
Գոշեցի քույրերը երազում են տան մասին, որի առաստաղից փայտ ու հող չի թափվի
Նարինե Վարդանյան
«Էս էլ մեր խրճիթը,- ասում է Օվսաննան, երբ հասնում ենք գյուղի ծայրին գտնվող մենավոր տանը »:
Տավուշի մարզի Գոշ գյուղի բնակչուհի Օվսաննա Մաթևոսյանը փոքրիկ ու խարխուլ տանն ապրում է հաշմանդամ եղբոր և երկու անչափահաս աղջիկների՝ 17-ամյա Գեղեցիկի և 15-ամյա Վարդիթերի հետ: Այս տունը նրա հայրական տունն է, նրանք այստեղ են տեղափոխվել ամուսնու մահվանից հետո՝ 10 տարի առաջ:
Տան դուռը բաց է թողնում, որպեսզի լույս լինի տանը և ստիպված չլինի ցերեկով էլեկտրականություն միացնել:
Տան հատակի փայտերի մեջ մեծ ճեղքեր են, տանիքը տեղ-տեղ քանդված է։
«Չորս-հինգ տարի ա ՝ էս վիճակում ենք: Տախտակ-բան ենք դնում, բայց որ անձրև ա գալիս, տուն ա լցվում: Պատալոկից կաթում ա, լագյաններ ենք դնում, որ տունը շատ ջուր չդառնա»,- ասում է երեսունչորսամյա Օվսաննան:
Հարևաններն իրենց տան պատուհանների ապակին փոխել են, հինը տվել Օվսաննային, հիմա պատուհաններից մեկից քամին քիչ է փչում:
Օվսաննան պատմում է, որ իրենց բոլոր ծննդյան օրերին իրենց միակ բարեկամը տան համար իրեր է գնել որպես նվեր, մի անգամ՝ ծածկոցներ, մի անգամ բաժակներ, սփռոց...
«Իմ ստացածով հազիվ երեխեքին դպրոց եմ ուղարկում, քանի տարի ա՝ գյուղի երեխաների դասագրքերի գումարը գյուղապետարանն ա տալիս, գոնե երեխեքս գրքերն ունենում են»․-ասում է Օվսաննան:
Օվսաննան գյուղի հյուրատանն է աշխատում, ամեն օր երեկոյան վառում է հյուրատան վառարանը, ամիսը 10 հազար դրամ է ստանում այդ աշխատանքի դիմաց, բայց դրանով կարողանում է կատարել կոմունալ վճարումները:
Երեխաները 28 հազար դրամ նպաստ են ստանում, միասին ընդամենը 38 հազար դրամ եկամուտ ունեն: Այդ գումարով երեխաների դպրոցի ծախսերն է հոգում, ասում է՝ մնացած ծախսերը պարտքով է անում:
«Մենք էստեղ ոչ մեկ չունենք, մի հեռու բարեկամ ունենք մենակ, ինչով հասցնում, օգնում է, բայց դե իրանց ընտանիքն էլ է չունևոր»․- ասում է Օվսանան:
Նա ասում, որ օգնության համար ոչ մեկին ոչ մեկի չի դիմել, սպասել է, որ գյուղապետը մի բան կանի: Ասում է՝ միայն վերջերս գյուղապետի միջնորդությամբ դիմել են Դիլիջանի նոր ընտրված համայնքապետին, մինչև ընտրվելը խոստացել է, որ կօգնի, գոնե տանիքը կվերանորոգի: Հիմա սպասում են խոստումը կատարի:
Տան հատակի ճեղքերն այնքան խոշոր են, որ տան երկու կատուները տեղավորվում են դրանց մեջ:
Աղջիկները պատմում են, որ փոքր կատուն սկզբում ընկնում էր փայտերի արանքները, մլավում, մի կերպ հանում էին, իսկ հիմա սովորել է, մի ճեղքից մտնում է, մյուսից դուրս գալիս:
Աղջիկներին հարցնում եմ՝ ի՞նչ եք ուզում, միանգամից պատասխանում են՝ մեր սենյակն ունենանք:
_Միասի՞ն:
«Չէ՜, չէ, առանձին,- ասում է փոքրը,- հոգնել ենք իրարից, բայց միասին էլ լինի, կլինի, մենակ թե՝ լինի»:
«Վարդ, բացի տնից էլ ի՞նչ կուզեիր ունենալ»,- հարցնում եմ նրան:
«Ինձ համար դա արդեն մի մեծ բան ա»,- ասում է Վարդիթերը:
«Մեր երկուսի երազանքն էլ էդ ա, որ տաք լինի տանը, հատակը ծակ չլինի, առաստաղից էլ ամեն անգամ փետ ու հող չթափվի»,- ասում է Գեղեցիկը:
Բոլորս նայում ենք առաստաղի մեծ անցքին, իսկ Վարդիթերն արագ ցրում է տխուր մթնոլորտը.
