HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Փլվող տան 12 բնակիչները

Գրիշա Բալասանյան

Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում 42-ամյա Կարինե Հովհաննիսյանին բոլորն են ճանաչում: Կարինեն և քույրը` Հասմիկը, եղել են քաղաքի միակ կին ջրհոր փորողները: Նա ասում է, որ երբեք չեն տրտնջացել, որ տղամարդու աշխատանք են կատարել` թեկուզ 1 մետր փոսի համար 2000 դրամ են վաստակել: Ծանր ֆիզիկական աշխատանքը քույրերին հասցրել է վիրահատարան և ստիպված թողել են իրենց աշխատանքը: Այժմ Հասմիկը քաղաքի կոմունալ բաժնի միակ կին աշխատողն է, փողոցների աղբն է հավաքում: Հասմիկը ստիպված վարձով է ապրում, քանի որ ուշ ժամի է տուն գալիս և առավոտ շուտ է աշխատանքի գնում, իսկ իր թաղամասից աշխատավայր հասնելը լուրջ փորձություն է իր համար:

Տանիքը ճռճռում է ու քիչ-քիչ կախվում ներքև

Կարինեն թաղամասում հայտնի է ոչ միայն ջրհոր փորելով: Նրան ճանաչում են նաև որպես «փլվող տան» բնակիչ: Տունը, որտեղ ապրում են նրանք, ամեն պահի կարող է փուլ գալ` հողին հավասարեցնելով 12 անդամից բաղկացած ընտանիքը: Հարևանները վախենում են հյուրընկալվել Կարինեին` տունը անվանելով «կենդանի գերեզմանոց»: Տան ներսից լսվում է առաստաղի գերանների ճռճռոցը, առաստաղը ճկվել է ու կախվել ներքև` ուղիղ կապ ստեղծելով կյանքի ու մահվան միջև:

73քմ բնակելի տունը կառուցվել է 1962թ-ին: Տան պատերը շարվել են չմշակված քարից` հողե շաղախով, իսկ ծածկը փայտից է: Ինչպես արտաքինից, այնպես էլ ներսից պատերի վրա առկա են մեծ չափերի ճաքեր: Ծածկի և տանիքի փայտյա տարրերը ոչ միայն ճկված վիճակում են, այլև քայքայված: Մուտքի փակ պատշգամբից սենյակ մտնող փայտե ծածկը կախվել է սենյակի մեջ` ստեղծելով կյանքի ու առողջության համար վտանգավոր իրավիճակ տան բնակիչների համար: Իսկ ընդհանուր տանիքը տեղաշարժվել ու դեֆորմացվել է, ինչի հետևանքով  տան պատերից մեկը քանդվել է: Երկու տարի առաջ փուլ է եկել տանիքի մի մասը, ձյունն ու անձրևաջրերը թափվում են տան մեջ` ուղիղ մահճակալների վրա:

Անձրևաջրերի կամ ձյան հալոցքի հոսքը շեղելու նպատակով առաստաղի բացվածքների վրա ստվարաթուղթ էին փակցրել: Երբ «կարկատանները» հանում են տան ներսից երկինքն ամբողջությամբ երևում է:

«Թիվ 28 ՇՄՇ» ԲԲԸ-ի մասնագետները 2014թ. մայիսի 5-ին տվել են Կարինեի տան տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացություն: Հետազոտության արդյունքներով` «բնակելի տունը գտնվում է  վթարային վիճակում: Պիտանի չէ հետագա շահագործման համար» և գնահատվում է 4-րդ վնասվածության աստիճան:

Կարինեն

«Պաշտոնյաները եկել, ստուգել են: Չափումներ արեցին, ասեցին պիտի տուն տանք, բայց գնացին ու էլ չեկան մեր կուշտ: Ես հույս չունեմ, որ տուն կառնենք: Իմ հույսն էն ա, որ մի օր գիշերը ծածկը փլվի վրեքներս, տնով մեռնենք, պրծնենք: Մենակ Աստված եմ կանչում` միանգամից մեռնենք ու չզգանք, ոչ մեկս սաղ չմնա, որ հետո չտանջվենք: Թող իշխանությունը, օրենք բանցնողներն ամչնան, որ էսքան երեխա հողին հավասար են ըլնելու»,- ասում է Կարինե Հովհաննիսյանը:

Կարինեն իր երեխաներից ու երկու մանկահասակ թոռներից բացի վթարային տանը պահում է նաև քրոջ երկու տղաներին` Լևոնին և Վլադիմիրին: Տղաների ծնողները մահացել են, երբ նրանք փոքր են եղել: Լևոնն ու Վլադիմիրը արդեն չափահաս են:

Աշխատում է մուրացկան

Ընտանիքն ապրում է սոցիալապես վատ պայմաններում: Հասմիկի չնչին աշխատավարձը չհաշված` եկամուտը Կարինեի մոր` Զարիկ Հովհաննիսյանի 31 հազար դրամ թոշակն է ու 54 հազար դրամ նպաստը: Կարինեն պատմում է, որ իրենք «հիվանդանալու իրավունք» չունեն, այլապես մնալու են առանց դեղի և օգնության:

Զարիկ Հովհաննիսյանը

Օրինակ` մի քանի տարի է` Զարիկ Հովհաննիսյանի ձախ այտի վրա ուռուցք է գոյացել ու այն խորանալով վերածվել է մեծ բաց վերքի: Պետպատվերի շրջանակում մի քանի անգամ օգնություն է ցուցաբերվել, սակայն բուժման համար գումար չունեն: 80-ամյա կինը ցավեր ունի, բայց ստիպված ձայն չի հանում. գումար չունեն:

Ընտանիքի հոգսը թեթևացնելու համար մի քանի տարի է, ձմռան ամիսներին 23-ամյա Լևոնն իրեն «աշխատանք» է գտել: Նա առավոտյան գնում է Գավառ քաղաքի հանրախանութի դիմաց, մի քանի ժամ կանգնում է այնտեղ և գումար խնդրում անցորդներից: Օրական կարողանում է 1000-2000 դրամ հավաքել: «Աշխատած» գումարը բացառապես հաց գնելու նպատակով է ծախսվում: Ամառվա ամիսներին տղան այլ` Կարինեի ասելով ավելի պատվաբեր աշխատանք է կատարում: Լևոնը շինհրապարակներում շալակով ցեմենտի պարկեր է տեղափոխում, փայտ է կոտրում ուրիշների համար և այդպես վաստակում ընտանիքի օրվա հացը:

Նրա ավագ եղբայրը` Վլադիմիրը, փորձել է աշխատանք գտնել Հայաստանի սահմաններից դուրս: Երկու տարի առաջ մեկնել է Ռուսաստան արտագնա աշխատանքի, սակայն 6 ամիս անց նրան հետ են ուղարկել` առաջիկա 5 տարիներին նրա մուտքը Ռուսաստան արգելելու որոշումով:

«Ուզում ենք մի տեղ մտնենք աշխատենք, բայց ասում են` հենց աշխատեք նպաստը կկտրենք: Գիվա փող են տալի, էդ էլ են ուզում վրեքներս կտրեն: Նպաստը աշխատավարձի նման բան ա, ամեն ամիս ստանում ենք: Թող աշխատանք ըլնի, մի քիչ շատ փող տան, աշխատենք, ջհանդամը թե 54 000 դրամը չեն կտրի: Բայց ինչ գործ էլ առաջարկում են նպաստից քիչ փող են տալում, ստիպված սուս նստում ենք տեղներս, որ նպաստը չկտրեն, հաց առնենք ճժերն ուտեն»,-ասում է Կարինեն:

Այս ընտանիքում օրերով հաց չի լինում, հատկապես ամսվա կեսերից, երբ նպաստի ու թոշակի գումարը վերջանում է: Մեր այցելության օրը հաց չունեին, երեխաներին կերակրել էին միայն տապակած կարտոֆիլով: Մոտակա խանութում ընտանիքի պարտքը անցնում է 150 հազար դրամը և խանութպանը այլևս հրաժարվում է ընտանիքին մթերք տալուց:

Կարինեի անչափահաս երեխաները շատ զուսպ էին, ամաչկոտ: Նրանք խուսափում էին իրենց ընտանիքի մասին խոսելուց: Միայն Նվերն ասաց, որ «հազարից մեկ» են միրգ ուտում, իսկ կոնֆետ` առիթից առիթ, սակայն մոր առաջ պահանջներ չեն դնում:

Կարինեի թոռը` Ալեքսը

Գավառում ձմեռը խիստ է, իսկ Հովհաննիսյանները վառելիք չունեն: Կարինեի ասելով` մի քանի անգամ մարզպետարանում դիմում է գրել` խնդրելով աջակցել գոնե վառելիք գնելու հարցում, սակայն ոչ մի աջակցություն չի եղել: Վառելիք հայթայթում են տարբեր տեղերից: Մի մասն էլ տրամադրում են հարևանները:  

«2014թ. մի անգամ 20 000 դրամ են հատկացրել մարզպետարանից: Այս տարի դիմում եմ գրել, պատասխանել են, որ դիմումը ուղարկել ենք Գավառի քաղաքապետարան: Քաղաքապետի կուշտ էլ էթում ենք, ասում են` գնացեք կոմունալ տնտեսության հայաթից ծառի-ճյուղ բերեք, վառեք:  Բայց թաց ճուղերով ոնց տաքանանք»,- նշում է Կ. Հովհաննիսյանը:

Հատուկ դպրոցը` «ապաստան»

Կարինեի երկու անչափահաս երեխաները` 13-ամյա Նվերն ու 11 տարեկան Հերմինեն սովորում են Գավառի թիվ 1 հատուկ դպրոցում: Նրանք տուն են վերադառնում շաբաթը մեկ անգամ: Երեխաները խարխուլ տան ամենահանգիստ բնակիչներն են: Ժամերով անձայն նստում են վառարանի կողքին ու զննող հայացքով հետևում անց ու դարձին: Մայրն ասում է, որ Նվերն ու Հերմինեն իրենց ընտանիքի միակ «շահավետ» պայմաններում գտնվողներն են. դպրոցում սնվում են, տաք պայմաններում ապրում:

«Էրեխեքն ամչնում են սովորական դպրոց էթան: Ծիծղում են վրեքը, ասում են` բոշա եք, խին տան մեջ եք ապրում, ցիգանի նման եք դպրոց գալում: Գիշերօթիկ դպրոցում էլի լավ-վատ երեխեքին շոր հագցնում են, կերցնում-խմցնում են, տնօրենից շնորհակալ ենք: Մյուսների համար էլ «Վորլդ Վիժնից» եմ  շորեր բերում: Մի քանի օր առաջ էրեխեքի խամար ռեզինից սապոգ եմ բերել, որ խաքնեն տան մեջ ֆռան»,- ասում է Կարինեն:

11-ամյա Հերմինեն

Տիկնոջ երազանքը մեկն է` ամուր տանիքով տուն, թեկուզ վագոն-տնակ: «Թող շան բուն ըլնի, բայց նորմալ շենք ըլնի: Գոնե իմանանք, որ ջուր չի չռում գլխներիս, կրիշը չի բլում վրեքներս: Սրա նրա տվածով էրեխա չեն պախում, թող մի տուն ըլնի երեխեքն ապահով ապրեն, ես ընգնեմ փողոցներ, մի բան անեմ փող աշխատեմ: Վախենամ տնից դուրս գամ, որ ճժերը գլխներին մի օյին չբերեն: Աշխարհ երկիր լողկնում են, իմ ճժերը մի քանի ամիսը մեկ են լողկնում, հարմարություն չկա: Մերս ամառներն ա լողկնում, վախենում եմ լողկցում, խիվնդնա», - ասում է Կարինեն և հավելում, որ տան ներսում իրենց տեղաշարժը սահմանափակ է: Չեն կարողանում ռիսկով քայլել, իսկ երեխաներին արգելում են տան մեջ խաղալ: Ցանկացած ցնցում կարող է ճակատագրական լինել նրանց համար:

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter