HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԾ քննիչը մեկ այլ քննիչի գործողություններում հանցակազմ չի տեսնում

Երկու տարի առաջ որդուն՝ 25-ամյա Արտյոմ Ադանալյանին կորցրած Ռուզաննա Ադանալյանը երկու տարի բախում է իրավապահների դռները, որպեսզի պարզի որդու սպանության իրական դրդապատճառներն ու հանգամանքները: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Հրաչ Առաքելյանի գործողություններին զուգահեռ նա կատարել է իր սեփական քննությունը, տարբեր միջնորդություններ արել, հայտնաբերել քննիչի կողմից կատարած խախտումները: Ռուզաննա Ադանալյանն ու նրա ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը կարծում են, որ թերի, ոչ բազմակողմանի ու բազմաթիվ խախտումներով է կատարվել նախաքննությունը:

Սակայն գլխավոր դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը խախտումներ, ավելին՝ որևէ հանցակազմ չեն տեսել քննիչ Հրաչ Առաքելյանի գործողություններում:

«Հետքը» հետևում է այս քրեական գործի ընթացքին, լուսաբանել է նախաքննության պրոցեսը, գրել խախտումների, առանց սպանության գործիքի ու իրեղեն ապացույցների, առանց դիակի լուսանկարների քրեական գործի նյութերի մասին: Այժմ գործը դատաքննության փուլում է: Լսվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Մեղադրյալի աթոռին Արթուր Մարտիրոսյանն է:

2014 թ. հոկտեմբերի 29-ին Շիրակշին բանավան 227/106 տնակում Գյումրիի 25-ամյա բնակիչ Արտյոմ Ադանալյանը սպանվել է դանակի հարվածներից: Սպանության գործիքը մինչ օրս հայտնաբերված չէ:

Տուժողի իրավահաջորդն անցյալ տարվա հունիսին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն գործը քննող քննիչ Հ.Առաքելյանի կողմից նախաքննության խախտումների վերաբերյալ, որն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: Սակայն մեկ ամիս անց ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Ս. Մինասյանը անցյալ տարվա հունիսի 27-ին որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Այս մերժումը տիկին Ռուզաննան բողոքարկել է: Սակայն ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության ավագ դատախազ Գ. Գևորգյանը ևս որևէ խախտում չի տեսել քննիչ Առաքելյանի գործողություններում և դարձյալ որոշել է մերժել որդեկորույս մոր բողոքը:   

Ռուզաննա Ադանալյանն ու նրա ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը երկու մերժումները բողոքարկում են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Նրանք խնդրում են դատարանից վերացնել մերժման երկու որոշումները կամ միջնորդությամբ դիմել դատախազին՝ քրեական գործ հարուցելու համար:

Այսօր քննիչ Մինասյանն ու դատախազ Գևորգյանը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում էին: Նրանք դատարանին հայտնեցին, որ սպանության գործը վարած քննիչ Հրաչ Առաքելյանի գործողություններում որևէ հանցակազմ չեն արձանագրել: Ընդհակառակը՝ դատախազը ներկայացնում էր, թե քննիչն ինչպիսի գործողություններ է կատարել նախաքննության ժամանակ: 

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանն ասաց, որ դատախազի առարկության մեջ որևէ պատճառաբանություն չլսեց. «Տպավորություն էր, թե մեղադրականի նկարագրական մասն էր ներկայացվում»:

Ռուզաննա Ադանալյանն էլ պատմեց, որ անցյալ տարվա հունիսի 26-ին ներկայացել է ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Ս. Մինասյանի մոտ: «Նա արդեն համակարգչով հավաքել էր այն բացատրությունը, որը ես պետք է տայի: Վերջում ասաց՝ գրեք՝ «կարդացի, ստորագրում եմ»: Հենց գրում էի «կարդացի» բառը, զգացի, որ ախր չեմ կարդացել»,-ընդգծեց սպանված Արտյոմի մայրը: Դատարանին նա հայտնեց, որ հետո փորձել է ներկայացնել հավելյալ փաստաթղթեր, բայց դա նրան չի հաջողվել: Փոխարենը պարզել է, որ ընդամենը մեկ օր անց՝ հունիսի 27-ին, առանց բացատրությունը հիմնավորող ապացույցների կայացվել է մերժման որոշում:

«Իմ ասելիքը չի եղել բացատրության մեջ: Ինձնից չեն պահանջվել իմ ասածը հիմնավորող փաստաթղթեր: Նա միակողմանի, միայն լսելով քննիչ Հրաչյա Առաքելյանին, շահագրգռված լինելով հանցագործությունը քողարկել՝ որոշում է կայացրել: Ինձ հնարավորություն չի տրվել նյութեր ներկայացնելու: Արհեստականորեն կազմվել է մերժման որոշումը»,- ասաց տուժողի իրավահաջորդը:

Ըստ Ռուզաննա Ադանալյանի՝ ՀՔԾ քննիչը իր պաշտպանության տակ է առել մյուս քննիչին: «Բնականաբար, ես ո՞վ էի…»,-ասաց տուժողի իրավահաջորդը:

Բողոքի վերաբերյալ նյութեր է ներկայացրել Ռուզաննա Ադանալյանը: Դատարանը նիստը հետաձգեց մինչև մարտի 7-ը այդ նյութերին ծանոթանալու համար:

Հ.Գ. Դատախազ Գ. Գևորգյանն ու ՀՔԾ քննիչ Ս. Մինասյանը չցանկացան լուսանկարվել, թեև դատարանը թույլատրեց «Հետքին» կատարել լուսանկարահանում: 

Լուսանկարում Ռուզաննա Ադանալյանն է և նրա ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter