուրջ պրոբլեմներ է»:   

Գլխավոր դատախազության կողմից տրամադրած վիճակագրական տվյալները (տես գրաֆիկում) ուսումնասիրելուց հետո հասկանալի է դառնում, որ ծառահատումների դեպքերի վերաբերյալ զգալի դեպքերով նյութեր նախապատրաստվում են, սական շատ քիչ դեպքերով են քրեական գործեր հարուցվում: 

Լոռու մարզի տարածքում 2013թ.-ից մինչև 2015 հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ծառահատումների դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության տրամադրած տվյալները: 

Լոռու մարզի տարածքում 2013թ.-ից մինչև 2015 հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ծառահատումների դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերի վերաբերյալ
Create pie charts

Համաձայն գլխավոր դատախազության գրության, վերջին երեք տարիներին միջինը 23 նյութով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ են կայացվել, քանի որ անտառահատումների հետևանքով պետությանը պատճառված վնասը չի գերազանցել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով սահմանված 200.000 ՀՀ դրամը:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, մեր գրությանն ի պատասխան, հայտնել է, որ մի շարք միջազգային կառույցների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքներում նշվում է, որ փայտանյութը հիմնականում օգտագործվում է տնային տնտեսությունները տաքացնելու համար: «Ապօրինի հատումներն իրականացվում են հիմնականում տեղական համայնքների կողմից՝ գոյատևման նպատակով: Նույնը նշված է Ապօրինի անտառահատումների հետ կապված խնդիրների լուծմանն աջակցող միջոցառումների գործողությունների ծրագրում»»,- նշում է Մարտուն Մաթևոսյանը:

Սակայն փաստաթղթերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ փայտի վաճառքը բիզնես է նույն մարդկանց համար, և այդ բիզնեսը համակարգում են հենց իրենք՝ անտառտնտեսության աշխատակիցները: Տալով X խմ վառելափայտի թույլտվություն, նրանք չեն էլ վերահսկում, թե անձը, ի վերջո, որքան փայտ տարավ անտառից, որքան էր բարձված մեքենան և քանի օր օգտագործեց նույն փաստաթուղթը:

Հայաստանը կարծես թե վերջին 4 տարիներին փայտանյութ չի արտահանել, հակառակը՝ ավելի շատ ներմուծել է: Սակայն 2015թ.-ին մեծ ծավալների անտառանյութ է արտահանել, մասնավորապես՝ երկայնակի սղոցած կամ ճեղքած:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն է ապահովում ՀՀ պետական անտառների պահպանությունը, պաշտպանությունը, վերարտադրությունը, օգտագործումը, հաշվառումը, գույքագրումը և այլն: Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչությանը վերապահված է վերահսկությունը: Սակայն այստեղ էլ, պարզվում է, օրենսդրական բացթողում կա:

«Այստեղ մենք ունենք նաև օրենսդրական բաց. մեր աշխատակիցներն իրավունք ունեն ստուգումներն իրականացնել մինչև երեկոյան ժամը 6-ը: Մենք հիմա փորձում ենք փոփոխություն մտցնել օրենքի մեջ, որ կարողանանք օրվա 24 ժամվա ընթացքում հսկողություն իրականացնել, որպեսզի կարողանանք ինչ-որ ձևով պայքարել ապօրինի անտառահատումների դեմ»,-մեզ հետ զրույցում մանրամասնում է բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

«Հայանատառը» տեղեկացրել է, որ ներկայումս Համաշխարհային բանկի կողմից իրականացվում է «Անտառային օրենսդրության կիրարկման և անտառային ոլորտի կառավարման բարելավում Երվոպական հարևանության քաղաքականության արևելյան երկրներում և Ռուսաստանում» ծրագիրը (ENP-FLEG-II), որի շրջանակներում իրականացվելու է անտառային և բնապահպանական ոլորտի օրենսդրության վերլուծություն և վերանայում:

«Միաժամանակ հաշվի առնելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պատասխանատվությունների և իրավունքների անպահաչափությունը՝ վերոնշյալ ծրագրերի ծրջանակներում ՀՀ կառավարությանը կներկայացվի նաև ինստիտուցիոնալ և կառուցվածքային բարեփոխումների առաջարկ»,- հայտնել է Մարտուն Մաթևոսյանը:

Համաձայն ՀՀ անտառի ազգային ծրագրի՝ ՀՀ անտառային պետական ֆոնդը 1993 թվականի հաշվառման արդյունքներով կազմել է երկրի տարածքի 11.2 % - ը՝ մոտ 460 հազ. հա, որից 334,1 հազ. հա անտառածածկ տարածքներն են, այդ թվում՝ մոտ 50 հազ. հա արհեստական անտառները: Չնայած անտառահատման դեպքերի աճին՝ այս թիվը տարիներ շարունակ հրամցվում է հանրությանը: Միչդեռ միջազգային կազմակերպությունները այլ թվի մասին են խոսում՝ 5-6 % անտառածածկ մնացած տարածքների:

Մեկնաբանություններ (3)

Հրաչո
Բոլորին, բոլորին անխտիր պետքա գնդակահարել, էդ թալանչի ու լտի, ազգի դավաճան մարտուն մաթևոսյանից, դաշնակների թերմացքից մինչև վերջին անտառապահն ու անտառապետը, դրանք աննամուսներ են, դրանց պիտի անտառի ծառերից եթե բանա մնացել, կախել
Ֆուրման
գյուղապետերը ևս հրաշալի են տիրապետում փայտի բիզնեսին, նրանք ևս անմասն չեն մնում այդ բիզնեսից: Այդ հանցագործություններին մանսնակցում են նաև նրանք: Այլապես առանց իրենց գիտության և թույլտվության այդ ամենաթողությունը չի լինի և չի շարունակվի:
Վաչո
էս նկարների կերպարները սրբադասված են, երեսներին թքում էս ասում են անձրևա գալիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter