Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Դիրքերում վիրավորված Նարեկի բուժումը կախված է պաշտպանության նախարարության պաշտոնյաների քմահաճույքից


20-ամյա նախկին զինվոր Նարեկ Դարբինյանը նախապատրաստվում է իր հետագա նստակյաց կյանքին. նա ծրագրավորում է սովորում, որ կարողանա աշխատել, իր կարիքները հոգալ: Նարեկն ասում է, որ բոլորի նման ինքն էլ կուզենար երեխաներ, ընտանիք ունենալ, բայց համակերպվում է այն մտքի հետ, որ իր այդ հնարավորությունը 2014թ.-ին անվերադարձ տվել է հայկական բանակին:

Երկու տարի առաջ սեպտեմբերի 29-ին Նարեկը 10 ամսվա ծառայող էր, երբ դիրքերում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի կրակոցից վիրավորվեց: Մամուլում տարածվեց հերթական հաղորդագրությունը զինվորի վիրավորվելու մասին, բայց նշվեց, որ նրա վիճակը լավ է: Հակառակ դրան՝ Նարեկ Դարբինյանն ամեն օր չափում է, թե մի ոտքը որքան է բարակել մյուսից՝ օրեցօր կորցնելով հույսը, որ իրեն կօգնեն բուժվել ու վերականգնվել:

Ողնաշար-ողնուղեղային հրազենային գնդակային վիրավորում ստանալու հետևանքով Նարեկի մոտ ախտահարվել են աջակողմյան L5-S1 նյարդարմատները, խանգարվել է կոնքի օրգանների ֆունկցիան և ոլոքային, փոքր ոլոքային նյարդերի հաղորդականությունը: Նյարդերի վերականգնման նուրբ վիրահատություն Նարեկին ասել են, որ Հայաստանում չեն անում:

Նարեկ Դարբինյանը Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղից է: Նրա հայրը նույնպես պայմանագրային զինծառայող է. տան միակ աշխատողը: Ապրում են կիսախարխուլ, վթարային, 1970-ականներին կառուցված տանը: Նարեկի վիրավորվելուց հետո վաճառել են ամեն ինչ և ձեռք են բերել բազմաթիվ պարտքեր ու վարկեր՝ բանկերին: Նարեկը պարտադիր զինվորական ծառայությունն անցել է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի զորամասերից մեկում:

Նարեկը չի զղջում, որ մեկնել է ծառայության՝ ասելով, որ իր պարտքն է կատարել իր ընտանիքի, մոր ու համագյուղացիների համար. «Քանի որ հայրս զինվորական է, ես դեռ փոքր տարիքից իմացել եմ զինվորական գործի մասին, իմացել եմ, որ ես էլ պիտի ծառայեմ: Հիմա ինչ եղել է, արդեն եղել է, չգիտեմ, միգուցե լավ լինի»,- ասում է նախկին զինվորը:

Նարեկը մի քանի անգամներ դիմել է պաշտպանության նախարարությանը: Նա կապվել է գերմանական հոսպիտալների հետ, որտեղից պատասխան են ուղարկել, որ կարող են սկսել իր բուժումը, որը, սակայն, կարժենա մոտ 49 հազար եվրո՝ առանց ուղեկցողի, 57 հազար եվրո՝ ուղեկցողի հետ մեկնելու դեպքում: Այդ փաստաթղթերը նա ներկայացրել է նախարարություն, որտեղից պատասխանել են, թե պետք է ճշտեն՝ արդյոք հիվանդանոցը չի խաբում և այդ գումարի դիմաց կբուժեն իրեն, թե ոչ: Պաշտպանության նախարարությունը մինչ օրս ճշտում է փաստաթղթերի իսկությունը:

«Հետքը» հարցումով դիմել է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, որի պատասխանը կհրապարակենք՝ ստանալուն պես:

Քանի դեռ պաշտպանության նախարարությունը ճշտումներ է իրականացնում, Նարեկ Դարբինյանի ոտքն օրեցօր բարակում է, իսկ իրավիճակը բարդանում: Դա է պատճառը, որ Նարեկը կրկին դիմում է բարերարներին և քաղաքացիներին՝ խնդրելով օգնել իրեն բուժում ստանալու արտերկրում՝ երեխաներ ունենալու իր երազանքն իրականություն դարձնելու համար:

Հաշվեհամար՝

Արդշինինվեստ բանկ,
Նարեկ Դարբինյան Սամվելի
բոլոր արտարժույթներով փոխանցելու դեպքում՝ 2470047690450000,
եվրոյով փոխանցումներ անելու դեպքում՝ 2470047690450010 


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։