«Մենք արդեն հումոր ենք անում՝ մի օր դպրոցից գալիս տեսնելու ենք՝ ծաղիկը տանիքով դուրս ա եկել»:
Օվսաննայի եղբայրը՝ Ռուբենը, երեսուն տարեկան է, Օվսաննան ասում է՝ մանկամտություն ունի, բայց հաշմանդամության կարգ չունի, որովհետև գումար չունեն, որ տանեն հիվանդանոց, կարգ հանեն, թոշակ ստանա: Մեր այցի ժամանակ Ռուբենը գնացել էր անտառ փայտ բերելու, Օվսաննան ասում է՝ աշխատասեր ու խելոք է եղբայրը, ինչ խնդրում է՝ անում է, բայց շատ ուժեղ չի ֆիզիկապես, փայտ բերելու համար էլ շատ հեռու է գնում, վախենում է մոտիկ տեղերից բերի, վախենում է՝ տուգանեն, դրա համար գնում է անտառի խորքերը, որտեղ ընկած ծառեր կան: Փայտը ձեռքով է բերում, մեջքին գցած: Ամեն օր:
«Չարչարվում ա խեղճ ախպերս, բայց դե ինչ անենք, ամառ-ձմեռ փայտ ենք վառում »:
Ռուբենի մահճակալն է, ամառները պատը ոչ թե խոնավանում է, այլ կաթկթում:
«Հիմա սառած է պատը, լավ է »,- ասում է Օվսաննան:
Վարդիթերի նշագեղձերը հաճախ են բորբոքվում, ստիպված է լինում բացակայել դպրոցից, բայց ասում է՝ դպրոցում ավելի լավ է զգում, գոնե չոր է:
Գյուղի տարբեր խանութներում մոտ 250 000 դրամի պարտք ունեն, խանութպանները գիտեն, որ նպաստառու են, տալիս են, ինքն էլ քիչ-քիչ մարում է պարտքերը, բայց ինչքան մարում է, այնքան ավելանում է մի քանի օրից:
«Երևի մի օր կլինի, կտամ, կպրծնեմ»,- ասում է Օվսաննան:
Տան դուռը ճեղքեր ունի, երեխաներն ասում են՝ ձմեռը քամին է մտնում, ամռանը՝ օձ ու մուկ: Ասում են՝ չեն վախենում, սովոր են:
Վարդիթերն ասում է՝ դասարանցիներից է ամաչում մի քիչ:
«Ես որ համակարգիչ կամ հեռախոս չունեմ, ու իրենք ինտերնետում մի բան են տեսած լինում, գալիս են պատմում, ասում են՝ տեսե՞լ ես, ես էլ ամաչում եմ, խաբում, ասում եմ՝ հա, տեսել եմ...,- ծիծաղում է,- արագ-արագ ասում եմ՝ շատ հետաքրքիր բան էր»:
Վարդիթերն ասում է՝ չի նեղվում, գիրք է կարդում փոխարենը, բանաստեղծություններ է սիրում, ամենից շատ՝ Հովհաննես Շիրազի բանաստեղծությունները:
Տասնհինգ տարեկան աղջիկը մի թաքուն երազանք ունի, ուզում է պարի գնալ: Ասում է՝ հայկական պարեր է երազում սովորել, ուզում է տարազով պարել: Հեռուստացույցով է տեսել տարազով պարող աղջիկներին, սիրել է շատ, բայց գյուղում պարի խմբակ չկա: Դիլիջանում կա, բայց ամսավճարը հինգ հազար դրամ է, բացի այդ՝ տրանսպորտ չկա Գոշից Դիլիջան:
Վարդիթերը մի ժամանակ Դիլիջանի Թումո կենտրոն էլ էր ցանկանում գնալ, բայց մայրիկին այդպես էլ չի ասել, գիտի, որ գումար չկա:
Օվսաննայի տնից իջնելու համար պետք է հաղթահարել մոտ հինգ հարյուր մետրանոց զառիվայրը: Վարդիթերն ուղեկցում է ինձ, պատմում է, թե ինչպես է դպրոց գնալիս անձրևոտ ու ձյուն օրերին հագուստն ու կոշիկները ցեխոտվում: Ասում է՝ ինձ կոշիկ չի դիմանում, շուտ պոկվում է: Հետո հպարտությամբ ցույց է տալիս իր նոր կոշիկները՝ բարեկամն է առել:
«Ուրիշի հինը չի, ինձ համար են առել»,- ասում ու ցատկում է դեպի իրենց տուն տանող զառիվայրը գյուղից բաժանող գետակի վրայով: Նոր գնված երկարաճիտք կոշիկները թրջվում են, բայց նա ժպտում է։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել